Հերթական արտահերթի ճանապարհին – Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանի եւ նրա հետեւորդ զանգվածների հեղափոխական ոգին հետաճ է ապրել, ինչը նշանակում է մինչեւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը այն կարող է իսպառ վերանալ… / Հերթը երկրի նախագահ Արմեն Սարգսյանի՞ն հասավ…

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանի եւ նրա հետեւորդ զանգվածների հեղափոխական ոգին հետաճ է ապրել, ինչը նշանակում է մինչեւ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը այն կարող է իսպառ վերանալ…

Մենք արդեն պարզաբանել ենք, թե այն լավատեսությունը, որ «Իմ քայլը» Երեւանի քաղաքապետի թեկնածուն հավաքել է ավելի քան 80% ձայն, միայն արտաքինից է մեծ թիվ: Ընտրությանը մասնակցել է ընտրաձայն ունեղողների 40%-ից մի քիչ ավելին եւ այդ մասնակիցների ավելի քան 80% ձայնին է արժանացել նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը: Ավելի քան 800 հազար ընտրաձայն ունեցող մայրաքաղաքի ընդամենը 1/4-րդ կամ 1/3-րդ ձայներ հավաքած քաղաքական թիմը չի կարող խոսել Երեւանի անունից, ուր մնաց թե՝ Հայաստանի…

Ըստ երեւույթին «Իմ քայլը» այս պատճառով էլ շտապեց անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, երբ մինչեւ վերջերս կարծես թե չէր շտապում: Եթե ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններից հետո իր ֆ/բ էջում գրել է. «Պատրաստվեք ԱԺ ընտրությունների», ապա Նիկոլ Փաշինյանը դեռ Երեւանի ավագանու ընտրությունները չավարտված, Նյու-Յորք մեկնելու ճանապարհին հասկացավ, որ անգամ իր կոչով մարդիկ չեն գալիս ընտրության, ինչը նշանակում է արտահերթ խորհրդարանական ընտրությունները չի կարելի ուշացնել…

Լուրեր են շրջանառվում, որ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան այս տարի՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:  

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ ՀՀԿ պատգամավորները հասկանում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կփորձի պարտադրել իրենց՝ լուծարել ԱԺ-ն, ինչը հնարավոր է, որ ի կատար չածվի: Նախկինում ՀՀԿ-ն բոլոր հարցերում կողմ էր լինում կառավարությանը, սակայն ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ասպարեզ վերադառնալը շատ բան է փոխել երկրի ներքաղաքական կյանքում… Չի բացառվում, որ խորհրդարանական մեծամասնություն ՀՀԿ-ն չգնա ԱԺ ինքնալուծարման:

ԱԺ նախագահը  շնորհավորել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքին՝ Երեւանի ավագանու եւ քաղաքապետի ընտրություններում հաղթելու հարցում, իսկ պատգամավորներն էլ պատրաստակամ են աջակցել կառավարության կարեւոր ծրագրերին: Այսինքն՝ մեծամասնությունը չի խոչընդոտում կառավարություն կազմած փոքրամասնությանը՝  կառավարել երկիրը եւ պայմաններ չի ստեղծում իրենց սադրանքների մեջ մեղադրելու համար…

Եվ իհարկե Նիկոլ Փաշինյանը կփորձի խոչընդոտել ԱԺ օրինական աշխատանքը՝ իր միակ զենքով՝ անօրինական հանրահավաքներով ու ցույցերով, նրան արդեն անհանգստացրել է հեղափոխական ալիքի հետաճը եւ նա երեւի թե կգնա կտրուկ քայլերի: Բայց պիտի հասկանալ, որ այդպիսի քայլերը նաեւ բումերանգի հարվածներ են հասցնում, ինչը կարող է բոլորովին այլ ավարտի հասցնել այս ընթացքը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական եւ ոչ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ՝ քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները: Այդ մասին նա հայտարարել է Նյու Յորքի, ինչպես նաեւ ԱՄՆ համայնքային կառույցների, հայկական կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

«ՀՀ քաղաքացիները հնարավորություն են ունեցել քվեարկել այն ուժի օգտին, որին ցանկանում են, եւ ի վերջո նրանք քվեարկել են հեղափոխության, արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ազատ ու երջանիկ Հայաստանի օգտին: Այսօր փողն ընտրությունների արդյունքների վրա չունի որեւէ ազդեցություն, կստեղծենք գործիքներ, որ փողը քաղաքականության մեջ օգտագործվի ոչ թե ձայն գնելու, այլ ասելիքն ավելի հասանելի դարձնելու համար»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Նա հայտարարել է՝ կար տրամադրություն, որ դրանք անցկացվեն մինչ հաջորդ տարվա հունիս, բայց այն սպասողական վիճակը, որ ունեն պոտենցիալ ներդրողները, որոնց հարկավոր են երկարաժամկետ քաղաքական արձանագրումներ, ինչպես նաեւ տնտեսական միջավայրը բարենապաստ դարձնելու համար, ընտրությունները պետք է անցկացնենք ավելի վաղ, որպեսզի առավել շուտ սկսենք տնտեսության վերականգնման ընթացքը:

«Այսօր մեր տնտեսության կառուցվածքը որևէ լավատեսության հիմք չի տալիս, եւ այն պետք է փոխենք»,- հայտարարել է վարչապետը։ Այսօր մեր ամենակարևոր խնդիրը նոր ներդրումներ ներգրավելն է: Այդ նպատակով գնում ենք հարկային օրենսգրքի բարեփոխումների, անկախ դատական համակարգի հաստատմանը, քաղաքական կայուն վիճակի պահպանմանը, ինչի համար պետք է մոտ ժամանակներս անցկացնենք արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքներով բոլորին ակնհայտ է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անխուսափելի են, եւ դրանք պետք է հնարավորինս շուտ տեղի ունենան»,- ընդգծել է վարչապետը:

Գործադիրի ղեկավարը հավելել է, որ Հայաստանում այսօր մենաշնորհներն ու կոռուպցիան հաղթահարված են, ավագանու ընտրություններն անցել են առանց կոռուպցիայի, թաղային, քրեական հեղինակությունների միջամտության»,- ասել է գործադիրի ղեկավարը։

Հեղափոխության առանցքային իմաստն այն է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ինչ-որ պահի զգաց իր դիրքորոշման շրջադարձային ուժը, զգաց, որ դա է Հայաստանի այսօրն ու ապագան որոշելու ճանապարհը: Ամենեւին էական չէ, թե ով կլինի վարչապետի կարգավիճակում՝ ես կամ որեւէ մեկը, ամենակարեւորն այն է, որ այսօր այլեւս միայն ՀՀ քաղաքացին է ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ընտրություններով որոշելու, թե ով պետք է լինի իշխանություն, ով՝ ընդդիմություն, ով լինի պատգամավոր եւ ով՝ ոչ: Սա ամենակարեւոր փոփոխությունն է, որը որեւէ պարագայում չի փոփոխվի: Կարող է տարօրինակ թվալ, որ իշխող քաղաքական ուժը Երեւանի ավագանու ընտրություններում ստանում է այդքան ձայն, բայց բոլորդ գիտեք, որ այս ընտրություններին առանձնահատուկ քաղաքական կոնտեքստ էր հաղորդվել. ես խնդրել էի այս ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի օգտին քվեարկելով քվեարկել նաեւ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների օգտին կամ ընդդեմ դրա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ՝ քննարկելու ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակացույցն ու պայմանները:

Վարչապետը շեշտել է, որ արդեն ասել է, որ կար տրամադրություն, որ դրանք անցկացվեն մինչ հաջորդ տարվա հունիս, բայց այն սպասողական վիճակը, որ առկա է, ընտրությունները պետք է անցկացնել ավելի վաղ, որպեսզի առավել շուտ սկսվեն նաեւ տնտեսության վերականգնման ընթացքը:

Փաստորեն, ցայսօր առանց մոտակա եւ հեռակա ծրագրերի հանդես եկող կառավարությունը մեղավոր է ման գալիս, թե ինչու տնտեսության զարգացման ծրագրեր չեն հայտնվում, ինչպես նաեւ, ինչու գործարար շրջանակները չեն շտապում հեղափոխական Հայաստան…

Հետաքրքիր է, որ Երեւանի ավագանու ընտրություններում մեծ պարտություն կրած ԲՀԿ-ն հայտարարել է, թե պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Ըստ ամենայնի, արդեն կբանակցեն ԱԺ-ում պատշաճ ձայներով  հայտնվելու համար, ոչ Երեւանի ավագանու դեպքի նման…

Panorama.am-ի թղթակիցը թեմայի շուրջ զրուցել է ԱԺ «Ծառուկյան դաշինք» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հետ՝ պարզելու արդյոք խորհրդարանական այդ ուժը պատրա՞ստ է նշված հարցի շուրջ քննարկումների։ «Մենք պատրաստ ենք քննարկումներին։ Երբ Նիկոլ Փաշինյանը Միացյալ նահանգներից կվերադառնա, մնացած բոլոր հարցերը եւ խնդիրները քննարկելու հնարավորություն կունենանք»,- ասել է նա։

Իսկ քանի դեռ սահմանադրական փոփոխություններ իրականացված չեն, նման քննարկումների համար արդյոք պատեհ պահ է ընտրված։ «Կարծում եմ՝ բազմակողմանի քննարկումների ձեւաչափը միշտ էլ կարեւոր է եւ անհրաժեշտ է։ Ինչ արդյունք էլ որ կլինի, պետք է հարգանքով վերաբերել դրան»,- ամփոփել է խորհրդարանականը։

Լեգիտիմ խորհրդարանի ձեւավորումը օրվա հրամայականն է. հայտարարել է ընտրությունից ընտրություն ՀԱԿ-ի հովանու տակ երեւացող ՀԺԿ-ն:

Սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու ընտրությունները ցույց տվեցին, որ ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը առաջին հերթին պայմանավորված է իշխանությունների քաղաքական կամքով: Ընտրություններն անցան ժողովրդավարական չափանիշներին համապատասխան եւ արտահայտում են ընտրություններին մասնակցած քաղաքացիների կամքը:

Ըստ ՀԺԿ-ի, այս ընտրությունները նաեւ ցույց տվեցին, որ առկա է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հստակ հասարակական պահանջ:

Նման կարծիքներ են հայտնել նաեւ այլ քաղաքական ուժեր, որ հանրության աչքին երեւում են ԱԺ հերթական ընտրության ժամանակ…

Բայց կան քաղաքական ուժեր էլ, որ վստահ են, թե խորհրդարանական ընտրությունները չէ որ խանգարում են ներկայիս իշխանությանը որեւէ տնտեսական գործունեություն ծավալելու համար: Նրանք պարզապես ծրագիր չունեն: Եվ այս ուժերը համոզված են, որ նույնն է լինելու նաեւ Երեւանի դեպքում, այս նորընտիր քաղաքապետի օրոք…

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեղինակությամբ իշխանական քարոզիչները արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարը հիմնավորելու համար հիմա էլ փորձում են առաջ բերել տնտեսական փաստարկներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Զարմանալի չէ, որ այդ հակասահմանադրական մտահղացումը առաջ մղելու համար նրանք չեն խորշում բոլոր հնարավոր հնարքներից:

Առաջին հայացքից ծիծաղաշարժ է նաեւ այդ փաստարկը: Սակայն երկարաժամկետ քաղաքական պլանավորման տեսակետից վարչապետը փորձում է հեռահար նպատակներ հետապնդող խաղ խաղալ:

Վստահ լինելով, որ հանրային կարծիքի ձեւավորման վրա ինքը մեծագույն ազդեցություն ունի, մյուս կողմից էլ հասկանալով, որ ժողովրդի սոցիալ-տնտեսական խնդիրները իշխանափոխությունից հետո ոչ միայն չեն լուծվում, այլեւ սրվում են եւ ավելանում, Նիկոլ Փաշինյանը փորձում է մարդկանց աչքերում տպավորություն ստեղծել, թե, ժողովուրդ, դուք վատ եք ապրում, ես ձեր կյանքը չեմ կարողանում լավացնել, գների աճը զսպել չեմ կարում, տնտեսությունը զարգացնել չեմ կարում, ներդրումներ բերել չեմ կարում, որովհետեւ ԱԺ-ում չունեմ իմ սեփական մեծամասնությունը:

Չեմ բացառում, որ կրկին կլինեն հազարավոր մոլորված մարդիկ, որ Ձեզ կհավատան, սակայն, պարոն վարչապետ, մի տեղ ֆիքսեք, խնդրում եմ, թեպետ ինձանից լավ գիտեք, որ ԱԺ-ն մեղավոր չէ, որ՝

  1. Ձեր կառավարությունը առ այսօր չունի հստակ տնտեսական զարգացման ծրագիր:
  2. Միջազգային կապիտալը թերահավատ է պոպուլիստիկ եւ ծայրահեղական առաջնորդների նկատմամբ:
  3. Ինստիտուտներ ամրացնելու, դատական անկախ մարմիններ ստեղծելու, խոսքի ազատությունը երաշխավորելու փոխարեն Դուք շարունակաբար քայքայում եք պետական կառավարման ապարատը, գործեր հարուցելու ուղղորդումներ անում եւ խրախուսում ատելության քարոզչությունը:
  4. ԼԻԴԻԱՆ-ի, Վեոլիայի, Հարավկովկասյան երկաթգծի եւ այլ դեպքերի պատճառով Դուք ոչ միայն նոր ներդրումներ չեք բերում, այլեւս եղածներն եք դրել հարցականի տակ:
  5. Ռուսաստանաբնակ հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ բիզնեսմենները վստահություն չունեին ձեր հանդեպ:
  6. Փարիզում ֆրանսիական բիզնես էլիտայի հետ հանդիպումը ոչ մի կոնկրետ արդյունք չի տվել:
  7. Համաշխարհային տնտեսական ֆորումի DOING BUSINESS վարկանիշում առաջ գնալու համար Ձեր կառավարությունն առ այսօր ոչ մի շոշափելի քայլ չի արել:

8.Հայաստան-Եվրամիություն համաձայնագրով նախատեսված, այդ թվում՝ տնտեսական բարեփոխումները տեղից չեն շարժվում:

  1. Գերմանիայի կանցլերը եւ Իտալիայի նախագահը տարածաշրջանային այցերի ժամանակ Վրաստանում եւ Ադրբեջանում բիզնես-ֆորումների են մասնակցում եւ ներդրողներ տանում, իսկ Հայաստանում՝ ոչ:

Դեռ այսքանը: Բարով վերադառնաք Հայաստան»:

Արման Դավթյան

http://www.hayary.org/wph/?p=7108Ընտրական օրենսգիրքը՝ փորձաքար փոքրամասնական իշխանության համար – ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները համակարծիք են, որ անհրաժեշտ է շարունակել կառավարության հետ աշխատել փոխհամաձայնեցված… Չի բացառվում, որ կառավարությանը աջակցող ՀՀԿ-ական խորհրդարանական մեծամասնությունը այլեւս այլ ճանապարհով գնա, եւ կառավարության բարեփոխումները մնան փոքրամասնական…

http://www.hayary.org/wph/?p=7107Կկայանա՞ն ԱԺ արտահերթ ընտրությունները – Խորհրդարանական քաղաքական մեծամասնությունը կարող է մտափոխվել… ՀՀԿ-ական շրջանակներ կան, որ չեն ցանկանում լուծարել խորհրդարանը, չեն ցանկանում կորցնել քաղաքական մեծամասնությունը ԱԺ-ում, որտեղ ընտրվում է երկրի առաջին դեմքը… ՀՀԿ-ն կփոևձի՞ վերադառնալ իշխանության…

Հ.Գ. – Հերթը երկրի նախագահի՞ն հասավ…

Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանի կարծիքով, Արմեն Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնի համար ամենահաջող թեկնածուն էր զուտ իր արտաքին անխոցելիությամբ՝ մասնագիտական փորձով, ինտելեկտով եւ ներքին բնույթով: «Եղավ սարսափելին: Մենք այդպես էլ կանոնակարգված նախագահ չունեցանք: Նրա լեգիտիմության խնդիրը մնալու է օդի մեջ կախված: Այս սահմանադրությամբ մենք կունենաք մի նախագահ, որը ոչ մի բանի համար որեւէ պատասխան չի տալիս, ոչ էլ մի բան պետք է անի: Բայց կարելի էր անել, որ գոնե լեգիտիմ լինի»,-  ասել է նա:

Նաեւ նշում է, որ լինելով լավ դիվանագետ, Արմեն Սարգսյանը ժամանակին տանուլ է տվել Մեծ Բրիտանիայում Հայաստանի շահերը։ Ինչը այժմ էլ վերականգնման կարիք ունի…

«Նա Հայաստան բերեց արքայազն Չարլզին, սակայն մեկ տարին չլրացած՝ արքայազնը գնաց Հալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին: Եթե այդքան մոտ հարաբերություններ էին արքայական այդ ընտանիքի հետ, ինչի մասին խոսվել էր նրա գալուց, ապա գոնե թույլ չպետք է տրվեր, որ Չարլզը գնար Հայոց ցեղասպանության 100-ամյակին Թուրքիա»,- նշել է  Գուրգեն Եղիազարյանը։

«Լուսանցք» թիվ 30 (508), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։