Պահե՛նք մեզ պահողին.- (4-րդ մաս) – Ապահովագրական համակարգի որ տարբերակը կընտրենք մենք… Գյուղատնտեսությանը տարբեր ռիսկեր են վնասում՝ բնակլիմայական, սանիտարական, շուկայական, օրենսդրական, մարդկային գործոնով պայմանավորված ռիսկեր… Թե ինչպես կտեղայնացնենք միջազգային այդ փորձը, առայժմ հստակ չէ…

Սկիզբը՝ թիվ 22, 23, 24-ում

http://www.hayary.org/wph/?p=6352Գյուղատնտեսություն. Պահե՛նք մեզ պահողին (1-ին մաս) – Վնասների կանխարգելումը պետք է որ փոխի համակարգը… Գուցե տարօրինակ հնչի, բայց խնդրի էությունը հասկանալու համար նախ պետք է աղետների «գույքագրում» անենք… Որպեսզի հասկանանք, թե այս ամենից ինչպես ենք դուրս գալու, այստեղ էլ պիտի վնասների որոշակի «գույքագրում» անենք՝ իրավիճակը եւ, ըստ այդմ, հետագա քայլերը ճիշտ գնահատելու համար…

http://www.hayary.org/wph/?p=6366Պահե՛նք մեզ պահողին (2-րդ մաս).- Առանց համալիր լուծման 100 տոկոսանոց արդյունք՝ չիք… Գյուղատնտեսությունը ռիսկային է բոլոր երկրներում, մերում՝ առավելապես – Քանզի ոլորտում ոչ ապահովագրական համակարգ ունենք, ոչ էլ կարողանում ենք վնասները նորմալ փոխհատուցել… Գանք կարկտահարության դեմ պայքարի միջազգային փորձին՝ խոսելով մեզ մոտ դրա ձեւերի կիրառման նպատակահարմարությունից… Միջազգային պերճանքի հայկական հնարավորությունը – Եվ ձեռնտու տարբերակը…

http://www.hayary.org/wph/?p=6389Պահե՛նք մեզ պահողին.- (3-րդ մաս) – Այլապես կոտրած տաշտակը մեր գոգից չենք գցի… Մեր գյուղատնտեսությանը վնասում է ոչ միայն կարկուտը, այլեւ՝ երաշտը, ջրհեղեղը, սելավը, ցրտահարությունը – կարկուտի դեմ ինչ պայքար են տանում զարգացած եւ զարգացող երկրներում, որ եղանակների կիրառումն է նպատակահարմար մեր երկրում…

Գյուղատնտեսությանը տարբեր ռիսկեր են վնասում՝ բնակլիմայական, սանիտարական, շուկայական, օրենսդրական, մարդկային գործոնով պայմանավորված ռիսկեր: Եվ այս ռիսկերից ամենառիսկայինը բնակլիմայականն է, որի պարագայում մարդկային գործոնը կամ մարդու ազդեցությունը շատ ավելի փոքր է, իսկ երբեմն էլ՝ անհնար: Հիմա պատկերացրեք մեր գյուղատնտեսության վիճակը, երբ երկրի հյուսիսային, արեւելյան եւ հարավային մասերի լեռնային շրջանները ենթարկվում են սեզոնային հեղեղումների, կարկտահարության եւ երաշտի, Արարատյան դաշտավայրը՝ երաշտի, վաղ գարնանային ցրտահարության եւ չոր պայմանների, Երեւանից հյուսիս գտնվող կենտրոնական գոտին ենթակա է կարկտահարության, երաշտի եւ վաղ գարնանային ցրտահարության, իսկ ահա հյուսիս-արեւմտյան շրջանը ենթակա է նշված արտակարգ երեւույթների բոլոր տեսակների ազդեցության: Թե ինչպես ենք սրանց ազդեցությունը հնարավորինս նվազեցնելու մեր գյուղոլորտում եւ թե ինչ է ենթադրում գործադիրի հաստատած՝ բնակլիմայական աղետներից գյուղատնտեսության վնասների կանխարգելման հայեցակարգը, կարկուտի ու երաշտի մասով անդրադարձել ենք: Շարունակենք թեման՝ ջրհեղեղների մասով:  

Դրանք գարնանային վարարումների տեսքով Հայաստանում հիմնականում ձեւավորվում են գարնան ամիսներին ձյան ինտենսիվ հալոցքի եւ առատ տեղումների զուգորդման հետեւանքով: Գետերի ծավալը նորմայից երբեմն ավելանում է մինչեւ 10 անգամ: Ջրհեղեղների ավելի հակված են Արաքս, Հրազդան եւ Աղստեւ գետերի ավազանները: Մեղրիի, Վեդու եւ Գորիսի գետերի ավազաններում վարարումները միջինում տեղի են ունենում երկու տարին մեկ անգամ: Երկրի շատ մասերում տեղատարափ անձրեւներն ու հալվող ձյունն ավելացնում են ջրհեղեղային ու սելավային ռիսկերը: Հայաստանում դիտվում է հեղեղումների ու դրանց հետ կապված հետեւանքների աստիճանական աճ: Պաշտոնական տվյալների համաձայն՝ 1994թ. մինչեւ 2007թ. հեղեղումների տնտեսական վնասը կազմել է 41 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում Լոռու մարզում՝ 18 մլն, Շիրակում՝ 13 մլն, Տավուշում՝ 5 մլն, Գեղարքունիքում՝ 2.5 մլն դոլար:

Ինչ վերաբերում է սողանքներին ու սելավներին, ապա Հայաստանում շուրջ 122.0 հազ. հեկտար հողեր խոցելի են սողանքներից, որոնց պատճառների թվում են հորդառատ անձրեւները: Սողանքների առաջացմանը նպաստում են խմելու ջրի եւ ոռոգման համակարգերի արտահոսքերը, ինչպես նաեւ լեռնալանջերի անտառահատումները: Սելավները եւս լուրջ սպառնալիք են միջին բարձրության վրա գտնվող լեռնային շրջաններում: Ըստ ուսումնասիրությունների՝ մինչեւ 2009թ. Հայաստանում տեղի են ունեցել տարբեր չափի ավելի քան 3500 սողանքներ: Նրանց 90%-ը գտնվել է 2000-1500 մ եւ ցածր բարձրությունների վրա, մյուսներն արձանագրված են 2200-2400 մ բարձրությունների վրա եւ հազվադեպ են հանդիպում 2500-2600 մ ավելի բարձրությունների վրա: Ըստ Համաշխարհային բանկի ուսումնասիրության, Հայաստանում սողանքների հետեւանքով առաջացած վնասը գնահատվում է մոտ 11.5-13.0 մլն դոլար, իսկ սելավների վնասը՝ 5.7-ից մինչեւ 7.1 մլն:

Ցրտահարության մասով նշենք, որ Հայաստանում մեծ վտանգ են ներկայացնում ուշ գարնանային ցրտահարությունները, երբ մատղաշ մշակաբույսերի սածիլները, ծիլերը, բույսերի ծաղիկները վնասվում են բացասական ջերմաստիճաններից: Վաղ աշնանային ցրտահարությունները վնասկար են չհավաքված բերքի, ջերմասեր բանաջարաբոստանային կուլտուրաների, խաղողի համար: Ուշ գարնանային եւ վաղ աշնանային ցրտահարությունները հանրապետության տարածքում հիմնականում պայմանավորված են հյուսիսային շրջաններից ցուրտ օդային զանգվածների ներխուժումով: Ինչպես բացատրում են մասնագետները, դիտվում են ադվեկտիվ, ռադիացիոն եւ ադվեկտիվ-ռադիացիոն ցրտահարություններ: Դրանք ավելի հաճախ դիտվում են տեղանքի ցածրադիր մասերում, երբ սառը եւ տաք օդը իջնում է ռելիեֆի գոգավոր մասերը: Վերջին տարիներին նկատվում է ցրտահարությունների հաճախականության եւ ինտենսիվության աճ: Ցրտահարություններն առավել հաճախ դիտարկվում են հանրապետության հովտային գոտիներում, մասնավորապես՝ Արարատյան դաշտավայրում եւ դրա նախալեռնային մասում, Տավուշում եւ Սյունիքի հովիտներում, միջինը՝ տարեկան երեք անգամ: Լեռնային գոտիներում ցրտահարության դիպվածներն այնքան էլ բնորոշ չեն եւ գործնականում մեծ վնաս չեն հասցնում գյուղատնտեսությանը:

Այնուամենայնիվ, խնդիրը հայկական երեւույթ չէ եւ դրա լուծման համար հեծանիվ  հայտնագործել պետք չէ, եւ ռիսկերը կանխարգելելու ձեւերն էլ կան, ինչպես, օրինակ, կարկուտի պարագայում միջազգային տարբեր հաջողված փորձերն ու դրանց կիրառման նպատակահարմարությունը մեր երկրում:

Գյուղնախարար Իգնատի Առաքեկյանի խոսքով, ճիշտ է, գյուղատնտեսության ոլորտի եւ մեր  հանրապետության առանձնահատկություններից ելնելով, ռիսկերի կառավարման դժվարությունները պայմանավորված են  բազմաթիվ գործոններով, սակայն միջազգային փորձը ցույց է տալիս, որ գյուղատնտեսության մեջ նորագույն տեխնոլոգիաների կիրառումը, ռիսկերի կանխարգելման հնարավորությունների ընդլայնումը, միավոր տարածության հաշվով ստացվող եկամտի ավելացումն ու պետության մասնակցությամբ ապահովագրական համակարգի ներդրումը, հնարավորություն տալիս են հաղթահարելու այդ դժվարությունները:

Փորձեցինք հասկանալ, թե ինչպես են կառավարվում այդ ռիսկերը ընդհանրապես՝ զարգացած եւ զարգացող երկրներում: Ըստ նախարարի, ռիսկերի կառավարման բնագավառում միջազգային փորձի վերլուծությունը վկայում է, որ այն առավել արդյունավետ է իրականացվում զարգացած պետություններում, որտեղ գործում են համապատասխան ինստիտուցիոնալ կառույցներ, կատարվում են զգալի ծավալներով ներդրումներ, առանձնակի ուշադրություն է դարձվում ռիսկերի կառավարման բնագավառում գիտահետազոտական աշխատանքներին, ռեսուրսների կենտրոնացմանը: Ճիշտ է նաեւ հակառակ պնդումը, «այն  երկրները, որոնք ռիսկերի կառավարման բնագավառում վարում են համարժեք (ադեկվատ) քաղաքականություն, հատկացնում են անհրաժեշտ ֆինանսական, նյութատեխնիկական եւ այլ ռեսուրսներ, ընդօրինակում են խնդրո առարկայի բնագավառում միջազգային առաջավոր փորձը, միանշանակ զարգանում են ավելի արագ տեմպերով, ուստի ապահովում են բնակչության ավելի լավ կենսապայմաններ եւ կյանքի ավելի բարձր որակ»:

Միջազգային փորձի ուսումնասիրությունից պարզ է դառնում նաեւ, որ զարգացած երկրներում առավել մեծ ուշադրություն է դարձվում հնարավոր անբարենպաստ հետեւանքներ ունեցող ռիսկերի կանխմանը (կանխարգելմանը), իսկ ավելի թույլ զարգացած երկրներում՝ հետեւանքների վերացմանը (մեղմմանը): Բացի այդ, զարգացած եւ միջին եկամուտներ ունեցող պետություններում առանձնակի ուշադրություն է դարձվում ռիսկերի ապահովագրությանը: Որպես ռիսկերի կառավարման կարեւորագույն բաղադրիչի‘այդ երկրներում ձեւավորված են ապահովագրության գործուն համակարգեր:

Ու քանի որ անընդհատ քննարկվում է մեր երկրի գյուղոլորտում ապահովագրական համակարգի ներդրման անհրաժեշտության հարցը, ցանկացանք հասկանալ, թե ինչպես է դա արվել այլ երկրներում:

Պարզվեց, որ, հաշվի առնվելով գյուղատնտեսության վարման բարձր ռիսկայնությունը, բազմաթիվ երկրներում գյուղատնտեսական ապահովագրությունը իրականացվում է պարտադիր եղանակով:

Ընդ որում, մի շարք երկրներում այն արվում է պետության ֆինանսական աջակցությամբ ապահովագրավճարների սուբսիդավորման միջոցով (սա չի հակասում Առեւտրի համաշխարհային կազմակերպության պահանջներին):

Նկատենք նաեւ, որ գյուղատնտեսական ապահովագրության մոտեցումները, ձեւերն ու մեթոդները բազմազան են՝ պայմանավորված տեղային առանձնահատկություններով, երկրի տնտեսական հնարավորություններով, ապահովագրության բնագավառում ձեւավորված ավանդույթներով:

Թե ինչպես կտեղայնացնենք միջազգային այդ փորձը, առայժմ հստակ չէ, դա հասկանալու համար նախ պետք է ռիսկերի արդյունավետ կառավարման ուղղությամբ խոչընդոտող գործոնները բացահայտվեն եւ գյուղատնտեսական ապահովագրությունում հստակ քաղաքականություն մշակվի:

Թե այս ամենը հաշվի առնելով՝ ի վերջո բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման հիմնական ինչ ուղղություններ է որոշել գործադիրը՝ ի դեմս գյուղնախարարության, կներկայացնենք հաջորդիվ՝ իբրեւ մեր այս հոդվածաշարի ամփոփում:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 25 (458), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։