Սարդարապատի հայեցակարգային խորհուրդը – Այդ ժամանակ հերոսական դիմադարձությունը մեծ ընդգրկում է ունեցել, եւ եղել է կազմակերպված մի ճակատ… Պատմաբանների մեծամասնությունը խոսում է սոսկ Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերի մասին – Իսկ Արեւելյան Հայաստանի տարածքներում կռիվները վաղ են սկսվել…

Մի զարմանալի օրինաչափությամբ 1918թ. հերոսամարտերի խորհուրդը ամբողջական եւ ճիշտ չի ներկայացվում: Խնդիրն այն է, որ այդ ժամանակ հերոսական դիմադարձությունը մեծ ընդգրկում է ունեցել, եւ եղել է կազմակերպված մի ճակատ: Իսկ պատմաբանների ճնշող մեծամասնությունը խոսում է սոսկ Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերի մասին, որը շատ նեղ դիտանկյուն է: Արեւելյան Հայաստանի տարածքներում կռիվները վաղ են սկսվել: 

Ախալքալաքում 1917թ. վերջին ձեւավորվում է Ախալքալաքի ազգային խորհուրդը եւ գավառի պաշտպանության ժամանակավոր կոմիտե, քաղաքագլուխ Մկրտիչ Մարգարյանի գլխավորությամբ: Ախալքալաքի գավառում կատաղի մարտերը տեղի են ունեցել 1918թ. հունվար-մայիս ամիսներին՝ ցավոք ավարտվելով ջավախքահայերի կործանարար գաղթով: Ասենք, որ այս նահանջի ժամանակ եւ գաղթակայաններում զոհվել է մոտ 40 հազար հայ (80 հազար բնակչության կեսը): Այստեղ մեղավոր են վատ կազմակերպվածությունը, ռազմավարության բացակայությունը եւ հրամանատարական կազմի անձեռնհասությունը:

http://www.hayary.org/wph/?p=6930100 տարի առաջ.- Անհայտ նվիրյալներ. Թադեւոս Նահատակյան – Ջավախքի բազմադարյան պատմության մեջ բազում են նվիրյալ գործիչները, որոնք իրենց արգասավոր գործունեությամբ սատարել են երկրամասի առաջընթացին եւ սերունդների հիշողության մեջ թողել լուսավոր հետք… 1917թ. նա դառնում է Ախալքալաքի պարենային կոմիտեի անդամ  եւ զգալի գործ կատարում ժողովրդին պարենով ապահովելու հարցում…

Հավելենք նաեւ, որ Վրաստանի մենշեւիկյան կառավարությունը (մասոնական ժողովարան) սատանայական ու ճիվաղային մտադրությամբ ցանկանում էր վերացնել ջավախքահայությանը՝ Ախալցխայի եւ Ախալքալաքի գավառները հանձնելով թուրքերին: Նրանք մտադիր էին հայերին Բակուրիանի, Ծալկայի եւ Մանգլիսի գաղթակայաններում մեկուսացնել արտաքին աշխարհից ու սովի մատնել: Սա քաղաքական մեր ղեկավարության անճարակության եւ ապաշնորհության հետեւանքն էր: Չկար գործողությունների համակարգում եւ խելամիտ կառավարում: Քաղաքական մեր գործիչները չէին տիրապետում քաղաքականության նրբություններին ու խուսանավման կարողություններին: Ցավոք, Հայաստանի իշխանությունները գործնական առումով չհետաքրքրվեցին Ջավախքի, Թռեղքի եւ Սամցխեի հայության ճակատագրով:

http://www.hayary.org/wph/?p=6954Վարդան Շահպարոնյանի հետքերով – Տեղին ենք համարում նշել՝ «Ախալքալաք» նշանակում է «Աստծո արարածների քաղաք»՝ խոսքը հայերի արարչագործության մասին է… Ջավախքը միշտ պետք է մնա համայն հայության հոգածության եւ սիրո առարկա

http://www.hayary.org/wph/?p=6889  Լիարժեք չգնահատվածը- Քաղաքական եւ հասարակական գործիչ, որ իսկապես սիրում էր իր երկիրը – Վարդան Գասպարի Շահպարոնյանը Ջավախքի նշանավոր անհատներից մեկն է… Բազմաոլորտ հայանպաստ գործունեություն է ծավալել – նաեւ որպես Ախալքալաքի հայ հասարակության լիազոր ներկայացուցիչ, մասնակցել է Փարիզի հաշտության համաժողովին – զեկուցել է Ախալքալաքի գավառում տեղի ունեցած դեպքերի եւ ջավախքահայության կրած վնասների մասին…  

Այս դիմագրավման լայնատարած ճամբարում ուշագրավ էջ է նաեւ Սաթխայի (Ախալքալաքի գավառ) հերոսամարտը, երբ տեղի հայերը ծառս եղան թուրք ջարդարարների դեմ՝ ցույց տալով անձնուրաց խիզախության աննախադեպ օրինակներ: Խոսքը մայիսի 8-21-ը հայերի տված ուժեղ ճակատամարտի մասին է, որը, ցավոք, ավարտվեց գաղթով:

Այստեղ սաթխացիները եւ հարեւան գյուղերի բնակիչները ցույց են տալիս խիզախության զարմանալի օրինակներ: Բայց դարձյալ չկար հստակ ու կանոնավոր համակարգում եւ օգնություն: Թիֆլիսի հայոց ազգային խորհուրդն ընդհանրապես չէր կողմնորոշվում քաղաքական բարդ իրավիճակում եւ ոչ մի հակաքայլ չէր անում հուդայական հակահայկական արարքների դեմ: Նույնը նաեւ Ախալքալաքի ազգային խորհուրդը եւ ռազմական մարմինները: Փաստորեն, հայ զինվորը եւ սպան կռվում էին հանուն հայրենիքի, բայց  քաղաքական գործիչը հեշտությամբ ամեն ինչ զիջում էր:

Ցավոք, այժմ պատկերը զարմանալիորեն կրկնվում է:

Հայերը հզոր հակահարված են հասցնում թուրքերին նաեւ Տամալայում, որը լեռնային եւ անմատույց գյուղ է եւ իր դիրքով հիշեցնում է Կիլիկիայի մեր արծվաբույնը՝ Զեյթունը (Ուլնիա): Բնակավայրը գտնվում է Ախալքալաքի եւ Ախալցխայի միջեւ եւ անտառներով կապված էր առաջինի հետ, որտեղից ռազմական օգնություն էր ստանում: Այն ռազմավարական կարեւոր հանգույց էր: Այս դիմադրությունը եւս թշնամու համար անսպասելի էր: 1918թ. հունվար-ապրիլ ամիսներին արյունահեղ կռիվներ են տեղի ունենում: Տամալայի ինքնապաշտպանության ղեկավարը Մարտիրոս (Մատո) Սահակյանն էր: Այս հերոսամարտը զգալիորեն թուլացնում է թուրքերի հարձակումը եւ նպաստում Ախալցխայի ինքնապաշտպանության կազմակերպմանը: Այնպես որ, դիմակայության այս օջախները սերտորեն կապված էին մեկը մյուսի հետ, բայց չկար հստակ համակարգում:

Ուշագրավ է, որ երբ, տարիներ անց, հանճարեղ դերասան Վահրամ Փափազյանը հյուրախաղերով լինում է Ախալցխայում, հատուկ այցելում է այս գյուղը եւ ներկայացումներով հանդես գալիս հերոս գյուղացիների համար՝ թողնելով որպես հիշատակ իր գլխարկը եւ բարձր գնահատելով նրանց սխրանքը:

Սակայն հայության այս հատվածի ամենակազմակերպված դիմադրությունը Ախալցխայի հաղթամարտն էր (1917-1921թթ.): Այն ղեկավարել է 1917թ. քաղաքագլուխ ընտրված Զորի Զորյանը (1886-1942 թթ.): Հետաքրքրական է, որ Ախալցխայում նա հիմնադրել եւ տպագրել է «Շարժում» թերթը:

Դրությունը շատ բարդ էր, երբ թուրքերն ամբողջությամբ պաշարել են քաղաքը (29.12.1917թ-26.02.1918թ.): Այս հերոսամարտը, անհասկանալի պատճառներով, դուրս է մնացել մեր պատմաբանների ուշադրությունից: Բայց չէ՞ որ այն Սարդարապատ-Բաշ-Ապարան եւ Ղարաքիլիսա միասնական շղթայի կարեւոր օղակներից մեկն է: Իրավիճակի յուրահատկությունն այն էր, որ թուրքերը գործում էին տեղի մահմեդականների հետ սերտ համագործակցությամբ եւ մշակված ծրագրով: Զորի Զորյանը հմուտ դիվանագիտությամբ եւ քաղաքական ճկունությամբ կարողանում է կանխել հայ-թուրքական հնարավոր ընդհարումները եւ լուրջ հակահարված տալ թուրքերին: Նա կազմակերպված, բանիմաց ու հեռատես գործիչ էր, որը փրկեց հազարավոր հայերի կյանքը:

Նաեւ Վրաստանի խորհրդարանի անդամ էր:

Դիմադրական համակարգի մեկ այլ օղակ էր Շիրակի սարահարթում գտնվող Սառնաղբյուրի (Սոգյութլու) հերոսամարտը, որը տեղի ունեցավ մայիսի 16-22-ը, մինչեւ Սարդարապատի ճակատամարտը: Սա նույնպես թուրքերի համար անակնկալ հակահարված էր, երբ թշնամու դեմ դուրս եկավ ամբողջ գյուղը: Այս ճակատամարտը եւս անտեսված է եւ լուրջ հետազոտված չէ: Բայց պարզապես ամեն ինչ տարերային էր եւ հընթացս, որն անթույլատրելի է ռազմավարական առումով: Դա հնարավորություն էր տալիս մեր թշնամուն կատարել մտածված եւ համակարգային քայլեր, որոնք նախօրոք մշակված էին:

Զարմանալի է, բայց փաստ, որ մեր պատմաբանները հետամուտ չեն լինում այս իրադարձությունների համալիր ու հանգամանալից հետազոտությանը եւ անտեսում են պատմական շատ հանգամանքներ:

Մեկ կարեւոր հանգամանքի մասին: Խորհրդային պատմագիտությունը ելնում էր այն կեղծ տեսադրույթից, թե իբր Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում թուրքերի կանոնավոր բանակի դեմ կռվում էր միայն աշխարհազորը, այսինքն՝ ժողովուրդը: Սա անհեթեթ պնդում էր: Իրականում մարտադաշտ էին  դուրս եկել հայկական կորպուսի կանոնավոր զորամասերը, որոնք ունեին մարտական փորձ եւ կռվելու հմտություններ: Ճշմարտությունն այն  է, որ մարտական գործողություններին մասնակցում էր նաեւ ժողովուրդը: Իրավիճակը բարդանում էր քաղաքական թիմի անձեռնհասության, միամտության եւ ոչ գործնական լինելու պատճառով: Դրանով էլ հենց բացատրվում է գործողությունների չհամակարգվածությունը եւ տարերայնությունը:

Մեկ հարց եւս: Մեր պատմաբանները համոզված պնդում են, որ Ղարաքիլիսայի ճակատամարտում մենք պարտվել ենք: Մինչդեռ այդպես չէ: Բանն այն է, որ մայիսի 25-26-ին եւ 27-ի գիշերը  մեր անձնազոհ զինվորները փայլուն հաղթանակներ են տարել թշնամու դեմ: Այս հարցում մեծ դեր է խաղացել Գարեգին Նժդեհը: Իսկ մայիսի 28-ին մեր զորքն ստիպված է եղել մարտավարական նկատառումներով նահանջել, որը դժվար է պարտություն որակելը եւ ավելի շուտ ռազմական ղեկավարության սխալ համակարգման տրամաբանական հետեւանքն էր: Արձանագրենք, որ իրականում այդ ճակատամարտը փրկեց Թիֆլիսի եւ Երեւանի հայությանը ֆիզիկական ոչնչացումից եւ նպաստեց մեր պետության ստեղծմանը:

Տեղին ենք համարում արձանագրել, որ թուրք հրամանատար Քյազիմ Կարաբեքիր փաշան այս ճակատամարտից հետո բարձր է գնահատել հայ զինվորի կարողությունները եւ ասել. «Հայերն աշխարհին ապացուցեցին, որ իրենք ամենալավ կռվողներն են»:

Իսկ հայերը հաղթում են, քանի որ նրանց մեջ առկա է քաղաքակրթական աստվածային կոդը եւ անկոտրում կամքը: Մայիսյան փառահեղ հաղթանակները վիթխարի նշանակություն ունեցան մեզ համար, քանի որ դրանք արժանապատվության եւ ինքնասիրության դրսեւորումներ էին: Այդ քայլերով մենք կարողացանք ապացուցել ապրելու մեր կամքը եւ արարելու անդադրում տենչը: Բացի այդ, Հայաստանի առաջին հանրապետությունը հենց ծնվեց ռազմական այս խիզախումների հետեւանքով: Մեր զինվորը եւ սպան այս էլ որերորդ անգամ հարկադրեցին մեր թշնամիներին հաշվի նստել մեզ հետ եւ ընդունել հայ պետականության ստեղծումը:

Դեռեւս համապարփակ ձեւով չի հետազոտվել նաեւ մեր նորագույն պատմության այս հատվածը, որը բախտորոշ նշանակություն ունեցավ Հայաստանի երրորդ հանրապետության կերտման գործում: Մենք գործում էինք քաղաքական եւ աշխարհաքաղաքական շատ բարդ իրավիճակում, երբ կշեռքի վրա էր դրված հայության գոյության խնդիրը:

Եզրակացությունն այն է, որ հայ պետական եւ ռազմական միտքը, վայրիվերումներով հանդերձ, հրաշքներ էր գործում եւ դիմադարձում լրջագույն արհավիրքներին: Եթե չլիներ քաղաքական միամիտ վարվելակերպը եւ իրականության սխալ ընկալումները, ապա մենք կունենայինք այլ պատկեր եւ հաղթանակների փայլուն շարք:

Օտարները միշտ էլ նշել են այն պարագան, որ հայերին պարզապես անհնար է հաղթել, կարելի է խորամանկել, սադրել եւ հասնել հաջողության: Պատմության դասերը մեզ համար շատ կարեւոր են, քանի որ կանխում են մեր հետագա ձախողումները եւ կորուստները: Մեր մերձակա հաղթանակների գրավականը քաղաքական եւ ռազմավարական մտածողությանը, ինչպես նաեւ ազգային ու հոգեւոր տեխնոլոգիաներին տիրապետելու հմտությունն է, որը պարտադիր պայման է:

Այդ ժամանակաշրջանի մեր հերոսապատումը լրացրին Արցախի եւ 2016թ. ապրիլյան  հաղթամարտերը, որոնք քաղաքական եւ աշխարհաքաղաքական լուրջ հայտ էին:

Իսկ չլուծված հիմնախնդիրներ մենք շատ ունենք, որոնք մենք պետք է լուծենք՝ հույսներս մեր վրա դնելով: Օտարին ապավինելը եւ ստրկամտությունը մեղքեր են, որոնք չեն ներվում: Պատմության դաժան խաչմերուկներում կան ուսանելի բազում օրինակներ, ինչպես Հայկ Նահապետի, Վարդան Մամիկոնյանի, Թեոդորոս Ռշտունու, Վահրամ Պահլավունու, Դավիթ Բեկի, Արամ Մանուկյանի, Գարեգին Նժդեհի եւ այլոց վարքագիծը:

Էլ չենք խոսում հայոց փառապանծ այրուձիու հաղթական փորձի մասին:

Մենք պետք է բարձրացնենք մեր ինքնագնահատականը եւ խորությամբ ընկալենք մեր ոգու յուրահատկությունը:

Ռուբեն Նահատակյան

պատմաբան, վերլուծաբան

«Լուսանցք» թիվ 18 (496), 2018թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։