Հայ ռազմիկի քաղաքականությունը հայրենիքի սահմանների վերականգնումն է… Պետություն-բանակ-ազատամարտիկներ միասնությունը անհաղթելի՛ ուժ է…

Հայ ռազմիկի քաղաքականությունը հայրենիքի սահմանների վերականգնումն է

Երկրապահ կամավորականների միությունը (ԵԿՄ) առավելապես աշխուժանում է նախընտրական փուլերում կամ երկրի նախագահի համար որոշակի դժվարին պայմաններում: Դա եղել է ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության օրոք, այնպես էլ՝ Ռոբերտ Քոչարյանի: Եվ կարծես այսօր էլ այդ միտումն ունի: Սակայն, մի տարբերություն կա նշված ժամանակահատվածներում, եթե առաջին երկու դեպքերում «Երկրապահ»-ը հիմնականում միասնական ու տեսանելի հզոր էր, այսօր հիմնովին պառակտված է, թեեւ չի կարելի ասել, որ ազդեցություն չի կարող ունենալ: Ինչեւէ, ԵԿՄ համագումարը կարծես նաեւ հակակշիռ «աշխատեց» ԲՀԿ համագումարին, եւ միաձայն միության նախագահ վերընտրված ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանը որոշակի «մեսիջներ» ուղարկեց 10-րդ համագումարից:

ԵԿՄ նախկին նախագահ Վազգեն Սարգսյանից հետո, այս կազմակերպությունը այդպես էլ չկարողացավ միավորել իր ցաքուցրիվ շարքերը, չնայած նշվել է, թե «սպարապետից հետո ԵԿՄ ներկա նախագահը կարողացավ ըստ արժանվույն առաջնորդել երկրապահը»: Բայց, ակնհայտորեն, դա այդպես չէ: Վերընտրված նախագահը փորձեց նաեւ կառույցի միասնականությունը հիմնավորել նշելով, թե «տեսնում եք, որ երկրապահը չի կարող մի քանի մասի բաժանված լինել, ով փորձի քանդել մեր շարքերը, կփտի, մեր երկրի փրկությունն էլ միասնականության մեջ է»: Եվ երկրապահները այդ միասնությունը փորձեցին ապացուցել նաեւ Եռաբլուր այցելելով՝ մարտական ընկերների հիշատակը հարգելով:

http://www.hayary.org/wph/?p=3239ՀԱԲ-ը՝ ապազգային եւ միջազգային կործանարար մամլիչի արանքում – Պատմում է Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանըշմարտություն, որ կփոխի նորօրյա պատմության առանցքը. – ՀԱԲ-ը ժամանակի ցեղակրոն բանակն էր)

http://www.hayary.org/wph/?p=1572Համահայկական բանակ ընդդեմ համաթուրքական եւ այլ ճակատների – Արմեն Ավետիսյան (Ամենազորավորը Ոգեղեն-Տիեզերական Զորություններն են եղել, որոնք այսօր թաքնագիտական (գաղտնագիտական) շղարշով են պարուրված)

http://www.hayary.org/wph/?p=2766Կոչ տարածաշրջանի բնիկ ազգերին՝ 3-րդ համաշխարհային պատերազմից քիչ առաջ համախմբվելու (Հայաստանի, Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի, Հունաստանի, Կիպրոսի, Լիբանանի, Պաղեստինի եւ Իրաքի նախագահներին ու կառավարություններին)

http://www.hayary.org/wph/?p=3002Եվ Հայոց ռազմուժի ծինաբանական ռումբը կվերալիցքավորվի - ԱրմենԱվետիսյան – Հայ Արիական Միաբանության առաջնորդ (Հայն Արին է՝ (Բ)Արին, ով Վիշապաքաղ Վահագնի հետ հաղթում է (Չ)Արին)

Ժամանակին որոշակի դերակատարում էին նախանշում նաեւ մեր նորագույն պատմության մեջ անկախության եւ ազատամարտի ամենահզոր կամավորական կառույցի՝ Հայոց ազգային բանակի (ՀԱԲ) մարտիկներին: Դա քանիցս փորձեց Վազգեն Սարգսյանը: Սակայն ՀԱԲ մարտիկներին հնարավոր չեղավ ԵԿՄ-ականների նման համակարգել (չնայած՝ ՀԱԲ-ի շատ զինվորներ դարձան ԵԿՄ անդամներ): Պատճառները մեր տեսանկյունից մի քանիսն են. 1. Վազգեն Սարգսյանը իր՝ պաշտպանության նախարար եղած ժամանակ (նաեւ վարչապետ աշխատած ժամանակահատվածում) չի թաքցրել իր հակակրանքը ՀԱԲ-ի անցյալի, հրամկազմի ու անձամբ ՀԱԲ-ի գլխավոր հրամանատար Ռազմիկ Վասիլյանի նկատմամբ: Ըստ մեզ հասած տեղեկությունների, անգամ վիճաբանություններ են եղել եւ Ռազմիկ Վասիլյանը, ով ՀԱԲ-ի լուծարումից հետո ծառայում էր հայկական բանակում՝ եւ հենց սահմանամերձ գոտիներում, զորացրվում է պարտադրված: 2. ՀԱԲ-ին սեւացնելու բոլոր ՀՀՇ-ական փորձերը ձախողվեցին: Ավելի քան 100-հազարանոց կամավորական բանակի անցյալի փոշոտման անհաջող փորձը եւ խանդը ՀԱԲ-ականների հիմնական մասի՝ իր անցյալին հավատարիմ մնալու առումով, հանգիստ չէր տալիս իշխող վարչախմբին: ՀԱԲ-ն ուներ մարտական կառույցներ Հայաստանի բոլոր սահմանային գոտիներում, եւ այսօր էլ տեղացիներից շատերն են  հիշում ու հարգանքով խոսում կամավորական տղաների մասին:

Այս ամենը ներկայացնում ենք, քանզի «Լուսանցք»-ը միշտ նախանձախնդիր է ազգային կառույցների ու մարդկանց ճակատագրերին, եւ հատկապես հայրենիքի համար մարտնչած հայորդիների հանդեպ: Իսկ մեր ներկա պայմաններում, հաշվի առնելով երկրի արտաքին վտանգները, «Երկրապահ»-ի թուլացումը, անկախ ով ինչ նպատակով է դա ընկալում, ձեռնտու չէ: Մեր կռիվն ավարտված չէ, իսկ ազատամարտիկների մի կենտրոնացված կառույց մեզ միշտ անհրաժեշտ է ունենալ: Այդ կառույցը եւ՛ այսօր, որպես դաստիարակչության միջոց, եւ՛ վաղը, որպես հայկական բանակի հզոր աջակից ուժ, պե՛տք է պահպանել: Իսկ թե ինչ տեսքով ու անվանումով, արդեն էական չէ:

Մենք զրուցեցինք նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ, ով եղել է ՀԱԲ-ի հազարապետ, «Կոտայք» գնդի հրամանատար, նաեւ ՀԱԲ-ի ռազմական խորհրդի ու գաղափարախոսական (ՀԱԲ-ը դավանել է Նժդեհի ցեղակրոն ուսմունքը) աշխատանքներին է մասնակցել: Նա եւս կարեւորեց ազատամարտիկների համախմբման գործը եւ ցավով արձանագրեց ԵԿՄ շարքերի նոսրացումը, նաեւ մասնատումը:

Անդրադառնալով ՀԱԲ-ի վերակազմավորման փորձերի մասին տրված մեր հարցին, նշեց, որ առաջին նման փորձն արել են ինքը եւ Ռազմիկ Վասիլյանը, 2000թ. սկզբներին հայտարարեցին Հայ արիների բռունցքի (ՀԱԲ) ձեւավորման մասին, որը նախաձեռնվեց ՀԱԲ-ի նախկին մարտիկների ու ՀԱՄ-ի «Արցախյան ազատամարտի մասնակիցների խորհրդի» կողմից: Սա գաղափարա-քաղաքական ՀԱԲ-ի ծնունդ-վերածնունդ է, որը պետք է անհաշտ պայքար մղեր մեր կյանքում առկա ներքին ու արտաքին թշնամիների դեմ… ինչպես ռազմական ՀԱԲ-ն էր դա անում մարտադաշտում: Շատերը չէին հավատում, որ հնարավոր է համախմբվել, բայց դա եղավ եւ նոր ՀԱԲ-ը այնքան թափ հավաքեց, որ 2003թ., որպես ազգայնական քաղաքական դաշինք, մասնակցեց ՀՀ խորհրդարանական ընտրություններին: Իսկ դաշինքին միացել էին նաեւ 5-6 ազգայնական քաղաքական ուժեր ու բազմաթիվ անհատ մարդիկ:

Սա չհանդուրժվեց օրվա իշխանության կողմից եւ… Ռազմիկ Վասիլյանը նոր ՀԱԲ-ը դարձրեց կուսակցություն, երբ ոչ իր կամքով կառավարության շենքում հանդիպեց Վազգեն Սարգսյանի հետ: Կուսակցականացումը հեռացրեց այլ կազմակերպություններին եւ չկուսակցականացվող անհատներին: ՀԱԲ-ի գլխավոր հրամանատարի հետ առանձնազրույցում հասկացա,- ասաց ՀԱՄ առաջնորդը,- նա այդ քայլին գնում էր «մեզ՝ տաքարյուն տղերքին ուժգնացող վտանգից հեռու պահելու համար…»:

Չնայած հետո, ինչպես նշեց Արմեն Ավետիսյանը, արդեն վարչապետ Վազգեն Սարգսյանը համաձայնել էր հանդիպել իր հետ եւ հայ ազգայնական դաշտի հզորացման մասին խոսել: Բայց 1999-ի հոկտեմբերի 27-ի դեպքերը դա կասեցրին (համահայկական ազգայնական կառույցի ստեղծման ծրագիրը հանձնվել, նաեւ հաստատվել էր 1999թ. հոկտեմբերի 18-23-ի ընթացքում), ինչը հետո չհաջողվեց նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ իրականացնել, սակայն պատճառների մասին ՀԱՄ առաջնորդը խոստացավ հետո խոսել:

«Վազգենը մի փորձ էլ արեց ՀԱԲ-ի վերակազմավորմանն ուղղված, բայց գործի գլխին կանգնածներն ի զորու չեղան համախմբելու, ինչն այդպես էլ պիտի լիներ նրանց դեպքում: Եվ ստեղծված «Հայոց ազգային բանակում (ՀԱԲ)» կառույցն ընդամենը հասարակական կազմակերպություն դարձավ»,- շարունակեց Արմեն Ավետիսյանը՝ հավելելով. որ այսօր էլ կա հնարավորություն նման կառույցի նախաձեռնման համար եւ պատրաստ է նպաստել դրան:

«Լուսանցք»-ը այս հարցը կրկին բարձացրեց, որպեսզի բոլոր ազատամարտիկները, անկախ քաղաքական ու գաղափարական հայացքներից, նորից վերհիշեն իրենց անցյալը, նվիրվածությունը հայրենիքին, մահապարտի գաղափարաբանությունը, որ կրել են մարտադաշտում վասն ազգի, եւ իրենք էլ մտածեն մի հզոր ու միասնական կառույց ունենալու մասին: Կամ «Երկրապահ»-ը պիտի վերակազմակերպել կամ մի նոր «Ազատամարտիկ», «Հայ կամավորական» (նախկինում գործել են), կամ էլ՝ բոլորովին այլ անվամբ, ինչը գուցե միասին որոշեն:

Այսօր բազմաթիվ ազատամարտիկներ կենցաղային հոգսերի բեռից հեռացել են հայրենիքից, որի համար պատրաստ էին զոհվել (իշխանության մեղքը հավաստելով՝ չենք կարող համաձայնել, որ հայրենիքը նույնացվի իշխանության հետ ու… լքվի: Անգամ պետությունը չի կարելի շփոթել հայրենիքի հետ, որն Արարչատուր եւ Աստվածազարմ է՝ մեր Հավերժական Հայրենիքն է):

Բազմաթիվ ազատամարտիկներ էլ մնալով հայրենիքում, այսօր բողոքի ցույցերի մեջ են, ինչը ցավոք, խառնել են քաղաքական ուժերի կուսակցական նկրտումներին եւ հետին պլան մղել իրենց արդար պահանջները:

Իսկ քաղաքականություն մտած ազատամարտիկներն էլ այսօրվա մասնատումների կամա, թե ակամա մասնակիցն են: Այս առումով, ԵԿՄ համագումարում նախագահ Մանվել Գրիգորյանից հետաքրքրվել էին՝ թե ի՞նչ կարծիք ունի «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ նախկին պատգամավոր, Սասուն Միքայելյանի՝ ազատամարտիկների նոր միություն ստեղծելու գաղափարի մասին:  Նա ի պատասխան ասել էր. «Սասուն Միքայելյանը 25 տարի է՝ հաստատվում է, չհասա՞վ տեղ… էլ երկրապահ է եղել, էլ ինչ ասես չի եղել, այդ հարցը գնացեք նրան տվեք»:

Նշենք, որ սա չէր այն պատասխանը, որ ակնկալվում էր, այս պատասխանը մի նոր ներքին խրամատ փորեց, ինչը վնասարար կլինի:

Եվ այդ ներքին խրամատը անմիջապես փորվեց՝ ԵԿՄ նախագահի գնահատականին արձագանքեց Սասուն Միքայելյանը եւ նշեց. «2004-ից դուրս եմ եկել «Երկրապահ»-ից եւ գերադասել եմ այսքան տարի ԵԿՄ-ից չխոսել, բայց Մանվել Գրիգորյանը թող իմ դարդը չլացի, կարեւորը, որ բոլոր նախագահական ընտրությունների ժամանակ նա ասում է ուրիշ բան, բայց հասցնում կողմնորոշված «կայանալ»»:

Եզրակացությունը մեկն է՝ Արցախի ազատամարտի (եւ ՀՀ սահմանների պաշտպանության) մասնակիցների միությունը պետք է ստեղծվի ու մնա ապաքաղաքական, անգամ եթե քաղաքականությամբ զբաղվող ազատամարտիկներ լինեն անդամագրված (ինչը հնարավոր չէ բացառել այսօր):

Իսկ ապաքաղաքական կարող է լինել, հնարավոր է, եթե այդ միությունը ղեկավարվի համահավաք ընտրությամբ՝ այսօր որոշակի դեր ու ազդեցություն ունեցող ազատամարտիկների կողմից ընտրված խորհրդի, որի անդամները թեկուզ տարբեր քաղաքական հայացքներ ունենան, բայց երկրի պաշտպանությունը եւ հետագա ազատագրական պայքարը պիտի համարեն առաջնային ու գերակա:

Սա պետական նշանակության կառույց պետք է լինի, անկախ թե ով է իշխանության գլխին, եւ շահագրգռված պետք է լինեն բոլորը:

Հայկ Թորգոմյան

Պետություն-բանակ-ազատամարտիկներ միասնությունը անհաղթելի՛ ուժ է

Արդարացի է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այն խոսքը, որ «բանակն ու ազատամարտիկները հայրենիքի պաշտպանության երկու կարեւորագույն բաղադրիչներն են եւ դրանց ու պետության միասնականությունը մեր կարեւորագույն նպատակն է»:

Ըստ նախարարի, ով ելույթ ունեցավ Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարում. «Պետություն, բանակ, ազատամարտիկներ միասնությունը անհաղթելի է»: Շատերն են համաձայնել նախարարի հետ, որ անչափ կարեւոր է այս միասնությունը, քանզի բոլորն են տեսնում, որ «հակառակորդն այլեւս չի կարողանում զսպել իր ռեւանշիստական նկրտումները… թշնամին ուժ չունի խոստովանելու իր թուլությունը՝ կրտսեր սերժանտ Արմեն Հովաննիսյանի ու նրա ընկերների առջեւ»:

Մենք էլ ենք համամիտ արտահայտված այն տեսակետին, որ պատմություն ու ավանդույթներ չի կարող հարգել այն պետությունը, որը պատմություն, ավանդութներ ու ավանդույթների պատմություն ուղղակի չունի: Արհեստական ոչ մի բան չի կարող արմատ կամ ծիլ տալ…

Բայց եթե Ադրբեջանը այդպես է մոգոնվել՝ արհեստածին է ու գոյատեւելու է առժամանակ, ապա մեզ համար այդ գոյավիճակը կործանարար կլինի: Եվ որպես պատմություն ու ավանդույթներ ունեցող ազգ, որն ունեցել է նաեւ ավանդույթներով հաղթական հերոսական բանակ, պետք է ամեն ինչ անել՝ մեր երկրի ու բնակչության անվտանգության երաշխավոր բանակի հիմքերն ավելի ամրացնելու եւ հայ կամավորականներին – ազատամարտիկներին իրապես գնահատելու համար:

Իրական պատերազմում իրապես պարտված եւ այդ պարտության դառը պտուղները ցայսօր քաղող հակառակորդն ավելի վտանգավոր է, քանզի անկանխատեսելի է նրա վարքագիծը: Վիրավոր եւ կատաղած գազանը միշտ է վտանգավոր, ուստի պետք է պետություն-բանակ-ազատամարտիկներ միասնությունը փայփայել ու տեսանելի դարձնել: Տեսանելի՝ ինչպես մեր ժողովրդի, այնպես էլ՝ թշնամու համար:

Այս միասնությամբ պետք է այնքան հանգստություն սփռվի, որ անգամ պատերազմի անակնկալ լուրը չսասանի մեր ներքին կայունությունն ու հաղթանակի վստահությունը:

Արման Դավթյան

«Լուսանց» թիվ 5 (310), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDFտարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։