Իրավիճակ, որ մոտեցնել է պետք – Իրան-Հայաստան-Վրաստան եռյակն ընդդեմ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռյակի… Խնդիրը՝ Հայաստանն է – Աշխարհի վերաբաժանման հերթական փուլում, գրեթե բոլոր վերաձեւումներում մի շարք երկրների հետ առկա է նաեւ Թուրքիայի մասնատման հարցը (որոշներում՝ նաեւ Ադրբեջանի)…

Իրան-Հայաստան-Վրաստան եռյակն ընդդեմ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռյակի: Սա այսօր կարեւորագույն հարց է ոչ միայն Կովկասյան կոչված տարածաշրջանում, այլեւ Մերձավոր Արեւելքի եւ բուն Հայկական Լեռնաշխարհի, որի կարեւորությունը կա բնականորեն, անկախ այն հանգամանքից, հայերի արարչատուր բնօրրանում այսօր թուրքերն ու այլք են վխտում, թե վաղը կրկին հայերն են իշխելու տիեզերական արդարության հաստատմամբ… Եվ այս դեպքում Թուրքիայի տնտեսական ու ռազմական գերակայությունը Հայաստանի նկատմամբ առաջնային չէ:

Իզուր չէ, որ ԵԽԽՎ-ում Թուրքիայի ներկայացուցիչ Յըլդըրըմ Թուղրուլ Թուրքեշի՝ Շվեյցարիայում 2009թ. ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման վերաբերյալ հարցին պատասխանելով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ այո Թուրքիան հզոր պետություն է, հսկայական ներուժ ունի եւ Հայաստանի ներուժը չի կարելի համեմատել Թուրքիայի հետ, սակայն դա չի նշանակում, որ Թուրքիան ուժի դիրքերից պետք է խոսի Հայաստանի հետ կամ նախապայմաններ առաջադրի: «Եթե այդպես լինի, ապա Թուրքիայից շատ ավելի հզոր երկրներ կան բնակչության եւ տնտեսության առումներով, եւ այդ հզոր երկրներն էլ Թուրքիայի հետ պետք է խոսեն ուժի դիրքերից կամ նախապայմանների լեզվով: Կարծում եմ, որ թուրքական իշխանություններն ու թուրք ժողովուրդն այդպիսի մոտեցում երբեք չեն ընդունի: Այդպես էլ մենք չենք ընդունում այդպիսի մոտեցումները»…

Ինչ մնում է Ադրբեջանին, ապա այս հարցում հայկական զինուժը որեւէ խնդիր չունի:

«Լուսանցք»-ը մշտապես հետամուտ է այս ծավալումներին եւ բազմիցս անդրադարձել է այս եռյակիների պայքարին, ինչը նման է կենաց մահու մի կռվի, որտեղ առավելապես Հայաստանի՝ որպես տարածաշրջանային գործոն, խնդիրն է դրված:  

Վրաստանն, այսպես թե այնպես, պայմանագրեր ունի երկու թուրք հարեւանների՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ, անգամ Ադրբեջան-Վրաստան-Սեւ ծովով Ուկրաինա, ապա Եվրոպա ուղղությունը կարող է գործի դնել:

Իսկ Իրանը չի բացառում Իրան-Ադրբեջան-Ռուսաստան, նաեւ Իրան-Թուրքիա-Եվրոպա ուղղությունները…

Խնդիրը Հայաստանն է: Իսկ այս խնդիրը, որ տասնամյակներ շարունակ զուտ հայկական է եղել, այսօր միջազգային ասպարեզում է հայտնվել նաեւ որպես Եվրոպական հիմնական ուժերի խնդիր… Աշխարհի վերաբաժանման հերթական փուլում, գրեթե բոլոր վերաձեւումներում առկա է նաեւ Թուրքիայի մասնատման հարցը (որոշներում՝ նաեւ Ադրբեջանի), քանի որ վերջինս փորձում է ընդարձակել իր տարածքները եւ ձեռք բերել տարածաշրջանային գերտերության կարգավիճակ, որը կշարժվի զուտ համաթուրքական շահերով:

Նշանակում է Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա եռյակի պայծառ ապագան մարում է եւ պետք է անդադար հիմնավորել դրա անհրաժեշտությունը եւ միաժամանակ նորի առաջ գալու՝ Իրան-Հայաստան-Վրաստան եռյակի կարեւորությունը:

Ինչպես վերը նշվեց՝ Իրանն ու Վրաստանը խաղերի տեղ ունեն եւ հաճախ  չարաշահում են դա, բայց եթե եվրոպական կողմը (եթե անգամ ամերիկյանն այնքան էլ շահագրգռված չլինի) դա միանշանակ ցանկանա, ապա մեզ համար հատկապես վտանգավոր վրացական խաղերը կվերանան:

Իսկ որ ամերիկյան կողմը դեռ նոր Եվրոպայի ձեւավորման հարցի շրջանակներում է գործում, գաղտնիք չէ: Նախագահ Դոնալդ Թրամփն ընթացիկ տարում ծրագրել Է երկու անգամ այցելել Մեծ Բրիտանիա՝ աշխատանքային ու պետական այցերով: Նա հայտնել Է, որ պետական այցը նախատեսված Է հոկտեմբերին, իսկ աշխատանքայինը պետք Է նախորդի դրան:

ԱՄՆ-ի նախագահը հավաստիացրել Է, որ 2019թ. ԵՄ-ից Մեծ Բրիտանիան դուրս գալով՝ ԱՄՆ-ի «մեծագույն առեւտրական գործընկերը» կդառնա գործող համաձայնագրերի հիման վրա:

Իսկ որ Անգլիան միշտ եղել է Միացյալ Նահանգների «հաստ աղին» Եվրոպայում եւ միշտ էլ աղտոտել է եվրոպական մթնոլորտը՝ միասնության իրական գաղափարները, դա եւս փաստ է: Քանիցս Եվրոպա-Ռուսաստան համագործակցության մերձեցումների հարմար պահեր են եղել, ինչից վախենալով ԱՄՆ-ն սրել է վիճակը Եվրոպայում:

Այդպես եղավ, երբ Վաշինգտոնի մտահղացմամբ եւ Լոնդոնի ներդրած եվրաջանքերով կազմաքանդվեց ԱՄՆ-ԽՍՀՄ «սառը պատերազմի տարիներին» անսպասելիորեն ձեւավորված համաշխարհային 3-րդ բեւեռի կարգավիճակով՝ Չմիացող երկրների կազմակերպության անդամ Հարավսլավիան, որը կապիտալիստական եւ սոցիալիստական ճամբարների միջեւ չեզոքություն պահպանող երկիր էր, որին անգամ կոմունիստական Մոսկվան չէր կարողանում շատ բան պարտադրել…

Ապա ռուս-եվրոպական տնտեսական՝ վառելիքա-էներգետիկ խնդիրների շուրջ ջերմացման ժամանակ ամերիկյան ռումբեր պայթեցին նախկին Հարավսլավիայից մնացած Սերբիայի մայրաքաղաքում՝ մասնատվեց նաեւ Սերբիան, որը Մոսկվայի վերջին վստահելի հենարանն էր Եվրոպայում (իմիջիայլոց, սերբերը հայ-ռուսական հարաբերությունների սլավոնական կրկնօրինակն են կարծես՝ հավատարիմ եղան ռուսների հետ կնքած եղբայրության պայմանագրերին, բայց… դավաճանվեցին՝ ինչպես հայերի դեպքում է:

Մոսկվան «հանձնեց» Բելգրադին, երբ Արեւմուտքը միլիարդների պարտքեր մարեց հօգուտ Ռուսաստանի)… Եվ ցայսօր էլ սառը հարաբերություններ են ռուս-եվոպական հարցերում, ինչը Վաշինգտոնի միջամտությամբ խորացավ սլավոնական ամենաամուր թվացող եռյակի՝ Ռուսաստան-Ուկրաինա-Բելառուս կազմաքանդմամբ՝ հավատարիմ ու եղբայր Ուկրաինային դարձնելով Ռուսաստանի ոխերիմ թշնամի:

Լոնդոնն այժմ էլ Անկարայի ամենամեծ բարեկամն է դարձել Եվրոպայում եւ աջակցում է թուրքական հակաեվրոպական խաղերին, ինչից հետո Թուրքիայի ինքնամոռաց նախագահը հայտարարեց, թե իրենք այլեւս Եվրամիությամբ հետաքրքրված չեն (որ Եվրոպան վերածվել է «քրիստոնեական ակումբի») եւ այժմ պատրաստ են լինել այլ միությունում, որը կստեղծի Մեծ Բրիտանիան՝ ԵՄ-ից դուրս գալուց հետո…

Իհարկե ԵՄ-ն ապագա չունի, բայց եվրոպացիներն այսօր դիտարկում են նոր եվրակառույցի հարցը, անգամ չի բացառվում, որ այն ազգայնական առանցք կունենա: Իհարկե, ոչ այնպիսի, ինչպես հիտլերյան Գերմանիայի ժամանակ էր՝ ազգայնականից անցում ազգայնամոլականի, այլ զուտ ազգային պետությունների համադաշնության:

Ըստ ամենայնի Վաշինգտոնն ու Լոնդոնը փորձում են դեմ կանգնել նման Եվրոպային, քանզի հասկանում են, որ եվրոպական ազգային-ազգայնական ուժերին դժվար կարողանան վերահսկել, քանզի ինքնության եւ փոխլրացնող ազգային քաղաքականության (ոչ համաեվրոպական) վրա հիմնած կլինեն այդ երկրները (Ռուսաստանը նույնպես դեմ չէ այդ զարգացումներին), ուստի Անգլիան ձգտում է դա սառեցնել եւ նոր Եվրամիության գաղափար տալ՝ ունենալով ԱՄՆ-ի աջակցությունը:

«Կարծում եմ՝ ես մեծ ժողովրդականություն եմ վայելում Մեծ Բրիտանիայում,- ասել է Դոնալդ Թրամփը՝ նշելով, որ հույս ունի, թե բրիտանացիները հարգում են իրեն որպես ԱՄՆ-ի նախագահ: – Ես բրիտանացիներից աջակցության բազմաթիվ ուղերձներ եմ ստանում»,- ասել Է նա: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կարող Է վերադառնալ կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիր (երեւի թե կներկայացվի Լոնդոնի ջանքերով), որից դուրս Է եկել անցյալ տարի, սակայն, վերապահում Է արել, որ համաձայնագիրը, ներկայիս տեսքով՝ «ահավոր Է ԱՄՆ-ի համար»:

Վաշինգտոնը կարող Է վերադառնալ պայմանով, որ կկատարվեն փոփոխություններ, եւ այն «լավը կդառնա» Միացյալ Նահանգների համար: Այս մասին ԱՄՆ-ի նախագահը խոսել է Դավոսի տնտեսական համաժողովի ընթացքում՝ իր հարցազրույցներից մեկում:

Իմիջիայլոց, Դոնալդ Թրամփը հայտարարել Է, որ, ի տարբերություն Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի, Bexit-ի շուրջը բանակցությունները կվարեր շատ խիստ: Այսինքն՝ հասկացնում է, որ ժամանակն է, որպեսզի Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրամիությունից…

«Ես բանակցություններն այդպե՞ս կվարեի, ինչպես նա՞: Ո՛չ, ես կվարեի այլ կերպ: Բայց ես շատ եմ հարգում ձեր վարչապետին»,- ասել Է Դոնալդ Թրամփը բրիտանացի հեռուստալրագրող Փիրս Մորգանին տված հարցազրույցում: «Ես այլ կերպ կվարեի բանակցությունները ՝ ավելի կոշտ դիրք կբռնեի»,- ասել Է նա:

Այն հարցին, թե նա ինչպես Է վերաբերվում Ֆրանսիայի դիրքորոշմանը, ԱՄՆ-ի ղեկավարը սահմանափակվել Է նրանով, որ գովաբանել Է այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնին. «Նա գերազանց տղա Է, հիանալի կին ունի, ինձ շատ Է դուր գալիս Ֆրանսիայի նախագահը»:

Հայկ Թորգոմյան

http://www.hayary.org/wph/?p=6753Գերպետության (օսմանական կամ համաթուրանական) բռնակալ դառնալու երազախաբություն – «Թուրքիան փորձում է Հայաստանին պատանդ պահել այդ ստորագրություններին՝ մեկ անգամ եւս աշխարհին ապացուցելով, որ այս տարածաշրջանում խաղաղություն հաստատելն այդ երկրի ներկայիս վարչակազմի շահերից չի բխում»…

http://www.hayary.org/wph/?p=6752Կփոխվի՞ այլեւս Հայաստանի արտաքին քաղաքականության տոնայնությունը – «Փաստաթուղթ ստորագրելուց հետո տարրական բարոյականությունը պահանջում է կատարել այդ փաստաթղթի պահանջները»… Եվրոպական կողմին հետաքրքրել է նաեւ Արցախի հիմնախնդրի կարգավորման առաջ մղելու հնարավորությունները…

http://www.hayary.org/wph/?p=6751Հայաստանի նախագահը տեղը դրեց ադրբեջանցի պատգամավորին – Ադրբեջանում մի միտում կա՝ անպայման ունենալ այն, ինչ ունեն հայերը՝ անգամ ցեղասպանույունը… Կարգավորման խոչընդոտը Ադրբեջանի առավելապաշտականությունն է – Ոչ իրատեսական ակնկալիքները՝ որոնցով կառչում են բանակցություններից…

«Լուսանցք» թիվ 4 (482), 2018թ.

«Լուսանցք»ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում  http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ruում  http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnegozarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։