Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.) եւ թիվ 1-20-ում – Ավարտվեց «Մեր ավանդապատումները» հոդվածաշարը, որը կարծում ենք որոշակի տեղեկություն եւ հետաքրքրություն հաղորդեց մեր ընթերցողներին՝ հայոց ավանդապատումների նկատմամբ
http://www.hayary.org/wph/?p=4206 - Մեր ավանդապատումները շարքից – Երեւան – …ընթերցվում են նաեւ Իրպունի, Էրբունի, Երեբունի ձեւերով… Պաշտող ցեղի՝ արի կամ Էրի (ցեղի) աւան իմաստն ունի…
http://www.hayary.org/wph/?p=4135 – Մեր ավանդապատումները – Գեղարքունիք.- Սեւանա լճի տեղում ցամաք է եղել՝ անտառապատ բլուրներով, ծաղկավետ դաշտերով ու բերրի վարելահողերով… Վանեցիները գաղթում եւ վերաբնակվում են Սեւանի ափերին…
http://www.hayary.org/wph/?p=4155 – Մեր ավանդապատումները շարքից – Երեւան… Գոյություն ունեն Երեւան անունը մեկնող բազմաթիվ բացատրություններ եւ ավանդություններ…
http://www.hayary.org/wph/?p=4175 – Մեր ավանդապատումները.- Արին-բերդ բլուրում հայտնաբերված արձանագրությունը պարզաբանել է Երեւանի հիմնադրման եւ տեղադրման հարցերը… Երեւան անունը բխեցնելով Էրիա /արիա/ ցեղի ու երկրի անունից…
Ուրարտական սեպագրերում ebani-ն երկիր, բնակավայր իմաստներն ունի: Ուսումնասիրողները նույնիմաստ բառեր են համարում հայերեն աւանը եւ ուրարտական արձանագրություններից հայտնի ebani-ն: Ինչպես տեսնում ենք, այս դեպքում էլ Էրեբունին կարելի է կարդալ իբրեւ արի կամ էրի (ցեղի) աւան: Ավելորդ չէ հիշել, որ օտարերկրյա ճանապարհորդների ուղեգրություններում Երեւանը պարսկական տարբերակով հիշատակվում է Իրիվան, Իրեւան, Իրվան, Իրավան, Էրիվան, ձեւերով: Հայաստանի հնագույն հարեւան ու ազգակից իրանցիների կողմից օգտագործվող Երեւան անվան իրանական տարբերակը եւս վկայում է, որ Երեւան անունը արի կամ Էրի (ցեղի) ավան իմաստն ունի: Համեմատության համար հիշենք Իրան անունը, երբ իրանցիների մոտ Ար-ը հանդես է գալիս Իր- ձեւով: Իսկ ուսումնասիրողներից մեկը (Անքետիլ) նույնիսկ ենթադրում է, որ Երեւան անունը նմանություն ունի «Զենդ Ավեստա»-ում հիշատակվող արիների նախահայրենիքի՝ Eerien Veedjo կամ Iran Vedj անվան հետ:
Այսպիսով՝ հայոց մայրաքաղաքի Երեւան անունը արի կամ Էրի (ցեղի) աւան, արիների բնակավայր իմաստն ունի:
* * *
Ապրանքափոս - գտնվում է Երեւանից Քանաքեռ տանող ճանապարհին: Մի անգամ այստեղով անցնում է մի գյուղացի եւ լեռան մեջ նկատում է դեպի քարայրը տանող անցքը: Մտնում է այրի մեջ եւ ահագին ոսկի ու թանկարժեք քարեր է գտնում: Նա լցնում է դրանք տոպրակի մեջ, բարձում էշին ու դուրս գալիս: Հանկարծ հիշելով իր ձեռնափայտը՝ գյուղացին հետ է դառնում: Դռան բացվելու ժամանակն անցնում է, քարայրը փակվում է, եւ նրան այլեւս ոչ ոք չի տեսնում: Էշն իր բեռով մենակ վերադառնում է տուն:
Դալմա - գտնվում է Երեւանի մոտ, Հրազդան գետի աջ ափին:
Երեւանի Հյուսեին-ղուլի խանը ժամանակին կանչում է իր խանության բոլոր հմուտ առու հանողներին եւ հրամայում է նրանց որոնել ու գտնել վաղեմի ջրանցքի ակը: Բազմաթիվ վարպետ-արհեստավորների բոլոր ջանքերը կատարելու խանի հրամանը‘ապարդյուն են անցնում: Կատաղած խանը կարգադրել է սպանել բոլորին:
Այնուհետեւ վարպետներ են կանչվում Մակվից, Թավրիզից, Սպահանից: Ձորաբաշի տակ գետի եզերքը բռնելով՝ նրանք գնում են ջուրն ի վեր եւ, վերջապես, հասնում այն տեղը, ուր երեւում էին վաղեմի ջրանցքի հետքերը: Սկսում են օր ու գիշեր աշխատել, մինչեւ որ կարողանում են խցված ակը բանալ՝ դեոմլե անել, քանդվածը վերաշինել, լցվածը մաքրել: Դրանից հետո ջուրն առատ հոսում է դաշտն ի վեր ու ոռոգում գետի մյուս ափին տարածված անծառ, անտունկ անապատը: Ջրանցքի անունը դնում են Դալմա՝ Դեոլմե, որ նշանակում է պեղած, ծակած:
Երեւան - Ա. Ջրհեղեղի ժամանակ Նոյ նահապետը Մասսի վրա իջած տապանից դիտում է շրջակայքը եւ, հեռվում տեսնելով մի անջուր տարածություն, բացականչում. «Երեվա անդ…»՝ այնտեղ երեւում է: Դրանից հետո այդ վայրը կոչվում է Երեւան:
Բ. Երբ Նոյ նահապետը դուրս է գալիս տապանից, ամենից առաջ տեսնելով այս վայրը, ասում է «Ահա երեւացին լեռներ ու բլուրներ… որի համար եւ այն կոչվում է Երեւան»:
Գ. Սա աշխարհի ամենամեծ ու հին քաղաքն է: Այստեղ ջրհեղեղից առաջ եւ հետո ընտանիքով ապրել է Նոյ նահապետը, երբ դուրս է եկել Մասսին իջած իր տապանից: Այստեղ էլ Նոյը առաջին անգամ տնկել է խաղողի որթը:
Քանաքեռ – Այստեղ ժամանակին բնակվել է Քանան անունով մի թագավոր կամ իշխան իր քրոջ հետ: Սրա մասին խոսելիս տեղացիք հաճախ ասել են Քանանի քույրը, Քանաքեռը: Դրանից էլ գյուղի անունը մնացել է Քանաքեռ:
Չարբախ - Այստեղ ժամանակին մի երկու մեծահարուստ ունեցել են սեփական խաղողի այգիներ: Նրանց մոտ բանվորություն են արել տեղում գտնվող չքավոր գաղթականները: Չկարողանալով ապրուստի միջոց հայթայթել իրենց կատարած այդ աշխատանքով՝ գաղթականները օրավարձով աշխատել են նաեւ Երեւանի կաշու արհեստանոցում եւ գինու գործարանում: Երեկոները հոգնած տուն գնալիս՝ նրանք տնքալով ասել են. «Չա՛ր է, չա՛ր է մեր բախտը»: Դրանից հետո էլ գյուղի անունը մնացել է Չարբախ:
Կազմեց Գարիկ Ավետիսյանը
«Լուսանցք» թիվ 21 (326), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում