Ազգային հարստություն – (5).- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Հայաստանի իշխանը արտաքին շուկաներում թանկարժեք ձկնատեսակներից է… Հեռանկարներ, շուկաներ, հնարավորություններ…

Սկիզբը՝ թիվ 40-43-ում

http://www.hayary.org/wph/?p=5242Ազգային հարստություն.- (4-րդ մաս) – Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Պետությունը չի թաքցնում, բայց պաշտոնյան իրեն ոչ ադեկվատ է պահում…

http://www.hayary.org/wph/?p=5228Ազգային հարստություն – 3. Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – ԳԱԱ-ն խոսում է դրական ու բացասական կողմերից (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

http://www.hayary.org/wph/?p=5214Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (2-րդ մաս) – Բնապահպանները բարձրաձայնում են ռիսկերը… Եթե ազոտն ու ֆոսֆորը լիճ թափվեն… Եթե ձկները ցանցավանդակներում բուծվեն…

http://www.hayary.org/wph/?p=5200Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (1-ին մաս) – Հարց, որի ճիշտ պատասխանը կդառնա փրկօղակը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… Նոր գազային էլկայան կունենանք…

Սեւանի ձկնաբուծության զարգացման ծրագրից խոսելիս հակիրճ ներկայացրինք բնապահպանների, մասնագետների, պետության նորմալ տեսակետը եւ վարչապետի հրամանով նշանակված՝ հիշյալ ծրագիրն իրագործողի աննորմալ պահվածքը:

Ինչեւէ: Փորձենք գտնել այն ընդհանուր հայտարարը, որ ի մի բերի բոլորին: Այլ կերպ՝ հնարավոր չէ՞ այնպես անել, որ եւ՛ ձկնային պաշարները վերականգնվեն, եւ՛ Սեւանա լիճը չտուժի: Իհարկե, հնարավոր է, տարբերակներ հաստատ կան: Բայց դրանք մասնագետները պիտի առաջարկեն: Եվ լավ կլինի, որ գտնվի այդ տարբերակը, քանզի ձկնաբուծության զարգացումը մեր երկրի համար կարող է արտահանման ուղիներ բացել: Մանավանդ այս պարագայում, երբ մեր գործարարները կարող են աշխատել եւ՛ Եվրամիության եւ՛ Եվրասիական միության շուկաներում:

Մինչ այդ տարբերակներին անդրադառնալը, նախ խոսենք արտահանման հեռանկարներից: Որ ձկնարդյունաբերության զարգացումը մեզ համար անհրաժեշտություն է, վկայում են տվյալները: Ձկնաբուծության դրական շարժի միտումն ակնհայտ է (խոսքը Սեւանի մասին չէ, այստեղ ձկնային պաշարների վիճակը աղետալի է, եւ սա մասնագիտական գնահատականն է):

Մեր երկրում 2012թ. ձկնարտադրության ցուցանիշը 9000 տոննա է եղել: Միայն 2010-11թթ. լճակային ձկնարտադրության ծավալներն ավելացել են 23%-ով՝ կազմելով 7095 տոննա, որոնց գերակշիռ մասը սաղմոնազգիներն են: Հեռանկարի մասին խոսելիս բավական է միայն մեկ թիվ մեջբերել. Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ մեկ շնչի հաշվով ձկնամթերքի տարեկան սպառումը գոնե պետք է 10 կգ լինի: Հայաստանյան ցուցանիշը չի գերազանցում 4 կգ-ն: Օրինակ՝ 2011թ. ՀՀ-ում միջին ամսական սպառումը մեկ անձի հաշվարկով կազմել է 0.3 կգ, հետեւաբար՝ միջին տարեկան սպառումը՝ 3.6 կգ, որից միայն ձկան միջին տարեկան սպառումը՝ 2.3 կգ: Մեկ տարի անց ձկան միջին սպառումը 2.5 կգ է եղել:  Ի՞նչ վիճակ է արտահանման առումով: Մեր երկրում համարյա 250 ձկնաբուծական ֆերմաներ են գործում, սակայն միայն 24-ն ունեն արտահանման թույլտվություն: Ի դեպ, մենք գլխավորապես թարմ ու սառեցված ձկնամթերք ենք արտահանում: Սա այն ոլորտն է, որտեղ նվազում են ներմուծման ծավալները: Օրինակ, 2012թ. արտահանել ենք ձկնամթերքի մոտ 19,8%-ը՝ 3617 տ՝ 21 մլն 341 հազար դոլար ընդհանուր արժողությամբ: Համեմատության համար նշենք, որ 2010թ. ցուցանիշը 7,7% էր: Իսկ ներմուծման մասով ասենք, որ 2012թ. ծավալները 2011թ. համեմատ նվազել են. այսպես՝ եթե 2012թ. ներմուծել ենք 2801 տ ձկնամթերք, ապա 2011թ. ցուցանիշը 4746 տ է:

Հեռանկարներ, շուկաներ, հնարավորություններ

Մեր երկիրը ձկնամթերքը հիմնականում արտահանում է ՌԴ, Ուկրաինա, Վրաստան: Եվրոպական շուկան այս երկրների համեմատ ավելի խիստ պահանջներ է առաջադրում, բայց կարողացել ենք ոտքի տեղ անել Բելգիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում (թեկուզ՝ միայն խեցգետնակերպեր): Եթե մենք ձկնարդյունաբերությունը զարգացնենք ԵՄ շուկայի պահանջներին ահմապատասխան, ապա ավելի լայն հեռանկարի մասին կարող ենք խոսել:

Համապատկերում չմոռանանք Եվրոպական միության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատարի հայտարարությունը Մաքսային միության եւ ԵՄ-ի միջեւ ազատ առեւտրի բանակցությունների կարեւորության մասին: Ի վերջո, մենք կարող ենք օգտագործել նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության կողմից, որի անդամ ենք 2003թ.-ից, մեզ հասանելիք արտոնությունները, որոնք դեռ չենք գործածում՝ գուցե եւ վատ շուկայավարման պատճառով:

Փորձենք հակիրճ դիտարկել այդ շուկաները:

Ռուսաստանն, օրինակ, ձկան պակաս կարծես չունի, բայց պահանջարկի անընդհատ աճին զուգահեռ, ներմուծման ծավալներն էլ են ավելանում: ՌԴ-ում ձկնաբուծական արտադրության ծավալներն ավելանում են. 2011թ. 130 հազ տոննա է եղել, 2012թ. այն հասել է 160 հազ տոննայի, իսկ 2013թ. ցուցանիշը արդեն 200 հազ տոննա էր: Ըստ տարբեր գնահատականների, առաջիկա 5 տարիներին այն մինչեւ 400 հազ տոննայի կհասնի: Ռուսական կողմի տվյալների համաձայն, իրենց երկիր ձկան ամենամեծ ներմուծողը Նորվեգիան է, որ 2012թ. համարյա 318 հազ տ ձուկ է տարել ՌԴ: Իսկ Չինաստանն, օրինակ 67 հազ տ է տարել: Այս ցուցակում Հայաստանն էլ կա՝ 17-րդն է՝ Թուրքիայից եւ Արգենտինայից հետո: Մենք 2011թ. 1280 տ ձուկ ենք արտահանել ՌԴ, իսկ 2012թ.-ին՝ արդեն 1840 տ: Դարձյալ ռուսական կողմի տվյալներով՝ իրենց շուկան հատկապես թարմ ձկան պահանջարկ ունի՝ մասնավորապես՝ թառափի ու ծածանի:

Արտահանման առումով ինչու չմտածել ԱՄՆ-ի մասին: Ճիշտ է այստեղ կա ձկնաբուծություն, բայց սպառվող ձկնամթերքի 92%-ը ներմուծվում է: ԱՄՆ-ն սպառում է 2 տրլն 115 մլրդ կգ ծովամթերք‘ ձկան սպառման ծավալներով երկրորդը Չինաստանից հետո: Հաշվարկների համաձայն (ըստ ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության) այդ պահանջարկն անընդհատ կաճի՝ 2030թ. հասնելով նշված թվին 30 մլն տոննայով ավելիի ցուցանիշի: Մոտավոր հաշվարկներով, այստեղ 2012թ. 6 մլն տ ձկնամթերք է արտադրվել, որից իշխանը ընդամենը 50 հազ տոննա է եղել:

Այսինքն՝ այս ձկնատեսակի ուղղությամբ մենք կարող է ենք մտածել:

Եվրոպայում էլ են շատ սիրում իշխանը՝ ծիածանափայլ իշխանը: Եվ ընդհանրապես, ձկնամթերքն այստեղ սննդակարգում զգալի տեղ է ունի. շատ են սիրում սաղմոն, ծիածանափայլ իշխան, թունա, սկումբրիա, ծովատառեխ: Պարզվում է, ԵՄ երկրները ձկնամթերքը ներմուծում են հիմնականում Թուրքիայից, ու գիտեք, ինչ են ներմուծում՝ քաղցրահամ ջրի իշխան (հետեւությունները թողնում եմ ընթերցողին): ԵՄ-ն համաշխարհային ձկնարտադրության 4.4%-ն է ապահովում՝ աշխարհում 5-րդ արտադրողը համարվելով (ԵՄ երկրների տարեկան արտադրանքը կազմում է 6 369 756 տ):

Առաջատարներն են՝ Իսպանիան, Դանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան:

Ուկրաինայում ոչ ձկան պաշարներն են լիուլի, ոչ ձկնարտադրության ծավալներն են բավարար: Ուկրաինան տարեկան համարյա 204 հազ տ ձկնամթերք է արտադրում, մինչդեռ պահանջարկը 900 հազ տ է: Ուկրաինան իր պահանջարկի 70%-ը ներմուծում է՝ եւ հիմնականում սկումբրիա, ծովատառեխ, սաղմոն, իշխան: Առաջնային ներմուծողը Նորվեգիան է, որ 20132թ. ներմուծել է 128 հազ տ:

Բելառուսում բուծվող հիմնական ձկնատեսակը ծածանն է, որ ձկնաբուծության ընդհանուր ծավալի մոտ 79.7%-ն է կազմում: Արտադրության հիմնական եղանակըն էլ ավազանային ձկնաբուծությունն է: Այստեղ ատադրության ծավալները տարեկան 17-19 հազ տ-ի սահմաններում են ընդամենը: Եվ թառափը, իշխանն ու լոքոն թանկարժեք ձկնատեսակներ են համարվում: Բելառուս ձկնամթերք ներմուծող առաջնային երկիրը դարձյալ Նորվեգիան է, որ 2011թ. շուրջ 33 հազ տ է բերել:

Նորվեգիան առաջնային ներմուծող է նաեւ Վրաստանի համար, ոտեղ 2011թ. ձկնամթերքի արտադրությունը հասել է 27,147 տ, որից ձկնաբուծությունը՝ 650 տ-ի: Ձկնամթերք ներմուծվում է նաեւ Հայաստանից՝ թարմ, աղ դրած, սառեցված եւ ծխեցված իշխան, Ադրբեջանից՝ սառեցված եւ ծխեցված թառափ, Թուրքիայից՝ ապխտած սկումբրիա, եւ Ռուսաստանից՝ սառեցված, աղ դրած եւ պահածոյացված տարբեր ձկնամթերք: Մեկ շնչի հաշվով ձկան սպառումը տարեկան 7 կգ է:

Մեր հարեւան Իրանում ձկնաբուծության տարբեր եղանակներ են կիրառվում՝ բնակլիմայական տարբեր պայմաններով պայմանավորված: Իրանն ամենից շատ արտադրում է ծածան, իշխան, ծովախեցգետին, թառափ: Արտադրության մոտ 88,43%-ը սպառվում է տեղական շուկայում, իսկ արտահանման մոտ 50%-ը ծովախեցգետինն ու ձկնկիթն են: Չնայած արտադրության ծավալների աճին, ներմուծումն էլ զգալի ծավալներ ունի: Իրանին ձկնամթերք են մատակարարում Նոր Զելանդիան (2012թ. 16.498 տ), Գանան (2011թ. 12.448տ), ԱՄԷ-ն (2011թ. 6055 տ), Իրանն էլ ձկնամթերք է արտահանում Իրաք, Վիետնամ:

Չմոռանանք Ղազախստանին էլ, որ ձկնամթերք է ներմուծում 43 երկրներից: Նորվեգիան այս դեպքում էլ հիմնական մատակարարն է (2012թ. 18 717 տ), Ռուսաստանը (2011թ. 10 381 տ) եւ Վիետնամը (2012թ. 5238 տ): Եվ եթե Մաքսային միության շրջանակներում Ղազախստանին չխանգարի Հայաստանի հետ հարաբերվելու քաղաքական գործոնը (Ղազախստանը համաթուրքական դաշինքի 6 պետություններից մեկն է), ապա Հայաստանն էլ այստեղ էլ կարող է ձուկ տանել:

Հիմա՝ երբ Հայաստանն ուզում է զարգացնել ձկնաբուծությունը, նաեւ վերականգնել Սեւանի էնդեմիկ ձկնային պաշարները, կարելի է անդրադառնալ աշխարհի փորձին՝ ինչպես անել, որ եւ՛ պաշարները վերականգնվեն, եւ՛ Սեւանը չտուժի:

Շարունակելի

Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր

«Լուսանցք» թիվ 44 (390), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։