Լինե՛նք ջավախքցիների եւ վիրահայության կողքին – 3.- Վիրահայոց թեմը հաստատում է՝ տաճարի նկատմամբ հավակնություն չունի եւ այն համարվում է վրացական… Նախնիների գերեզմանի նկատմամբ հարգանքն անվիճելի է, բայց… Հիմա էլ Գումբուրդոյի եկեղեցու պատկանելությա՞ն հարցը զիջել… առաջիկայում հայ-վրացական հարաբերությունների օրակարգ կառաջադրվի…

Սույն թվականի սեպտեմբերի 30-ին Գումբուրդո գյուղում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ «Համատեղ հայտարարություն» են տարածել Վրաստանի Կրոնի հարցերով պետական գործակալությունը, Վրաստանի Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը, Վրաստանի Մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարության եւ Վրաստանի Հաշտության ու Քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի աշխատակազմը:

Հայտարարությունում նշվում է, որ «Ախալքալաքի շրջանի Գումբուրդո գյուղում, 10-րդ դարի Սուրբ Աստվածածնի ննջման տաճարի բակում, սույն թվականի սեպտեմբերի 30-ին, տեղի ունեցավ միջադեպ տեղի բնակչության մի մասի եւ իրավապահների միջեւ: Միջադեպն առաջացավ, երբ տաճարի բակում, առանց նախնական համաձայնության, հայկական ավանդական քարե խաչ՝ խաչքար տեղադրելու փորձ արվեց:

Եկեղեցում, 2015թ. Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պահպանության նախարարությունը կատարում է վերանորոգչական աշխատանքներ:

Հնէաբանական պեղումների ժամանակ, այլ բեկորների հետ միասին տաճարի բակում հայտվեցին մեծ քանակությամբ մարդկային ոսկորներ, որոնք վերաթաղվեցին եկեղեցու բակում, ինչը բնակչության մոտ՝ տեղում խաչքար կանգնեցնելու ցանկություն առաջացրեց:  

Տաճարի հիմնադրման մասին տարածված ապատեղեկատվությունը թյուրիմացություն առաջացրեց ազգաբնակչության շրջանում: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմը հաստատում է, որ տաճարի նկատմամբ որեւէ հավակնություն չունի եւ այն համարվում է վրացական:

Նախնիների գերեզմանի նկատմամբ հարգանքը անվիճելի է, նկատի ունենալով, որ հարյուրամյակների ընթացքում տաճարի բակում հուղարկավորվել են վրացիներ, հայեր ու այլ ազգի ու հավատքի անձինք, մեր պարտքն է հարգել բոլորի հիշատակը»:

Վրաստանի Պատրիարքարանում հանդիպեցին վերոնշյալ կազմակերպությունների ներկայացուցիչները եւ համատեղ այս հայտարությունն արեցին: Հանդիպման մասնակիցները նաեւ հաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ ծագած հարցերը քննարկել եւ որոշումներ ընդունել փոխադարձ համաձայնությամբ, քանի որ խնդիրը իրավական ու կրոնական հարթությունից բացի ունի նաեւ բարոյական մեծ նշանակություն, եւ ընդունվող որոշումները կլինեն իրավիճակի խաղաղ կարգավորման բարի օրինակ:

«Ցանկացած տիպի բռնությունն անընդունելի է եւ սադրանքը՝ անթույլատրելի: Հորդորում ենք բոլորին՝ պահպանել հազարամյակների ընթացքում ձեւավորված վրաց-հայկական բարեկամությունը, ցուցաբերել հեռատեսություն եւ առաջացած հարցերը  լուծել օրինականության եւ քրիստոնեական սիրո ճանապարհով»,- նշված է համատեղ հայտարարության եզրափակիչ խոսքում:

Հիմա էլ Գումբուրդոյի եկեղեցու պատկանելությա՞ն հարցը զիջել

Մի շարք փորձագետներ, այդ թվում՝ Վրաստանի հարցերով փորձագետ Վահե Սարգսյանը հավաստում են, որ Վիրահայոց թեմի առաջնորդն անսխալական չէ եւ ճիշտ չէ առկա հարցի վրացապատկանության սին տարբերակը պաշտպանելը:

Վրաստանի հարցերով փորձագետը (հայտարարություն մի հայտարարության առիթով) ներկայացրել է, որ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, քննարկելով հայերենի ուղղագրության վերաբերյալ Խորհրդային Հայաստանի լուսժողկոմի 1922թ. դեկրետը, ինչպես նաեւ բոլշեւիկների պատվերով ու համապատասխան ճնշումների արդյունքում հայ մեծանուն գիտնական Մանուկ Աբեղյանի կողմից հայերենի ուղղագրության փոփոխման առթիվ արված առաջարկը, հայտնել էր իր անհամաձայնությունը եւ իր դժգոհությունն արտահայտել հետեւյալ տողերով. «Ես, որպես հայ գրող եւ Հայ Գրողների միության նախագահը՝ գալիս եմ հայտնելու իմ զարմանքը եւ բողոքելու էն վարմունքի դեմ, որ ունեցել է Հայաստանի լուսժողկոմը էս կարեւոր խնդրում:

«Մանուկ Աբեղյանը մի առաջարկ է արել եւ դրել հրապարակ: Շատ լավ: Բայց Հայաստանի լուսժողկոմը որտեղից է իմացել, թե եւ պ. Աբեղյանը, եւ ինքը լուսժողկոմն էլ նրա հետ միասին անսխալական են, որ, առանց քննության ենթարկելու առաջարկը, հրամանագրում է ընդունել ու միմիայն դրանով գրել ու տպագրել» (1922թ. մայիսի 17-ին Պ. Մակինցյանին գրած նամակից):

ՀԱԵ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նկատմամբ մեծ է հարգանքս, այն աստիճան, որ 2015թ. նրա ծննդյան 50-ամյակի առիթով գրված իմ մեկ շնորհավորական ուղերձում նրան համարել եմ Վիրահայոց թեմի երանելի առաջնորդներ Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցու, մեծանուն հայագետ Գարեգին Հովսեփյանի եւ այլ մեծերի արժանի ժառանգորդը:

Այդ ամենով հանդերձ, կապված Գումբուրդոյի միջնադարյան քաղկեդոնիկ եկեղեցու վրացական լինելու առթիվ Սրբազան Հոր վերջին հայտարարության հետ, պարտքս եմ համարում հանճարեղ Թումանյանի վերոնշյալ ոճով տեղեկացնելու հայրենակիցներիս, որ Սրբազան Հայրը եւս, ինչպես բոլորս, անսխալական չէ իր քայլերում եւ հայտարարություններում»,- նշել է Վահե Սարգսյանը:

Սեփ. լրատվություն

* * *

«Այլընտրանքային նախագծեր խումբը» հայտնել է, որ «հայ-վրացական հարաբերությունների այսօրվա օրակարգը բավարար չէ»:

Ըստ խմբի, Ջավախքում իրավիճակի լարվածությունը չի բխում ո՛չ Վրաստանի, ո՛չ էլ Հայաստանի շահերից: Սա տարածաշրջանում լրացուցիչ լարվածություն կբերի, ինչը վտանգավոր է: Վրաստանի նոր պատմության ընթացքում նման իրավիճակներ ստեղծվել են, առայժմ հաջողվել է ինչ-որ լուծումներ գտնել եւ լարվածությունը թուլացնել:

…Շրջաններում ձեւավորված են տեղական իշխանության մարմիններ, կան Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, գործող հայկական եկեղեցիներ, հ/կ-ներ, ակտիվ անհատներ: Տրամաբանական է, որ նրանք ունենան իրենց կարեւոր խնդիրների վերաբերյալ միասնական օրակարգ եւ դրանց լուծման ուղղությամբ աշխատեն Վրաստանի իշխանության տարբեր մարմինների հետ: Իհարկե դա հեշտ չէ, միշտ էլ երկուստեք տարբեր կարծիքներ կան, անհատական, խմբակային եւ քաղաքական տարբեր շահեր: Բայց առանց դրանք հաղթահարելու հնարավոր չի որեւէ հարց լուծել:   

Գումբուրդո գյուղի դեպքերի շուրջ առաջացած լարվածությունը դրանցից մեկն է. նկատել է խումբը եւ ասել, որ առաջիկայում հայ-վրացական հարաբերությունների օրակարգի վերաբերյալ ընդգրկուն առաջարկներ կներկայացնի:   

http://www.hayary.org/wph/?p=6588Լինե՛նք ջավախքցիների եւ վիրահայության կողքին – 1.- Գյումբուրտա. միջադեպի իմաստասիրությունը – Ո՞վ է հակահայկական քայլերի համակարգողը… Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները իրենց հայրենակիցներին սատար չեն կանգնում եւ մենակ են թողնում այս ճակատագրական պահին… Ընդգծենք, որ այստեղ վրացիներ ընդհանրապես չեն բնակվել…

http://www.hayary.org/wph/?p=6587Լինե՛նք ջավախքցիների եւ վիրահայության կողքին – 2.- Գումբուրդոյում խաչքար կկանգնեցվի 3 տարի հետո –Ինչպիսի՞ն կլինեն մինչ այդ հայ-վրացական հարաբերությունները… Սա համահունչ է նաեւ Եվրոպա-Ասիա (րան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծովով Եվրոպա կամ վրաց-ռուսական սահմանով՝ նաեւ Ռուսաստան կապուղիները) կամ «Մետաքսի հին ճանապարհի»՝ Չինաստան-Եվրոպա վերագործարկման նպատակների հետ…

 

http://www.hayary.org/wph/?p=6563Վրաստանի հակահայ ուժերը սադրում են – Հայ-վրացական հարաբերությունները մեծամասամբ դրական միտում չեն ունեցել, ինչը պատմական արմատներ ունի… Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, թե՞ Իրան-Հայաստան-Վրաստան տարածաշրջանային եռյակ… Թուրքամետ խառնավրացիները իշխում են նաե՛ւ վրացիներին, իսկ հայերի հետ բախման պատճառ չկար, բայց բախումը եղավ – ովքե՞ր են այդ սադրիչները…

http://www.hayary.org/wph/?p=6562Հայոց Ջավախքում՝բնականաբա՛ր որպես հայ – Ջավախքը՝ Հայաստանի եւ ամբողջ հայության խնդիրն է – համայն հայության հիմնախնդիրների օրակարգում պիտի լինի… Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորապես մտահոգված է Գումբուրդոյի իրավիճակով… Հայկական խաչքարի տեղադրումը կխոչընդոտի՞ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործին…

«Լուսանցք» թիվ 37 (470), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։