Լինե՛նք ջավախքցիների եւ վիրահայության կողքին – 2.- Գումբուրդոյում խաչքար կկանգնեցվի 3 տարի հետո –Ինչպիսի՞ն կլինեն մինչ այդ հայ-վրացական հարաբերությունները… Սա համահունչ է նաեւ Եվրոպա-Ասիա (րան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծովով Եվրոպա կամ վրաց-ռուսական սահմանով՝ նաեւ Ռուսաստան կապուղիները) կամ «Մետաքսի հին ճանապարհի»՝ Չինաստան-Եվրոպա վերագործարկման նպատակների հետ…

Հոկտեմբեր առաջին շաբաթվա վերջում Գումբուրդոյի (ոչ վրացականացված՝ հայկական անունը՝ Գյումբուրտա) միջադեպից հետո ձեւավորված աշխատանքային խումբը քննարկել ու եկել է համաձայնության, որ եկեղեցու վերանորոգման աշխատանքները վերջացնելուց հետո, շուրջ 3 տարի կտեւի, ոսկորները կթաղվեն եկեղեցու բակում եւ կկանգնեցվի խաչքար: Աշխատանքային խումբը ձեւավորվել էր միջադեպից 2 օր անց, որպեսզի քննարկի ու լուծում գտնի գյուղի բնակիչների բարձրացրած պահանջի վերաբերյալ: Այդ խմբի մեջ են՝ թե՛ աշխարհիկ պաշտոնյաներ, թե՛ հոգեւորականներ, թե՛ գումբուրդոցիներ:

Փաստորեն, որոշում ընդունվել է եւ ոսկորները նորից կթաղվեն եկեղեցու բակում, տապանաքար-հուշաքար էլ կկանգնեցվի հավաքական գերեզմանի վրա, սակայն ինչ կլինի 3 տարի հետո, դժվար է կռահել… Վրաստանի պարագայում դա հավասարազոր է 3 տարի անց ամեն բան նորից կրկնվելու տարբերակին, եթե իհարկե հայ-վրացական հարաբերությունները այլ ընթացքով չզարգանան, ինչպես Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծովով Եվրոպա կամ վրաց-ռուսական սահմանով՝ նաեւ Ռուսաստան կապուղիները: Սա համահունչ է նաեւ Եվրոպա-Ասիա կամ «Մետաքսի հին ճանապարհի»՝ Չինաստան-Եվրոպա վերագործարկման նպատակների հետ…  

Դառնալով աշխատանքային խմբի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությանը, նշենք, որ այն Գումբուրդոյի բնակչությանն անձամբ ներկայացրել է Վիրահայոց թեմի առաջնորդը: «Մեր համայնքի բարձրացրած երկու հարցերը ունեցել են դրական լուծում: Առաջինը, որ մեր նախնիների ոսկորները, առաջին հերթին այստեղ հայերի ոսկորներ են, բնական է այս տաճարը հազար տարի կա, կարող է լինել եւ վրացիների ոսկորներ: Ուրեմն այս ոսկորների հարցը լուծված է, այս ոսկորները մեր նախնիների, մեր քահանաների, մեր պապերի, թաղվելու են այստեղ, եկեղեցու բակում: Մարդկային բարոյական հարց կա, որովհետեւ ոսկորները այդտեղ են եղել եւ այդտեղ էլ պիտի թաղվի»,- բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազեն եպիսկոպոս Միրզախանյանը:

Միաժամանակ հավելել է, որ տաճարի նորոգման ամբողջ ընթացքում կարող է շինարարները մինչեւ 1,5-2 մետր հողի մակարդակից իջեցնեն ներքեւ, որպեսզի հետազոտական աշխատանքներ տարվեն: «Եթե մինչեւ հիմա 45 պարկ ոսկոր է դուրս եկել, հետո կարող է ավելի շատանալ: Ամեն անգամ չենք տանելու թաղելու, առաջարկում ենք Վրաստանի պատրիարքի երաշխիքով, պետության երաշխիքով, եւ մեր երաշխիքով, որ այստեղից մեր ոսկորները հանենք մի հարմար տեղ պահենք: Բայց պիտի տեղը սարքենք նորմալ եւ բոլոր ոսկորները մի տեղ հավաքենք: 2 կամ 3 տարվա ընթացքում, երբ որ ավարտվի ու սկսվի բարեկարգումը, տեղ է հատկացվելու, որտեղ մենք բերում ենք հավաքված ոսկորները եւ թաղում, Աստված ողորմի իրենց ոսկորներին»,- վստահեցրեց թեմակալ առաջնորդը:

Անդրադառնալով խաչքար կանգնեցնելու խնդրին, որը հենց սեպտեմբերի 30-ին տեղի ունեցած իրադարձությունների բուն պատճառն է, հոգեւոր առաջնորդն ասաց, որ տապանաքար կլինի, բայց թե ինչ տեսք կունենա այն, դեռ չեն կարող ասել: Նշենք նաեւ, որ եկեղեցու բակում հավաքված ավելի քան 30 մարդ իրենց համաձայնությունն են տվել, որպեսզի պայմանագիր կնքվի՝ որպես երաշխիք: Եվ իրենք կսպասեն մինչեւ եկեղեցու վերականգնման աշխատանքների ավարտը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղի բնակիչները ցանկացել էին 10-րդ դարի եկեղեցու բակում խաչքար տեղադրել, որտեղ վերաթաղվել են նախնիների ոսկորների մնացորդները, բայց ոստիկանությունը նրանց թույլ չէր տվել մտնել եկեղեցու բակ՝ ասելով, որ նման հրահանգ ունեն: Գյուղի բնակիչների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին եղել: Վրաց պատրիարքարանում քննարկվել է Գումբուրդոյի խնդիրը: Այս մասին «Լուսանցք»-ը գրել է իր նախորդ համարում:

Հիշեցնենք նաեւ, որ Գումբուրդոյի հայ բնակչության նկատմամբ կիրառված ուժն անհամաչափ էր համարվել մի շարք պաշտոնյաների եւ մասնակիցների կողմից, տասնյակ հայեր էին տուժել, հայտնվել հիվանդանոցում, նաեւ ձերբակալվել, ապա ազատ արձակվել: Վիրավորվել էին նաեւ ոստիկաններ:

Այս մասին ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը եւս խոսել էր՝ անդրադառնալով գյուղում տեղի ունեցած իրադարձություններին, հարցը ներկայացնելով խորհրդարանականներին:

Իսկ ջավախցի գործիչ Վահագն Չախալյանը կոչ էր հղել ջավախքահայությանը՝ համախմբվել, զսպվածություն դրսեւորել, տուրք չտալ խառնակիչ սադրանքներին, ապա մեկաբանել էր, որ այս միջադեպը նախահիմք ունի, որ գալիս է հայ-վրացական հարաբերությունների՝ վրացական կողմի աղճատումներից: Հանդարտեցնող գործունեությանը նպաստեցին նաեւ Հայաստանի ու Վրաստանի իրավախահ մարմիններն ու ՄԻՊ գրասենյակները՝ համագործակցելով պայմանավորվածությունների շրջանակներում:

Արտակ Հայոցյան

http://www.hayary.org/wph/?p=6588Լինե՛նք ջավախքցիների եւ վիրահայության կողքին – 1.- Գյումբուրտա. միջադեպի իմաստասիրությունը – Ո՞վ է հակահայկական քայլերի համակարգողը… Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները իրենց հայրենակիցներին սատար չեն կանգնում եւ մենակ են թողնում այս ճակատագրական պահին… Ընդգծենք, որ այստեղ վրացիներ ընդհանրապես չեն բնակվել…

http://www.hayary.org/wph/?p=6586Լինե՛նք ջավախքցիների եւ վիրահայության կողքին – 3.- Վիրահայոց թեմը հաստատում է՝ տաճարի նկատմամբ հավակնություն չունի եւ այն համարվում է վրացական… Նախնիների գերեզմանի նկատմամբ հարգանքն անվիճելի է, բայց… Հիմա էլ Գումբուրդոյի եկեղեցու պատկանելությա՞ն հարցը զիջել… առաջիկայում հայ-վրացական հարաբերությունների օրակարգ կառաջադրվի…

http://www.hayary.org/wph/?p=6563Վրաստանի հակահայ ուժերը սադրում են – Հայ-վրացական հարաբերությունները մեծամասամբ դրական միտում չեն ունեցել, ինչը պատմական արմատներ ունի… Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, թե՞ Իրան-Հայաստան-Վրաստան տարածաշրջանային եռյակ… Թուրքամետ խառնավրացիները իշխում են նաե՛ւ վրացիներին, իսկ հայերի հետ բախման պատճառ չկար, բայց բախումը եղավ – ովքե՞ր են այդ սադրիչները…

http://www.hayary.org/wph/?p=6562Հայոց Ջավախքում՝բնականաբա՛ր որպես հայ – Ջավախքը՝ Հայաստանի եւ ամբողջ հայության խնդիրն է – համայն հայության հիմնախնդիրների օրակարգում պիտի լինի… Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորապես մտահոգված է Գումբուրդոյի իրավիճակով… Հայկական խաչքարի տեղադրումը կխոչընդոտի՞ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործին…

«Լուսանցք» թիվ 37 (470), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։