Հայաստանյայց առաքելական եկեղեցին՝ համաքրիստոնեական քայլերին ընդառաջ… Եկեղեցական կառույցների եւ ՀԲԸՄ  միացյալ ժողովին հաջորդեց «Գլոբալ հայերի» կոչը՝ որպես պատմական հնարավորություն՝ հայերի միավորման եւ Հայաստանի ապագան միասնաբար կերտելու համար…

Նախորդ թողարկումում եւս «Լուսանցք»-ն անդրադարձավ քրիստոնեական աշխարհի միջազգային ծավալումներին, ինչը մենք կարեւորեցինք համաքրիստոնեական քայլերի այնպիսի անհրաժեշտության տեսանկյունից, որը նպաստավոր դրույթներ ու ծավալումներ ուներ՝ հայկական ազգային շահերի հետ համադրվող: Ինչպես նշել էինք, դրանք իրենց հետեւանքները դեռ կունենան քրիստոնեական աշխարհի համար, հատկապես աշխարհա-քաղաքական նոր վերաբաժանումների ժամանակ, մասնավորապես՝ մահմեդական աշխարհի հետ հարաբերությունների ու տարաբնույթ գործընթացների ընթացքում:

http://www.hayary.org/wph/?p=5880#more-5880Համաքրիստոնեական քայլերի անհրաժեշտություն, որին կհամադրվեն ազգային շահերը… Այս խոսքերը համարենք նշան, որ նման այցերը նպաստեն, որ աշխարհի վերաբաժանմանը՝ Մասիսները հայկական հողերի հետ այլեւս հասանելի լինեն, ոչ թե միայն տեսանելի…

Հայանպաստ է առանձնապես Վատիկանի, Հռոմի Պապի վերաբերմունքը նշյալ հարցերում, ով անգամ իր էկումենիկ ելույթներում է պահպանում արդարություն պահանջող հոգեւոր-քաղաքական գիծը: Էկումենիկ համաքրիստոնեական ժողովները եւս վերափոխումների են միտված, նախկին կարծրատիպերը «սառեցվում» են, ինչը հավաստում է, որ մեր նախորդ թողարկմանը ներկայացրած տեսակետները իրական են, եւ քրիստոնյա աշխարհը ինչ-որ լուրջ բանի է նախապատրաստվում: Այս համապատկերում էլ դիտարկել էինք Հայաստան ժամանած Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան եւ Մեծ Վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգի պետական այցը Հայաստան (Արամ Ավետյան, «Լուսանցք» թիվ 36 (426), 2016թ.):

http://www.hayary.org/wph/?p=5879#more-5879«Մեր պատմության մի հատվածում կրկին Մալթան էր – Նրանք մասոնական օթյակի անդամներ էին՝ դրանով իսկ պաշտպանված անգամ Հայոց ցեղասպանությունից հետո… «Մալթայական օրդեն»-ը ներկա էր ԽՍՀՄ քանդմանը, չի բացառվում, որ ներկա կլինի նաեւ Թուրքիայի ու Ռուսաստանի քանդմանը…

http://www.hayary.org/wph/?p=5878Գործածվել են մալթայական խաչն ու տամպլիերների օրդենի կնիքը (նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի կողմից)… ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը եվրոպական ազգայնամոլական որոշ դեպքեր կապում է միմյանց հետ… Փորձում են ազգայնականության հերթական վարկաբեկմամբ նոր աշխարհակարգ ձեւավորել…

Այս ամենին հաջորդեց Հայաստանյայց առաքելական եկեղեցու՝ եկեղեցական կառույցների եւ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) միացյալ ժողովը, որին անդրադառնում ենք կրկին նույն տրամաբանությամբ՝ քրիստոնյա աշխարհը ինչ-որ լուրջ բանի է նախապատրաստվում…  

Ըստ եկեղեցական տեղեկատվության՝ հոկտեմբերի 31-ին, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդարանում (Նյու Յորք) իր աշխատանքն անցկացրեց Գերագույն հոգեւոր խորհրդի, ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի, ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի, Կանադայի հայոց թեմի թեմական խորհուրդների դիվանների եւ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կենտրոնական մարմնի անդամների միացյալ ժողովը: Այն կայացավ՝ «Եկեղեցին տանել դեպի ժողովուրդը, հասնել Հյուսիսային Ամերիկայում ապրող հայությանը» կարգախոսի ներքո եւ քննարկեց Ամերիկայում հաստատված հայության կյանքի մարտահրավերներին ու իրողություններին, Ամերիկայում Հայ Եկեղեցու հովվական ծառայությանը, Եկեղեցի-երիտասարդություն հարաբերություններին վերաբերող հարցեր։

Ժողովականներին իր ուղերձն է հղել Գարեգին Բ Կաթողիկոսը, ով իր գոհունակությունն է հայտնել համատեղ ժողովի գումարման առիթով՝ «օրհնությունն ու բարձր գնահատանքը բերելով Հյուսիսային Ամերիկայի երեք թեմերի առաջնորդներին Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին, Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին եւ Տ. Աբգար եպիսկոպոս Հովակիմյանին, ՀԲԸՄ նախագահ տիար Պերճ Սեդրակյանին, ԳՀԽ անդամներին, թեմերի թեմական խորհուրդների եւ ՀԲԸՄ կենտրոնական մարմնի անդամներին»:

Ի դեպ, ըստ նույն տեղեկատվության՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը Նյու Յորքում գումարված Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովի առիթով ԱՄՆ մեկնած Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ հոկտեմբերի 30-ին ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի Ս. Վարդան առաջնորդանիստ տաճարում մատուցվեց Ս. Պատարագ։ Սրբազան արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության 17-րդ տարեդարձի առիթով կատարվեց Հայրապետական մաղթանք։ Ներկա էին Գերագույն հոգեւոր խորհրդի անդամները, ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի հոգեւոր դասի ներկայացուցիչներ, Արեւելյան թեմի, ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի ու Կանադայի հայոց թեմի թեմական խորհուրդների անդամները, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու բարերարներ, ՀԲԸՄ 89-րդ համագումարի մասնակիցները եւ բարեպաշտ բազում հայորդիներ»։ Գահակալության 17-րդ տարեդարձի առիթով Գարեգին Բ-ին ընծայվեց Մայքլ Արամի հեղինակած «Նոյյան տապան» աշխատանքը։ Ցերեկույթի ընթացքում գեղարվեստական կատարումներով ելույթ ունեցան սբ. Վարդան տաճարի «Շուշի» պարային համույթը, ինչպես նաեւ երգիչ Եղիշե Մանուչարյանն ու դաշնակահար Այվի Ադրիանը։

«Եկեղեցին տանել դեպի ժողովուրդը, հասնել Հյուսիսային Ամերիկայում ապրող հայությանը» վերնագրված կարգախոսը ուղենշում է այն ճանապարհը, որով պիտի ընթանա հայ քրիստոնյա հոգեւորականությունը համատեղ ժողովից հետո, երբ միասնաբար խորհրդակցելով պիտի փորձեն լուծել այն խնդիրներն ու մարտահրավերները, որոնք այսօր ծառացած են Հյուսիսային Ամերիկայում հաստատված հայերի ազգային ու եկեղեցական կյանքի առջեւ: Կաթողիկոսը նշեց, որ 21-րդ դարը նոր մարտահրավերներ է նետում մարդկությանը ու նոր իրավիճակներ ստեղծում աշխարհասփյուռ հայ ժողովրդի համար: Նա հաստատեց, որ «օրեցօր համաշխարհայնացվող, աշխարհիկացման ու նյութապաշտության ընթացքներ որդեգրած արդի աշխարհը մարդկային հասարակություններին թելադրում, իսկ հաճախ էլ պարտադրում է իր օրենքներն ու կանոնները, որոնք երբեմն խորթ են քրիստոնեական ավանդական ընկալումներին ու պատկերացումներին եւ հետեւանք են դառնում բարոյական արժեքների անկման, մարդու իրավունքների եւ ազատության ճիշտ ընկալման աղճատման, ազգային ինքնության եւ ընտանեկան արժեքների խաթարման»:

Այսպիսի մարտահրավերների դիմագրավման հարցում Էջմիածինը, վստահաբար նաեւ՝ Անթիլիասը, կարեւոր են նկատում, որ ժողովրդի ու հատկապես երիտասարդության հոգում արթուն պահվի սերն ու վստահությունը հանդեպ հոգեւոր կյանքի, նախանձախնդրությունը՝ հանդեպ քրիստոնեական հավատքի ու ազգային նվիրական արժեքների:

Նշվել է, որ մեր ժողովրդի կյանքում այլ երկրներում ապրելու իրողությունը նորույթ չէ, քանզի հայն իր պատմական ճակատագրի բերումով Հայրենիքից դուրս միշտ ստիպված է եղել ապրել օտար ազգերի ու ժողովուրդների մեջ՝ ազգային սեփական ավանդույթներն ու ինքնությունը համադրելով տեղական մշակույթի ու սովորույթների հետ: «Անցյալի փորձը ցույց է տալիս, որ այսպիսի իրավիճակները հաղթահարելի են»,-  նշել է Գարեգին Բ-ն՝ հավելելով, որ հարկ է, շրջահայաց ու ստեղծագործ մոտեցումով յուրացնելով հայրերի մտածելակերպը, ժամանակակից մարդու աշխարահայացքին ու հոգեւոր պահանջմունքներին ներդաշնակ թարգմանել ու վերաիմաստավորել ազգային ու եկեղեցական սրբազան ավանդույթները:

Իհարկե հայությունը ճակատագրի բերումով սփռվել է աշխարհում, իհարկե կարողացել է հիմնականում պահպանել իր հայկական բնույթը, բայց, ցավոք, համաշխարհային մամլիչը շարունակում է խոչընդոտել ազգայինի ու միջազգայինի համադրմանը եւ ամեն կերպ եւ ամենուր պարտադրում է միջազգայինի գերակայությունը ազգայինի նկատմամբ… «Լուսանցք»-ը միշտ է անդրադառնում այս խնդիրներին, եւ կարծում է, որ «ազգային ու եկեղեցական սրբազան ավանդույթները» ձեւակերպումը արդեն իսկ տարանջատում է քրիստոնեական (որպես միջազգային կրոն) ավանդույթները՝ ազգայինից… Ուստի՝ կարեւոր է, որ եկեղեցին եւս ամրանա ազգային ավանդույթների վրա եւ իր ձեւակերպումներում եկեղեցական ավանդությունները ներառի ազգային ավանդույթների ու ինքնության համապատկերում:

Այսօր էլ, լինելով հայ ազգայնական գաղափարների ու արիադավան-հեթանոսական հավատի շահերը ներկայացնող լրատվամիջոց, «Լուսանցք»-ը պարբերաբար ներկայացնում է նաեւ քրիստոնեական գործունեության այն հատվածները, որոնք իսկապես համադրելի են հայի ազգային շահերի հետ եւ օգտակար են մեր պետության այսօրվա զարգացմանը: Կարեւորը՝ ազգային շահերից արված դիտարկումն է:

Երկօրյա ժողովի ընթացքում տարբեր նյութերի շուրջ ներկայացվել են զեկույցներ եւ ուսումնասիրություններ, տեղի են ունեցել քննարկումներ երիտասարդ սերնդի ներկայացուցիչների մասնակցությամբ։

ՀԲԸՄ նախագահը եւս կարեւորել է նման ընդհանուր ժողովները եւ դրանց տված հնարավորությունները եւ աջակցություն է հայտնել՝ «Ամենայն Հայոց Հայրապետին Ամերիկայի երեք թեմերի հետ միասին ժողովին մասնակցելու եւ Հյուսիսային Ամերիկայի հայության կյանքում Հայոց Եկեղեցու ծառայության առավել արդյունավորմանն առնչվող հարցերը քննարկելու հնարավորության համար»։ Պերճ Սեդրակյանը նշել է նաեւ, որ ՀԲԸՄ-ն իր հիմնադրման առաջին օրվանից «Հայոց Եկեղեցին նկատել է ազգային կյանքի ամենակարեւոր հաստատությունը եւ շարունակելու են զորակցել Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն»:

Նյու-Յորքում՝ ՀԲԸՄ 110 ամյակի տոնակատարության ժամանակ հնչել է նաեւ «Գլոբալ հայերի ապագան այսօր է» բաց նամակը, որին նույնպես անդրադարձ ենք անում (տես՝ այս թողարկման «Հայ-ամերիկյան զուգադիպությու՞ն, թե՞ համադրություն» հոդվածը):

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 37 (427), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։