Հայոց Ջավախքում՝բնականաբա՛ր որպես հայ – Ջավախքը՝ Հայաստանի եւ ամբողջ հայության խնդիրն է – համայն հայության հիմնախնդիրների օրակարգում պիտի լինի… Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորապես մտահոգված է Գումբուրդոյի իրավիճակով… Հայկական խաչքարի տեղադրումը կխոչընդոտի՞ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործին…

Դիմելով աշխարհասփյուռ ազգակիցներին (դիմումի որոշումն ընդունվել է համաջավախքյան քննարկումների արդյունքում՝ Մեծ համաժողովի նախօրեին)՝ ջավախահայերը ահազանգել են, որ արդեն տեւական ժամանակ է, ինչ խաթարված է Ջավախքի բնականոն զարգացման ընթացքը։

Հատկապես այս օրերին կրկին սրացումներ են լինում, երբ ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն են ընթանում հայոց Ջավախքում: 6 քաղաքներում առաջադրվել են 25 թեկնածուներ, որոնցից 14-ը հայ են: Հայեր են առաջադրվել ինչպես վրացական կուսակցությունների, այնպես էլ նախաձեռնող խմբերի կողմից: Եվ հենց այս օրերին նոր սադրանքի ականատեսն ենք լինում:

…«Մեր պատմական հայրենիքի այս հատվածի տարեգրությունը հնագույն ժամանակներից մինչեւ այսօր լի է դառնություններով։ Այստեղ «հյուրընկալվել» են պետություն նվաճողներ, ռազմատենչ ցեղեր,  պատմիչների տեղեկություններով՝ կազմակերպվել են սպանդներ, գերեվարվել ու տեղահանվել են բնիկ բնակչության ամբողջական հատվածներ եւ այլն։ Տարածաշրջանը վերջնականապես ազատագրվել է նախավերջին նվաճող պետությունից՝ Թուրքիայից, 1829թ.։ Ադրիանուպոլսի ռուս-թուրքական հաշտության պայմանագրով դարձել է Ռուսական կայսրության մաս։ 1918թ-ին եղել է վիճելի տարածք Հայաստանի ու Վրաստանի միջեւ։ Հայտնի իրադարձություններից հետո ջավախահայերի կամքին հակառակ՝ բռնակցվել է Վրաստանին։ 1991թ-ի մարտի 31-ին տեղի է ունեցել Վրաստանի անկախության հանրաքվեն, որին Հայաստանի այն ժամանավա իշխանությանների հորդորներով մասնակցել է նաեւ Ջավախքը եւ դարձել է նորանկախ Վրաստանի մաս։ Անկախության հռչակագրի հենքը Վրաստանի 1921թ. սահմանադրությունն էր, որը իրապես ապահովելու էր Ջավախքի բնականոն զարգացումը։  

Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, Վրաստանի իրար հաջորդող իշխանությունները եւ հատկապես Ջավախքում էթնոցիդի քաղաքականություն իրականացնող Միխայիլ Սահակաշվիլիի թիմը, խախտելով նշյալ սահմանադրության հիմնարար սկզբունքները, երկրի այս մասում հաստատելով հատուկ ծարայությունների հեգեմոնիա՝ հակասահմանադրական գործողություններով  (ինչպես ինքն էր խոստովանում, ի լուր աշխարհի տարածելով, որ իրենք այս ռեգիոնում «աշխատել» են ամեն մի ընտանիքի հետ) կասեցնում են մեր պատմության բնականոն ընթացքը։ Նրանք կարողացել են խթանել արտագաղթը՝ առաջին հերթին  խփելով մեր ինքնության հենասյանը՝ մեր մայրենիին՝ ընդունելով օրենքներ, որոնք դե-յուրե գործածությունից  դուրս են մղել այն (Հանրային ծառայողի մասին օրենքի 12-րդ հոդվածն ասում է, որ աշխատանքի են ընդունվում նրանք, ովքեր տիրապետում են վրաց լեզվին, Տեղական ինքնակառավարման օրենքի 9-րդ հոդվածով տեղական ինքնակառավարման մարմինների նիստոերը վարվում են բացառապես վրացերենով։ Կրթության մասին օրենքի 5-րդ հոդվածով՝ Վրաստանի հանրային դպրոցների դասավանդման լեզուն վրացերենը հայտարարելով եւ այլն)։ Եվ, ցավոք, այս օրենքները ընդունվել են հայ պատգամավորների մասնակցությամբ, ովքեր խորհրդարանում ընդունել են ջայլամի կեցվածք՝ առանց բացառության»:

Հրապարակելով դիմումի պատմական այս հատվածը՝ ցանկանում ենք հիշեցնել մեր իշխանություններին, որ պատմական այս մեծ բեռը միայն հայության մի հատվածի վրա չի կարելի թողնել, որովհետեւ, որեւէ հատված առանձին չի կարող լուծել ոչ մի հարց, առավել եւս, երբ գտնվում է այլ պետության հսկողության ներքո…

Շարունակելով դիմում-կոչը՝ նշենք, որ ջավախահայությունը իսկապես մեծ դիմադրությամբ է շարունակում հայ մնալ, ինչը ամեն կերպ խոչընդոտվում է: «Դեպի Եվրոպա գնացող Վրաստանի այս գործողությունները «չեն ուզում տեսնել» ժողովրդավար տերությունները։ Կոպտորեն խախտվում են երկրի միջազգային պարտավորությունները։ Առկա են էթնոցիդի դրսեւորումներ։ Մի խոսքով, այստեղ ցայսօր գործում է հանցագործ եւ հայատյաց Սահակաշվիլիի «մութ» սահմանադրությունը, որը բազմազգ Վրաստանի ընդունելի սահմանադրության բացահայտ մերժումն է:

Բազմազգ, բազմալեզու, բազմակոնֆեսիոնալ, բազմասեգմենտ հասարակություն ունեցող երկիրը գնում է ունիտար պետություն կառուցելու ճանապարհով։ Կարծում ենք, դա մեծ վտանգ է պարունակում։ Իհարկե, մեր տարածաշրջանում հայ-վրացական հարաբերությունների կայունությունը երաշխիք է մեր երկու քրիստոնյա ժողովուրդների հետագա բարեկեցության համար, բայց դա պետք է գիտակցվի երկուստեք։ Այս իմաստով թուրք-ադրբեջանական տանդեմը, իրոք, սպառնալիք է այնպիսի ռեգիոնում, ինչպիսին մերն է։ Ցավոք, վրաց իշխանությունները մատնացույց անելով նշյալ սպառնալիքը, խորամանկորեն մերոնց մղելով այդ ուղղությամբ դիմակայելու, իրենք շարունակում են իրենց հայաջինջ քաղաքականությունը։

Հաշվի առնելով այս մարտահրավերները՝ Ջավախքի կարեւորությունը Հայաստանի եւ ողջ հայության շահի տեսակետից՝ առաջարկում ենք մեր խնդիրը անհապաղ մտցնել համայն հայության հիմնախնդիրների օրակարգ։

Կոչ է հղված նաեւ Հայաստանի իշխանություններին՝ անհապաղ բանակցել Վրաստանի իշխանության հետ, այս ամենին վերջ տալու եւ ջավախահայությանը, նաեւ Վրաստանի ամբողջ հայությանը առանց խտրականության դրսեւորումների մոտենալու համար:

Վրաստանի իշխանություններին կոչով դիմել է նաեւ ջավախահայ գործիչ Վահագն Չախալյանը, որպեսզի միտումնավոր չհրահրվի ջավախահայ բնակչության դժգոհությունը: Նա դիմել է «Կոչ անդորրի» հրապարակումով: Հայտնելով իր մտահոգությունը՝ 2017թ. սեպտեմբերի 30-ին հայաբնակ Ջավախքում՝ Ախալքալաքի շրջանի Գումբուրդո համայնքում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, նա հայտնում է, որ պետական մարմինները պարտավոր են զերծ պահել տեղի հայությանը՝ տարածաշրջանը ապակայունացնող, խառնակիչ եւ պատեհապաշտ տարրերի վտանգավոր ու անհեռանկար սադրանքներից:

«Վերջին ամիսներին Վրաստանում հայության իրավունքների ոլորտում ինչպես նաեւ Վրաստան-Հայաստան հարաբերությունների շրջանակներում արձանագրվել է զգալի առաջընթաց: Հակառակ տեսանելի դրական ընթացքին, առիթ ենք ունեցել հայտարարելու, որ ջավախահայության եւ ընդհանրապես վրացահայության իրավունքների գծով բարեփոխումները դանդաղ են ընթանում ու չեն համապատասխանում հայ բնակչության ակնկալիքներին: Արդ, Վրաստանի իշխանություններին կոչ ենք ուղղում հավասարակշռված գործողություններով անմիջապես անդորր հաստատել Ջավախքում, սկսել կառուցողական երկխոսություն տարածաշրջանի հայ ղեկավարների հետ հանուն խաղաղության՝ հանուն մարդու եւ ազգային իրավունքների իրացման երաշխիքների ամրապնդման»:

Իսկ իրավիճակն ապակայունացնող տարրերին խորհուրդ է տրվել՝ չդառնալ թուրք-ադրբեջանական ծրագրերի գործիք եւ սեփական մանր շահերով չվտանգել բոլորի անվտանգությունը: «Հակառակ դեպքում համապատասխան քայլեր կձեռնարկվեն նրանց մեքենայությունները բացահայտելու եւ անդորրը վերականգնելու ուղղությամբ,- նշել է Վահագն Չախալյանը, եւ հավելել,- Ինչպես երեկ, նաեւ այսօր եւ վաղը մենք շարունակելու ենք պայքարել հանուն օրենքի, իրավունքի եւ խաղաղության, հանուն տարածաշրջանում անկախ եւ ուժեղ հայկական ու վրացական պետականությունների հարատեւման գերագույն նպատակի»:

Իմիջիայլոց, նախորդ տարի Վահագն Չախալյանը, ով երկար տարիներ բանտարկվել է ազգային գործունեության համար, արդեն իսկ անհանգստացած էր եւ նոր կոչով կարեւորել էր հայության համախմբվախությունն ու ինքնության պահպանումը: Իսկ Արցախի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ջավախահայությանը կոչ էր արել Արցախ մեկնելու: «Այսօր Ջավախքում գործող կառույցները եւ հանրությունը համախմբված եւ միասնական են ավելի քան երբեւէ: Հարյուրավոր ջավախահայ երիտասարդներ պատրաստ են Արցախ մեկնելու առաջին իսկ անհրաժեշտության դեպքում: Ջավախահայությունը, ինչպես համայն հայությունը, իր ամբողջ հնարավորություններով ու կարողություններով, այսօր էլ արցախահայության կողքին է՝ պատրաստ իր մասնակցությունը բերել հայկական զույգ պետությունների անվտանգության եւ սահմանների անձեռնմխելիության սուրբ գործին»:

Այսօր էլ ջավախահայությունը խնդիր ունի, այն պատերազմական չէ, բայց հայապահպանության տեսանկյունից անչափ կարեւոր է, ուստի համայն հայությունը պիտի լսի Ջավախքի ձայնը…

Ամեն տարի կարեւոր միջոցառումներ են անցկացվում Հայաստանում, որոնց նշանաբանը կարելի է հնչեցնել այսպես՝ շարունակել ապրել Ջավախքում որպես հայ: Իսկ որպես հայ ապրելու համար պետք է լուծվի կրթական խնդիրը, կրթական ծրագիրը պետք է լինի հայերեն, ինչի դեմ էլ այսօր Վրաստանում գործում են պետականորեն…

Նախկին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նախարար եղած ժամանակ նշել էր, որ հայկական դասագրքերի հարցը Ջավախքում միշտ քաղաքականացվելու միտում ունի: Բերելով 2015թ. տվյալները (իսկ այս տարիներին շատ բան չի փոխվել), նա նշել էր, որ առաջին ուսումնական կիսամյակի ավարտին՝ 2015թ. տարեվերջին Վրաստանի 135 հայկական դպրոցները Հայաստանից վերջապես ստացան հայոց լեզվի եւ գրականության 5265 դասագիրք եւ տետրեր: Ամանորից առաջ նախկին նախարարը խոսել էր շատ բաց. թե սա այն թեմաներից  է, որտեղ ավելի շատ պետք է աշխատել, քան խոսել: «Եթե խոսենք Ջավախքի կրթական հիմնախնդիրների մասին՝ շատ ազնիվ ու բաց, կարծում եմ՝ պետք է անջատել տեսախցիկը, այնպես, ինչպես ես եմ անում իմ բարեկամների, ջավախահայ մեր մասնագիտական, հասարակական շրջանակների հետ»…

Հուսանք, որ վրացական կողմի հետ այս եւ այլ հարցերի մասին կխոսի նախագահ Սերժ Սարգսյանը, ով մասնակցեց Բավրայի նորակառույց սահմանային անցման կետի բացման արարողությանը: Բավրայի անցակետի շահագործմամբ ամբողջանում է Հայաստանի հյուսիսային մաքսային դարպասների արդիականացման ծրագիրը: Այս անցակետը վերջին շրջանում շահագործման հանձնված 3-րդ ժամանակակից կառույցն է՝ Բագրատաշենի եւ Գոգավանի արդիականացված անցակետերից հետո:

Բավրայի նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությանը միջազգային տարբեր ներկայացուցիչների հետ մասնակցել է նաեւ Վրաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Դիմիտրի Կումսիշվիլիի գլխավորած պատվիրակությունը:

Արման Դավթյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորապես մտահոգված է Գումբուրդոյում ստեղծված իրավիճակով

Վերջին օրերին ամենքի ուշադրությունը սեւեռված է Ջավախքի Գումբուրդո գյուղին, ուր տեղ են գտել բախումներ հայերի եւ վրաց ջոկատայինների միջեւ: Առճակատման պատճառը հայկական խաչքարի տեղադրումն էր: Ստեղծված իրավիճակի առնչությամբ ասել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն Տ. Վահրամ քահանա Մելիքյանը:

Այն, ինչ տեղի ունեցավ Ջավախքի Գումբուրդո գյուղում, ցավալի է: Կատարվածի առնչությամբ խորապես մտահոգված է Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ մեր ժողովուրդը: Խնդիրը հետեւյալն է: Գումբուրդո գյուղի եկեղեցու շրջակայքում ամփոփված են եղել ննջեցյալներ: Վերջին շրջանում վերանորոգման շինարարական աշխատանքներ են իրականացվել, որոնց ընթացքում գերեզմանները քանդվել եւ ննջեցյալների աճյունները շինարարական մնացորդների հետ տեղափոխվել են այլ վայր: Տեղեկանալով այս մասին՝ գյուղացիները երեք տասնյակից ավելի պարկերի մեջ հավաքել են աճյունները եւ ամփոփել եկեղեցու տարածքում՝ ցանկանալով նաեւ վերահուղարկավորման վայրում կանգնեցնել խաչքար: Խաչքարի տեղադրումն արգելվել է իրավապահների կողմից, ինչը պատճառ է դարձել այս տհաճ միջադեպի եւ որոշակի լարվածություն առաջ բերել:

Խաչքարի տեղադրման հարցը երկար ժամանակ է, որ բերված է վրաց կողմի ուշադրության: Այս կապակցությամբ ինչպես վրաց իշխանությունների, այնպես եւ Վրաց եկեղեցու ներկայացուցիչների հետ քննարկումներ են տեղի ունեցել Վիրահայոց թեմի ներկայացուցիչների մակարդակով: Հարցն արծարծվել է նաեւ սեպտեմբերի 22-ին Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարար Միխեիլ Գիորգաձեի հանդիպմանը:

Վիրահայոց թեմի առաջնորդը շարունակում է հանդիպումները վրացական իշխանությունների եւ եկեղեցու ներկայացուցիչների հետ՝ հանդարտության մեջ խնդիրը բարվոք լուծման առաջնորդելու եւ լարվածությունը թուլացնելու համար: Հույս ունենք, որ վրաց իշխանությունների, Վրաց Ուղղափառ Եկեղեցու եւ հայոց թեմի համատեղ ջանքերով խնդիրը կկարգավորվի եւ Գումբուրդոյի մեր ժողովրդին հնարավորություն կընձեռնվի, ազգային ընկալյալ ավանդույթի համաձայն, պատշաճ հարգանք դրսեւորել իրենց ննջեցյալների նկատմամբ:

Խաչքարի տեղադրումը կխոչընդոտի՞ ՅՈՒՆԵՍԿՕ-ին

Վրացական իշխանությունները Գումբուրդոյի հայկական եկեղեցին ցանկանում են որպես պատմամշակութային արժեք ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ եւ խաչքարի տեղադրումը դրան խոչընդոտ կհանդիսանա.- ասել է Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ՝ Տեր Տաթեւ քահանա Մարուքյանը։ Նրա խոսքով, վրացական կողմը պնդում է, որ ոսկորները հողի մակարդակի վրա են թաղվել, իսկ շինարարական աշխատանքների արդյունքում այդ մակարդակը պիտի իջնի, եւ հետագա շինարարական աշխատանքների արդյունքում կարող է խաչքարի դուրսբերման խնդիր առաջանալ։ Այսինքն, ոսկորների ավելի խորը մակարդակում թաղելուց հետո միայն հնարավոր կլինի խաչքարի տեղադրումը։

Ավելին, վրացական Հաշտության եւ հավասարության փոխնախարարը հայտարարել է, որ վրացական կողմը պատրաստակամ է ժողովրդի պահանջը բավարարել. «Քանի որ եկեղեցու ամբողջ տարածքը հանդիսանում է վրացական պատրիարքարանի սեփականություն, պետությունը, միանշանակ, իրավաբանական կողմով պիտի պաշտպանի վրացական  պատրիարքարանի շահերը։ Վերջնական որոշումը՝ Վիրահայոց թեմը պիտի տա, իսկ բավարարումը կարող է լինել պատրիարքարանի բարի կամքի դրսեւորում»,- նշել է Տեր Տաթեւ քահանան։

Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Սրբազանը եւ Ջավախքի եւ Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Բաբկեն վարդապետը վրաց պատրիարքարանում հանդիպում են ունեցել պատրիարքության, ինչպես նաեւ վրացի մի քանի պաշտոնյաների հետ, որպեսզի կատարված դեպքերի հետ կապված բանակցություններ ընթանան։ Այդ բանակցությունների մասին հանդիպում պիտի տեղի ունենա Գումբուրդո գյուղի բնակիչների հետ։ Այժմ սպասվում է աշխատանքային խմբի ձեւավորում այդ հարցերը քննարկելու, ինչպես նաեւ ստեղծված իրավիճակից լուծումներ եւ ելքեր գտնելու համար։

http://www.hayary.org/wph/?p=6563Վրաստանի հակահայ ուժերը սադրում են – Հայ-վրացական հարաբերությունները մեծամասամբ դրական միտում չեն ունեցել, ինչը պատմական արմատներ ունի… Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, թե՞ Իրան-Հայաստան-Վրաստան տարածաշրջանային եռյակ… Թուրքամետ խառնավրացիները իշխում են նաե՛ւ վրացիներին, իսկ հայերի հետ բախման պատճառ չկար, բայց բախումը եղավ – ովքե՞ր են այդ սադրիչները…

http://www.hayary.org/wph/?p=6588Լինե՛նք ջավախքցիների եւ վիրահայության կողքին – 1.- Գյումբուրտա. միջադեպի իմաստասիրությունը – Ո՞վ է հակահայկական քայլերի համակարգողը… Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները իրենց հայրենակիցներին սատար չեն կանգնում եւ մենակ են թողնում այս ճակատագրական պահին… Ընդգծենք, որ այստեղ վրացիներ ընդհանրապես չեն բնակվել…

http://www.hayary.org/wph/?p=6587Լինե՛նք ջավախքցիների եւ վիրահայության կողքին – 2.- Գումբուրդոյում խաչքար կկանգնեցվի 3 տարի հետո –Ինչպիսի՞ն կլինեն մինչ այդ հայ-վրացական հարաբերությունները… Սա համահունչ է նաեւ Եվրոպա-Ասիա (րան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծովով Եվրոպա կամ վրաց-ռուսական սահմանով՝ նաեւ Ռուսաստան կապուղիները) կամ «Մետաքսի հին ճանապարհի»՝ Չինաստան-Եվրոպա վերագործարկման նպատակների հետ…

http://www.hayary.org/wph/?p=6586Լինե՛նք ջավախքցիների եւ վիրահայության կողքին – 3.- Վիրահայոց թեմը հաստատում է՝ տաճարի նկատմամբ հավակնություն չունի եւ այն համարվում է վրացական… Նախնիների գերեզմանի նկատմամբ հարգանքն անվիճելի է, բայց… Հիմա էլ Գումբուրդոյի եկեղեցու պատկանելությա՞ն հարցը զիջել… առաջիկայում հայ-վրացական հարաբերությունների օրակարգ կառաջադրվի…

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 35 (468), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։