Գենետիկ հայի ժամանակները – Գառնին, Զվարթնոցը… ՀԱՅ մարդունն են՝ անկախ քրիստոնյա, հեթանոս, թե անհավատ լինելուց, ՀԱ՛Յ մարդունը, ոչ թե՝ կրոնամոլ կամ փողամոլ…

Առաքելական եկեղեցին ամիսներ շարունակ չխոսեց այս թեմայով, երբ հայոց արժեքների պաշտպանության համար արտահայտվում էին ազգային ու հանրային բոլոր շերտերից: Եվ հանկարծ՝ «Գառնին հեթանոսական տաճար չէ. Գառնին հայ ազգի սրբավայրերից մեկն է: Բավական է խարխափել անգիտության խավարի մեջ. վերջապես ե՞րբ պետք է ի զորու լինենք ճիշտ կերպով ընկալելու մերազնյա պատմությունը եւ հայոց հավատքը (հարկ է պարզել ու հասկանալ «հեթանոս» բառի իմաստը եւ նշանակությունը պատմական տարբեր ժամանակներում:

(«Լուսանցք»-ը բազմիցս է գրել այդ մասին՝ «Հեթանոս ասորերեն բառը գործածեց Գիրիգորիս խավարիչը (ով մի կեսով ասորի էր), այն էթնոս-ազգ բառն է, նշանակում է ազգային հավատի հետեւորդ: Այսինքն՝ նոր կրոնը ազգային հավատ ճանաչելով հեթանոսությունը, ինքզինքը հենց սկզբից որակեց որպես ապազգային…»,- հեղ.)):

Հայոց Եկեղեցու համար երբեք էլ չի եղել հեթանոսական շրջան, Հայոց Եկեղեցին երբեք էլ չի մերժել նախաքրիստոնեական շրջանի մեր անցյալը: Մենք նույն ազգն ենք՝ մեր անցյալով, ներկայով եւ ապագայով: Մենք նույն հայությունն ենք ներկայացնում հազարավոր տարիներ՝ Սուրբ Արարատի լանջերի շուրջ: Քրիստոնեությամբ մենք չհեռացանք մեր ազգի սուրբ հավատքից՝ լուսապաշտությունից, այլ, ընդհակառակը, կատարելապես ճանաչեցինք Իրական ու Ճշմարիտ Լույսին եւ խոր հավատքով ու համոզմունքով դավանեցինք ու երգեցինք՝ «Առաւօտ Լուսոյ, Արեգակն Արդար, առ իս Լոյս ծագեայ: Հետեւաբար, չկա հեթանոսական կամ քրիստոնեական տաճար, բայց ունենք հայոց ազգային հավատքի սրբավայր: Եվ, ուրեմն, մենք ՏԵՐՆ ենք մեր պատմական ողջ ժառանգության»:

Այսքան լռությունից հետո խոսում է Ասողիկ քահանան, նա՝ ով հեթանոսներին հայ չի համարում, առհասարակ նրա նմանների համար հայ են միայն քրիստոնյաները՝ նրանք, ովքեր բացառապես հրեաների Աստծո՝ Եհովայի ծառաներն են:

Համացանցն էլի արագ արձագանքեց այս հարցին. «Չի կարելի վերցնել մեր ժողովրդի պատմության միայն մի հատվածը՝ քրիստոնեության ընդունումից մինչ օրս, եւ ջնջել, արհամարհել ու չպահպանել այն մասունքներն ու հուշակոթողները, որ եղել են Քրիստոսի ծննդից առաջ: Այլ կերպ՝ կստացվի, որ մենք սիրում եւ պահպանում ենք մեր հորը, բայց թքում ենք մեր պապերի ու ապուպապերի երեսին…»: Մարդիկ նաեւ նշել են ավելի զայրացած. «Չգիտենք ինչպես են դաստիարակել կիսասարկավագին, բայց եթե չես հարգում եւ ընդունում քո մեծերին՝ պապերին, երբեք չես կարող արժանի հետեւորդ լինել հորդ համար… Ուստի՝ «իմաստուն» մտքեր արտահայտելուց առաջ նախ պետք է ճանաչել ու պահպանել արմատները եւ չմոռանալ բնության պարզ օրենքը՝ ծառն առանց արմատի ոչ այլ ինչ է, քան՝ նեխած փայտ: Սրբությամբ պիտի պահպանել մեր արմատները, որպեսզի չփտի նաեւ ազգի հոգին… Մնացյալ փրկչական խոսքերն արդեն հնչում են սին եւ մնում անհաղորդ»:

Հավելենք այս ամենին, որ ընդամենը 1700 տարվա պատմություն ունեցող քրիստոնեական անցյալը չի կարող ստվերել մեր բազմահազարամյա պատմությունը: Բայց հաճախ օտարի, առավել եւս՝ մեր թշնամու համար զենք է ծառայում, երբ նրանք հաճույքով կրկնում են հայ քրիստոնյաների այն սինաբանությունը, թե հայերը որպես ազգ ձեւավորվեցին քրիստոնեության ժամանակ… Սեփական կաշին արժեւորելու համար չի կարելի ազգի մարմինը կտրատել ու թշնամու ձեռքն էլ «փաստ» դնել, թե 1-2 հազար տարվա պատմություն ունեցող ազգը չի կարող Հայկական լեռնաշխարհի բնիկը լինել եւ հազարամյակների ընթացքում այդտեղ գործած թագավորությունների ու պետական կազմավորումների տերը լինել… Ինչպե՞ս կարելի է կրոնը վեր դասել ազգից ու հայոց անցյալից:

Այո, եկեղեցին միակ կառույցն էր, որ չէր արձագանքում այս ընթացքում (միայն օրերս, այն էլ հպանցիկ խոսեց), իսկ նախորդ տարեվերջից արդեն Գառնո տաճարի տարածքում սրճարան կառուցելու աղմուկը կա… Արդյո՞ք դժվար էր խոսելը՝ հենց կաթողիկոսի համար, թե՞ անցանկալի է բացատրելը (1700-ամյա մեղքը խոստովանելը), որ Գառնին հայոց հավատի սրբավայրն է, հազարամյակների պատմության միակ կանգուն վկան: Մի՞ թե վախը, որ հասունանում է 301-ի հայոց սպանդի համար պատասխան տալու պահը, այդքան սարսափեցնող է… Չէ՞ որ Վատիկանը մարդկության դեմ գործած բազում մեղքեր է խոստովանել արդեն եւ փորձում է գոնե այդպիսով հավատ ներշնչել…

«Չկա հեթանոսական կամ քրիստոնեական տաճար, բայց ունենք հայոց ազգային հավատքի սրբավայր»,- ասել է Ասողիկ քահանան իր ֆ/բ էջում, բայց նաեւ պատգամ ունի. «Իմ քրիստոնեական դաստիարակությունն ստացել եմ Հայ Առաքելական Եկեղեցում եւ մեր եկեղեցու կիսասարկավագ եմ, այժմ էլ ծառայության մեջ, բայց իմ հոգեւոր դաստիարակներն այսպիսի բաներ չեն սովորեցրել ինձ: Խոսքս վերաբերում է իմ քրիստոնյա ընկերներին: Ժողովուրդ, մի շփոթվեք: Նման բաները ձեզ կյանք չեն տա, եթե իսկապես լուրջ եք վերցնում ձեր հավատքը: Գառնիում ամենայն հավանականությամբ պաշտել են Միհրին, որը Հիսուս Քրիստոսը չէ (նորից եմ ասում, այս խոսքս իմ քրիստոնյա ընկերներին է վերաբերում)»:

Ֆ/բ օգտատերերից նրան պատասխանել են. «Ասել է թե «չկա հեթանոսական կամ քրիստոնեական տաճար, բայց ունենք հայոց ազգային հավատքի սրբավայր», նույնն է, թե ասել, որ Միհրը ճշմարիտ Աստվածն էր Քրիստոսից առաջ ու նրա միջոցով մենք եկանք ճշմարիտ քրիստոնեական հավատքի: Սա նույնն է՝ ինչ ձեր երեխան գնա ու հարեւաններին ասի պապա ու մամա, ու երբ դուք հարցնեք, թե բալես, ինչո՞ւ ես հարեւաններին ասում պապա ու մամա, երեխան էլ ասի, դե ինչ կա որ, սաղս էլ նույն մարդիկ ենք էլի, ինչ տարբերություն»…

Մի Պողոս առաքյալ կար, որ «Հիսուսին էր տեսել, երկինքն էր տեսել ու անկեղծ սրտացավություն ու սեր ուներ Աստծու զավակների հանդեպ,- ասում էր,- Ինչ որ հեթանոսները զոհում են, դեւերին են զոհում եւ ոչ՝ Աստծուն։ Չեմ ուզում, որ դուք դեւերին հաղորդակից լինէք. քանզի չէք կարող խմել ե՛ւ Տիրոջ բաժակը, ե՛ւ դեւերի բաժակը։ Եւ չէք կարող վայելել ե՛ւ Տիրոջ սեղանից, ե՛ւ դեւերի սեղանից։ Կամ թէ՝ ուզում ենք Տիրոջ նախա՞նձը գրգռելե (1 Կորնթ. 10:20-22): Այսինքն՝ այդ եւ մնացյալ առաքյալները երբ «երկինքն էին տեսնում», հասկանում էին, որ ծնվել են Եհովային հայր կոչելու, հրեաներին ծառայելու եւ հայության արժեքները դիվային հայտարարելու համար… Այսինքն՝ երբ գառը մատաղ են անում հրեաների Աստված Եհովայի որտքերի տակ, «երկինքն ընդունում է», բայց երբ Հայր Արայի կամ Հայ Աստվածներից որեւէ մեկի համար են զոհաբերում՝ «դեւերին են զեհաբերում», քանի որ հրեաների համար չի արվում դա… Դրա համար էլ առ այսօր քրիստոնեական առաքելական եկեղեցին հայ մարդուն ստիպում է ենթարկվել «էկումենիստական օրենքներին», որում ասում է, թե «Աստծո ընտրյալները հրեաներն են եւ բոլոր մնացյալները պարտավոր են հաշվի նստել այս իրողության հետ»… Դրա համար էլ հայ մարդուն ստիպում են «սուրբ հող» ճանաչել ոչ թե Հայկական լեռնաշխարհը՝ Արարատը, որ մարդկության օրրանն է, այլ Սիոնն ու Երուսաղեմը, անգամ մեռնելուց հետո հայ մարդու հոգին «ուղարկում» են «վերին Երուսաղեմ»… Հիմա այս բոլորից ո՞րը կապ ունի հայի ու Հայքի հետ, ո՞րն է դիվային՝ հեթանոսական զոհաբերությունը Հայ Աստվածներին, թե՞ քրիստոնյաների մատաղը՝ հրեաների Աստված Եհովային կամ նրա հրեա որդուն՝ Հիսուսին...

Կիսասարկավագի որոշ գեղեցիկ խոսքերը միայն եկեղեցու դեմքը փրկելու համար են ասվել, քանի որ մարդիկ արդեն բացահայտ էին փնովում եկեղեցուն՝ քրիստոնյաների լռության համար, երբ շարունակաբար պղծվում են հայոց հինավուրց արժեքները: Համացանցում Ասողիկ քահանային հարցնում են. «Երբ ասում եք՝ «չկա հեթանոսական կամ քրիստոնեական տաճար, բայց ունենք հայոց ազգային հավատքի սրբավայր», ապա կասե՞ք՝ «Գնանք նաեւ այդ տաճարներուն Պատարագ մատուցենք», «Գնանք Գառնու տաճարում մկրտենք մեր երեխաներին», «Գնանք Գառնու տաճար՝ ուխտագնացության»… Չէ՞ որ, համաձայն Ասողիկ քահանայի, քրիստոնյայի համար ի՞նչ տարբերություն՝ Էջմիածի՞ն, թե՞ Գառնու տաճար, չէ՞ որ ինչպես նա է ասում. «չկա տարբերություն»:

Արդյո՞ք այս քրիստոնյան, որ իր մոլեռանդությամբ զարմացնում էր նաեւ քրիստոնյաներին, մոռացել է իր նախնիներից եւս մեկի՝ Հովհաննես առաքյալի պատգամը. «Զգույշ եղեք: Նրանք, ովքեր չեն մնում Քիրստոսի ուսմունքի մեջ, չեն ճանաչում Աստծուն: Նա, ով մնում է Քրիստոսի ուսմունքի մեջ ՙընդունում է ե՛ւ Որդուն, ե՛ւ Հօրը։ Եթէ մէկը գայ ձեզ մօտ եւ այս վարդապետութիւնը չունենայ, նրան տուն մի՛ ընդունէք եւ նրան մի՛ ողջունէք։ Ով այդպիսի մէկին ասի՝ ողջո՜յն, մասնակից կը լինի նրա չար գործերին» (2 Հովհ. 9-11):

Այո՛, Գառնին, Զվարթնոցը… ՀԱՅ մարդունն են՝ անկախ քրիստոնյա, հեթանոս, թե անհավատ լինելուց, ՀԱ՛Յ մարդունը, ոչ թե՝ կրոնամոլ, փողամոլ…

http://www.hayary.org/wph/?p=4080 -ՀԱՄ-ն ու ՀԱՀ-ը  չեն կարող  այս կառավարությունը համարել ազգային՝ թեկուզ միայն այն պատճառովոր կրկին մշակույթի  նախարար նշանակվեց Հասմիկ Պողոսյանը… ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝  ՀԱՄ  առաջնորդ Արմեն Ավետիսյանից

http://www.hayary.org/wph/?p=4102 - Ասա ով է մշակույթիդ նախարարը, ասեմ երկրիդ ապագանԳրեթե բան չփոխվեց, իսկ ամենամեծ տարակուսանքը մշակույթի նախարարի վերանշանակումից եղավ

http://www.hayary.org/wph/?p=4208 -Այդ քայլը վաղուց են արել (ու մի քանի անգամ) ՀՀ տասնյակ (թերեւս հարյուրավոր) պաշտոնյաներ… Նույնը փորձում են  անել  Գառնո տաճարի հետՈ՞վ  է  հովանավորել Հասմիկ Պողոսյանին եւ ինչու՞ չի պատասխանում Հովիկ Աբրահամյանը

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 22 (327), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։