Մեր ժամանակների վկայագրում (4).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (3-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

Սկիզբը՝ թիվ 40-42-ում

http://www.hayary.org/wph/?p=5231 - Մեր ժամանակների վկայագրում (3).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5221 -Մեր ժամանակների վկայագրում (2) – Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5208Մեր ժամանակների վկայագրում (1) – Բացահայտում՝ 28 տարի անց – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… 1988-ի փետրվարին Աբովյանում սկսվեցին Բնապահպանական ցույցերը, որ 2 օրից վերածվեցին Արցախյան շարժման…

Գործարանի ղեկավարությունը սկսեց ավելի եռանդուն համոզել ժողովրդին վերադառնալու իրենց աշխատատեղերը՝ վախեցնելով նաեւ, որ անհնազանդները կազատվեն աշխատանքից ու խստագույնս կպատժվեն: Սակայն, տեղի ունեցավ անսպասելին, մարդկային զանգվածը, այս ամենից հուզված ու գրգռված, պոռթկաց, տապալեց իր ճանապարհը փակող դարպասներն այնպես, որ հակառակ կողմում կանգնած իշխանավորները մի կերպ հասցրեցին փախչել այս ու այն կողմ՝ ցուցարարների ոտքերի տակ չճզմվելու վախից: Եվ ոգեւորված մարդկային լավան գոռում-գոչյուններով մխրճվեց ոստիկանական անկանոն շարքերի մեջ: Այս ամենն, իրոք, այնքան անսպասելի էր, որ ոստիկանների հոծ շարքերը երերացին, իսկ ներկա իշխանավորները չկողմնորոշվեցին իրենց հետագա գործողություններում: Մարդկային բազմահազարանոց զանգվածը տարածվեց ճանապարհի երկարությամբ: Սկսեցին փոխադարձ հրմշտոցներն ու բղավոցները: Կազմակերպիչներն ավելի ճկուն գտնվեցին ու զգալով այդ պահին հանրահավաք կազմակերպելու անհնարինությունը, բախման ու խուճապի առաջացման հավանականությունը, անմիջապես որոշեցին անցկացնել երթ դեպի գազի կուտակման պահեստներ, որն էլ սակայն, հետզհետե խմորվող համընդհանուր խառնաշփոթից խուսափելու պատճառով ընթացքում փոխարինվեց քիմիական պատրաստուկների գործարանի մոտ տեղի ունեցած հանրահավաքով: Երթին միացան նաեւ «Չափիչ» գործարանի փոքրաթիվ բանվոր-ծառայողներ: Ամեն ինչ թելադրում էր պահը, իշխում էին հուզմունքն ու կրքերը: Ոստիկանների պարբերաբար կառուցվող պատ-շարքերը ցիր ու ցան էին լինում նրա մեջ մխրճվող մարդկային ալիքի հզոր ճնշումից…  Երթի ճանապարհին հավաքելով նորանոր մարդկանց, վերջապես քիմիական պատրաստուկների գործարանի մոտ տեղի ունեցավ հանպատրաստից հանրահավաք, որտեղ բացատրվեցին կատարվող իրադարձությունների նպատակները, նշվեցին հետագա անհրաժեշտ քայլերը եւ որոշվեց կազմակերպել համաքաղաքային գործադուլ: Դադարեցնելով քիմիական պատրաստուկների գործարանի շինարարական աշխատանքները, բանվորները համընդհանուր պահանջի ներքո միացան գործադուլավորներին: Որոշ ժամանակ անց կրքերը կարծես սկսեցին հանդարտվել: Տեղական իշխանության, ոստիկանության, ՊԱԿ-ի ներկայացուցիչները սթափվելով անակնկալ շփոթից՝ արդեն հանրահավաքի ընթացքում «քաղպարապմունքներ» էին անցկացնում: Թվում էր՝ ամեն ինչ վերջանալու մոտ է, մանավանդ, որ կազմակերպիչների մեծ մասը նույնպես համոզում էր ժողովրդին տուն գնալ, չխախտել հայտարարված գործադուլը եւ հաջորդ օրը կրկին հավաքվել: Սակայն, յուրաքանչյուր պայքար ծնում է իր զավակներին…

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 43 (389), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։