Ո՛վ ընտանիք ասելով ի՛նչ է հասկանում – Հայ ընտանիքները քանդելու նպատակով առաջ քաշված «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը ետ կանչվեց լրամշակման՝ չդիմանալով անտոհմիկների օտարահաճ ճնշումների բացահայտմանը… Ընդվզումը բազմաշերտ է, սկսած իշխանության վերնախավի մեծամասնությունից, ինչն ապացուցում է, որ նման օրենքների դեմ հանդես գալը հայի ազգային նկարագրին համահունչ է… Իսկ մեզ դաս տվողները թող սեփական երեխաներին իրենց երկրներում պաշտպանեն՝ եթե կարող են…

«Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենք կոչվածի մասին շատ գրվեց եւ պարզաբանումներ տրվեցին ամենապարզունակից մինչեւ ամենաթաքնվածը ներկայացնելով ու բացահայտելով: «Լուսանցք»-ը միշտ է մասնակից այսօրինակ արծարծումներին, անկախ այն հանգամանքից՝ օրենքի նախագիծ կա՞ պարտադրվող, թե՝ ոչ: Հայ ավանդական ընտանիքը կազմաքանդելու բոլոր ճանապարհները պիտի փակվեն, իսկ այդ ճանապարհները միայն գենդերապիղծ ու սեռախեղ քարոզի ու իրավունքի պարտադրանքներով չի լինում: Դրանք պարտադրելու փորձեր են լինում նաեւ լուրջ քաղաքականության եւ հանրային, մշակութային կամ հոգեւոր եւ այլ ասպարեզներում:

http://www.hayary.org/wph/?p=6578Մարդիկ նայում են՝ թե ո՛վ է ի՛նչ ասում – Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը  «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի եւ նմանօրինակ այլ միջազգային պարտադրանքների մասին… Ազգային պայքար ընդդեմ ապազգային ու անբարո երեւուկթների…

http://www.hayary.org/wph/?p=65773-4 հազար դեպքը ազգային չափանիշ չէ՛ – Այս օրենքի ընդունման անհրաժեշտությունը թելադրված է Եվրամիության կողմից… Հենց այսպիսի հասարակ կենցաղային հարցերից էլ կանանց պայքարն ընդդեմ ամուսւինների եւ զավակների պայքարն ընդդեմ ծնողների… եվրապարտադրանքների գերի դառնալ պետք չէ – անիմաստ է հայ կնոջ ու երեխայի պաշտպանությունը եվրաիրավական դաշտ տեղափոխել – Ի վերջո բոլորիս է հայտնի նրանց ընտանեկան ու ազգային արժեքներ ասվածը…

http://www.hayary.org/wph/?p=6591Օրենքով կոռուպցիայի նոր տե՞ղ, թե՞ օտարի համար «հայի արտահանման» մենաշնորհի իրավունք – Ընտանեկան բռնությունները 17%-ի՞, թե՞ 0,025%-ի են հասնում.- պաշտոնական վիճակագրության թվերը վերջինի կողմն են… Իսկ բռնության ենթարկված տղամարդկանց օրենք պետք չէ՞ – առհասարակ՝ ինչու՞ են նսեմացնում եւ անբարոյականացնում հատկապես տղամարդկամց… Փաստորեն, մենք ուղղակի կաշառք ենք ստանում այն բանի դիմաց, որ մեր երկրում օրենք ընդունենք…

Մի խոսքով՝ կյանքի բոլոր ոլորտներում սողանցքներ են փնտրում հայկական կենսակերպն ու մտածելակերպը աղավաղելու համար, քանզի հայ ընտանիքի ավանդույթների ու սովորույթների ոչնչացումը հիմքն է պետության ոչնչացման կամ ազգայինի՝ միջազգայնացման համար… Անգամ հայ ընտանիքներում բնակվող եւ որպես բարեգործ հանդես եկող օտարները մաքուր հայերեն խոսելով ու հայ ընտանիքի գովաբանությամբ օրն անցկացնելով՝ ներքին լուրջ ցեցեր են տարածում մեր ընտանիքների առանձին անդամներին միմյանց նկատմամբ վերափոխելու, հոգու կապը խզելու ուղղությամբ, իհարկե նաեւ ընտանեկան ուղղաձիգ համակարգը բազմանկյուն դարձնելու առումով եւս… Իսկ անունը դնում են հայ ընտանիքների ուսումնասիրության եւ ըստ այդմ օժանդակելու ծրագիր, ինչն իրականում բոլորովին հակառակ նպատակով է իրականացվում… Իսկ այդ առաքելությամբ հայ ընտանիքում բնակվողները նման են այն օձին, որը տաքացնողին է կծում:  

«Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը դեռ խորհրդարան չէր հասել, բայց պատգամավորներից շատերն արդեն բացասական էին արտահայտվում: ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նախապես ասել էր, որ իր համար անընդունելի չէ այդ եվրաօրենքի նախագիծը, քանի որ ըստ մարդատեսակի ներկայիս բաժանումների՝ հայերն ասիական ժողովուրդ են առավելապես, եւ պահպանել են ընտանիքի հետ կապված բոլոր լավագույն արժեքները: «Մեզ մոտ ազգապահպանությունը կապված է ընտանիքի պահպանության հետ, ուստի՝ ունենք ամուր ընտանիքներ։ Այսօր ուրիշ տեղերից գալիս, մեզ ասում են, թե ինչպես պետք է ընտանիք պահենք։ Հայկական ընտանիքներում  տիրող իրավիճակը  դնել կասկածի տակ՝ ինձ համար վիրավորական է»,- նշել է պատգամավորը եւ նախկին ոստիկանապետը, ում հետ համաձայնել են տասնյակ պատգամավորներ:

Իմիջիայլոց, ընդվզումը բազմաշերտ է, ինչն ապացուցում է, որ նման օրենքների դեմ հանդես գալը ազգային մեր նկարագրին համահունչ է: Դեմ են ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ներկայացուցիչները՝ մասնակի բացառությամբ: Մասնակի բացառությամբ դեմ է նաեւ հանրությունը, ոչ միայն ազգությամբ հայերը, այլեւ հույները, եզդիները, քրդերը, ասորիները եւ ազգային այլ փոքրամասնություններ: Դեմ են տարեցները եւ երիտասարդների ջախջախիչ մեծամասնությունը՝ ինչպես արական, այնպես էլ իգական սեռի ներկայացուցիչները, այդօրինակ օրենքները եւ դրանից բխող կենսակերպը հակամարդկային, հակազգային ու հակաստվածային են համարում եւ՛ քրիստոնյաները եւ՛ արիադավան-հեթանոսները, անգամ՝ անհավատները:

Սա է հայության պատասխանը մարդապիղծ եվրոպական հատվածին: Մենք համոզված ենք, որ Եվրոպան եւս միասնական չէ այսպիսի մտածողության մեջ: Եվ դա հստակ երեւակվում է մերթ ընդ մերթ, երբ այս կամ այն եվրոպական կամ արեւմտյան արժեքակիր որեւէ երկրում բողոքի ցույցեր են տեղի ունենում նման երեւույթների գոյության ու պարտադրանքի դեմ…

«Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի ջատագովները սկզբում ամեն կերպ ընդդիմանում էին, թե սա ՀՀ-ԵՄ նոյեմբերին ստորագրման պատրաստ պայմանագրի կնքման պարտադրանքներից մեկն է, մինչեւ հաստատվեց, որ ԵՄ բանագնացները հետաքրքրվել են այս նախագծի ընթացքի մասին: ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը, ով նախաձեռնել էր այս օրենքի նախագիծը, երբ դեռ արդարադատության նախարարն էր, հունիսի 1-ին էր արդեն ընդունել ԵՄ անդամ պետությունների Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Սլովակիայի, Շվեդիայի եւ Նիդերլանդների արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ Արեւելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացներին՝ ԵՄ նախագահող Սլովակիայի ԱԳՆ հատուկ բանագնաց, դեսպան Դուշան Դախոյի գլխավորությամբ: Ի թիվս այլ նախագծերի, հանդիպման ընթացքում Արփինե Հովհաննիսյանը հանգամանալից ներկայացրել է նաեւ «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի ընթացքը, ինչն այսօր շարունակում է վերստին արդարադատության նախարար նշանակված Դավիթ Հարությունյանը:

«Մենք ամեն ինչին էլ կաղապարված չենք վերաբերվում: «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը, կարծում եմ, պետք է, բոլորս էլ ուզում ենք, որ ընտանեկան բռնությունը կանխարգելվի, բայց այս օրենքի մեջ ես կանխարգելում չեմ տեսնում, պետք է ավելի շատ մտածել համակարգային մոտեցման մասին»,-ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն իր ելույթում: Ապա ավելացրեց, թե նաեւ ամեն մի բռնություն, որ տեղի է ունենում, նեղ ընտանեկան ոլորտում, կողքից է բռնություն թվում, իրականում այն բռնություն չէ. «Դաստիարակությունը չի կարող բռնություն համարվել, հայրը, որ սիրում է իր որդուն կամ մայրը՝ դստերը, կարող է խրատել ու խորհուրդ տալ նրան»:

Հոգեւորականը նաեւ զուգահեռ թեմա է շոշափել, թե ինչո՞ւ երբ ամուսնալուծությունները, աբորտները շատանում են, դրանց դեմ չեն լինում օրենքի նախագծի հեղինակները կամ դեմ խոսացողները: Այստեղ եւս որոշակի բռնությունների հետեւանքներ կան իրականում: Չէ որ այս հարցերը եւս առնչվում են ընտանիքի պահպանմանն ու առողջ հարաբերությունների զարգացմանը:

«Հայաստանում գործում է ոչ Առաքելական եկեղեցու 350.000 հետեւորդ. «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքը հնարավոր լինելո՞ւ է գործադրել այդ կառույցներում»,- ԱԺ-ում հիշյալ օրենքի վերաբերյալ լսումների ժամանակ հարցրել է «Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանը: Նա նաեւ հարց ուղղեց Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանին, թե օրենքի նախագծում կա հոգեբանական բռնություն տերմինը, իսկ հոգեբանական բռնությունը լինում է բաց եւ փակ. ո՞ր մասնագետներն են տալու, թե որ բռնությունն է հոգեբանական, որը ոչ:

Ալեքսանդր Ամարյանն իր արձագանքում նկատեց նաեւ, որ բացի տասնյակ այլ աղանդներից, «Հայաստանում գործում է «Ընտանիք» կամ «Աստծո զավակներ» կրոնական կառույցը, որի հիմքում դրված է ինցեստ հասկացողությունը՝ հարազատներով, երեխաներով, տարիքային սահմանափակում չկա, սեռական հարաբերություն են ունենում, հիմա այդտեղ ո՞նց եք առանց Ազատությունների մասին 3-րդ Կոնվենցիան խախտելու փորձելու օգտագործել այս օրենքը»…

Պարզվում է, որ «Ընտանեկան բռնության մասին» օրենքը կխաթարի ոչ միայն մեզ հարազատ ավանդական ընտանիքների կենսակերպը, այլեւ հենց արեւմտյան արժեքակիր որոշ աղանդավորականների ու անբարոյականների կենսակերպը, ինչը իրականում մեզ այնքան էլ չի հուզում, բայց դա էլ իրականություն է: Այսինքն՝ պարտադրանքը այնքան կարեւոր է, որ նույնիսկ իրենց կամակատար կառույցների վրայով կարող են անցնել ու հակահայ նախագծերը օրենքի վերածել:

«Ի՞նչ է նշանակում հոգեբանական բռնություն, տնտեսական բռնություն, բռնության սպառնալիք, հետամտում, սոցիալական նվաստացում, ծայրահեղ մեկուսացում…  եւ այլն»,- տարակուսել է հոգեբան Սամվել Խուդոյանը, ով եւս անհանգստացած է, որ հայկական ընտանիքները կքանդվեն այսօրինակ օրենքներից: Ավելի բաց է խոսել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը. «Հայ ընտանիքում ընդունված չի եղել, որ ծնողը կամ զավակը գնա, գործ տա մյուսի դեմ…»: Իսկ «գործ տալու» մասին օրենքը արդեն ընդունված է եւ «գործ տվողի» ինքնությունը կմնա գաղտնի… Եվ քանի՞ նման մարդ կգտնվի, որ կուզենա պարզապես վատություն անել հարեւանին, բարեկամին կամ այլ մեկի… Ու՞ր կտանի սա մեր ընտանիքներին, ապաեւ՝ ազգին:

ԱԺ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի խոստովանությունը հունից հանել է արդարադատության նախարարին: ՀՀԿ խմբակցությունում օրենքի քննարկման ժամանակ մի անսպասելի բացահայտում է եղել, երբ ազգությամբ եզդի Ռուստամ Մախմուդյանը օրենքի ջատագովներ Դավիթ Հարությունյանին ու Արփինե Հովհաննիսյանին հարցրել է. «Մեր ազգի մեջ ադաթ կա՝ հենց թազա հարսը մտնում ա փեսի տուն, իրա գլխին պտի խնձորով խփես, խնձորն էլ պտի կիսվի, կտոր-կտոր ըլնի, եթե՜ չէ, ուրեմն բեխեր հարս ա։ Ախպեր, ես էլ եմ ըտենց ամուսնացել, հիմա որ մերոնք էդ ադաթը շարունակեն, պետք է տանեն-դատե՞ն, դա ընտանեկան բռնությո՞ւն է»: Փաստորեն, երբեմն խնձորով խփելիս հարսի ուշքը գնում է:

Այս հարցադրումը լրիվ հունից հանել է միշտ սառնասիրտ Դավիթ Հարությունյանին, ով բացականչել է. «Կարո՞ղ ա էստեղ հոգեբույժի կարիք կա, էս ի՞նչ կերպ եք օրենքը մեկնաբանում»: Եվ ստիպված միջամտել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը. «Հանգի՜ստ, Էս ի՞նչ ձեւ եք խոսում պատգամավորի հետ»:

Իսկ անսպասելի բացահայտումը ոչ թե եզդիների հարսի մասով է, այլ այն, որ ազգային փոքրամասնությունների իրավունքները առանց այլեւայլության կարող են ոտնահարվել կրոնական կան սեռական փոքրամասնությունների իրավունքների առջեւ… Սա Հայաստանում բացահայտված առաջին դեպքն է, ինչը պիտի հատուկ ուշադրության արժանանա: Ստացվում է՝ ամեն փոքրամասնություն չէ որ փոքրամասնություն է…

Այս քննարկմանը մեկ այլ դեպք էլ է գրանցվել, երբ Արմեն Աշոտյանը նշել է, թե օրենքի ընդունումը բխում է ԵՄ հանձնարարականներից եւ «դա մեզ պետք է վիզաների ռեժիմի դյուրացման, Եվրոպա մուտք ունենալու համար», մյուս ՀՀԿ-ական պատգամավորը՝ Հայկ Բաբուխանյանը չդիմանալով տեղից հայտարարել է, թե «ոչ ինձ է պետք վիզա, ոչ էլ մեր մեր ժողովրդին»:

«Ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագծում կան խնդրահարույց կետեր»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԺ փոխնախագահ Էդուրադ Շարմազանովը: Ըստ նրա՝ օրենքում հստակություն չկա, թե ինչ է նշանակում տնտեսական, հոգեբանական բռնություն, որոշակիություն չկա նաեւ ապաստարանների մասով, խնդիրներ կան ծնողների հեղինակության հետ կապված եւ հազար ու մի խնդիր:

«Այնպես չէ, որ իմ ասածը վերջին ճշմարտությունն է, պարզապես մենք ազգային պահպանողական կուսակցություն ենք ու մեկ անգամ չէ, որ ասել ենք, որ պետության հիմնասյունն ավանդական ընտանիքն է: Եթե մարդիկ մոռացել են, ապա հիշեցնեմ, որ 2016թ. նոյմեբերի 26-ի հանրապետական համագումարում ՀՀ նախագահ, ՀՀԿ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ մեր պետության հիմքն ավանդական հայկական ընտանիքն է: Բոլոր այն կետերը, որոնք խնդրահարույց են հայկական ավանդական ընտանիքի համար, մենք պետք է առաջարկենք վերանայել: Հայկական ավանդական ընտանիքն, իրականում, հեռու է ծեծ ու ջարդից: Որեւէ նորմալ մարդ բռնությանը կողմնակից չէ, ավելին՝ ՀՀԿ-ն դեմ է բռնությանը»:

«Այս օրենքը բարեփոխվելու է, իսկ ես իմ մի ձայնի տերն եմ… Էնպես չլինի, որ մենք սարից իջած վայրենիներ ենք եւ ասում ենք, որ, այո՛, պետք է տղամարդը կնոջը ծեծի, ծնողներն էլ՝ երեխաներին, բայց այստեղ բռնության կանխարգելումը հստակ չէ ձեւակերպված, դա պետք է լինի մեր խնդիրը՝ ավանդական ընտանիքում պիտի կանխարգելվի ցանկացած բռնություն»,- հավելել է ԱԺ փոխնախագահը: Ապա շարունակել է. «Ընտանիքում կինը կին է, տղամարդը՝ տղամարդ, եւ եթե եկեղեցում երդում են տալիս լինել հնազանդ, դա չի նշանակու լինել ստրուկ, իսկ տերը՝ պատասխանատու լինելն է ընտանիքի հանդեպ, սա է ավանդական ընտանիքը: Այլ ընտանիք հայն ավանդույթով եւ Սահմանադրությամբ չի ճանաչում: …Իսկ ո՞րն է իրենց համար ավանդական ընտանիքը՝ երկու պապա եւ մեկ երեխա՞ (գուցե նաեւ՝ երկու մամա եւ մեկ երեխա,- խմբ.)»:

«Ոչ միայն Եվրամիության, այլեւ Եվրոպայի խորհրդի գրեթե բոլոր անդամները, բացառությամբ 3-ի՝ Հայաստան, Ռուսաստան եւ Ադրբեջան, ստորագրել են առնվազն Ստամբուլյան կոնվենցիան, որը խոսում է դարձյալ նույն հարցերի մասին: Իհարկե, ոչ բոլորն են դեռեւս վավերացրել, բայց հիմնավորումներ կան, թե ինչու ոչ բոլորը: Մասամբ դա քաղաքական հիմնավորումներ են, սակայն որոշ դեպքերում էլ դա անցումային շրջանի հետ է կապված»՝ ասել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե «Ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը ԵՄ-ի՞ պարտադրանքն է:

Ըստ նրա՝ ընտանեկան բռնության դեմ պայքարը ոչ թե եվրոպական, այլ համաշխարհային երեւույթ է եւ դա չի սահմանափակվում զուտ Եվրոպայով: Բայց եթե կան չբացահայտված հարցեր, ապա նախագիծը կլրամշակվի եւ նորից կհանձնվի հանրության դատին:

Հայկ Թորգոմյան

Մեզ դաս տվողները սեփական երեխաներին թող պաշտպանեն

Թուրքիան աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում երեխաների շահագործման դեպքերի քանակով: «Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Անթալիայի «Երեխաների շահագործման դեմ պայքարի եւ երեխաների իրավունքների պաշտպանության կենտրոնի» նախագահ Բուղրա Խան Օղուզը: Թուրքիայի հոգեբուժական միության կատարած հետազոտության համաձայն՝ այս երկրում շահագործվող երեխաների թիվը հասնում է 33%-ի: Դա նշանակում, որ յուրաքանչյուր 3 երեխայից մեկը շահագործվում է:

Այստեղ հարց է ծագում, որտե՞ղ են ընտանեկան բռնության դեմ պայքարող արեւմտյան ջատագովները, որոնք Հայաստանում տարիներով քարոզ են անում եւ հազար ու մի օրենքներ պարտադրում… Պարզ է, Թուրքիան դեռ այն երկիրն է, որի տարածքով դեպի Եվրոպա նավթ, գազ եւ այլ բնական պաշարներ են տեղափոխվում, ինչպես նաեւ ուտելիք, խմիչք, ծխախոտ եւ այլ անհրաժեշտ պարագաներ Ասիայից եւ աֆրիկայից՝ սեփական կյանքը բարելվելու համար… Ուստի, Թուրքիային չի՛ կարելի պարտադրել…

Քանի որ եթե նմանօրինակ օրենքներ պարտադրեն (ինչպես մեզ) եւ թուրքերը նեղանան՝ այդ ամեն ինչից կզրկվեն Եվրոպայում:

Մեզ՝ հայերիս շատ ծանոթ իրավիճակ է…

Ի դեպ, աշխարհում վերջին 10 տարիների ընթացքում սեռական շահագործման է ենթարկվել շուրջ 250.000 երեխա: Երեխաների շահագործման դեպքերի թվով աշխարհում առաջատարը Հարավային Աֆրիկան է, նրան հետեւում են Բանգլադեշը, ապա՝ Թուրքիան, Անգլիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ Ավստրալիան: Եթե առաջին 3-ը ինչ-որ ձեւով ըմբռնելի են, ապա մեզ ամեն օր դասեր տվող անգլո-ամերիկյան եւ ռուսական սեռախեղներն ի՞նչ պիտի բացատրեն մեզ: Ցանկը շարունակվելու դեպքում, վստահաբար հաջորդ տեղերում կհայտնվեն Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ մյուս «մեր դաստիարակները»…

Իսկ Բուղրա Խան Օղուզի խոսքով՝ աշխարհում յուրաքանչյուր 5 երեխայից 2-ը ենթարկվում է ֆիզիկական, հուզական կամ սեռական բռնության  կամ անտեսվում է: Մասնագետների պնդմամբ՝ սեռական շահագործման դեպքերից միայն 15 %-ն է հետաքննվում իրավական կառույցների կողմից, մյուսները քողարկվում են եւ երեխաները շարունակում են մնալ իրենց բաժին հասած վնասների հետ մեն մենակ: Ընդ որում, մանկության տարիներին շահագործման ենթարկված երեխաները, եթե համապատասխան օգնություն չեն ստանում, հասուն տարիքում իրենք են դառնում նման բռնությունների հեղինակ:…

Իսկ ու՞ր են այն ապաստարաններն ու հանձնաժողովները, որ այսօր պարտադրում են Հայաստանին, ինչու՞ չեն այդ հարյուր հազարավոր վերոնշյալ երեխաները գտնվում ապաստարաններում, որտեղ ըստ օրինագծերի դրախտային կյանք են խոստանում երեխաների ու նրանց մայրերի համար…

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 39 (472), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։