«Մեծ Մերձավոր Արեւելք» անունը կրող ամերիկյան ծրագիրը բացահայտորեն չի հրապարակվել, սակայն, դրա առանձին հատվածներ ընթացքում (հետո ամբողջապես) հայտնի են դարձել եվրոպական, մերձավորարեւելյան ու աֆրիկյան մի շարք երկրների իշխանություններին, ու տարածաշրջանի ժողովուրդների դժգոհությունն են հարուցել: Այդ ծրագրի մասին խոսվել է ոչ միայն պետությունների իշխանությունների մակարդակով, այլեւ՝ Եվրամիության եւ «Մեծ ութնյակի» գագաթաժողովներում, Արաբական լիգայի ու ՆԱՏՕ-ի համաժողովներում:
Ո՞րն է «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրի էությունը եւ ի՞նչ նպատակներ է հետապնդում: Ծրագիրն ընդհանուր գծերով շարադրվել է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի 2003թ. փետրվարի 26-ի ելույթում: 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններից հետո ամերիկյան վարչակազմը պարբերաբար փորձում է Արեւմուտքի համար անվտանգ դարձնել մահմեդական աշխարհը (նախ եւ առաջ՝ արաբական) եւ վերացնել արմատական ահաբեկչության տնտեսական, սոցիալական ու քաղաքական արմատները: Ուստի փորձում է արաբա-մահմեդական պետություններում այսպես կոչված ժողովրդավարական բարեփոխումներ անցկացնել: Այլ տեղերում՝ իբր ժողովրդավարական երկրներում, դրանք կոչվում են «գունավոր հեղափոխություններ»…
Թվում է, հատկապես արաբական աշխարհի համար սարսափելի ոչինչ չկա, բայց ամերիկյան ծրագրում դիտավորյալ հետին պլան է մղված մերձավորարեւելյան գլխավոր խնդիրը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, ինչպես նաեւ չի խոսվում ամերիկա-իսրայելա-թուրքական ռազմավարական դաշինքի մասին:
«Մեծ Մերձավոր Արեւելք»-ը ներկայացվում է իբրեւ արաբական աշխարհի «արդիականացման» ծրագիր: Ամերիկացիները տվյալ դեպքում զուգահեռներ են անցկացնում Հելսինկիի 1975թ. համաձայնագրերի հետ, որոնք հանգեցրին խորհրդային դաշինքի երկրների (ԽՍՀՄ եւ սոցճամբար) «ազատագրմանը» եւ «ժողովրդավարացմանը»: Սակայն նրանք մոռանում են, որ մահմեդականների մեծամասնությունը Մերձավոր Արեւելքում ամերիկա-իսրայելական զույգին անվերապահորեն վերագրում է բռնակալի նույն դերը, ինչ կատարում էր ԽՍՀՄ–ը Արեւելյան Եվրոպայում:







