Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (4-րդ մաս) – Այն ժամանակ մեդալներ տրվում էին միմիայն հենց եզրափակիչի մասնակիցներին.…

Սկիզբը՝ թիվ 26-28-ում

http://www.hayary.org/wph/?p=5749Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (3-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… «Սիրելի՛ հայեր, միշտ հիշե՛ք, որ դուք լավագույնն եք, ես ձեզ սիրում եմ, որովհետեւ ես էլ ձեր մի մասն եմ. ունեմ հայ արյուն»…

http://www.hayary.org/wph/?p=5727Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (2-րդ մաս) – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի, բայցեւ ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… Արդի օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայ մարզիկները…

http://www.hayary.org/wph/?p=5717Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- (1-ին մաս) – Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի… Մինչ դեպի նորագույն ժամանակներ «առաջադիմելը»՝ արժե պարզապես դիմել մի «կամրջող» համեմատության…

Նվիրում եմ Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 90-ամյակին եւ նրա եզակիորեն մեն-միակ մրցելույթով օլիմպիական դափնեպսակման 60-ամյակին:

Խնդրո առարկայի կտրվածքով շրջանառվել են նաեւ ըմբիշ Կարո Վանի (Թուրքիա), ֆուտբոլիստ Արմինաս Նարբեկովասի (ԽՍՀՄ) անունները: Սակայն առաջինը կրկին բանահյուսված-դիցական «ձեւաֆիգուր» է, իսկ 1988թ. ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի կազմում իրոք չեմպիոն հռչակված ենթահարձակվողի ենթադրյալ հայկական՝ «արմենոիդ» գենոտիպը չոր փաստերով չի հիմնավորվում, որքան էլ որ գոնե անունը համահունչ է հայի հանրածանոթ միջազգային անվանակոչմանը. իսկական ԱՀԱ-ն՝ Արմին Անդրեյի Նարբեկով, ծնվ. 1965թ. Լիտվական ԽՍՀ Գարգժդայ ավանում:

Ամեն դեպքում, թիվ 1 մարզաձեւում կամ արդեն «միլիարդների խաղում» ունենք 2 օլիմպիական հերոսներ:  

Յոժեֆ Զաքարիաշ (24.03. 1925, Բուդապեշտ – 22.11.1971, Բուդապեշտ), պատմական Անիից երկրեերկիր բազմագաղթած հայորյարի բարունակ-շառավիղ: Հունգարիայի հավաքականի պաշտպան եւ կիսապաշտպան, 1952թ. օլիմպիական չեմպիոն, 1954թ. աշխարհի փոխչեմպիոն:

Այս, ցավոք, սակավահայտ մնացող, հայարմատ հեռանախնիներով օլիմպակալի մասին նյութեր եմ հրապարակել դեռեւս 2006թ., «Մարզական հանրապետություն», «Փակագիծ», «Գոլոս Արմենիի» (ռուսերեն) թերթերում:

Նիկիտա (Մկրտիչ) Պավելի (Պողոսի) Սիմոնյան (ծնվել է 1926թ. հոկտեմբերի 12-ին, եղեռնապուրծ ծնողների ընտանիքում, Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում, որը դեռ 1839թ., իբրեւ գյուղ, հիմնադրել են գաղթական հայերը եւ 1848թ. կոչել հանրագիտարաններում պաշտոնագրված, դարերով Հայոց առաջինը համարված  մայրաքաղաքի անունով. այժմ՝ վաղնջավելի առնվազն  Արատտա պետության «երեւան գալով», իհարկե, պետք է վերանայել համարակարգությունը): ԽՍՀՄ հավաքականի հարձակվող, խորհրդային ֆուտբոլի 5-րդ ռմբարկուն:

1956թ. օլիմպիական չեմպիոն է հռչակվել բացառապես մեկ՝ գագաթնախաղում հանդես գալու շնորհիվ (ԽՍՀՄ-Հարավսլավիա՝ 1:0. այս պատմակշիռ դիմակայության ցանգամ զուտ մարզական հետքերով հեռուներ չգնալու համար սահմանափակվենք 2 դիտարկմամբ. ա) 1980թ. օլիմպիադայի՝ նույն ազդագիրն ունեցող «փոքր եզրափակիչում» (2:0), Սիմոնյանի առաջին գալստյամբ «Արարատ»-ցի մկրտված, իսկ երկրորդ գալստյան օրոք Ամենայն հայոց թիմի արդեն առաջատար Խորեն Հովհաննիսյանը նաեւ իր գոլի շնորհիվ բրոնզե մեդալանի պարգեւեց ԽՍՀՄ-ին, թեեւ կիսաեզրափակիչում խաղացվելու դեպքում կարող էր ոսկեզօծ(վ)ել, բ) հայտնի առումներով արհեստածին 2 դաշնապետություններն էլ 1990-ական թթ. բեկվեցին ու բեկորվեցին՝ մարզաշխարհ բերելով ավելի քան 20 նոր պետություններ, որոնցից ոչ մեկը, սակայն, արդեն նույնիսկ «երկսեռ» օլիմպիական ֆուտբոլի ընդլայնված «նվիրապետությունում» պատշաճ տեղ չի զբաղեցրել):

Այն ժամանակ մեդալներ տրվում էին միմիայն հենց եզրափակիչի մասնակիցներին. ահավասիկ, օլիմպիական մայրաքաղաք Մելբուռնից հայրենիք վերադարձնող նավի վրա, 30-ամյա վետերանն իր ոսկե պարգեւը վեհանձնորեն առաջարկում է ԽՍՀՄ հավաքականի նախորդ բոլոր 4 հանդիպումները փայլուն անցկացրած եւ 2 հաղթագոլեր խփած 19-ամյա պատանի Էդուարդ Ստրելցովին (վերջինիս մեծարժան գերտաղանդը կարող է հավաստվել թեկուզ այն փաստով, որ, աղմկալից եւ հյուծիչ բազմամյա բանտարգելությունից հետո վերադառնալով մեծ սպորտ, 1967 եւ 1968 թթ. երկիցս պաշտոնապես ընտրվել է ԽՍՀՄ լավագույն ֆուտբոլիստ), ով նույնքան մեծահոգաբար հրաժարվում է…

Հիրավի անբավահամբավ Նիկիտա Սիմոնյանը պատմական դեմք է եւ շատ այլ տեսանկյուններից: Նույնիսկ արձանագրային լակոնաոճով թվարկելու դեպքում բազում տողեր են պահանջվելու:

  1. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունների եզրափակիչ մրցաշարերում հեղինակել է ԽՍՀՄ 1-ին գոլը (1958թ., Շվեդիա, այն էլ՝ արդի ֆուտբոլի հիմնադիր-հայրերի՝ Անգլիայի հավաքականի դարպասը):
  2. Նույն՝ աշխարհի 6-րդ եւ երկրի համար 1-ին մրցաշարում անցկացրած 5 խաղերից 4-ում ԽՍՀՄ հավաքականն առաջնորդել է ավագի թեւկապով:
  3. Այն բազմունակ ունիկումն է ողջ ֆուտբոլային «մեգագնդակ» մոլորակում, որ տարբեր թիմերում դարձել է միեւնույն մրցաշրջանի կրկնատիտղոսակիր (երկրի չեմպիոն եւ գավաթակիր)՝ թե՛ որպես խաղացող («Սպարտակ», Մոսկվա, 1958թ., զուգադիպորեն 1930-ական թթ., երբ այս ժողովրդական թիմին ու նաեւ Հայաստանի գլխավոր թիմին շնորհվեց մեծագույն թրակիացի առաջնորդի անունը, Ռումինիայի, Հունաստանի եւ այլ գիտնականներ ցեղատարածական սերտ կապեր են բացահայտել պատմական Թրակիայի եւ Հայոց միջեւ), թե՛ որպես ավագ մարզիչ (Երեւանի «Արարատի» երկգագաթ սխրանքը 1973թ.):
  4. Եղել է Խորհրդային կայսրության գլխավոր հավաքականի գլխավոր մարզիչ (1977-1979):
  5. Միակ գործիչն է աշխարհում, որ 3 անգամ փաստացի ղեկավարել է մարզաձեւի (առավել եւս՝ թիվ 1 մարզաձեւի) համապետական կառավարման մարմինը, ինքն էլ՝ աշխարհի իններորդ մասից ավելին կազմող ամենաընդարձակ տերության (ՌԴ ֆուտբոլային միության նախագահի պաշտոնակատար):
  6. Միակ հայն է, որ պաշտոնախաղում մրցակցել է եռամեծ Պելեի հետ, ինչպես նաեւ Բրազիլիայի առաջին սերնդի կրկնաչեմպիոնական համաստեղության (1958, 1962) մյուս մեծությունների՝ հռչակավոր «չոր տերեւի» գյուտարար Դիդիի, մեր անառարկելի գնահատմամբ՝ բոլոր ժամանակների եւ ժողովուրդների ամենահանճարեղ հաշմանդամ մարզիկ Գարինչայի, Վավայի, Զագալոյի, Ժիլմարի, Սանթոս եղբայրների հետ (այն էլ՝ վերոնշյալ ամենահեղինակավոր մրցաշարի քառորդ եզրափակիչում) եւ իր գրառված ու մի քանի լեզուներով թարգմանված հուշերում («Դեբյուտ Գյոթեբորգում») լավագույնս է տվել «ֆուտբոլի արքայի կամ, որ նույնն է, մեծ սպորտի արքայից արքայի ծննդյան վկայականը», ով, այսուհանդերձ, ի նվաստատարբերություն իրեն՝ Սիմոնյանի, այդպես էլ չհասավ օլիմպիական բարձունքին, ինչպես չէր հասել հնարավոր եւս մեկ, ընդամենը մեկ՝ ֆուտբոլազարդ օլիմպիադաներից հետո (1900 թ-ից ի վեր) միջազգային ամենախոշորահին, արդեն 100-ամյա, Հարավային Ամերիկայի առաջնության հաղթողի պատվակոչմանը (թեպետ, օրինակ, «Արարատի» զուգոսկե տարում ընտրվել է նույն մայրցամաքի թիվ 1 ֆուտբոլիստ): Ի դեպ՝ վերջին տարիներին մեդալներ են շնորհվում հավաքականի հայտացուցակում ներկայացված անխտիր բոլոր, ներառյալ՝ մրցասպարեզում չհայտնված մարզիկներին, եւ սույն գործող կարգով, իր իսկ Ռիո-2016-ում, վերջիվերջո թագադրված Բրազիլիան կարող էր արդեն վատառողջ Պելեին պարզապես նվիրել բաղձալի օլիմպիական ոսկին՝ ընդամենը հայտավորելով նրան, սակայն չօգտագործեց այդ բարեհնարությունը:
  7. Ի հավելումն ԽՍՀՄ, ՌԴ, ՀՀ եւ այլ երկրների բազմաթիվ պետական, մարզական պարգեւների ու բարձր կոչումների՝ Սիմոնյանն արժանացել է Օլիմպիական շքանշանի, ՖԻՖԱ-ի շքանշանի, ՈւԵՖԱ-ի սուտակե մեդալի:

Շարունակելի

Գարեգին Ղազարյան

«Լուսանցք» թիվ 29 (419), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։