Սպարապետ Գարեգին Նժդեհին
Է՜յ Խուստուփի անմահ արծիվ,
Սուրդ հատու, խաչանիշ,
Դու հայկազուն քաջաց ասպետ,
Նահատակաց չափ ու նիշ…
Նախիջևան ու Կզնութ գյուղ,
Հազար ութ հարյուր ութսունվեցի ամանոր…
Եղիշե Տեր-Հարությունյան
Քահանայի օջախում
Ծնվեց կրտսեր Լուսե Որդին՝
Գարեգինը թխահեր…
Թուխ-թուխ ամպեր երկինքն ի վեր,
Մասիսը լուռ, ճգնավոր,
Մանուկը դեռ թոթովախոս
Մնաց անհայր, վիրավոր:
Սակայն, նրա Տերն է Աստվածը՝
Հայր Արարիչն Համայնի,
Եվ առյուծածին մոր տաք գրկում
Լաճը ոտքի կկանգնի:
Է՜հ Հայրենիք, է՜հ Հայաստան,
«Վայ»-երդ շատ իմ երկիր,
Չէ՛, մարդը չէ քո թշնամին,
Սատանան է գահակիր:
Խաչակիր հայը ողբում է.
– «Աման էս ի՞նչ դուման է»,
Աչքն աշխարհի չորս ծագերին.
– «Էրգիր բոլոր դուշման է»:
Սակայն ինչպես մեծ Շիրինը
Պարզ տեսնում էր կույր աչքով.
– «Երբ Զորաց Տերն Աստված
Օգնել կուզե որբ ազգին,
Նորա մեջը նա կառաքե
Ազգասիրության հոգին»:
Հենց այս հոգուց էլ ծնվեցին
Անդրանիկներ, Դրոներ…
Ու քաջաց քաջ սպարապետ՝
Մեծ Նժդեհն անվեհեր:
Արիության խորհուրդը վես
Նա կրում էր կրծքի տակ,
Աչքն ու միտքը՝ ամենատես,
Գաղափարը՝ անհատակ:



