Վրաստանի հակահայ ուժերը սադրում են – Հայ-վրացական հարաբերությունները մեծամասամբ դրական միտում չեն ունեցել, ինչը պատմական արմատներ ունի… Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, թե՞ Իրան-Հայաստան-Վրաստան տարածաշրջանային եռյակ… Թուրքամետ խառնավրացիները իշխում են նաե՛ւ վրացիներին, իսկ հայերի հետ բախման պատճառ չկար, բայց բախումը եղավ – ովքե՞ր են այդ սադրիչները…

Հոդվածի բուն էությանն անցնելուց առաջ՝ կարեւոր ենք համարում մի փոքր պատմական անդրադարձ անել:

Հայ-վրացական հարաբերությունները մեծամասամբ դրական միտում չեն ունեցել, ինչը պատմական արմատներ ունի: Վրաստանն իրեն ավելի լավ է զգացել Հայաստանի հարեւանների հետ ընկերակցելով, հատկապես, երբ նրանք հարձակվել են Հայաստանի վրա …  որպեսզի անկաշկանդ օգտվի հայկական տարածքներից ու բնական եւ այլ հարստություններից:

Վերջին հարյուրամյակներում ոչինչ էապես չի փոխվել, միայն հարեւաններն են փոխվել, ու Վրաստանը հիմա էլ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ է դաշնակցում, քանի որ այդ երկրների նման զավթարար քաղաքականություն է վարել (դեռ վարում են բոլոր երեքն էլ) Հայաստանի նկատմամբ եւ վախենում է միայնակ մնալ պատասխան տալու պահին…

Երբեմն Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ են ստեղծվել, երբ հատկապես զավթարարները ցանկացել են Հայաստանից հետո տիրել Վրաստանին… Մենք ընդդիմանալով մեր թշնամիներին, կամա թե ակամա, պատսպարել ենք Վրաստանին ներխուժումներից՝ առաջին հարվածը եւ հակառակորդին թուլացնելը վերցնելով մեզ վրա, անգամ եթե պարտվել ենք…

Սա հարյուրամյակների փորձ ունի: Բայց վրացիների շնորհակալությունը հաճախ է ավարտվել անբնական՝ թուրք-ադրբեջանական ոտնձգություննեից թուլացած Հայաստանից որոշ պատառիկներ էլ Վրաստանն է սեփականացրել, քանի որ հայերն այլեւս դիմադրելու ուժ չեն ունեցել մի քանի ճակատով կռվելուց հետո: Հայկական հողերի մի մասը դեռ Վրաստանի կազմում են՝ Լոռվա մի հատվածը, Ջավախքը եւ այլն:

Եվ ահա, մոտ 30 տարի ԽՍՀՄ փլուզումից հետո, Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եղբայրությունը (երեք երկրներն էլ հայտարարել են եղբայրական դաշինքի մասին) շրջափակման մեջ է պահում Հայաստանին՝ ամեն կերպ վնասելով տարածաշրջանում Հայաստանով անցնելու միտում ունեցող միջազգային նշանակության ենթակառուցվածքների ծրագրերը:

Այստեղ կանգ առնենք ու կտրուկ շրջադարձ անենք:  

Փոխվել են միջազգային ասպարեզում օրակարգի որոշ հիմնահարցեր, եւ Արեւմուտքը, այս պահին առավելապես Եվրոպան, ցանկանում է Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում փոխել հիմնական խաղացողներին, այն երկրներին, որոնք արդեն որպես գերտերությունիկներ սկսել են հակադրվել համաշխարհային հայտնի ուժերին:

Եվ միտում կա, որ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա տարածաշրջանային եռյակին կարող է փոխարինել Իրան-Հայաստան-Վրաստան եռյակը, ինչպես տարածաշրջանային հարցերի կարգավորման, այնպես էլ Եվրոպա-Ասիա ենթակառուցվածքների խաչմերուկը հսկելու, աշխարհամասերի միջեւ կապերն ամրապնդելու առումով: Սա իրականանալի տարբերակ է, քանզի եվրոպական առաջատար երկրներ Գերմանիան ու Ֆրանսիան, ինչպես նաեւ ասիական առաջատարը՝ Չինաստանը, համաձայնել են եւ արդեն կան նախագծեր, ինչպես հին «Մետաքսի ճանապարհ»-ը՝ Չինաստանից-Եվրոպա, կամ իրանյան գազի ու նավթի արտահանումը Եվրոպա…

Այստեղ էլ կանգ առնենք ու անցնենք բուն թեմային: Այս փոփոխությունները վստահաբար դուր չեն գալիս Վրաստանի վերնախավի այն հատվածին, որը վաղուց օգտվում է ադրբեջանական ու թուրքական հայտնի կաշառատվությունից եւ պարտավորված է նաեւ պահպանել թուրք-ադրբեջանցիների հետ եղբայրությունը:

Սա հակահայ այն հատվածն է, այսօր նաեւ նրանց ժառանգները, որը ձեւավորվել է ԽՍՀՄ տարիներին, երբ հայաձուլման քաղաքականություն էր գնում ոչ միայն Թուրքիայում եւ Ադրբեջանում, այլեւ՝ Վրաստանում: Հայերին պաշտոններ տալու կամ բարեկեցիկ կյանքից օգտվելու համար շատ բան պետք չէր … միայն պիտի ազգափոխություն լիներ՝ ազգանվան փոփոխությամբ, Սահակյանը պիտի Սահակաշվիլի դառնար, Գեւորգյանը՝ Գեորգաձե, Գաբոյանը՝ Գաբելիա եւ այլն… Եվ սա կրկնվում էր հազարավոր անգամներ: Սրա անունը «սպիտակ» ցեղասպանություն է:

Հիմա այս խառնավրացի հատվածը, անգամ վրացիներին են իշխում սրանք, փորձում է ամեն ինչ անել Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծով-Եվրոպա կապը անհնարին դարձնելու եւ վերափոխման ենթակա թուրք-ադրբեջանա-վրացական եղբայրական կապը պահպանելու համար: Ինչպես նշեցինք՝ այստեղ ոչ միայն անձնական շահն է, այլեւ հայատյաց լինելու հանգամանքը: Սա պետք է հաշվի առնեն նաեւ Վրաստանի եւ Հայաստանի իշխանությունները, եթե իհարկե, Վրաստանի իշխանություններն էլ հենց կանգնած չեն այս ամենի հետեւում…

Սա պիտի հաշվի առնեն նաեւ՛ Իրանում եւ՛ եվրոպական երկրներում:

* * *

Գումբուրդո գյուղի բնակիչների եւ ուժային կառույցների լուրջ հակամարտության ականատեսը եղանք օրերս: Alig.ge-ն գրում է, որ հատկանշական է, որ ինչպես վրաստանյան, այնպես էլ հայաստանյան լրատվամիջոցները իրադարձությունը լուսաբանելիս նշում են, թե միջադեպը տեղի է ունեցել հայ գյուղացիների եւ վրաց ոստիկանների միջեւ, («Էթնիկ հայերի առճակատումը վրաց ոստիկանների հետ», «Գումբուրդոյի հայ բնակչության եւ ոստիկանության միջեւ միջադեպ է տեղի ունեցել», «Ջավախքում բախումներ են տեղի ունեցել հայերի ու ոստիկանների միջեւ» եւ այլն), մինչդեռ տեղում աշխատող Jnews լրատվականի լրագրող Աղունիկ Այվազյանը նշում է, որ երկու կողմից էլ եղել են եւ՛ վրացիներ, եւ՛ հայեր:

Սա այն մեխն է, ինչի մասին խոսեցինք վերեւում, խառնավրացի թուրքա-ադրբեջանամետ կլանը փորձում է հայ-վրացական հակամարտությունը հասցնել թշնամանքի, հասնել Հայաստանի մեկուսացմանը, որպեսզի Եվրոպան այլեւս Վրաստանին չկարողանա պարտադրել Իրանի ու Հայաստանի հետ աշխատել եվրոպական ուղղությամբ: Գուցե վրացական իշխանություներին հետաքրքրի, թե ինչպես են Բաքվից կաշառել եվրոպական պաշտոնյաներին անգամ, որպեսզի գիտակցեն, թե ինչ կարող է լինել Վրաստանի հետ, եթե… Իսկ ադրբեջանցիները իրենց ամենեւին վատ չեն զգում Վրաստանում, անգամ Մառնեուլի շրջանն են ցանկանում Ադրբեջանին կցել… թուրքերն էլ արդեն տեղավորվել են Բաթումում, վաղուց Աջարիայի վրա աչք ունեն, եւ փորձում են Ջավախքով առաջանալ ու սահմանակից դառնալ Ադրբեջանին…

Վրաստանի եւ Հայաստանի իշխանությունների եւ հոգեւոր հայրերի միջեւ նախնական պայմանավորվածություն է եղել, որ թույլ կտան Վրաստանի մշակույթի նախարարության կողմից վերանորոգվող հայկական եկեղեցու բակում խաչքար տեղադրել: Բայց, ըստ «Վիրք» չգրանցված կուսակցության համանախագահ Դավիթ Ռստակյանի՝ Ջավախքի Գումբուրդո քաղաքում տեղի ունեցած բախումները հենց այդ պայմանավորվածությունը խախտելու պատճառով էր: «Ինչպես գիտեք, վերանորոգման ժամանակ վրացական կողմն ավիրել էր հայերի գերեզմանոցը, դրանից հետո մերոնք որոշել էին եղբայրական գերեզմանոց սարքել՝ տեղադրելով խաչքար եկեղեցու բակում: Խոսակցություններ կային, որ ընտրություններից հետո կթողնեն տեղադրել խաչքարը, բայց թույլ չէին տալիս»:

Եվ ջավախահայեն էլ որոշել են գնալ ու խաչքարը տեղադրել: «Խնդիրը ոչ թե խաչքարն է, այլ եկեղեցու պատկանելությունը: Վրացական կողմը ցանկանում է եկեղեցին իրենով անել»,- ասել է Դավիթ Ռստակյանը: Սա եւս նորություն չէ. ոչ միայն Վրաստանում, այլեւ Անիի հազար ու մի եկեղեցիների շարքում են վրացիները «իրենց» եկեղեցիները գտնում եւ Թուրքիան սիրով թողնում է այն վերանորոգել՝ այսինքն՝ վրացականացնել…

Խաչքար տեղադրելու շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ հատուկջոկատայինները օդ են կրակել եւ մահակներով դաժանաբար ծեծել են հայերին, որոնց նույնիսկ թույլ չեն տվել մտնել եկեղեցի եւ մոմ վառել՝ հայտարարելով, թե նման հրահանգ ունեն: Փաստորեն, այս մի հայկական եկեղեցին էլ են Վրաստանի իշխանություններն ամեն գնով փորձում դարձնել վրացական:

«Ոստիկանների կողմից կիրառված բռնության հետեւանքով շատ հայեր են տուժել, նույնիսկ կան հայեր, որոնք գլխի շրջանում լուրջ վնասվածքներ են ստացել: Բախումներից հետո նաեւ հայեր են ձերբակալվել: Այստեղ է ժամանել Ներքին գործերի նախարարը, հույս ունենք, որ իրավիճակը կհանդարտվի»,- մի շարք գործիչների եւ լրատվամիջոցների հետ ահազանգում էր նաեւ Դավիթ Ռստակյանը: Ջավախահայերին զայրացրել էր, որ չեն թույլատերել իրենց նախնիների ոսկորների վերաթաղման տեղում՝ 10-րդ դարի վերակառուցվող եկեղեցու բակում, խաչքար տեղադրել, ինչը նրանք սրբապղծություն են համարել: jnews.ge –ի հաղորդմամբ, Ախալքալաքի հիվանդանոցում են հայտնվել նաեւ ոստիկանության 4 աշխատակից, նրանց վիճակը գնահատվել է ծանր: Նրանք տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել՝ բնակիչների հետ բախման հետեւանքով:

Ըստ տվյալների, վնասվածք է ստացել նաեւ պատգամավոր Մկրտիչ Մղդեսյանը: Միջադեպի վայրում բանակցություն է վարել նաեւ Վրաստանի խորհրդարանի մեկ այլ պատգամավոր՝ Սամվել Մանուկյանը: Վրաստանի ՆԳ նախարար Գիորգի Մգեբրիշվիլին ժամանել է Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղ: Նա եկել էր գյուղի 10-րդ դարի եկեղեցու տարածքում բանակցություններ վարելու տեղի բնակիչների հետ, ովքեր ցանկացել էին խաչքար տեղադրել եկեղեցու բակում, քանի որ հավաքված գյուղացիները չեն հեռացել: Տեղի ունեցածի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ 353-րդ, 187-րդ հոդվածի 1-ին, 239-րդ հոդվածի 2-րդ մասով:

Հայաստանի խորհրդարանականները եւ այլ պաշտոնյաներ եւս փորձել են միջամտել ու բացառել բախման ծավալումը: ՀՀԿ պատգամավոր  Վահրամ Բաղդասարյանն ազգամիջյան չի համարում այս միջադեպը եւ կարծում է, որ «այդտեղ եղել է անհամաձայնություն, պարզապես զուտ քաղաքացիական վեճ»: Ըստ նրա, այս պահի դրությամբ հարցը գտնվում է հոգեւոր դաշտում, իսկ հոգեւորականները կարողանում են հարցը հանգիստ լուծել, համենայնդեպս հայերի եւ վրացիների բախումները քաղաքական պատճառներ չունեն: «Իհարկե, վիճաբանությունը բավականին երեւի տաքարյուն է եղել, երիտասարդներ են եղել, տաքարյուն, վիճաբանությունը մի քիչ տհաճ հետեւանքներ է ունեցել, այդ կապակցությամբ Վրաստանի ՆԳ նախարարը, անվտանգության տեղակալը ժամանել են գյուղ»,- նշել է ՀՀԿ պատգամավորը:

Եթե մի պահ ընդունենք, որ այս դեպքում հայերի ու վրացիների բախումները քաղաքական պատճառներ չունեն, ապա հարց կծագի. իսկ ովքե՞ր են շահագրգռված, որ նման բախումներ լինեն, այն էլ՝ աղմկալից ընթացքով: Իրականում հայկական կողմից ոչ մի բախման պատճառ չկար, բայց… բախումը եղավ: Սա՛ պետք է հասկանալ եւ այն դիտարկել սադրանքի տեսանկյունից: Եվ ովքե՞ր են այդ սադրիչները:

Ասում են՝ վերջին խոսքը պատկանում է հոգեւոր առաջնորդներին, բացառված չէ, որ վրացահայ թեմի առաջնորդը հանդիպի Վրաստանի ուղղափառ եկեղեցու առաջնորդի կամ նրա ներկայացուցչի հետ վերջնական պայմանավորվածության համար: Մարդիկ անդրադարձել են նաեւ Վրաստանում Հայաստանի դեսպանի նշանակման հետ կապված խնդրին. «Մենք ունենք աշխատող դեսպան, ով ունի հիվանդություն եւ այդ պատճառով  շատ ակտիվ չի կարողանում լինել»,- ասում են ջավախահայերը, մինչդեռ հայտնի է, որ Հայաստանի դեսպանի ագրեմանը 4 ամիս է Թբիլիսին չի ընդունում: Վրացական կողմի փորձագետները նշում են, որ Հայաստանի իշխանությունները պետք է հասկանան, որ վրացական կողմը խնդիր է տեսնում դեսպանի թեկնածու Սերգեյ Մինասյանի անձի հետ կապված եւ նոր դեսպան նշանակելու ժամանակն է: Այս մասին խոսել է այժմ Վահրամ Բաղդասարյանը, ով դեսպանի փոփոխության մասին տեղեկություններ դեռ չունի:

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պատրաստվում է Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրելուց հետո հանդես գալ հայտարարությամբ: jnews.ge-ի հաղորդմամբ այս մասին հայտարարել է Վրաստանի ՄԻՊ Ուչա Նանուաշվիլին: «Մենք պատրաստվում ենք ուսումնասիրել գործը, այդ թվում՝ թե գործընթացում որքանով էին պաշտպանված քաղաքացիների իրավունքները: Առաջիկայում խնդրի վերաբերյալ հայտարարություն կտարածենք: Որքանով ինձ է հայտնի, հավանական է, որ տեղի է ունեցել հանցագործություն»,- հայտարարել է նա: Բախումների հետեւանքով ախալքալաքցիներ էին ձերբակալվել, որոնք հետո ազատ են աարձակվել, ջավախքցիների ու վրացի ոստիկանների բախումների հետեւանքով կան նաեւ վիրավորներ, եւ այս ամենը նույնպես պիտի հետաքրքրի Վրաստանի ՄԻՊ-ին եւ իրավապահ մարմիններին, ինչպես այն փաստը, որ Գումբուրդոյի եկեղեցու բակից դուրս են հանվել այն հայերը, որոնք եկել էին իրենց նախնիների վերաթաղված ոսկորներին այցի, եւ նրանց հիշատակի համար խաչքար տեղադրելու:

Իսկ Հայաստանի եւ Վրաստանի իշխանություններին պիտի հուզի, թե ինչ ուժեր կան Վրաստանում, որ նման քայլերով դեռ կփորձեն խոչընդետել Իրան-Հայաստան-Վրաստան եռակողմ գործակցությունը, որը նաեւ եվրոպական ուղղության ծրագրեր պիտի իրականացնի:

Հայկ Թորգոմյան

http://www.hayary.org/wph/?p=6562Հայոց Ջավախքում՝բնականաբա՛ր որպես հայ – Ջավախքը՝ Հայաստանի եւ ամբողջ հայության խնդիրն է – համայն հայության հիմնախնդիրների օրակարգում պիտի լինի… Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորապես մտահոգված է Գումբուրդոյի իրավիճակով… Հայկական խաչքարի տեղադրումը կխոչընդոտի՞ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործին…

http://www.hayary.org/wph/?p=6588Լինե՛նք ջավախքցիների եւ վիրահայության կողքին – 1.- Գյումբուրտա. միջադեպի իմաստասիրությունը – Ո՞վ է հակահայկական քայլերի համակարգողը… Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները իրենց հայրենակիցներին սատար չեն կանգնում եւ մենակ են թողնում այս ճակատագրական պահին… Ընդգծենք, որ այստեղ վրացիներ ընդհանրապես չեն բնակվել…

http://www.hayary.org/wph/?p=6587Լինե՛նք ջավախքցիների եւ վիրահայության կողքին – 2.- Գումբուրդոյում խաչքար կկանգնեցվի 3 տարի հետո –Ինչպիսի՞ն կլինեն մինչ այդ հայ-վրացական հարաբերությունները… Սա համահունչ է նաեւ Եվրոպա-Ասիա (րան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծովով Եվրոպա կամ վրաց-ռուսական սահմանով՝ նաեւ Ռուսաստան կապուղիները) կամ «Մետաքսի հին ճանապարհի»՝ Չինաստան-Եվրոպա վերագործարկման նպատակների հետ…

http://www.hayary.org/wph/?p=6586Լինե՛նք ջավախքցիների եւ վիրահայության կողքին – 3.- Վիրահայոց թեմը հաստատում է՝ տաճարի նկատմամբ հավակնություն չունի եւ այն համարվում է վրացական… Նախնիների գերեզմանի նկատմամբ հարգանքն անվիճելի է, բայց… Հիմա էլ Գումբուրդոյի եկեղեցու պատկանելությա՞ն հարցը զիջել… առաջիկայում հայ-վրացական հարաբերությունների օրակարգ կառաջադրվի…

«Լուսանցք» թիվ 35 (468), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։