Քայլեր, որ զերծ կպահեն կցորդի կարգավիճակից – Իսրայելը շարունակում է Հայաստանի հետ մերձեցման քաղաքականություն վարել… Իսրայելի եւ Չինաստանի հեռանկարային քայլերը Հայաստանում հետաքրքիր են, քանի որ այս երկրները միջազգային ասպարեզում կարեւոր դիրքեր ունեն եւ աշխարհում տեղի ունեցող գործընթացների հիմքերում են…

http://www.hayary.org/wph/?p=6423#more-6423Ի՞նչ ունեն կիսելու հայն ու հրեան – Հրեաները հետաքրքրվա՞ծ են Հայաստանով… Հնարավոր է նաեւ ոչ քաղաքական համագործակցություն, եթե հրեան իրապես նպաստի, որ հայինը տրվի հային…Իրականում հայն է մարդկության արարման եւ փրկության երկրի տերը, որտեղ խաչվում են Երկրի ու Երկնքի օրենքները… Հայ-հրեական հարաբերությունները ջե՞րմ են…

http://www.hayary.org/wph/?p=6497Ի՞նչ կլինի, եթե տարածաշրջանում դաշնակցեն հակառակորդները՝ Հայաստանն ու Իսրայելը… Հայ-հրեական հարաբերությունները թերեւս աշխարհի ամենահին հարաբերություններից մեկն է… – Իսրայելը փոխու՞մ է իր տարածաշրջանային առանցքը… – Հիմա կաշխուժանա՞ն հայ-հրեական գործարար կապերը… – Հոլոքոստով անցածը կհասկանա՞ Եղեռն ապրածի ցավը… – Կճանաչի՞ Իսրայելը Հայոց ցեղասպանությունը…

http://www.hayary.org/wph/?p=6496Անե՞լ, թե՞ չանել այդ քայլը՝ ընդառաջ Իսրայելին… Երեւանը իր զինտեխնիկան կթարմացնի ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Իրանի հետ համագործակցելով… Պաշտպանական ոլորտում Ադրբեջանն ու Իսրայելը 5 միլիարդ դոլարի պայմանագրեր են կնքել… հայերի ու հրեաների մեջ շատ կան ընդհանրություններ, բայցկան նաեւ կնճռոտ ծալքեր, ու շատ կարեւոր է, որ լինի երկխոսություն… Հայաստանում Իսրայելի հետ համագործակցության դեմ կողմեր կան նաեւ… Բաքուն ցանկանում էր անօդաչուների հնարավորությունները փորձարկել հայկական դիրքերի վրա – իսրայելական օպերատորները մերժել են դա…

Իսրայելը շարունակում է Հայաստանի հետ մերձեցման քաղաքականություն վարել: Այս անգամ Հայաստան էր ժամանել Իսրայելի Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովի գլխավորած պատվիրակությունը:

Հայաստանի խորհրդարանական Հայաստան-Իսրայել բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մինասյանի, խմբի անդամներ Միքայել Մելքումյանի, Գագիկ Մելիքյանի, Գեւորգ Գորգիսյանի եւ Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 12-ին իսրայելական պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին եւ լռությամբ ու խոնարհումով հարգել մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Հյուրերը եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, գրառում կատարել հուշամատյանում:

Իսրայելի Պետության տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի այցից հետո, երբ լուրջ քաղաքական շարժ գրանցվեց հայ-իսրայելական հարաբերություններում, սա թերեւս գործնական այց է առավելապես, նախնական քայլեր նախանշելու հետագա գործունեության համար:  

Վերջին քննարկումները Իսրայելի Կնեսետում՝ անօդաչու թռչող սարքերը Ադրբեջանին վաճառելու եւ Իսրայելի ՊՆ կողմից անօդաչու թռչող սարքերը Բաքվի հրամանով Հայաստանի դեմ գործարկելն արգելելու հարցերը բավականին աղմկոտ էին, եւ դա հասկանալու կարիք կար նաեւ Հայաստանում:

Հիշեցնենք, որ վերջերս իսրայելական Aeronautics պաշտպանական ընկերությունը բորսային կոմյունիկե է հրապարակել, որի համաձայն՝ պաշտպանության նախարարության արտահանման վերահսկողության վարչությունը ժամանակավորապես արգելափակել է կարեւոր հաճախորդին 20 մլն դոլարի Orbitier K1 անօդաչու թռչող սարքի մատակարարման գործարքը։ Այս մասին հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով NEWSru. co.il-ը։ Կոմյունիկեում ասվում է, որ մատակարարումները պետք է իրականացվեն 2017-2018թթ.։ 2016թ. տվյալ հաճախորդի գնումները կազմել են ընկերության եկամտի 20%-ը, իսկ 2015թ.՝ 18%-ը։ Ընկերությունը հաճախորդին չի նշում՝ մատնանշելով, որ խոսքը, ըստ Moody՛s ընկերության, Ba վարկային վարկանիշով երկրի մասին է, որի հետ Իսրայելը սերտ տնտեսական կապեր ունի։ Բացի այդ՝ այդ նույն երկրում անօդաչու թռչող սարքերի պահեստամասեր արտադրող գործարան է տեղակայված՝ ըստ Aeronautics-ի լիցենզիայի։

Պարբերականը նշել է, որ Aeronautics-ի հաճախորդների շարքում նման երկու երկրներ գոյություն ունեն՝ Սերբիան ու Ադրբեջանը, ինչպես «Լուսանցք»-ն էր նշել իր վերջին համարներից մեկում, որոնք ունեն Ba վարկանիշ։ Դրանցից միայն Ադրբեջանում է Aeronautics-ի գործարան տեղակայված։ Սակայն ընկերության կոմյունիկեում ուղղակիորեն Ադրբեջանի անունը չի նշվում։

NEWSru.co.il-ը Իսրայելի պաշտպանության նախարարությանը խնդրել է մեկնաբանել տվյալ տեղեկությունը։ Հաղորդագրությունը հրապարակելու պահին պատասխան չէր ստացվել։ Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ «Մաարիվ ա-Շավուն» պարբերականը գրել էր, որ Իսրայելի ՊՆ-ն ստուգում է տեղեկությունը, համաձայն որի՝ իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության օպերատորները Ադրբեջանին մատակարարվող անօդաչու տեխնիկայի հնարավորությունները ցուցադրելու նպատակով հարվածել են հայկական դիրքերին։

Հայաստանում Իսրայելի դեսպան Էլիյահու Երուշալմիի կարծիքով՝ իսրայելական մամուլում հրապարակված տեղեկությունը, որ իսրայելական անօդաչու սարքերը իսրայելցի օպերատորների կողմից փորձարկվել են հայկական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում: «Այդ տեղեկատվությունը գրվել է թերթում եւ թերթը հետո հերքել է իր հրապարակած լուրը: Դա ամենայն հավանականությամբ երբեք էլ տեղի չի ունեցել, բայց ամեն դեպքում Իսրայելը ստուգում է այդ տեղեկատվությունը»,- ասել է դեսպանը:

Նա նշել է, որ այս հրապարակումը չի կարող ազդել հայ-իսրայելական հարաբերություների վրա, որովհետեւ «ոչինչ էլ տեղի չի ունեցել»: Ապա հիշեցրել է, որ դեռ շաբաթներ առաջ Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարարն այցելել էր Հայաստան, երկու երկրների միջեւ կնքվել են համաձայնագրեր, ինչը վկայում է հայ-իսրայելական լավ հարաբերությունների առկայության մասին:

«Հայաստանի եւ Իսրայելի հարաբերությունները գնալով բարելավվում են, ներկայումս մեծ համագործակցություն կա մեր երկու երկրների միջև»,- շեշտել է Էլիյահու Երուշալմին:

Այս ամենը հավաստում է, որ իսրայելական կողմը լրջորեն է տրամադրված հայ-իսրայելական հարաբերությունների կարգավորման հարցում եւ թույլ չի տա, որ որեւէ երրորդ կողմը տեղեկատվական կամ այլ միջոցներով խաթարի սկսված հարաբերությունների ընթացքը:

Հայկական կողմը եւս դրականորեն է տրամադրված եւ ըստ ամենայնի, շուտով ականատես կլինենք նաեւ հայ պատվիրակությունների Իսրայել այցերին:

Հայկական մամուլում լայն արձագանք գտան Իսրայելի եւ Չինաստանի հեռանկարային քայլերը Հայաստանում, քանի որ այս երկրները միջազգային ասպարեզում կարեւոր դիրքեր ունեն եւ աշխարհում տեղի ունեցող գործընթացները, համակարգային տեղաշարժերը նաեւ նրանց քայլերով են պայմանավորված:

Չի բացառվում, որ Իսրայելի ու Չինաստանի մուտքը Հայաստան՝ ավելի մեծացնի մեր երկրի ռազմա-քաղաքական դերը եւ նշանակությունը, այսպիսով նաեւ հետաքրքրությունը համաշխարհային երկու բեւեռների՝ Արեւմոտքի ու Ռուսաստանի կողմից:

Բայց մի բան պիտի հստակորեն շարունակվի, Հայաստանն այլեւս այս կամ այն համաշխարհային ուղղությանը կցորդը պիտի չդառնա եւ պիտի շարունակի կառուցողական ուղին, համադրող եւ փոխլրացնող արտաքին քաղաքականությունը:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 32 (465), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։