Ազգային հարստություն.- (4-րդ մաս) – Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Պետությունը չի թաքցնում, բայց պաշտոնյան իրեն ոչ ադեկվատ է պահում…

Սկիզբը՝ թիվ 40-42-ում

http://www.hayary.org/wph/?p=5200Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (1-ին մաս) – Հարց, որի ճիշտ պատասխանը կդառնա փրկօղակը (Արմենուհի Մելքոնյան, ,Լուսանցքե-ի գլխավոր խմբագիր)… Նոր գազային էլկայան կունենանք

http://www.hayary.org/wph/?p=5214Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (2-րդ մաս) – Բնապահպանները բարձրաձայնում են ռիսկերը… Եթե ազոտն ու ֆոսֆորը լիճ թափվեն… Եթե ձկները ցանցավանդակներում բուծվեն…

http://www.hayary.org/wph/?p=5228Ազգային հարստություն – (3-րդ մաս) Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – ԳԱԱ-ն խոսում է դրական ու բացասական կողմերից (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Ընթացիկ տարվա հունվարի 29-ին «Հայաստանի Հանրապետություն»-ում տպագրվեց իմ՝ «Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ» հոդվածաշարի 2-րդ հատվածը, երբ բնապահպաններն էին բարձրաձայնում ռիսկերը: Ի դեպ, երբ հոդվածաշարի 1-ին մասը տպագրվեց նույն թերթի հունվարի 14-ի համարում, խմբագիրն ինձ խնդրեց հանդիպել նաեւ «Սեւանի իշխան» ՓԲԸ գլխավոր տնօրենին: Հանդիպեցի վերջինիս՝ Էդվարդ Գեւորգյանին: Ցանկացավ տեսնել հոդվածաշարս: Մերժեցի՝ ասելով, որ նա դրանք կարող է միայն թերթում կարդալ, իսկ քանի դեռ թերթում չի տպագրվել, դա իմ եւ խմբագրության սեփականությունն է, մեր ներքին հարցը, եւ ինքը լավագույն դեպքում կարող է մինչեւ տպագրվելը կարդալ միայն իր ասածները՝ այն էլ իմ եւ խմբագրի թույլտվությամբ եւ համաձայնությամբ: Իսկ թե ինչ են ասել իմ հոդվածաշարի մյուս բանախոսները, դա նախապես իրեն ցույց տալը, մեղմ ասած, տգեղ է: Եթե չսկսեմ մասնագիտական էթիկայի տեսանկյունից խոսել:

Ասաց, որ ինձ չի հասկանում, եւ դասախոսական ոճով սկսեց բացատրել Սեւանի նշանակությունը եւ Սեւանի համար իրենց կողմից իրականացվելիք ծրագրի դերը: Ես երկար ու հանգիստ լսեցի, երբ վերջացրեց, ուղիղ հարցրի. «Իմ դեմքից երեւում է, որ ես Սեւանի նշանակությունը չե՞մ հասկանում»: «Ոչ,- ասաց,- պարզապես երեւի ես դասախոս եմ նաեւ, եւ ինձնից անկախ եմ այդ ոճով խոսում»: «Ուրախ եմ, բայց ե՛ս չեմ Ձեր ուսանողը»,- ասացի ու խնդրեցի անցնել բուն նյութին:

Երբ վերջացրեցի հարցազրույցը, նրան տեղեկացրի, որ հոդվածաշարում կխոսեմ այն մասին, թե խնդրո առարկայի շուրջ ինչ կարծիքի են բնապահպանական, գիտական եւ պետական հատվածները, ինչ է ցույց տվել միջազգային փորձի իմ ուսումնասիրությունը:

Եկա խմբագրություն, հոդվածաշարումս որոշակի շտկումներ արեցի, երկրորդ՝ բնապահպանական հատվածի (որ «Լուսանցք»-ն արդեն ներկայացրել է) վերջում, երբ բնապահպանները բարձրաձայնում են ռիսկերը, բառացիորեն հավելեցի ստորեւ ներկայացրածը:

* * *

«Մասնագետը ներկայացնում է իրականությունը

Ընդունենք, սրանք մտահոգություններ են, որոնք չարժե անտեսել։

«Մենք ոչ միայն չենք անտեսում, այլեւ կիսում ենք այդ մտահոգությունները»,- «ՀՀ»-ի հետ զրույցում ասաց «Սեւանի իշխան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդվարդ Գեւորգյանը ընդհանրապես բնապահպանների կողմից խնդրո առարկայի շուրջ արծարծվող կարծիքներին ի պատասխան։ «Դրանք լավ է, որ կան,- միաժամանակ հավելեց նա,- հակառակը՝ այդ մտահոգությունները մեզ օգնում են։ Բայց առկա ռիսկերը, որոնք բարձրաձայնվում են, դեռ մենք ենք առաջ քաշել։ Բայց դրանց լուծման ուղիներն էլ կան»։

Ի դեպ, այս հոդվածաշարի շրջանակներում մենք դեռ առանձին կանդրադառնանք Է. Գեւորգյանի հետ մեր զրույցի մանրամասներին՝ ներկայացնելով խնդիրներն ու լուծումները միաժամանակ։

Առայժմ միայն հակիրճ տեղեկացնենք կարեւոր մի շարք սկզբունքների մասին, որոնց պահպանումը հավաստեց «Սեւանի իշխանի» գլխավոր տնօրենը։ Սկզբունքներ, որոնք հենց ծրագրի հիմքում են ու դրա նպատակներից։

Կերն արհեստական չէ

Նախ՝ կերն արհեստական չէ, բացարձակ բնական է։ Հայաստան է բերվել դանիական արտադրության «էկոլայֆ» անվանումով կերը («Բիոմառ» ընկերություն), փորձաքննվել է այստեղ։ «Մինչեւ անգամ ուսումնասիրել ենք, թե իրենք կերում առկա սոյան որտեղից են բերում»,- ասաց Էդվարդ Գեւորգյանը։ Պարզվել է՝ սոյան բերում են Բրազիլիայից, իսկ Բրազիլիան աշխարհում ունի այն հազվագյուտ պլանտացիաները, որոնք ունեն գենետիկորեն չձեւափոխված սոյայի արտադրություն։ «Մենք էլ կերն այստեղ փորձաքննել ենք դեռեւս պիլոտային փուլից առաջ։

ԻՍՕ-ի լաբորատորիաներին չհավատալը Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել էր նշանակում, բայց միեւնույնն է, փորձաքննել ենք»,- շեշտեց զրուցակիցս։

Ցանցերն էլ մշտական չեն

Դատելով նրա մեկ այլ բացատրությունից՝ ցանցավանդակներից վախենալ պետք չէ, որովհետեւ ամբողջ լիճը չէ, որ վերածվելու է ցանցավանդակային տնտեսության։ «Ցանցավանդակային տնտեսության տակ կարող ենք ունենալ լճի 38-40 հա-ն, այլ կերպ՝ Սեւանի մեկ երեք հազարերորդ մասը։ Կրկնում եմ՝ տարեկան 50 հազար տ ձուկ արտադրելը չի նշանակում, որ լճում լինելու է այդքան ձուկ, մանրաձուկը մեծանալու է՝ հանելու ենք, մեծանալու է՝ հանելու ենք, 50 հազարը տարեկանի մասին է։ Կրկնում եմ՝ 50 հազարը ձեւավորվելու է բռնածների հաշվին, ոչ թե լճում ապրողների։ Այսինքն՝ լճում միաժամանակ կարող է լինել միայն 25-30 հազար տոննա մանրաձուկ։ Ի դեպ, սա այն կենսազանգվածի թիվն է, որ մենք լճում ունեցել ենք (80-ականների մեր Սեւանի կենսազանգվածի ցուցանիշը)։ Կա մի բան էլ, որի մասին չի խոսվում։ Բացի այդ՝ այս 25-30 հազարը միայն ցանցավանդակում չի լինելու, հավասարակշռվելու է Սեւանի եղածի հետ, այսինքն՝ ինչքան լճում ավելանա՝ այնքան ցանցավանդակային տնտեսությունում համարժեքորեն պակասելու է։ Այսինքն՝ լճում 30 հազար տոննայից ավելի կենսազանգված չի լինելու»։

«Սեւանի իշխան» ՓԲԸ գլխավոր տնօրենը ընդգծեց նաեւ, որ ցանցավանդակներ դնելը մշտական չէ, մենք խնդիր ունենք Սեւանի իշխանի ինքնավերարտադրողականությունը վերականգնելու։ Լճում պաշարը կլինի 10 տ՝ ցանցավանդակում կմնա 20 տ-ն, լճում կլինի՞ 15՝ ցանցավանդակում կմնա 15։ Լճում կլինի 30՝ ցանցավանդակներ չենք դնի։ Որովհետեւ իշխանը վայրի՝ բնական պայմաններում աճած, ավելի ձեռնտու է նաեւ բիզնես տեսանկյունից, ավելի թանկ է։ Լճից 15 հազար տ բռնելը եւ 3-4 անգամ ավելի թանկ վաճառելը ավելի ձեռնտու է, քան 50 հազար տ բռնածը, 3-4 անգամ էժան եւ արհեստական՝ կերով աճեցրածը։ Սա է ծրագրի տրամաբանությունը։

Խնդրո առարկայի շուրջ ինչ կարծիքի է գիտական հատվածը։ Կխոսենք հաջորդիվ։

Արմենուհի Մելքոնյան, 29.01.2015»:

Կրկնեմ, որ ուղղակի մեջբերումը ՀՀ-ում հոդվածաշարի երկրորդ մասին հավելած հատվածն էր: «Լուսանցք»-ում ես տվել եմ արդեն եւ՛ բնապահպանական եւ գիտական հատվածները, եւ այսօր պիտի խոսենք պետական հատվածի կարծիքից:

Մինչ այդ պատմեմ, թե ինչ եղավ հունվարի 29-ից հետո:

Ինձ զանգահարեց Էդվարդ Գեւորգյանի աշխատակիցներից մեկը եւ խնդրեց զանգահարել Էդվարդ Գեւորգյանին: Զարմացա. «Նա գիտի իմ հեռախոսահամարը եւ էլփոստի հասցեն: Իրեն օրեր առաջ ուղարկել եմ հարցազրույցը, համաձայնեցրել ենք, խոսել ենք, կորցրե՞լ է կոորդինատներս»: «Չգիտեմ, չգիտեմ»,- հապճեպ ասաց աշխատակցուհին եւ անջատեց հեռախոսը: Զանգեցի Էդվարդ Գեւորգյանին: Եվ ի՞նչ:

Մոտ 2 րոպե հետախոսը ձեռքիս, առանց չափազանցության, ճվճվոց էի լսում. «Դու ինձ խաբել ես, մենք էդքան խոսեցինք, ինչու՞ տվեցիր բնապահպանների ասած ռիսկերը, դրանց բերանը լեզու դրեցիր»: Ասում եմ. «Նախ՝ դու չէ, դուք եւ հետո՝ ես ասել էի ձեզ, որ չե՞մ տալու շահագրգիռ կողմերի տեսակետները, եւ հոդվածաշարս ձեզնո՞վ է սկսվելու ու ավարտվելու»:

Նա ինձ չէր լսում՝ միայն գոռգոռում էր, թե՝ իրեն խաբել եմ ու խաբել:

Հարցնում եմ. «Ուշադիր կարդացե՞լ եք հոդվածաշարի երկրորդ մասի ձեզ վերաբերող հատվածը, որտեղ նաեւ ասվում է, որ՝ «հոդվածաշարի շրջանակներում մենք դեռ առանձին կանդրադառնանք Է. Գեւորգյանի հետ մեր զրույցի մանրամասներին՝ ներկայացնելով խնդիրներն ու լուծումները միաժամանակ»:

«Չեմ կարդացել, չեմ էլ ուզում կարդալ: Հենց հիմա վեր կաց արի»,- միալար գոռգոռում է: Այստեղ նյարդերս տեղի են տալիս, բայց բարեկրթության սահմաններում եմ փորձում մնալ. «Իսկ ինչու պիտի գամ, ձեզ ո՞վ է իրավունք տվել ինձ հետ այդ տոնով խոսելու»:

«Կգաս, էսա, որ կհրամայեն, լավ էլ կգաս, վազելով կգաս»,-դարձյալ գոռգոռում է:

«Դուք ինձ լավ չեք ճանաչում,- խստացնում եմ տոնս,- եւ ինձ հավանաբար շփոթում եք ուրիշի հետ: Հաջորդ անգամ չսխալվեք»…

Մեր հեռախոսազրույցն ավարտվեց:

Հոդվածաշարս «Հայաստանի Հանրապետություն»-ում կիսատ մնաց, գուցե նաեւ իմ ներքին ցանկությամբ: Արդեն ասել եմ, քանի որ երկարատեւ աշխատանք էի արել, չցանկացա այն ընթերցողի դատին չհանձնել եւ հիմա տպագրում եմ «Լուսանցք»-ում: Ի դեպ, ու քանի որ հիշյալ ընկերության տնօրենին անմիջապես վարչապետն է նշանակում, այդ անձի ոչ ադեկվատ պահվածքի մասին տեղյակ պահեցի վարչապետի մամլո խոսնակին՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ պետական լավագույն ծրագրերն անգամ կարող են տապալվել, եթե ծրագրի «տնօրենները» նման պահվածք դրսեւորեն: Ի՞նչ է ստացվում. պետությունը չի թաքցնում ռիկսերը, խոսում է դրանք բացառելուց, իսկ «տնօրենը» բերանացի իբր պետության հետ համաձայն է լինում, բայց իրականում՝ իր պահվածքով ճիշտ հակառակն է անում՝ Հռոմի պապից ավելի կաթոլիկ ձեւանալով:

Իմ եւ «տնօրենի» հեռախոսազրույցից հետո սպասեցի, թե այդ ո՞վ պիտի ինձ հրամայի եւ որտեղի՞ց պիտի գա հրամանը, որպեսզի վազքով գնամ մեծն Էդվարդ Գեւորգյանի հերթական դասախոսությունը կամ ճվճվոցը լսելու: Հրամայող չեղավ: Հրաման չեկավ: Անկեղծ եմ ասում, լրագրողական իմ պրակտիկայում տեղական իշխանիկների շատ եմ հանդիպել, բայց նույնիսկ ամենածայրագավառական իշխանիկից այդպես չեմ խորշել:

Ինչեւէ: Վերջինիս հետ իմ հարցազրույցը «Լուսանցք»-ի էջերում չեմ տպագրի: Ընդհանրապես, երբ մարդու խոսքն ու գործը այդքան հակասական են միմյանց, ես ափսոսում եմ իմ թերթի տարածքի ամեն սանտիմետրն անգամ: Ավելի լավ է տարածք տամ քաղաքական մեր դաշտի ամենաանհաջողակ ու անծրագրային գործիչներին, նրանց զառանցանքներին, ազգափրկչական ծրագրերին…

Իսկ հիմա ներկայացնեմ պետության տեսակետը (այն, ինչ նախատեսված էր տարեսկզբի տպագրության համար):

Պետությունը խոսում է ռիսկերը նվազեցնելուց

Սեւանում ձկնաբուծության զարգացումը մի ծրագիր է, որ վերաբերում է մի ամբողջ երկրի ու տարածաշրջանի: Ասել է թե՝ պետությունն է ստանձնում այս ծրագրի պատասխանատվությունը իր ու իր սերունդների առջեւ: Հերքել չենք կարող, որ այն խնդիրները, որոնք առաջ են քաշում բնապահպաններն ու մասնագետները, առկա են: Իսկ սա նշանակում է, որ կա մտահոգություն ու այն պետք է հաշվի առնել: Որովհետեւ Սեւանը ազգային հարստություն է, ու նրան առնչվող ամենաաննշան ռիսկն անգամ պետք է բարձրաձայնվի, ու ծրագրի թե՛ դրական եւ թե՛ բացասական կողմերից խոսողներն իրավունք չունեն դա անելու սուբյեկտիվիզմից ելնելով: Սեւանի խնդիրը բոլորիս խնդիրն է: Ըստ այդմ՝ ինչ կարծիքի է պետությունը:

Վերջինս ոչ միայն չի հերքում, որ ռիսկեր կան, այլեւ բարձրաձայնում է դրանք ու խոսում ռիսկերի նվազեցման ուղիներից: Այդ ռիսկերը տնտեսական են ու բնապահպանական: Առաջինի մասով նշվում է արտադրանքի պահանջարկի եւ իրացման ծավալների կրճատումը, որը հիմնականում պայմանավորված է թիրախային երկրներում

տնտեսական վիճակի վատթարացմամբ եւ սպառողների վճարունակության անկմամբ: Այս ռիսկի նվազեցման հիմնական ուղիներն են արտադրանքի իրացման հնարավոր շուկաների ընդլայնումն ու գնային ճկուն քաղաքականությունը: Ներքին շուկայից զատ ապրանքը սկզբում կիրացվի ԱՊՀ տարածքում եւ Վրաստանում: Հարց է ծագում՝ քանի որ ծրագրի համաձայն, արտադրական ամբողջ շղթան եւ արտադրանքը պիտի համապատասխանեցվի միջազգային չափանիշներին եւ՛ անվտանգության եւ՛ որակի տեսանկյունից (HACCP, ISO 22000, ISO 9001 եւն), ուրեմն ինչու չենք կարող մտածել ԵՄ արտահանելու մասին: Պարզվում է՝ դա էլ են մտածում, պարզապես պիտի կարողանան չափանիշներին համապատասխանության հավաստագրեր ձեռք բերել, ինչի շնորհիվ կարող ենք ԵՄ-ից զատ հյուսիսամերիկյան երկրներ դուրս գալու մասին էլ մտածել: Պարզապես ժամանակ է պետք. ծրագրի մեկնարկից գոնե 3 տարի:

Ֆինանսավորման աղբյուրների եւ չափերի փոփոխություններն էլ կարող են ռիսկեր բերել: Բայց այս պահին այդ մասին չենք խոսում, քանզի անհրաժեշտ ֆինանսավորումը պետական է լինելու:

Ծրագրի հաջողության ընթացքում նոր միայն կմեծանա մասնավոր ներդրումների հնարավորությունը:

Ինչ վերաբերում է բնապահպանական ռիսկերին, այո, դրանք հիմնականում կապված են արհեստական կերի գործածման հետ: Ավելի պարզ՝ խոսքը ֆոսֆորի, ազոտի եւ օրգանական նյութի՝ լիճ արտանետման, ցանցավանդակների տակ կուտակման մասին է, որն առաջանում է ավելցուկային կերի եւ ձկան արտաթորանքի կուտակումից լճի հատակին:

Ի՞նչ է, չկա՞ն այդ կուտակումները վերացնելու հնարավորություններ: Պատասխանը կա. կան նվազագույնի հասցնելու հնարավորություններ ու դրանք մի քանիսն են: Նախ՝ կարելի է օգտագործել մաքուր ձկնաբուծության համար նախատեսված կեր: Պետք է ձկներին կերակրման նորմաները ճշգրտել, վերահսկել կերակրման գործընթացը: Զուգահեռ կարելի է ցանցավանդակների տակ, լճի հատակին խեցգետիններ աճեցնել: Վերջիններս էլ կուտեն կերի մնացորդները: Իսկ ինչ մնում է ձկան արտաթորանքին, ապա այդ խնդիրն էլ կարելի է լուծել ցանցավանդակների տակ հատուկ տարաներ ամրացնելով: Տարաները պաբերաբար կմաքրվեն:

Աշխարհում այլ ձեւեր էլ կան. գործածում են լողացող կերեր, որոնք չեն սուզվում լճի հատակը: Մեկ այլ տարբերակ է ցանցավանդակների տակ թթվածին մղող սարքեր տեղադրելը, որն արվում է օրգանական նյութերը քայքայելու նպատակով:

Ինչեւէ, էկոնոմիկայի նախարարության որոշակի տվյալից դատելով՝ ցանցավանդակային տնտեսությունը չի վնասի ոչ Սեւանի բնական համակարգը, ոչ էլ սպառողներիս առողջությունը (տե՛ս բնապահպանների մտահոգությունը):

Իսկ պատկան մարմինը վստահեցնում է, որ զարկ է տրվելու օրգանական ձկնաբուծությանը, եւ 1խմ-ում աճեցվելու է մոտ 8 կգ ձուկ, ինչը աշխարհի ցանցավանդակային ձկնաբուծական տնտեսությունների համեմատ մի քանի անգամ ավելի ցածր խտություն ունի։ Եվ ընդհանրապես, դարձյալ նույն մարմնի հավաստմամբ, ծրագիրն իրականացվելու է՝ հաշվի առնելով բոլոր սահմանված արտանետումների նորմատիվները, որոնք ամբողջությամբ կպահպանեն լճի էկոհամակարգը եւ զերծ կպահեն այն հետագա վտանգներից։

Այստեղ, իհարկե, մտահոգվելու տեղիք կա. բանն այն է, որ արտադրածի 25%-ն իրացվելու է ներքին շուկայում, իսկ 75%-ն արտահանվելու է: Կդիմանա՞նք գայթակղությանը, մաքուր ձկնաբուծությունը ժամանակատար է ու միջոցներ է պահանջում:

Մինչդեռ 75%-ի ծանրությունը կարող է ավելանալ, եթե, ասենք, 1 խմ-ում բուծենք ոչ թե 8, այլ՝ 16, հետո՝ 26 կգ ձուկ: Ճիշտ է, սա Սեւանի հերը կանիծի, բայց փորձը ցույց է տվել, որ երբ պետությունը ուժեղ ու մտահոգ վերահսկող չէ, մասնավորը շատ հաճախ գործում է «ինձնից հետո՝ թեկուզ ջրհեղեղ» տարբերակով:

Անհրաժեշտ մի հավելում անեմ. երբ մանրազնին ուսումնասիրում ես Սեւանում ձկնաբուծության զարգացման ծրագիրը, տեսնում ես, որ, այո, պետությունը չի թաքցնում ռիսկերը, այո, խոսում է դրանք նվազեցնելու մասին, բայց չի գնահատում այդ ռիսկերը: Օրինակ՝ միջազգային փորձը վկայում է, որ ցանցավանդակներում արհեստական կերով աճեցված էնդեմիկ ձկնատեսակները կորցնում են իրենց գենետիկական հատկությունները՝ թե՛ կերի եւ թե՛ սահմանափակ տարածքում բուծվելու շնորհիվ: Ահա այս ռիսկն է, որ գնահատված չէ: Եթե խոստանում են, որ շատ խիտ չեն բուծի ձկները եւ 1 խմ-ում 8 կգ-ի ցուցանիշը չեն անցնի, ապա չի ասվում, թե ինչ բաղադրություն է ունենալու կերը: Եվ եթե խոսքն իսկապես ներմուծվող կանադական կամ դանիական կերի մասին է, ապա վերջիններս աշխարհում հայտնի են գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներով հարուստ լինելով:

Ինչու՞ ներմուծել, ինչը թանկություն է ենթադրում, եթե կարելի է մաքուր կեր տալ ու չփոխել ձկան հատկությունները եւ, ըստ այդմ, ձկան սպառողի առողջությունը չվտանգել: Հաստատ մեր ԳԱԱ-ն բնական կերի տարբերակ առաջարկել կարող է (թե՞ մեր ԳԱԱ-ն դա անել չի կարող…): Ինչու՞ ենք քթներիս տակինը թողած՝ ներմուծելու մասին անընդհատ մտածում:

Ի դեպ, այս օրերին ռուսական մասնագիտական կայքերից մեկում, որ անընդհատ գիտական հրապարակումներ է անում ձկների գետնետիկայի մասին, հարց էր հնչեցվել, թե ցայսօր չեն կարողանում պարզել՝ ինչու՞ 30-ականներին Սեւանից Իսիկ-Կուլ տարված խաղաղ Գեղարքունին, որի մանրաձկներին հետո վերադարձրին հայրենիք, դարձավ գիշատիչ:

Սա նշանակում է, որ արհեստական կերը նույնպես կարող է փոխել մեր իշխանի գենետիկական հատկությունները: Ահա այս ռիսկերի մասին եմ ասում, որ գնահատված չեն:

Մինչդեռ լճի բնական համակարգի հավասարակռությունը պահպանելու համար նաեւ պետք է պահպանել ձկան բնական տեսակները:

Չմոռանանք կարեւոր մի բան. եթե մենք պահպանենք մեր ազգային հարստությունը, հետո տասնապատիկ կփոխհատուցվեն սերունդները: Պատահական չէ, որ «ՅՈւՆԵՍԿՕ»-ն ուզում է թեւերը փռել Սեւանի վրա:

Հասկանալու համար, թե մեր սիրո դիմաց ինչ կարող է վաղը մեզ տալ Սեւանը, հաջորդիվ կխոսենք ձկնաբուծության հեռանկարներից:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 43 (389), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։