Հանքի շահագործումից հետո.- Դեգրադացրե՞լ եք, ռեկուլտիվացրե՛ք (3-րդ մաս) – Երբ ընդերքօգտագործողները սողանցքի տեղ են ունենում… Դադարեցվել են Լոռու մարզի Ալավերդի եւ Շնող, Տավուշի մարզի Նոյեմբերյան եւ Կողբ համայնքների վարչական տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագիրը եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն կիրականացվի… Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ գիծ կկառուցվի…

Սկիզբը՝ թիվ 7, 8-ում

http://www.hayary.org/wph/?p=6816Հանքի շահագործումից հետո.- Դեգրադացրե՞լ եք, ռեկուլտիվացրե՛ք – (2-րդ մաս) – Տնտեսական շահը չպետք է վեր լինի բնապահպանականից… Հանքարդյունաբերության ոլորտն ունի դրական, երկարաժամկետ եւ կուտակային ազդեցություն տնտեսության վրա, բայց անհրաժեշտ է հաշվի առնել նաեւ բնապահպանական ու սոցիալական ազդեցությունները, այդ թվում՝ ընդերքօգտագործումից խախտված հողերի բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա…

http://www.hayary.org/wph/?p=6800Հանքի շահագործումից հետո.- Դեգրադացրե՞լ եք, ռեկուլտիվացրե՛ք (1-ին մաս)  – Ոչ մասնագիտական բառապաշարով՝ հողերի խախտումը՝ կորցրած սկզբնական արժեքը վերականգնե՛նք… Խախտված հողերը վնասում են գյուղատնտեսությանը, ապաեւ՝ երկրի տնտեսությանը – Պետությունը պետք է ոչ թե հորդորի, այլ՝ պահանջի հանքօգտագործողներից… Հասկանալի է նաեւ, որ կան քանի խնդիրներ, որոնք հիմնականում կապված են ֆինանսական երաշխիքների ու պարտավորությունների հետ…

Ընդերքօգտագործման հետեւանքով խախտված հողերի վերականգնման (ռեկուլտիվացիայի) հարցից խոսելիս նկատել էինք, որ, ըստ ՀԲ փորձագետների, Հայաստանում հանքերի փակման ու խախտված հողերի վերականգման աշխատանքների կարգավորումները համապատասխանում են միջազգային ստանդարտներին, սակայն այդ աշխատանքների ժամանակ, այնուամենայնիվ, առաջանում են մի քանի խնդիրներ, որոնք հիմնականում կապված են ֆինանսական երաշխիքների ու պարտավորությունների հետ: Ավելի որոշակի՝ ի՞նչ կարգի խնդիրներ են դրանք եւ լուծման ի՞նչ ուղիներ է առաջարկում գործադիրը՝ հաշվի առնելով թեմայի հրատապությունը:

Մինչ սրան անդրադառնալը փակագծերում կարեւոր մի բան նկատենք. երբ ՀԲ-ն ասում է՝ համապատասխանում է միջազգային ստանդարտներին, չի մասնավորեցնում, թե հատկապես որ երկրների: Եթե բերում է, ասենք, ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի փորձը, դրան համապատասխանելը մեզ պլյուս չի ավելացնում. քանզի այստեղ էլ հանքերը շահագործում են անխնա, ոչ թե օգտագործում. նույն սովետական մեթոդն է, ոչինչ չի փոխվել: Իսկ եթե նկատի է ունենում եվրոպականը, ապա դարձյալ պետք է հստակեցնի՝ ո՞ր երկրի. ասենք՝ Գերմանիայի՞, չենք համապատասխանում: Էնպես որ, այդ «միջազգային ստանդարտ» ասվածը շատ հարաբերական հասկացություն դուրս եկավ…  

Ինչեւէ, գանք մեր հարցին: 2011թ. նոյեմբերի 28-ին Հայաստանի ընդերքի մասին օրենսգրքի ընդունումից հետո անցումային ժամանակահատվածում բազմաթիվ ընդերքօգտագործողներ չեն վերաձեւակերպել իրենց ընդերքօգտագործման իրավունքները՝ այդ թվում՝ ամբողջությամբ չեն վճարել շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի գումարները եւ չեն արել ռեկուլտիվացիոն աշխատանքներ, որի արդյունքում մնացել են խախտված հողատարածքներ:

Եթե սրան հավելենք, որ խորհրդային ժամանակներից մինչեւ 2003թ.-ն ընդերքօգտագործման հետեւանքով խախտված հողատարածքները հիմնականում չեն վերականգնվել, պատկերն ավելի պարզ կուրվագծվի: Իսկ գիտե՞ք ինչու չեն վերականգնվել, որովհետեւ բացակայել են այդ աշխատանքները կարգավորող իրավական ակտերն ու կանոնակարգերը, եւ հետեւաբար առաջացել են նախկինից ժառանգած բնապահպանական խնդիրներ:

Սրան հավելենք այն, որ ընդերքօգտագործողների սնանկացման եւ խախտված հողերի վերականգման ծախսերը վճարելու անկարողության պայմաններում բացակայում են պետության կողմից ընդերքօգտագործողի փոխարեն խախտված հողերի վերականգնման աշխատանքներ կատարելու նպատակով ֆինանսական ապահովման մեխանիզմները:

Բացի այս՝ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հաշվեհամարում հավաքագրված գումարները չեն բավարարում ռեկուլտիվացիոն աշխատանքների  համար: Հասկականք, թե ինչ խնդիր կա այս պահով:

Բանն այն է, որ (պաշտոնական բացատրությունն է սա) ընդերքօգտագործման հետեւանքով խախտված հողերի վերականգնման նախահաշիվը կատարվում է նախագծային փուլում, մենք էլ գիտենք, որ հանքավայրերի «ծառայելու» ժամկետները հիմնականում երկար են (մինչեւ 50 տարի): Հավաքագարված գումարները մնում են սառեցված վիճակում, սա նշանակում է, որ ժամանակի ընթացքում գնաճի պատճառով արժեզրկվում են: Այստեղ մի բայց էլ կա. իսկ ո՞վ է անում ռեկուլտիվացիոն աշխատանքների ինդեքսավորումը: Պարզվում է՝ դա արվում է հենց ընդերքօգտագործողի նախաձեռնությամբ, ինչը հիմնականում պրակտիկայում չի իրագործվում:

Փորձեցի հասկանալ, թե ինչու՞ պետք է գումարը չբավականացնելու խնդիր ծագի՝ հաշվի առնելով այն, որ մեր երկրի ընդերքի մասին օրենսգիրքը հստակ ահանջ ունի, ըստ որի՝  ընդերքօգտագործողները հանքի փակումից 2 տարի առաջ ներկայացնում են հանքի փակման վերջնական ծրագիր, իսկ հրաժարման դիմումին կից ներկայացնում են նաեւ  օգտակար հանածոյի արդյունահանման հետեւանքով խախտված հողատարածքների ռեկուլտիվացիայի ծրագիրը, ներառյալ՝ հանքի գոյության ընթացքում կատարած ռեկուլտիվացման աշխատանքները, որոնցում ներկայացված շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հատկացումների գումարների չափերը համարժեք են փաստացի ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ գումարներին:

Պարզվում է՝ ընդերքօգտագործողների կողմից դրամագլխին նախագծային եւ փաստացի խախտված հողատարածքների վերականգնման համար անհրաժեշտ գումարների տարբերության վճարումների իրականացումն օրենսդրությամբ կարգավորված չէ: Հասկանալի է, որ այս պարագայում սողանցքի տեղ կա, եւ հազիվ թե գործարարը դրանից չօգտվի, ինչ է թե բնությունը շատ է սիրում:

Փաստորեն, բացակայում են դադարեցված, լքված, ապօրինի շահագործված, տիրազուրկ հանքավայրերի խախտված հողերի վերականգման ֆինանսավորման աղբյուրները: Ռեկուլտիվացիոն աշխատանքների հետ կապված հիմնական իրավական ակտերն ամբողջությամբ չեն ապահովում այն ֆինանսական ու արդյունավետ կառավարման միջոցները, որոնք կերաշխավորեն այդ աշխատանքների ամբողջական իրականացումը: Իսկ այդ աշխատանքների հետ կապված ծախսերն ուղղակի կամ անուղղակի կարող են լրացուցիչ բեռ լինել պետության համար:

Այստեղ մեկ այլ խնդիր էլ ծագում է տարածքի փոփոխության հետ կապված. 2016թ. երբ ընդունվեցին ընդերքի մասին օրենսգրքում փոփոխությունները, սահմանվեցին ընդերքօգտագործման թափոնների կառավարման եւ վերամշակման հետ կապված նոր ընթացակարգեր: Օրենքով սահմանվում է, որ ընդերքօգտագործողներն օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվության շրջանակներում կարող են իրականացնել նաեւ ընդերքօգտագործման թափոնների վերամշակում: Ընդերքօգտագործման թափոնների վերամշակման հետեւանքով հնարավոր են արտադրական լցակույտերով զբաղեցրած տարածքների մակերեսների եւ, հետեւաբար, ռեկուլտիվացիայի ենթակա տարածքների փոփոխություններ: Հասկանալի է, որ սա էլ իր հերթին կհանգեցնի ընդերքօգտագործողի կողմից հատկացումների չափի փոփոխությանը: Տարածքների փոփոխության դեպքում կառաջանան կարգավորում պահանջող իրավահարաբերություններ: Սա անպայման պետք է կարգավորվի, վերահաշվարկման մեխանիզմը ճշտվի:

Հարկ է հավելել նաեւ, որ ընդերքօգտագործման հետեւանքով հողերի վերականգնման մի խնդիր էլ կա:

Մեր երկրի տարածքում շահագործվող հանքավայրերի գերակշռող մասում (ավելի քանի 95%) ընդերքօգտագործողները մշակում եւ անում են միայն լեռնատեխնիկական ռեկուլտիվացիայի աշխատանքներ: Այլ կերպ՝ չի արվում հողերի կենսաբանական վերականգնում  (սա եվրոպական փորձում է ընդունված), չեն արվում տնտեսական յուրացման նպատակով բարելավումներ:

Մի խոսքով՝ այս խնդիրները լուծելու համար ռեկուլտիվացիոն ֆոնդի գումարները պետք է արդյունավետ կառավարվեն եւ ամբողջական՝ սկսած նախագծման փուլից մինչեւ հանքի փակման ու ռեկուլտիվացիոն աշխատանքների  ավարտը՝ զուգահեռ անելով իրավական բոլոր կարգավորումները, որպեսզի ընդերքօգտագործողին սողանցքի ոչ մի տեղ չթողնվի: Ընդերքը Հայաստանի Հանրապետության սեփականությունն է, ոչ թե ընդերքօգտագործողի:

Բնապահպանության նախարարությունն առաջարկում է (եւ գործադիրն արդեն դա հավանության է արժանացրել) ընդերքի մասին օրենսգրքում կատարել փոփոխություններ եւ լրացումներ, որը կարգելի ընդերքօգտագործման իրավունքի դադարեցման եւ հրաժարման հավաստագրերի տրամադրման գործընթացներն իրականացնել առանց ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի մասնակցության:

Եթե ոլորտում նշյալ կարգավորումներն արվեն նաեւ գործնականում, ապա մեր փոքրատարածք երկրում շրջանառության մեջ կդրվեն վերականգնված լրացուցիչ հողատարածքներ, որոնք կնպաստեն գյուղատնտեսության եւ անասնապահության զարգացմանը՝ ապահովելով դրանց տնտեսական յուրացման հեռանկարները:

Արմենուհի Մելքոնյան

Գեղ կանգնի, գերան կկոտրի

«Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը որոշում է կայացրել դադարեցնել Լոռու մարզի Ալավերդի եւ Շնող, Տավուշի մարզի Նոյեմբերյան եւ Կողբ համայնքների վարչական տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների ծրագիրը եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման եւ այդ գործընթացի շրջանակներում հանրային քննարկման կազմակերպման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանը, մարտի 14-ին համայնքում են եղել ընկերության տնօրենը եւ տեղակալը, հանդիպմանը հրավիրված են եղել նաեւ հ/կ-ների ներկայացուցիչներ, առողջապահական ոլորտի մասնագետներ. «Ընդհանուր քննարկման արդյունքում նրանք հասկացան, որ այստեղ անիմաստ է նման աշխատանքների իրականացումը: Կարող են ավելի լուրջ խնդիրներ առաջանալ: Այս զրույցից հետո այսօր առավոտյան կապվեցին ինձ հետ եւ տեղեկացրին, որ որոշել են չեղյալ համարել հանրային լսումը (կայանալու էր մարտի 20-ին,- խմբ.): Նրանք հրաժարվում են իրենց մտքից, տպավորություն կա, որ որոշումը ժամանակավոր չէ»:

Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ գիծ կկառուցվի

Ինչպես «Լուսանցք»-ին տեղեկացրին էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից, երեկ տեղի է ունեցել ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի շահագործման հուսալիության եւ արդյունավետության բարձրացմանն ուղղված տեխնիկական հանձնաժողովի ընդլայնված նիստ, որը վարել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանը: Քննարկվել է Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ գծի կառուցման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

Հավանության է արժանացել ծրագրի ֆինանսավորող գերմանական KfW բանկի հետ համատեղ ընտրված «Ֆիխտներ» խորհրդատվական ընկերության հետ իրականացված քննարկումների արդյունքում ձեւավորված տեխնիկական առաջադրանքը:

Ըստ տեխնիկական առաջադրանքի՝ ծրագիրը բաժանվում է փուլերի: 1-ին փուլում նախատեսվում է իրականացնել 220կՎ լարման ենթակայանի վերակառուցում, 400կՎ լարման ենթակայանի, ինչպես նաեւ նոր բարձրավոլտ օդային գծի կառուցում մինչեւ Հայաստան-Վրաստան պետական սահման: Հաջորդ փուլերով նախատեսվում է 500կՎ ենթակայանի եւ հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանի կառուցում:

Ծրագրի արդյունավետության բարձրացման նպատակով նախ կօգտագործվեն արդեն գործող ենթակայանները, որոնց վերակառուցումն ավելի քիչ ծախսատար է, քան նորի կառուցումը: Միաժամանակ, արդեն առկա ենթակառուցվածքներով էներգետիկ նշանակության հողատարածքի վրա, որը նախատեսված էր նոր ենթակայանի կառուցման համար, կկառուցվի արեւային էլեկտրակայան, վերջինիս ծախսերը կկրճատվեն արդեն առկա ենթակառուցվածքների օգտագործման շնորհիվ: Արդյունքում ծրագրի ամբողջական արժեքը կկրճատվի առնվազն 30%-ով: Բացի դրանից կկառուցվի նաեւ արեւային ֆոտովոլտային կայան ծախսերի առնվազն 20%-ի իրական տնտեսումով:

Ընդգծվել է, որ ծրագրի առաջին փուլը պետք է ավարտվի Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի շինարարության ավարտից ոչ ուշ: Ընդհանուր առմամբ, ծրագիրը պետք է իրականացվի Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի եւ Երեւանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շինարարությանը զուգահեռ:

«Լուսանցք» թիվ 9 (487), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։