Զգացական, բայց ոչ պատրանքային դաշտից – Հայկական գործոն (1-4), որ Հայաստանի տերն է դարձնում… Մե՛նք ենք մեր երկրի ներքին հարստությունը, արմատը, որը պետք է համախմբվի, որ ծլարձակի ու ծառայի մեկ ընդհանուր նպատակի՝ հայահավաքի ու հողահավաքի…

Տարիներ առաջ մեր գյուղական համայնքներից մեկում նախընտրական քարոզարշավի շրջանակներում անցկացվող հանդիպման ընթացքում այդ գյուղի տարեցներից մեկը հակադարձեց իր ծրագիրը ներկայացնող քաղաքական գործչին՝ ասելով, որ Հայաստանում բոլորը ցանկանում են նախագահ դառնալ եւ ոչ-ոք չի մտածում թեկուզ վարչապետ դառնալու մասին: Տարեց գյուղացին, առաջին հերթին, իհարկե բողոքում էր, որ իրենց միայն ընտրությունների շեմին են հիշում: Նա քաղաքական գործչին թեւավոր խոսք դարձած իր արտահայտությամբ հասկացնում էր, որ ձեր գեղեցիկ կարգախոսներով զարդարված քաղաքական դիմակների տակից երեւում է իշխանության ծարավ իրական դեմքը:

http://www.hayary.org/wph/?p=5141 - Հայկական գործոն, որ միատարրության հենք ունի… Հայի տիեզերագեն կանչը պիտի յուրաքանչյուրն արթնացնի իր ներսում Այդժամ է, որ իրապես կպայծառանա հայի միտքը՝ արարչաբնույթ երրորդությամբ…

http://www.hayary.org/wph/?p=5127 - Հայկական գործոն, որ կզարթնեցնի հայի գենուժն ու զինուժը – Մեր միասնականությունն ու կազմակերպվածությունը պետք է ուժեղացնի հայկական գործոնը տարածաշրջանում…

http://www.hayary.org/wph/?p=5116 – Հայկական գործոն, որ միս ու արյուն պիտի ստանա – Երբ կգտնենք մեր նախնյաց կարգը – Տեր կանգնենք մեր Հայք-Հայաստան աշխարհին՝ ինչպես մեր սեփական տանը…

Գյուղացուն ավելի պարզ է իրականությունը, որովհետեւ նա չի քայլում ամեն տարի ասֆալտապատվող փողոցներով, նրա երեխաները չեն հաճախում բարեկարգ մանկապարտեզներ եւ վաստակավոր մանկավարժներ ունեցող դպրոցներ, նա չի կարողանում որակյալ բուժօգնություն ստանալ, կտրված է մշակութային կյանքից: Ինչու՞: Պատասխանն առավել քան պարզ է. որովհետեւ գյուղը փոքր է, այնտեղից սպասվող ֆինասական ու քաղաքական շահաբաժինները փոքր են:

Քաղաքագիտության մեջ ընդունված է, որ քաղաքական կուսակցությունները պետք է ձգտեն քաղաքական իշխանության, քանի որ, հասնելով իշխանության, ավելի մեծ հնարավորություններ կունենան իրագործելու իրոնց քաղաքական, տնտեսական եւ այլ ծրագրերը:  Դեմ չեմ, որ ամեն մի պայքարում, լինի դա քաղաքական, թե մեկ այլ դաշտում, պետք է հաղթել: Սակայն այդ պայքարն էլ պետք է նպաստի պետության հզորացմանը, այլ ոչ թե ամեն մի նախագահական ընտրություն դարձնի երկրի համար մի մեծ փորձություն: Այդպես է ստացվում, որովհետեւ քաղաքական ուժերն սկսում են ակտիվանալ հատկապես ընտրությունների շեմին: Հանկարծ հիշում են տրված խոստումների մասին՝ փորձելով գտնել դրանց չկատարման արդարացումներ եւ նոր խոստումների ձեւերը: Որովհետեւ քաղաքական ուժերն անդադար, օրնիբուն, քրտնաջան չեն աշխատում ինչպես գյուղացին է աշխատում, ով բոլորից լավ գիտի, որ ամեն օր պետք է աշխատել: Հենց դրա համար էլ գյուղացին «վերեւից» է նայում քաղաքական գործիչներին:

Լավ, ենթադրենք, թե Հայաստանը միապետական կառավարմամբ պետություն է եւ ոչ-ոք չի էլ կարող մտածել իշխանափոխության մասին: Այս դեպքում ինչ պետք է անեն քաղաքական ուժերը: Կամ կթողնեն ու կհեռանան Հայաստանից, կամ էլ, եթե իրենց հայ են համարում եւ Հայաստանի տեր են զգում, կմնան եւ իրենց հնարավորություններն ի նպաստ հայ ազգի կծառայեցնեն:

Հայաստանի տերը լինելու համար պարտադիր չէ դառնալ նախագահ եւ ոչ էլ մարզպետ, քաղաքապետ կամ էլ ընդհանրապես որեւէ պետական պաշտոն զբաղեցնել:

Պապերից ժառանգած, արյամբ պաշտպանած հողն օրնիբուն մշակող գյուղացին ավելի շատ է վայելում տիրոջ զգացումը, քան պաշտոնի հասնելու կամ պաշտոնավարման ընթացքում «սայթաքումներ» թույլ տված պետական պաշտոնյան: Եվ եթե սայթաքումները շարունակական են լինում, ապա դա դառնում է արդեն հմուտ գեղասահք, եւ եթե արդյունքում կամակատար դարձած պաշտոնյան այսօր մե՛ր ուժեղ նախագահի երբեմն սխալ հրահանգներին չի կարողանում ընդդիմանալ, վաղն օտա՛ր նախագահների առաջ է խոնարհվելու:

Արդյունքում հողին կպած գյուղացին հպարտ միայնության մեջ է հայտնվում, որը սակայն ոչ նրան է լավ ապագա խոստանում, ոչ էլ արդեն թուլացած գյուղացիներ ունեցող կենտրոնական իշխանությանը: Ինչպես գյուղացուն է պետք ունենալ ուժեղ եւ հայրենասեր ղեկավար, այնպես էլ երկրի նախագահին են պետք երկրի տիրոջ զգացումով, հողին ամուր կառչած եւ ատամներով պահող ուժեր: Այստեղ խոսքը ոչ միայն գյուղացիների մասին է…

Առանց այդ կենտրոնամետ (որ նաեւ հայամետ են) ուժերի աջակցության ներկայիս Հայաստանի նման փոքրատարածք պետության ղեկավարի համար անկարելիության չափ բարդ է միջազգային «բարեկամ» եւ ոչ բարեկամ երկրների հետ հարաբերություններում հայրենիքի շահերը պահել:

Եթե երբեւէ հայտնվել եք մի իրավիճակում, երբ ամբողջ աշխարհի դիմաց մենակ եք մնում, երբ ոչ-ոք չի կարողանում կամ պարզապես չի ցանկանում ձեզ օգնել եւ ստիպված եք հույսներդ միայն ձեր վրա դնել, ապա ձեզ համար ավելի հեշտ կլինի հասկանալ միջազգային հարաբերություններում մեր երկրի ներկայիս վիճակը: Հայաստանի փոխլրացնող արտաքին քաղաքականությունն ավելի հաջողված կարող է լինել, եթե Հայաստանն ավելի միակամ ու ուժեղ լինի (այս մասին խոսել եմ):

Պատկերացնու՞մ եք, թե ինչ ծանրքաշայինների հետ է խաղում Հայաստանը: Եվ մենք փոխանակ մեր մտքով ու գործով, մեր ամեն մի շնչով օգնենք մեր երկրին ու մարդկանց, հզորացնենք մեր պետությունը, իշխանության կռիվ ենք տալիս ամեն տեղ. առաջ ենք ընկնում հասարակ խանութի հերթում, խախտում երթեւեկության կանոնները, առաջին իսկ հանարավորության դեպքում կաշառում ենք եւ կաշառվում (բացառություններ իհարկե կան): Վերջում էլ նեղանում ենք երկրից ու հեռանում, երբեմն էլ՝ անվերադարձ, քանի որ իշխանությանը նույնացնում ենք հայրենիքի հետ կամ միտումնավոր այդպես ենք արտահայտվում՝ ավելի «հասկանալի» դարձնելով մեր հեռանալը…

Հայկական լեռնաշխարհից մնացած այս փոքր մասն էլ մեզ հեշտությամբ չի տրվել: Հեշտությամբ չենք ազատագրել Արցախը: Աշխարհի ոչ մի ազգ մեզ նման կորուստներ չի ունեցել: Հազարամյակները շա՜տ խոսուն են… Այդքանից հետո կարողացել ենք նորից հաղթել:

Չթողնե՛նք մեր երկրին միայնակ, չէ որ մենք ենք երկրի ներքին հարստությունը, արմատը, որը պետք է համախմբվի, որ ծլարձակի ու ծառայի մեկ ընդհանուր նպատակի՝ հայահավաքի ու հողահավաքի… Մեր արդար, քրտնաջան, նպատակադրված աշխատանքով հզորացնենք մեր երկիրը, կանգնեցնենք եւ ամրացնենք պետականության սյուները: Հանենք մեր ուղեղներից արտագաղթի հնարավորության կործանարար միտքը: Յուրաքանչյուրս ենք մեր հայրենիքի տերը…

Քանի ուշ չէ, պետք է հավատանք մեր ուժերին, տեղի չտանք տարբեր ճնշումներին, յուրաքանչյուրս մեր տանը, շրջապատում, համայնքում, մեր մասնագիտական բնագավառում ամենօրյա անդադար աշխատանքվ եւ հոգատարությամբ օգնե՛նք միմյանց, ստեղծե՛նք եւ արարե՛նք Հայաստանում եւ հանուն Հայաստանի:

Տրդատ Գրիգորյան

«Հայ-Արիական» ուսանողական եւ «Հայ-Արիներ» երիտասարդական ակումբների համակարգող

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Երիտասարդական թև, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։