Ի աջակցություն մեր իշխանությունների.- Ինչու «Մոնսանտո»-ն չպետք է գործի Հայաստանում (3-րդ մաս) – Որպեսզի վաղը չապրենք մաքուր սննդի երազանքով… 2016-ին Ռուսաստանում արգելվեց գենետիկորեն ձեւափոխված բույսերի ու կենդանիների բուծումն ու աճեցումը, իսկ 2017-ին «Մոնսանտո»-ն գործարան բացեց Ռուսաստանում (՞՞՞) – Հայաստանն ապահովագրվա՞ծ է… Իսկ շատերը «ընտրասերում» ու «գենային ձեւափոխում» հասկացությունները ցայսօր խառնում են…

Սկիզբը՝ թիվ 42, 43-ում

http://www.hayary.org/wph/?p=6670Ի աջակցություն մեր իշխանությունների.- Ինչու «Մոնսանտո»-ն չպետք է գործի Հայաստանում (2-րդ մաս) – Այս ընկերության կենսագրությունը շատ բան է վկայում… Ինչպե՞ս եղավ, որ 2016թ. Ռուսաստանում օրենքով արգելվեց ԳՁՕ-ացված բույսերի աճեցումը, բայց 2017թ. «Մոնսանտո»-ն ՌԴ-ում գործարան բացեց… Մեր երկրում սննդամթերքի անվտանգության մասին օրենսդրությամբ ԳՁՕ-ի համար համապատասխան մակնշում անելու պահանջ է սահմանված…

http://www.hayary.org/wph/?p=6653Հայաստանը ֆենոմեն ունի՝ բնական մթերքի բնօրրան է – Ուստի կարո՛ղ է եւ պարտավո՛ր է հեռու մնալ տրանսգեն աշխարհից (1-ին մաս)… Աշխարհի շատ երկրներում է օրենքով պարտադրվում, որ ապրանքի վրա մակնշված լինի՝ այն գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմ պարունակու՞մ է, թե՞ ոչ – Դա վերաբերում է եւ՛ տեղական արտադրանքին, եւ՛ ներկրվող ապրանքատեսակներին… Երկու տարբեր բեւեռներ են. այն է՝ ԳՁՕ-ն կամ կվերացնի երկիր մոլորակի վրա կենդանի ամեն ինչ, կամ էլ կփրկի մարդկությունը սովից…

«ՌԻԱ նովոստին» 2016թ. հունիսի 24-ին տարածեց հաղորդագրություն այն մասին, որ Պետդուման երրորդ ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծ, որով Ռուսաստանում արգելում է գենետիկորեն ձեւափոխված բույսերի ու կենդանիների բուծումն ու աճեցումը: Օրենքում ասվում է, որ արգելվում է ցանելու համար գործածել սերմեր, որոնց գենետիկ ծրագիրը փոխված է գենային ինժեներիայի միջոցով (բացառությամբ գիտահետազոտական նպատակով գործածվող սերմերի):

Օրենքն ընդունվեց, բայց ընդամենը մի քանի ամիս անց՝  2017թ. փետրվարին «Մոնսանտո»-ն գործարան բացեց Ռուսաստանում՝ Թաթարստանից 300 կմ հեռավորությամբ, ավելի որոշակի՝ Կիրովի մարզի Զուեւի շրջանի Օկտյաբրսկի գյուղի մերձակայքում: «Մոնսանտո Ռուսաստան» ընկերության ղեկավար Իսաակ Լեւենշտայնը մամուլին ասել էր, որ իրենք ուզում էին ավելի շուտ հաստատվել Ռուսաստանում, բայց օրենսդրությունը խանգարում էր: «Բայց մենք լավ լուր ստացանք գիտությունների ակադեմիայից ԳՁՕ-ի մասով արգելքի վերացման հետ կապված: Եվ մենք հիմա մեծ հավակնություններ ունենք: Մենք մտադիր ենք մեր արտադրանքով մեծաթիվ մարդանց կերակրել: Մենք մտադիր ենք մեր մշակաբույսերով ապահովել տարբեր ցանցեր, ընդհանուր սննդի կետեր, ինչպես նաեւ՝ դպրոցներ ու մանկապարտեզներ»:  

Ուրեմն՝ ինչ էր եղել այդ ամիսների ընթացքում, որ օրենքի արգելքը չանցավ, եւ «Մոնսանտո»-ն կարողացավ հաստատվել Ռուսաստանում: Իսկ եղավ այն, որ ՌԴ գիտությունների ակադեմիայի կեղծ գիտության դեմ պայքարի հանձնաժողովը հուշագիր էր պատրաստել, որը հերքում էր ԳՁՕ-ի վնասը:

Այստեղ ուրիշ հարց է ծագում: Ով ով, բայց «Մոնսանտո Ռուսաստան» ընկերության ղեկավար Իսաակ Լեւենշտայնը քաջատեղյակ է, որ ՌԴ գիտությունների ակադեմիայի կեղծ գիտության դեմ պայքարի հանձնաժողովը ՌԴ գիտությունների ակադեմիայի ներսում գիտնականների հասարակական կազմակերպություն է ընդամենը եւ ո՛չ մեծ լծակների, ո՛չ իշխանության եւ ո՛չ էլ անշարժ գույքի չի տիրապետում ո՛չ ակադեմիայի եւ ո՛չ էլ պետության կողմից: Եվ հաստատ հասարակական կազմակերպությունը չէ, որ պետք է ապահովեր «Մոնսանտո»-ի մուտքը Ռուսաստան: Ուրեմն՝ իրական հովանավոր կա եւ ո՞վ է նա կամ նրանք, որ ավելի ազդեցիկ է, քան Պեդումայի որոշումը:

Նույնիսկ ռուսական մամուլն էր զարմացել, որովհետեւ գոնե մամուլը լավ գիտի, որ Ռուսաստանում չկան այնպիսի հասարակական կազմակերպություններ, որ կարողանան ազդել պետական որոշումների վրա:

Ուշագրավ է, որ երբ Ուկրաինայում մի քանի հարյուր հազար հետկար հողատարածք տվեցին «Մոնսանտո»-ին, Ռուսաստանում շատ վատ արձագանքեցին դրան՝ պատճառաբանելով այն հստակ հիմնավորմամբ, որ ուկրաինական ԳՁՕ-ացված հողատարածքներից կարող են վարակվել ռուսական հողատարածքներ (այս թեմայի մասին մենք խոսել ենք,-խմբ.):

Դատելով տարբեր փաստերից՝ «Մոնսանտո»-ն մշտապես հաջողության է հասնում, որովհետեւ տվյալ երկրում հաստատվելու համար միշտ գտնում է անհրաժեշտ օղակին: Թեկուզ հենց այն պատճառով, որ «Մոնսանտո»-ում ներդրումը միշտ արդարացվում է:

Միայն մեկ թիվ մեջբերենք: Ըստ ISAAA-ի տվյալների (Ագրոկենսատեխնոլոգիաների օգտագործման գնահատման միջազգային ծառայություն), 1996-2012 թթ. ԳՁՕ-ացված մշակաբույսերի հողատարածքի չափը 0-ից հասել է 180 մլն հետկարի: 2014թ. ապրիլի սկզբին Նյու Յորքի բորսայում «Մոնսանտո»-ի շուկայական կապիտալիզացիան ավելացել է 59 մլրդ դոլարով:

Մինչ այդ՝ նույն տարվա հունվարին «Մոնսանտո»-ն հայտնել էր, որ շուկան առաջիկայում կունենա նաեւ ԳՁՕ-ացված ցորեն: Ազդե՞լ էր դա ուղղակիորեն կապիտալիզացիայի աճի վրա, պարզ չէ:

Բայց որ ներդրումը «Մոնսանտո»-ում արդարացվում է, միանշանակ է: Այս ընկերությունում ամեն ինչ հաշվարկված է: Նրանք սերմեր են վաճառում ու դա ենթադրում է, որ իրենցից սերմ գնողը նաեւ պարարտանյութ է գնելու հենց իրենցից ու նաեւ հաջորդ տարի սերմ է գնելու հենց նույն ընկերությունից: Բանն այն է, որ նրանց ԳՁՕ-ացված սերմերին սովորական պարարտանյութերը չեն օգնի, իսկ սերմերն էլ ամուլ են: Այլ կերպ՝ «Մոնսանտո»-ի սերմից ստացված բերքից չես կարող սերմ վերցնել՝ հաջորդ տարի ցանելու ու բերք ստանալու համար: «Մոնսանտո»ի սերմերը մեկանգամյա են, ամուլ, չբեր: Դրա համար ենք ասում՝ ամեն ինչ հաշվարկված է, բիզնես է, եւ այստեղ գումար ներդրողը գիտե, որ հստակ ստանալու է եկամուտը: Բիլլ Գեյթսն, օրինակ, 2010թ. «Մոնսանտո»-ի 500 հազար բաժնետոմսեր է ձեռք բերել:

Զուտ բիզնեսից էլ խոսում ենք, որ մի կողմ թողնենք երկրագնդի բնակչության թվի վերահսկման, նույն բնակչության վրա զանազան փորձարկումների հետ կապված հարցերը՝ դավադրության տեսություն առաջ քաշելու մեջ չմեղադրվելու համար: Բայց դրանից այդ փաստերը չեն չքանում, որոնց գուցե առիթով անդրադառնանք:

Իսկ հիմա կրկին գանք ռուսական դեպքերին: 2012թ. հատկապես մասնագիտական կայքերը շատ էին այս նկարը տարածում (տե՛ս նյութի լուսանկարը, որ քաղված է համացանցից): Ցայսօր էլ տարբեր հրապարակումներ լինում են այն մասին, թե ով կարող է լինել «Մոնսանտո»-ի տանիքը, տարբեր անուններ են հնչում, դրանք հասնում են մինչեւ Կրեմլ, այդտեղից դուրս գալիս, մտնում Պետդումա: Բայց փաստ է, որ «Մոնսանտո»-ն հաստատված է, եւ եթե հանկարծ հակառակ որոշում չլինի, հեռու չի լինի այն օրը, երբ Ռուսաստանը կապրի մաքուր սննդամթերքի երազանքով:

Իսկ ինչու՞ է այս փաստը ինձ այդքան հուզում: Սրա բացատրությունն առավել քան ակնհայտ է. նախ՝ մեր շուկայում շատ է ռուսական արտադրության մթերքը, այն կարող է ավելի շատանալ եւ սպառողին ձեռնտու լինել գնային գործոնով պայմանավորված, որովհետեւ, համաձայնեք, որ ինձ նման շատ քչերը կարող են խանութ մտնելիս ընթերցասրահում իրենց զգալ եւ կարդալ ամեն մակնշում, որպեսզի տեսնեն՝ ռուսական այդ ապրանքը ԳՁՕ-ացված է, թե ոչ, կամ՝ ԳՁՕ-ն քանի տոկոսն է կազմում: Բացի այդ՝ արդյո՞ք մակնշումը կհամապատասխանի իրականությանը կամ արդյո՞ք այնքան ընթեռնելի կլինի (որպեսզի հետդ խոշորացույց կամ այլ գործիք չվերցնես):

Եվ ամենակարեւորը՝ արդյո՞ք «Մոնսանտո»-ն Հայաստանում չի գտնի գիտնականների, ովքեր կխոսեն ԳՁՕ-ացված մթերքի անվնաս լինելուց, եւ արդյո՞ք հակառակ տեսակետ ունեցողները չեն լռեցվի: Արդյո՞ք «Մոնսանտո»-ն չի գտնի բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր կզբաղվեն իր քարոզչությամբ եւ այլն: Վստահաբար՝ կգտնի: Գումարը շատ դռներ է բացում: Մանավանդ, որ այդ բարձրաստիճանները մաքուր, օրգանական մթերքից սնվելու բոլոր հնարավորություններն ունեն եւ իրենց ապահովագրված կհամարեն: Մեր գործն ընդհանրապես արգելելն է այդ կարգի ընկերությունների մուտքը մեր երկիր: Հակառակ պարագայում ծագելու են խնդիրներ, հետո առաջ են քաշվելու լուծումներ, որոնք բերելու են նոր խնդիրների. «Մոնսանտո»-ն ոչ մի տարածք չի հանձնում: Այնպես որ, ճիշտը ձուկը միանգամից գլխից բռնելն է եւ արգելելը օրենքով:

Արմենուհի Մելքոնյան

Հ.Գ.- Քանի որ ԳՁՕ-ի թեմայի հետ կապված մեր հոդվածաշարը մեծ արձագանք ստացավ (թե պետական, թե հանրային եւ թե մասնավոր հատվածներից), կցանկանայի խոսել մի բանի մասին, որ շփոթում են նույնիսկ իմ գործընկերները: Դա հենց արձագանքներից զգացի:

Նկատել եմ, որ շատերը «ընտրասերում» ու «գենային ձեւափոխում» հասկացությունները խառնում են, շփոթում:

Մինչդեռ հստակ է, որ (հայերենն, ի դեպ, հստակեցնում է այդ տրամաբանությունը) խաչասերումը ընտրասերման նպատակով գենային ձեւափոխություն չէ:

Երբ բալն ու կեռասը խաչասերում են, որպեսզի մեկ այլ՝ ընտիր սորտ ստանան, դա կոչվում է ընտրասերում: Այսինքն՝ խաչասերում են նույն ընտանիքի բույսը, միրգը… ավելի ընտիրը ստանալու համար:

Իսկ գենային ձեւափոխությունը այն է, երբ միմյանց հետ կապ չունեցող գեներ մեկտեղվում են՝ փոխելով այն բույսի կամ կենդանու գենը, որի մեջ դրվում են: Ձկան գենը լոլիկի մեջ դնելն է գենային ձեւափոխում, կամ՝ կարտոֆիլի մեջ բզեզի գեն դնելը եւ այլն:

Այնպես որ, ընտրասերումը գենափոխության հետ խառնող մասնագետները «խառնելով» թյուրիմացության մեջ են դնում սպառողին: Գիտակցաբար: Որովհետեւ մասնագետն իրավունք չունի չմտածված խոսք ասելու: Իսկ ինչ վերաբերում է այն գիտնականների պնդումներին, թե ԳՁՕ-ն վնաս չէ, չեմ կարող հերքել մասնագիտորեն այն պարզ պատճառով, որ ես մասնագետ չեմ:

Բայց իմ խնդիրը այդ գիտնականների ֆինանսավորման աղբյուրը հասկանալն է եւ նաեւ տրամագծորեն հակառակ տեսակետ ունեցող գիտնականներին լսելը:

Միով բանիվ՝ հաստատ է. մի բան, եթե հազարանգամյա երաշխիքի կարիք ունի, ավելի լավ է հեռու մնալ դրանից:

«Լուսանցք» թիվ 44 (477), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։