Արեւմուտքը պիտի՛ հետաքննի եւ պատժի՛ Ադրբեջանին – Չպետք է մոռանալ, որ Թուրքիան «Իսլամական պետությանը» ահաբեկիչներ մատակարարելու հենակետ էր դարձել… Ադրբեջանի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պետականորեն աջակցելու փաստը բացահայտվել է Բուլղարիայում…

«Լուսանցք»-ի նախորդ թողարկումում անդրադարձել էինք Ադրբեջանի կողմից «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պետականորեն աջակցելու խնդրին, որը բացահայտվել էր Բուլղարիայում: «Արմենպրես»-ը այդ մասին հարցազրույց էր հրապարակել բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիեւայի հետ («Ոչ մի չափորոշիչով Արցախն այլեւս չի կարող լինել Ադրբեջանի կազմում», Արտակ Հայոցյան, «Լուսանցք» թիվ 27, 2017թ.):

http://www.hayary.org/wph/?p=6441Ոչ մի չափորոշիչով Արցախն այլեւս չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում – Արցախը՝ Ադրբեջանի, Հայաստանը՝ Թուրքիայի հականիշ… Ոչ մի միջազգային հանրույթ կամ ազգամիջյան բարեխոսների խումբ չեն կարող հաշտեցման եզրեր գտնել՝ հայն ու թուրք-ադրբեջանցին անհամատեղելի են, հատկապես, որ այդ երկուսն էլ անգամ ցանկալի հյուր չեն՝ խցկվել են Հայկական լեռնաշխարհ՝ հայերի արարչական տուն՝ ցեղասպանելով բնիկներին… Այսօր այլազգիները Արցախում չեն թաքցնում հիացմունքը, իսկ Ադրբեջանը չի հրաժարվում ամեն պահի իրավիճակը սրելուց – Ադրբեջանը՝ «Իսլամական պետության» աջակից…

http://www.hayary.org/wph/?p=6440Կոչ՝ սաստելու Ադրբեջանի ռազմական ագրեսիան – EuFoA-ի տնօրեն Դիոգոի Պինտոն եւ ԵԽ մի շարք պատգամավորներ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ Լեռնային Ղարաբաղի շփման գծում վերջին դեպքերի առնչությամբ… Տնտղում են հայ-թուրքական հարաբերությունները – Ինչպես ասում են՝ հին երգն են նորից երգում թուրքերը, իսկ եթե երգում են՝ նշանակում է ինչ-որ կեղտոտ բան են մոգոնել… Բաքուն Վիեննայում «Ղարաբաղ» է ստեղծում…

http://www.hayary.org/wph/?p=6437Բանակցել, բայց ինչի՞ շուրջ եւ ու՞մ հետ – Ինչպես սպասվում էր՝ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Բրյուսելում անպտուղ էր… Հայաստանի նախագահն ասել է՝ ադրբեջանմական սադրիչ գործողությունների եւ պայմանավորվածությունների խախտման պայմաններում անիմաստ է խոսել բանակցության մասին…

Բուլղարացի լրագրողի շատ կարեւոր հետաքննությունը բացահայտել էր, որ Ադրբեջանի Silk Way պետական ավիաընկերությունը դիվանագիտական չվերթների քողի տակ վերջին 3 տարիների ընթացքում 350 թռիչք է իրականացրել՝ ծանր զինտեխնիկա եւ զինամթերք մատակարարելով ահաբեկիչներին աշխարհով մեկ… Ադրբեջանը դիմել է տարբեր երկրների արտաքին գործերի նախարարություններին այդ թռիչքներին դիվանագիտական բացառություն տալու՝ թույլատրելով քաղաքացիական ինքնաթիռներին զենք տեղափոխել, որը, որպես կանոն, արգելվում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի կողմից:

Իհարկե լրագրողի տեղեկությունները դեռ հիմնված են անանուն աղբյուրներից ուղարկված մեծ թվով էլեկտրոնային նամակների վրա, սակայն հասկանալի է, որ այն կարող է բացահայտվել, բայց քանի դեռ այդ աղբյուրն ունի տեղեկատվություն, կմնա գաղտնի: «Գաղտնազերծված փաստաթղթերը ներառում են Բուլղարիայի արտգործնախարարության եւ Բուլղարիայում Ադրբեջանի դեսպանատան միջեւ նամակագրությունը կից փաստաթղթերով ՝ զենքի գործարքների եւ թռիչքի եւ/կամ վայրէջքի դիվանագիտական ձեւակերպումների համար Բուլղարիայում ու եվրոպական շատ այլ երկրներում,- ասել է լրագրողը՝ հավելելով,- ի լրումն Սիրիայի, Իրաքի, Միացյալ Նահանգների, Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Թուրքիայի, Իսրայելի եւ այլ երկրների»:  

Ըստ ձեռք բերած փաստաթղթերի՝ Silk Way ավիաընկերությունը դիվանագիտական թռիչքներ է առաջարկել մասնավոր ընկերությունների եւ զենք արտադրողների ԱՄՆ-ից, Բալկանյան երկրներից, Իսրայելից, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի բանակներին, ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարությանը (USSOCOM) եւ Գերմանիայի ու Դանիայի զինված ուժերին Աֆղանստանում եւ Շվեդիային՝ Իրաքում: Դիվանագիտական թռիչքներն ազատվում են ստուգումներից, ապրանքագրերից եւ հարկերից, այսինքն, Silk Way-ի ինքնաթիռներն ազատորեն հարյուրավոր տոննաներով զինամթերք են տեղափոխել աշխարհի տարբեր շրջաններ առանց կարգավորումների:

Նշյալ գաղտնազերծված փաստաթղթերը նաեւ ցույց են տալիս, որ ամերիկյան զենքի արտադրողները Silk Way ավիաընկերության միջոցով առաքել են ավելի քան 1 միլիարդ դոլարի զենք: Դրանք ամերիկյան ոչ ստանդարտ զենքեր էին, այսինքն արտադրված չէին Միացյալ Նահանգների զինված ուժերի կողմից օգտագործելու նպատակով: Երբ Silk Way ավիաընկերությունը բավարար քանակությամբ ինքնաթիռներ չի ունեցել, ռազմական բեռները տեղափոխել են Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները. այս մասին հայտարարել է բուլղարացի լրագրողը:

Ըստ ԱՄՆ դաշնային պայմանագրերի ռեեստրի՝ 2014թ. դեկտեմբերին ԱՄՆ հատուկ գործողությունների հրամանատարությունը 26.7 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել  ամերիկյան Purple Shovel ընկերության հետ: Բուլղարիան նշված է եղել որպես առաքվող զենքի բեռնաթափման երկիր, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ որպես բեռն ստացող: Մեկ այլ ամերիկյան ընկերություն՝ Orbital ATK-ը, ստացել է 250 միլիոն դոլարի պայմանագիր ամերիկյան ոչ ստանդարտ զենքեր արտադրելու համար:

Ինչպես նշել է «Կալիֆորնիա Կուրիեր»-ի խմբագիր Հարութ Սասունյանը, զարմանալի է, որ խիզախ բուլղարացի լրագրողն անցյալ տարվա դեկտեմբերին մեկնել է Հալեպ, որտեղ «հայտնաբերել ու նկարահանել է զենքի 9 ստորգետնյա պահեստներ՝ բուլղարական ծագման ծանր զինատեսակներով լեցուն: Դրանք օգտագործվել են «Ալ-Նուսրա ճակատ» խմբավորման կողմից («Ալ Քաիդա»-ի մասնաճյուղը Սիրիայում, որը ՄԱԿ-ի կողմից որակված է որպես ահաբեկչական կազմակերպություն)»:

Դիլյանա Գայտանջիեւան հայտնաբերել է, որ միայն 2017թ. ապրիլին ու մայիսին Ադրբեջանի օդուժի ինքնաթիռները 10 դիվանագիտական թռիչքներով տեղափոխել են 282 տոննա նռնակներ: Ամերիկյան ոչ ստանդարտ զենքի մեկ այլ գնորդ Սաուդյան Արաբիան է, որը չի կարող օգտագործել այդ զենքերը սեփական պաշտպանության համար, քանի որ դրանք չեն համապատասխանում արեւմտյան զենքի իր զինանոցին: 2016 եւ 2017 թթ. Բուլղարիայից, Սերբիայից եւ Ադրբեջանից զենքեր կրող 23 դիվանագիտական թռիչքներ են իրականացվել Ջեդդա եւ Ռիյադ: Այս զենքերը Սաուդյան Արաբիայի թագավորություն տեղափոխվել են Silk Way ավիաընկերության միջոցով եւ Սիրիայում ու Եմենում հայտնվել զինյալների ձեռքում, որոնց Սաուդյան Արաբիան պաշտոնապես աջակցում է (դարձյալ ըստ բուլղարացի լրագրողի):

Այս տարվա ապրիլի 28-ին եւ մայիսի 12-ին Silk Way ավիաընկերությունը Բաքվից 2 դիվանագիտական չվերթ է իրականացրել դեպի Բուրգաս-Ջիդդա-Բրազավիլ (Կոնգոյի Հանրապետություն): Ռազմական բեռներով 2 թռիչքների համար վճարել է Սաուդյան Արաբիան: Օդանավը բեռնված է եղել ականանետներով եւ հակատանկային նռնակներով: Այս նույն զենքը մեկ ամիս առաջ Իրաքի բանակի կողմից հայտնաբերվել է Մոսուլում, իսլամական պահեստում: Զարմանալի չէ, որ Իսլամական պետության ահաբեկիչներն այդ զենքերը ցուցադրել էին իրենց քարոզչական տեսանյութերում:

Նույն իրավիճակն էր տիրում Coyote գնդացիների առաքման հետ կապված, որոնք հայտնվել էին Սիրիայում զինյալ խմբերի կողմից տեղադրված առցանց քարոզչական տեսանյութերում: Մի քանի ամիս առաջ այս զենքերը դիվանագիտական թռիչքով տեղափոխվել էին Թուրքիայից եւ Սաուդյան Արաբիայից: Առկա են նման առաքումների շատ այլ օրինակներ, որոնք ի վերջո հայտնվել են ահաբեկիչների ձեռքում, այդ թվում՝ Միացյալ Արաբական Էմիրությունների հովանավորած որոշ առաքումները:

2017թ. փետրվարին եւ մարտին Սաուդյան Արաբիան 350 տոննա զենք է ստացել Բաքվից Silk Way ավիաընկերության դիվանագիտական թռիչքներով: Բեռը ներառում էր 27.350 հատ 128 մմ հրթիռներ եւ 10.000 հատ 122 մմ «Գրադ» տեսակի  հրթիռներ:

Այս առաքումներից մի քանիսի համար վճարումը կատարվել է կանխիկ գումարով, ինչը կարող է բացատրել Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի կուտակած հսկայական հարստությունը:

Նույնքան մտահոգիչ են մեծ քանակությամբ սպիտակ ֆոսֆորի (շուրջ 200 տոննա) առաքումները, որոնք կարող են մահացու լինել: Այլեւս ծիծաղելի է հնչում, որ սպիտակ ֆոսֆոր ունեցող Ադրբեջանը մեղադրում էր Հայաստանին՝ Արցախյան հակամարտության մեջ այն կիրառելու համար:

Ինչպես նշում են որոշ զլմ-ներ, այս ամենի մասին տեղեկությունը հերթական սովորական մի վերլուծություն չէ եւ պետք է սթափ մոտենալ… ԱՄՆ Կոնգրեսը եւ եվրոպական կառավարությունները պետք է լսումներ անցկացնեն ու հետաքննեն այս հսկայածավալ զենքի առաքումները, որոնց մեծ մասը նախատեսված է ահաբեկիչների համար Մերձավոր Արեւելքում եւ այլուր:

Սա պետք է մտահոգի նաեւ մեզ՝ հայերիս, քանզի Ադրբեջանն այսպիսով խորացել է միջազգային ահաբեկչական քաղաքականության մեջ եւ փորձելու է նաեւ նրանց հնարավորություններն ուղղել ընդդեմ Հայաստանի…

Պետք է հետամուտ լինել, հարցը բարձրացնել եվրոպական կառույցներում եւ ԱՊՀ շրջանակներում: Հիշենք, որ տարիների ընթացքում Ստամբուլը հենակետ էր ծառայում «Իսլամական պետության» զինյալների քանակը ավելացնելու գործում, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից ահաբեկիչներ էին ժամանում, ապա անցնում Իրաքի կամ Սիրիայի տարածք, եւ Թուրքիան այս ամենի համար երբեք պատասխան չտվեց…

Այս ամենին ավելացնենք նաեւ թուրք եւ ադրբեջանցի հարյուրավոր ահաբեկիչների մասնակցությունը ծայրահեղ իսլամականների ահաբեկչական գործողություններին Մերձավոր Արեւելքում: Դրանք վստահաբար կգործածվեն նաեւ Կովկասում…

Ադրբեջանն էլ չի տա պատասխան, եթե գոնե մենք հետամուտ չլինենք: Ինչու չէ, ընթացքում նաեւ Թուրքիայի հարցը կարելի է ներառել, եւ հաստատ էլի կհայտնվեն փաստեր ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի կողմից ահաբեկչական ուժերին աջակցելու մասին:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 28 (461), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։