Մեր փոստից.- Թոքերում նոր մակաբու՞յծ է հայտնվել – Վարակված կենդանիների եւ մարդկանց մոտ առաջանում է չոր երկարատեւ հազ եւ այլ բորբոքումներ… Սեւանա լիճը փրկելու համար մնացինք ՅՈւՆԵՍԿՕ-ի՞ հույսին – գործադիրին չեն հետաքրքրել բնական (էկո) համակարգին սպառնացող այն վտանգները, որոնք հետեւելու են այդ 100 մլն-ով ավելի ջրառին…

Մեր փոստից.- Թոքերում նոր մակաբու՞յծ է հայտնվել

Ուզում եմ մի բանի մասին խոսել, որ նորություն է, եւ շնորհակալ կլինեմ, եթե «Լուսանցք»-ի էջերում գրվի այդ մասին:

Ուզում եմ խոսել ֆասցիոլյոզ մակաբույծի մասին՝ վերջում բացատրելով պատճառը:

Այս մակաբույծները լինում են երկու տեսակի՝ սովորական  ֆասցիոլյոզ եւ ֆասցիոլյոզ հսկա: Սրանք պատկանում են տափակ ծծաճիճուների դասին:

Այս երկու մակաբույծները տարբերվում են չափերով: Սովորական ֆասցիոլյոզն ունենում է տափակ, պարկի նման ձեւ՝ 8-12 մմ լայնությամբ եւ 20-30 մմ երկարությամբ: Իսկ հսկա ֆասցիոլյոզի երկարությունը 33-70 մմ է, լայնությունը՝ 5-12 մմ: Լինում են արական եւ իգական սեռերի, ունենում մարսողական, արտաթորման եւ նյարդային օրգաններ:

Հիմնականում տեղավորվում են լյարդի, լեղապարկի ծորաններում: Որպես մակաբույծներ՝ վարակում են հիմնականում խոշոր եւ մանր եղջերավոր անասուններին (կովեր, այծեր, ոչխարներ, երբեմն նաեւ՝ խոզեր, ձիեր եւ այլն): Մարդիկ հազվադեպ են վարակվում, բայց վարակվում են: Այս մակաբույծների կղկղանքում եղած ձվերն ընկնելով մարդու կողմից օգտագործվող կանաչեղենի վրա, վատ լվանալու եւ այլնի հետեւանքով, անցնում են մարդու ստամոքս, լեղապարկ, լեղածորաններ եւ լյարդ: Վարակվածը կորցնում է քաշը: Այս մակաբույծները առաջացնում են բորբոքումներ, հաճախ փակում են լեղապարկի ծորանները, քայքայում լյարդը, առաջացնում ցեռոզ ու բերում մահվան: Վարակված կենդանիների եւ մարդկանց մոտ առաջանում է չոր երկարատեւ հազ եւ այլ բորբոքումներ:

Մարդկանց՝ այդ մակաբույծներով վարակվածությունը հայտնաբերելու ոչ մի միջոց առայժմ չկա: Կենդանիների համար կա արդյունավետ բուժում, որը կատարվում է  քառաքլոր ածխաթթվի ջրային լուծույթը բերանը լցնելու միջոցով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր 1 կգ կենդանի զանգվածին՝ 1 մլ չափը՝ գառների համար եւ 2 մլ չափը՝ ոչխարների համար:  

Տողերիս հեղինակը 1955թ. ավարտել է Երեւանի համամիութենական անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: Բնականաբար, լավ ծանոթ եմ այդ մակաբույծներին:

Պատահեց այնպես, որ գրասեղանիս առջեւ նստած՝ աշխատանքի պահին չոր հազացի եւ բերանիս խոռոչի վերին պատին ինչ-որ բան հայտնվեց: Մատով այն հանեցի եւ ճիշտ սովորական ֆասցիոլյոզ տեսա: Այդ մասին հայտնեցի մայրաքաղաքի համապատասխան լաբորատորիաներին: Բոլորն էլ ասացին, որ սա աշխարհում առաջին դեպքն է, երբ ֆասցիոլյոզը տեղակայվում է նաեւ մարդու թոքերում: Գուցե ուսումնասիրության եւ զգոն լինելու խնդի՞ր կա:

Սերգեյ Ավագյան, Կենսաբանական գիտությունների թեկնածու

Սեւանա լիճը փրկելու համար մնացինք ՅՈւՆԵՍԿՕ-ի՞ հույսին

Մտավորականների խորհրդի անդամները դիմելու են Հայաստանի արտաքին գործերի, բնապահպանության եւ մշակույթի նախարարներին՝ Սեւանա լիճը «ՅՈւՆԵՍԿՕ»-ի կազմի մեջ ընդգրկելու հարցով:

Ինչպես հայտնել է այդ խորհրդի անդամ, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, այդպես էլ հիմնավոր պատճառներ չներկայացվեցին, թե ինչու Սեւանա լճից եւս 100 միլիոն խմ չափաքանակով ավելի ջուր բաց թողելու որոշում ընդունվեց Ազգային ժողովում:

«Պարզ է, որ հիմնավոր պատճառներ այդպես էլ չբերվեցին: Հուլիսն անցնում է,  երաշտ չկա, անձրեւները շարունակվում են: Դրա կարիքը չկար»,- նշել է նա:

«Լուսանցք»-ը նույնպես անդրադարձավ այս խնդրին եւ իր վերջին թողարկումներում շեշտեց, որ գործադիրին չեն հետաքրքրել բնական (էկո) համակարգին սպառնացող այն վտանգները, որոնք հետեւելու են այդ 100 մլն-ով ավելի ջրառին:

http://www.hayary.org/wph/?p=6406Սեւան. մեր հպարտությունն ու մեր ամոթը – Ոռոգման նպատակներով նախատեսվում է Սեւանա լճից 270 միլիոն խմ ջուր բաց թողնել, որը անցնում է տարեկան առավելագույն քանակի օրենքով թույլատրելի սահմանը (170 մլն խմ) եւ կարող է տանել ճահճացման… Եկեք տե՛ր կանգնենք (Էդուարդ Իսաբեկյան) – Սեւանի գոյության համար փաստորեն պարտական ենք, այսպես ասած, բնության քմահաճույքին…

http://www.hayary.org/wph/?p=6405«S.O.S. Սեւան»-ը պետական այրերից պահանջում է – Այս մասին ահազանգում են եւ՛ բնապահպանները եւ՛ – «S.O.S. Սեւան» նախաձեռնությունը ներկայացնում է 72 կազմակերպություն… Ստորագրահավաք՝ ընդդեմ Սեւանա լճի ջրառի – Միացե՛ք Սեւանա լիճը փրկելու եւ Ազգային ժողովի կողմից օրենքի նախագիծը մերժվելու պահանջին…

http://www.hayary.org/wph/?p=6418Եղավ ինչպես միշտ – Մեր ԱԺ պատգամավորներից քանիսի՞ ուղեղում հարց ծագեց, թե կա՞ն արդյոք հաշվարկներ, թե այդ 100 մլն-ն քանի՞ միլիոնի էկոհամակարգ է փչացնելու… Ինչպե՞ս են ներկայացրել հարցը վարչապետին, պատասխանատվությա՞մբ են ներկայացրել, կամ՝ այդ ի՞նչ շահ է, որ գերադասվել է ազգային արժեքի՝ Սեւանի նկատմամբ շահից… Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության համակարգող խորհրդից հայտնել են՝ Սեւանը լուրջ էկոհամակարգ է, որը լուրջ ազդեցություն ունի մեր պետության ու տարածաշրջանի բնական համակարգերի վրա…

Մտավորականներն ասում են, թե առաջադրված պատճառները հասկանում են. «1.Էլեկտրաէներգիա ստանալ եւ վաճառել, չնայած չնչին գումար է լինելու: 2.Երեւի ձկնաբուծարանների ջուրը պակասել է: Գյուղացիներն, առանձնապես, այնքան էլ չեն ստանալու այդ ջուրը»:

«Մտածում էինք՝ ինչպես կարելի է այս վիճակը գոնե փոխել: Խորհրդարանում չէինք կարող ազդեցություն ունենալ: Եկանք այն եզրակացության, որ գոնե մեր գեղեցկուհուն փրկելու համար պետք է նաեւ ՅՈւՆԵՍԿՕ-ին դիմել, առաջարկել լիճը վերցնի իր վերահսկողության տակ, լճի պահպանումը, զարգացումը»,- հայտնել են մտավորականների խորհրդից:

Դիմումը ստորագրել են խորհրդի բոլոր անդամները:

«Լուսանցք» թիվ 28 (461), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։