Առանց մանրուքի դետալներ – 600 անձ աշխատելու է 3 հերթափոխով (200-ական) – Ինչու 3:1 հարաբերակցությունը փոխվեց 10:1-ի… (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր) – Մասնագետները միշտ էլ ասել են, որ  2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելիս այսպես ասենք, դոնոր կարող է լինել 1-ին էներգաբլոկը… ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը զուգահեռ մեզ անհրաժեշտ է մտածել նոր ԱԷԿ ունենալու մասին…

2018թ. ապրիլ-նոյեմբերին, ինչպես նաեւ 2019թ. նույն ժամանակահատվածում, «ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացում» հայ-ռուսական համատեղ ծրագրի շրջանակներում, ՀԱԷԿ-ում աշխատելու են ՌԴ-ի «Ռուսատոմ Սերվիս» ընկերության կողմից ներգրավված մեծաթիվ մասնագետներ: Նրանց մեծ հոսքը՝ ավելի քան 600 անձ, սպասվում է այս տարվա հունիս-հուլիսին: Աշխատանքները հիմնականում կազմակերպվելու են 3 հերթափոխով: Յուրաքանչյուր հերթափոխում աշխատելու է ավելի քան 200 մասնագետ:

http://www.hayary.org/wph/?p=6880Միանշանակ ունենալու՛ ենք նոր ԱԷԿ, բայց ինչու՞ ենք դանդաղում (2-րդ մաս) – Հին ու նոր հարթակները՝ ճիշտ ընտրված – …Այսինքն՝ ապացուցվեց ՀԱԷԿ-ի հիմքի տակ տեկտոնիկ ակտիվ խզվածքի բացակայությունը – Պատյանն ու թակարդը լինելու՞ է… Ոչ միայն էներգետիկ անվտանգություն… Իրենք կառուցում, մեզ փակե՞լ են տալիս – Այսօրվա դրությամբ աշխարհում գործում են մոտ 440 ատոմային էլեկտրակայաններ, որոնք կենտրոնացած են աշխարհի 30 երկրներում…

http://www.hayary.org/wph/?p=6865Միանշանակ ունենալու՛ ենք նոր ԱԷԿ (1-ին մաս), բայց ինչու՞ ենք դանդաղում – Հայաստանը մեկ անգամ չէ, որ միջազգային բարձր ամբիոններից հավաստել է, որ վերականգնվող էներգետիկան մեր երկրում անպայման պետք է զարգանա, բայց ատոմային էներգետիկան այլընտրանք չունի՝ հաշվի առնելով բազամթիվ գործոններ…

Կառավարությունը վերջերս նիստերից մեկում ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման հետ կապված 3 որոշում ընդունեց: Մեկով դեռ 15 տարի առաջ ընդունված որոշումում փոփոխություն արեց, մյուսով այդ երկարաձգման ներդրումային պլանը հաստատեց, իսկ երրորդով՝ միջոցառումների ծրագիրը: Առաջինը՝ տարիներ առաջ ընդունված որոշումում փոփոխությունը հենց 600 անձի թեմայի հետ է կապված («Լուսանցք»-ում եւ «Հայաստանի Հանրապետություն»-ում հայկական ԱԷԿ-ին եւ ընդհանրապես մեր միջուկային էներգետիկային ու դրան առնչվող ոչ մի թեմա գրեթե չեմ շրջանցել այն հստակ գիտակցումով, որ միջուկային էներգետիկան մեզ համար ռազմավարական կարեւորության ոլորտ է՝ քաղաքական եւ տնտեսական անվտանգության տեսակետից: Նույնը՝ այս թեմայի դեպքում):

Եվ այսպես՝ դեռ 2003թ. որոշմամբ ասվում էր, որ hիմնական աշխատանքները (ՀԱԷԿ-ի շահագործումը երկարացնելու) արվելու են ՀԱԷԿ-ի տուրբինային արտադրամասում, որը դասվում է որպես ներքին եւ կենսական կարեւորության գոտի, որտեղ ըստ գործադիրի պահանջի, այցելուների եւ ուղեկցող անձնակազմի թիվը պետք է չգերազանցի 3:1 հարաբերակցությունը: Հիմա փոփոխություն է արվել, ըստ որի՝ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման շրջանակներում իրականացվող աշխատանքների, այդ թվում պլանային-նախազգուշական վերանորոգումների ընթացքում, կայանի պաշտպանված գոտի, ինչպես նաեւ ներքին ու կենսական կարեւորության գոտիներ մուտք գործող օտարերկրյա այցելուների եւ ուղեկցող անձնակազմի թիվը պետք է չգերազանցի 10:1 հարաբերակցությունը:

Ինչու է 3:1 հարաբերակցությունը 10:1-ի փոխվել:  

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը այսպես է պարզաբանում: Բացի «Ռուսատոմ Սերվիս» ընկերության կողմից ներգրավված մեծաթիվ մասնագետների, տարբեր հարցերի շուրջ ՀԱԷԿ այցելում են այլ ընկերությունների եւ կազմակերպությունների աշխատակիցներ ու հյուրեր, որոնց նույնպես անհրաժեշտ է ապահովել պատասխանատու արտադրամասերի կողմից հատկացված ուղեկցողներով: Սա ռիսկ ունի: Այցելուների եւ ուղեկցողների մեծ քանակի դեպքում, ինչպես նաեւ կայանի աշխատակիցներին զուգահեռ մուտքի-ելքի ժամանակ, զգալի դժվարանում է ՀԱԷԿ-ի մուտք-ելքը մարդկային հսկիչ անցագրային կետով եւ տուրբինային արտադրամասի թվով երկու հսկիչ անցագրային կետերով անցումը, ինչը էականորեն կարող է կրճատել ՌԴ մասնագետների հերթափոխերում աշխատելու աշխատաժամանակը: Այդ փաստը կբերի աշխատանքների ծավալի ոչ լիարժեք կատարմանը, ՀԱԷԿ-ի էներգաբլոկի ժամանակին ցանց չմտնելուն եւ ՀՀ էներգահամակարգում զգալի ֆինանսական կորուստների:

Բացի այդ՝ պլանային նախազգուշական վերանորոգումներով նախատեսված աշխատանքների կատարման ժամանակահատվածներում զգալի դժվարանում է հնարավոր ուղեկցող անձնակազմի տրամադրումը ՀԱԷԿ-ի պատասխանատու ստորաբաժանումների կողմից:

Մասնավորապես՝ ՀԱԷԿ-ի տուրբինային արտադրամասում վտանգավոր, հրդեհավտանգ եւ պայթյունավտանգ աշխատանքների իրականացման ժամանակ, միաժամանակ մեծ քանակության մարդկանց գտնվելը վտանգավոր է՝ հնարավոր արտադրական վնասվածքների առաջացման առումով: ՀԱԷԿ-ի տուրբինային արտադրամասում հնարավոր արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում, մեծաթիվ մարդկանց տարհանման ժամանակ կարող են առաջանալ լրացուցիչ դժվարություններ: Հերթափոխերի ընթացքում ՀԱԷԿ-ի պատասխանատու ստորաբաժանումների կողմից շատ ուղեկցողներ տրամադրելու դեպքում առաջանում է նաեւ լրացուցիչ զգալի ֆինանսական միջոցների ներգրավման կարիք՝ արտաժամյա աշխատանքի դիմաց վճարումներ կատարելու համար:

Որպեսզի ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման՝  հայ-ռուսական համատեղ ծրագրի շրջանակներում կատարվող աշխատանքների ընթացքում ՀԱԷԿ-ում ֆիզիկական պաշտպանության եւ հատուկ ռեժիմի ապահովման պահանջները պատշաճ կատարվեն, կայանի ղեկավարությունը առաջարկել է ՀԱԷԿ-ի ռեժիմի բաժինը համալրել թվով 6 հսկիչ-տեսուչների հաստիքային միավորներով, որոնք կաշխատեն հերթափոխով տուրբինային արտադրամասում: Իսկ անհրաժեշտության դեպքում (օտարերկրյա մասնագետների թվի ավելացմանը զուգահեռ) ՀԱԷԿ-ի ռեժիմի բաժնի ազատ հերթափոխերից կներգրավվեն լրացուցիչ աշխատակիցներ՝ համապատասխան արտաժամյա վճարման դիմաց:

Այս ամենը հաշվի առնելով էլ 3:1 հարաբերակցությունը փոխվեց 10:1-ի: Բայց հաստատվեց, որ «ՀԱԷԿ-ում իրականացվող վերանորոգումների ընթացքում կայանի պաշտպանված գոտի, ինչպես նաեւ ներքին ու կենսական կարեւորության գոտիներ մուտք գործող օտարերկրյա այցելուների եւ ուղեկցող անձնակազմի թիվը պետք է չգերազանցի 10:1 հարաբերակցությունը»:

Կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն այլ տեսակետ ունի: Օրինակ՝ որ «Ռուսատոմ Սերվիս» ընկերության կողմից ներգրավված մասնագետների՝ 600 անձանց մուտքը նշյալ տարածք կարող է վտանգել միջուկային անվտանգության եւ ֆիզիկական պաշտպանության ապահովումը եւ «նման պարագայում մեկ ուղեկցողին հասանելիք այցելուների թիվը եռակի անգամ մեծացնելը համարվում է անթույլատրելի»:

Միաժամանակ, կոմիտեն պարզաբանում է, որ այցելու-ուղեկցող հնարավոր հարաբերակցության որոշելը ԱԱԾ-ի իրավասության շրջանակում է:

Նաեւ՝ ՀԱԷԿ-ի արտադրական տեղամասերում աշխատանքներ իրականացնող անձնակազմը պետք է պահպանի անվտանգության «աշխատանքի պաշտպանության», «հրդեհային անվտանգության» կանոնները, որոնց պահանջների կատարման նպատակով ողջ անձնակազմն անցնում է կանոնների ուսուցում եւ գիտելիքների ստուգում, որից հետո նրանց տրվում են համապատասխան վկայականներ եւ աշխատանքի թույլտվություն: Իսկ հրավիրված անձինք նախքան արտադրական տեղամասեր մուտք գործելը եւ գործունեություն իրականացնելը նախապես ստանում են համապատասխան հրահանգավորում ատոմակայանում առկա աշխատանքային ու հակահրդեհային ռեժիմի եւ դրա խստագույնս պահպանման վերաբերյալ: «Առաջարկվող 10:1 հարաբերակցությունը կբերի հսկողությունից դուրս մնալու հավանականության մեծացմանը եւ վտանգավոր, պայթյունավտանգ, հրդեհավտանգ աշխատանքների իրականացման ժամանակ հնարավոր արտադրական վնասվածքների առաջացման հավանականության կտրուկ աճի»:

Եվ ամենակարեւորը, դարձյալ ըստ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի, արտաժամյա աշխատանքների դիմաց վճարվելիք լրացուցիչ ֆինանսական միջոցների նվազեցումը չպետք է իրականացվի ի հաշիվ անվտանգության մակարդակի նվազեցման (կոմիտեի փաստարկը կառավարության կողմից ընդունվել է ի գիտություն):

Հիմա՝ ինչ է ենթադրում երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ներդրումային պլանը:

Նախ՝ որպեսզի մեր ընթերցողները հստակ պատկերացնեն, թե ինչի մասին է խոսքը, հարկ ենք համարում փակագծերում հակիրճ տեղեկություն հաղորդել:

Մեր ԱԷԿ-ը երկու էներգաբլոկ ունի:

1976թ. դեկտեմբերի 21-ին Պետական ընդունող հանձնաժողովը թույլատրել է կատարել ՀԱԷԿ-ի N 1 ռեակտորի ֆիզիկական գործարկումը: 1976թ. դեկտեմբերի 22-ին ՀԱԷԿ-ի ռեակտորը բերվեց հզորության նվազագույն վերահսկվող մակարդակի, իսկ դեկտեմբերի 28-ին N1 տուրբոգեներատորը միացվեց էներգահամակար- գին: Շինարարությանը զուգահեռ իրականացվել է սոցիալական զարգացման մեծածավալ ծրագիր. էներգետիկների բազմահազարանոց կոլեկտիվի համար էլ կառուցվեց Մեծամոր ավանը՝ դպրոցով, մանկապարտեզով, պոլիկլինիկայով եւ կուլտուր-կենցաղային (այն ժամանակ այդպես էր կոչվում) այլ օբյեկտներով: Էներգաբլոկների գործարկումը, կարճ ժամանակամիջոցում նրանց նախագծային հզորության յուրացումը եւ հզորության բարձր գործակցով շահագործումը հաստատեցին կառուցվածքաին եւ նախագծային սկզբունքային լուծումների ճշտությունը:

Շինարարության բոլոր մասնակիցների գործողությունների հստակ կոորդինացման արդյունքում առավելագույնս համատեղվեցին շինարարական, տեղակայման, վերջնահարդարման եւ գործարկման կարգաբերման աշխատանքները, եւ 1980թ. հունվարի 5-ին գործարկվեց երկրորդ էներգաբլոկը: 9 տարի անց ՀԱԷԿ-ի աշխատանքը դադարեցվեց, մասնագիտորեն ասած՝ շարժականգի ռեժիմի մեջ եղավ: Վերագործարկվեց 1995թ.՝ 2-րդ էներգաբլոկը:

Ցայսօր ատոմակայանում բազմաթիվ անվտանգության միջոցառումներ են արվել, եւ հայկական կողմն աշխատել է բաց, թափանցիկ: Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը այդ մասին մեկ անգամ չէ, որ վկայել է: Հայկական կողմն այսուհետ էլ բաց է աշխատելու, եւ հրապարակայնորեն ներկայացնում է, թե ինչ քայլեր է ձեռնարկելու գործող էներգաբլոկի ժամկետը երկարացնելու համար:

Մասնագետները միշտ էլ ասել են, որ  2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելիս այսպես ասենք, դոնոր կարող է լինել 1-ին էներգաբլոկը:

Այսպիսով, գործադիրի որոշման համաձայն, կիրականացվի ՀԱԷԿ-ի 1-ին էներգաբլոկի մեքենայական արտադրամասի տեղակայանքների, համակարգերի եւ սարքավորումերի ապամոնտաժում՝ մեքենայական արտադրամասում ապահովելով ազատ տարածք‘երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման աշխատանքների կատարման համար:

Այսպիսով, 1-ին էներգաբլոկի այն տեղակայանքները, համակարգերը եւ սարքավորումները, որոնք պիտանի են հետագա օգտագործման համար, կօգտագործվեն 2-րդ էներգաբլոկի հուսալի եւ անվտանգ շահագործման համար: 2-րդ էներգաբլոկի աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարումն ապահովելու նպատակով 1-ին էներգաբլոկի աշխատած միջուկային վառելիքի պահման ավազանի վերանորոգման եւ արդիականացման աշխատանքներ կիրականացվեն:

Ասենք, որ Հայաստանի Հանրապետությունում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հետաձգման հետ կապված կառավարությունը դեռ 2012թ. է ընդունել 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման մասին որոշումը: 2 տարի անց հաստատվել է երկարաձգման ծրագիրը:

Գործը երկու փուլով պիտի արվի:

Առաջինով ընկերության 2-րդ էներգաբլոկի համակարգերի, կառուցվածքների եւ սարքավորումների համապարփակ հետազոտություններ են արվել:

Երկրորդ փուլով նախատեսվում է համակարգերը, սարքավորումները եւ կառուցվածքները փոխարինել, վերանորոգել:

Ինչպես տեղեկանում ենք էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից, «հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ ընկերության երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրում ներառված աշխատանքները սահմանված ժամկետներում իրականացնելու նպատակով անհրաժեշտ է սկսել ընկերության 1-ին էներգաբլոկի մեքենայական արտադրամասի տեղակայանքների, համակարգերի եւ սարքավորումների ապամոնտաժման գործընթացը»:

Թե ինչ քայլեր կձեռնարկվեն՝ հատ առ հատ ներկայացված է այդ ամենը:

Բայց մենք տեխնիկական մանրամասներով չենք ծանրաբեռնի ընթերցողին: Կթվարկենք մի քանիսը միայն՝ արվելիք գործի ծավալի թեկուզ մոտավոր պատկերացում տալու համար:

Օրինակ՝ կշիկամշակվի 2-րդ էներգաբլոկի ռեակտորի իրանը, այդ իրանի ճառագայթումային բեռնվածքի մոնիթորինգ կարվի: Ռեակտորի վերին բլոկի տեխնիկական վիճակն ու գոյապաշարը կվերականգնվեն (ջերմային առձգիչները կփոխարինվեն, շառավղային անցումը կվերանորոգվի, նստեցման մակերեւույթը կվերանորոգվի):

Խոսք կա նաեւ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի վառելիքի պահման ավազանի արդիականացման մասին (վառելիքի խտացված պահման դարակաշարերի մատակարարմամբ եւ տեղադրումով):

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը զուգահեռ մեզ անհրաժեշտ է մտածել նոր ԱԷԿ ունենալու մասին:

Մենք այս հարցում շատ ենք դանդաղում արդեն:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 18 (496), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։