«Հին Խնձորեսկ»,- միայն թե զբոսաշրջությունը կուլ չտա պատմականը (3-րդ մաս)…Պետության կողմից «Հին Խնձորեսկ»-ին աջակցության հաջորդ քայլը կլինի այն, որ Խնձորեսկի ջրաղացի հրապարակից մինչեւ հին գյուղի «Քարանձավ» հյուրանոցի համար նախատեսված տարածքն ընկած ճանապարհը բարեկարգվի… Պետական մյուս աջակցությունը՝ «Ժայռ» համալիրի հողերը կդարձվեն բնակավայրերի հասարակական նշանակության հողատարածքներ… Ներդրողն էլ իր շահերը պաշտպանելու ծրագիր ունի…

Սկիզբը՝ թիվ 4, 5-ում

http://www.hayary.org/wph/?p=6772«Հին Խնձորեսկ».- միայն թե զբոսաշրջությունը կուլ չտա պատմականը – Համալիրը Սյունիքի ավանդական արտադրանքների եւ առեւտրաարդյունաբերական ցուցասրահ կունենա՝ ներառյալ արագ սննդի օբյեկտ եւ եվրոպական ստանդարտներով պետքարաններ… Ծրագիրը քարայրներին էլ կհասնի՝ խոսքը 50 քարայրների մասին է… Տարածքը հարմար է էկոտուրիզմի եւ էքստրեմալ տուրիզմի զարգացման համար…

http://www.hayary.org/wph/?p=6761«Հին Խնձորեսկ».- միայն թե զբոսաշրջությունը կուլ չտա պատմականը – ծրագրի պատասխանատուները պիտի հետեւեն, որ հնի վերականգնման ժամանակ հնի շունչը չփոխվի, դիմագիծը չփոխվի, եւ հինն իսկապես վերականգնվի, ոչ թե վերակառուցվի ինչպես եղավ Գառնիի միջնադարյան կամրջի հետ՝ 11-րդ դարի կամուրջը դարձավ 21-րդ դարի սալիկապատ եվրակամուրջ…

«Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագրի մանրամասներից խոսելով՝ մեր այս հոդվածաշարի վերջին թողեցինք այն հարցը, թե լինելու՞ է արդյոք պետական աջակցություն գործին: Եվ ի՞նչ կլինի այն դեպքում, եթե ներդրողը շեղվի ծրագրից:

Հաշվի առնելով մասնավոր այս ծրագրի կարեւորությունը, իրականացվելիք ներդրումների էական ծավալները՝ պետությունը որոշել է՝ աջակցելու է միանշանակ: Եվ այդ աջակցությունը մի քանի ուղղություններով կանի: Օրինակ, քանի որ  «Հայհիդրոէներգանախագիծ» ընկերությունը, որ ծրագիրը ներկայացնողն է, ապրանքներ ու սարքավորումներ պետք է ներմուծի, պետությունը նրան կօգնի հարկային ու մաքսային արտոնություններով: Պետությունը կօգնի նաեւ զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը նպաստելով: Գորիս քաղաքի «Գորիս» հյուրանոցում անվճար տարածք կհատկացնի, որպեսզի տարածքային զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն տեղեկատվական կենտրոն բացի:

Պետության կողմից «Հին Խնձորեսկ»-ին աջակցության երրորդ քայլը կլինի այն, որ Խնձորեսկի ջրաղացի հրապարակից մինչեւ հին գյուղի «Քարանձավ» հյուրանոցի համար նախատեսված տարածքն ընկած ճանապարհի ասֆալտապատման եւ բարեկարգման աշխատանքները կներառի Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքի զարգացման ծրագրում: Մոտ 2 կմ ճանապարհի մասին է խոսքը: Կամ նշված ծախսը կդիտարկվի 2018-2020թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով պետական նշանակության ավտոճանապարհների եւ տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման ծրագրերի գծով նախատեսված միջոցների շրջանակներում:  

Պետական մյուս աջակցությունը կլինի «Ժայռ» համալիրի հողատարածքների համապատասխան նպատակային նշանակության փոփոխությունն իրականացնելու հարցում. գյուղատնտեսականից այդ հողերը կդարձվեն բնակավայրերի հասարակական նշանակության հողատարածքներ:

Պետությունն իր լիազորությունների շրջանակում կաջակցի համապատասխան մատակարար կազմակերպությունների կողմից  մինչեւ Խնձորեսկի հին ջրաղացի հրապարակը էլեկտրականության անցկացնելուն եւ  ենթակայանի կառուցմանը: Նաեւ՝ մինչեւ «Քարանձավ» հյուրանոցի տարածք օպտիկաթելքային մալուխ անցկացնելուն:

Ի դեպ, նկատենք, որ ներդրողը պատրաստ է կապիտալ շինարարություն անել Հին Խնձորեսկի հիմնական 145 հա տարածքից տվյալ ծրագրի մաս կազմող 4,6768 հա ֆունիկուլյորի (ճոպանաքարշով ռելսուղու մասին է խոսքը) եւ կանգառների հողատարածքներում:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նշված հողատարածքներում հուշարձաններ կամ մշակութային արժեքներ չկան։ Համենայնդեպս, սա է վստահեցնում տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը:

Իսկ Հին Խնձորեսկի տարածքում ընդգրկված մնացած տարածքների համար ներդրողի հետ կկնքվի վերականգնման, պահպանման եւ անհատույց օգտագործման պայմանագիր՝ օրենքի պահանջներին համապատասխան։ Ներդրողը ակնկալում է նաեւ կառավարության թույլտվությունը՝  Խնձորեսկ գյուղի ջրաղացին կից հրապարակի տարածքը համայնքից ուղիղ վաճառքով սեփականության իրավունքով ձեռքբերելու համար, քանի որ այն ներառված չէ Հին Խնձորեսկ պատմամշակութային տարածքում եւ համայնքային սեփականություն է։

Ներդրողն ակնկալում է նաեւ, որպեսզի Հին Խնձորեսկի 145 հա անհատույց օգտագործման տրամադրված տարածքում որեւէ տնտեսվարող տնտեսական գործունեություն չծավալի առաջիկա 75 տարվա ընթացքում, իսկ այդ տարածքի  մաս կազմող 4,6768 հա-ում՝ 99 տարվա ընթացքում: Ներդրողի պատճառաբանությունն այն է, որ ինքը զգալի ներդրումներ է անելու՝ ֆինանսական եւ ենթակառուցվածքային, հետեւաբար պետք է իր ներդրումների հետգնումն ապահովված լինի:

Այս մասով, իհարկե, հարցեր կարող են ծագել, որովհետեւ, ասենք, ճոճվող կամրջի կառուցման մեջ ներդրում արած ընկերություն կա՝ «Խնձորեսկ տուրը»: Այս հա՞րցն ինչպես է կարգավորվելու:

«Հին Խնձորեսկի» ներդրողը դեմ չէ. այո, «Խնձորեսկ տուր»-ը բացառություն կլինի, որին ներդրողը պատրաստ է պայմանագրային հիմունքներով զիջել ծրագրից բխող իրավունքները՝ նշված կամրջի ձախափնյա հենասյուների զբաղեցրած տարածքի, աջափնյա հարակից հատվածից յոթ քարայրների, այն հողատարածքի, որի վրա արդեն իսկ կառուցված են դեպի կամուրջ տանող աստիճանները եւ այն տարածքների մասով, որը ի հայտ կգա չափագրման արդյունքներից ելնելով եւ ներդրողը պատրաստ կլինի զիջել՝ չվնասելով սեփական տնտեսական գործունեությանը։ Ներդրողն ինքը նաեւ պատրաստ է գործող ճոճվող կամրջի վերանորոգում եւ արդիականացում անել՝  համապատասխանեցնելով այն անվտանգության եւ տեխնիկական ժամանակակից չափանիշներին։ «Հին Խնձորեսկի» եւ «Խնձորեսկ տուրի» միջեւ պայմանավորվածություն կա: Վերջինս պատրաստակամ է ներդրողի կողմից իրեն հատկացված բոլոր քարայրներում եւ ներդրողի հետ կնքված պայմանագրով իրեն հատկացված տարածքներում տնտեսական գործունեություն ծավալել՝ նախապես համաձայնեցնելով ներդրողի հետ եւ համապատասխանեցնելով ներդրողի ընդհանուր ծրագրի բովանդակությանը: Ինչի վերաբերյալ էլ կարգավորումները պետք է սահմանվեն երկուսի միջեւ կնքվող պայմանագրով, ըստ որի ճոճվող կամուրջը երբեւիցե չպետք է դառնա վճարովի:

Ինչեւէ, երբ «Հայհիդրոէներգանախագիծ» ընկերությունը սկսի «Հին Խնձորեսկի» ներդրումային ծրագիրը, դիտարկումը կանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը: Եվ դա կարվի յուրաքանչյուր կիսամյակ: Դիտարկման ընթացքում լիազորված մարմինը «Հայհիդրոէներգանախագիծ» ընկերությունից կարող է պահանջվել գրավոր ու բանավոր պարզաբանումներ եւ բացատրություններ:

Ընկերությունն էլ նախարարությանը տարեկան հաշվետվություններ պետք է ներկայացնի:

Եթե հանկարծ նախարարությունը հայտնաբերում է, որ ընկերությունը ներդրումային ծրագրում ժամանակացույցից շեղումներ ունի, այդ մասին տեղեկացնում է, եւ ընկերությունը՝ «Հայհիդրոէներգանախագիծը» պարտավորվում է մեկ տարում ավարտին հասցնել ժամկետանց աշխատանքները։

Իսկ եթե «Հայհիդրոէներգանախագիծը» ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածում չիրականացնի նախատեսվածի նվազագույնը 50%-ը, ապա պետք է փոխհատուցի պետության կատարած ծախսերը:

Կամ էլ պետք է ներգրավի նոր ներդրողի, որը համասեփականատեր կդառնա իր կատարած ներդրումների չափով՝ ծրագիրն ավարտին հասցնելու համար։

«Հին Խնձորեսկ» ներդրումային ծրագրին վերաբերող այս շարքն ավարտելով՝ վերջում պարզապես հավելենք, որ  ներդրումային նախագծի ներդրողն ու իրականացնողը «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ-ն է՝ ի դեմս տնօրենների խորհրդի  նախագահ Սենիկ Ջուլհակյանի։

Ծրագրի ընթացքում «Հայհիդրոէներգանախագծին» ֆինանսական աջակցություն են ցուցաբերելու «Չեխիայի տունը Սիբիրում» ընկերությունը եւ «Հիդրոէներգանախագիծ» ինստիտուտը Ռուսաստանում։

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 6 (484), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։