Մեր ժամանակների վկայագրում (5).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (4-րդ մաս)… Դեռ պիտի անցնեինք արցախյան շարժման եւ արցախյան ազատամարտ ճանապարհներով…

Սկիզբը՝ թիվ 41-43-ում

http://www.hayary.org/wph/?p=5278Մեր ժամանակների վկայագրում (4).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (3-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ…

http://www.hayary.org/wph/?p=5231 - Մեր ժամանակների վկայագրում (3).- Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (2-րդ մաս) – Արմեն Ավետիսյան, (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5221 -Մեր ժամանակների վկայագրում (2) – Ազգային զարթոնք. բնապահպանական ցույցեր (1-ին մաս) – Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5208Մեր ժամանակների վկայագրում (1) – Բացահայտում՝ 28 տարի անց – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… 1988-ի փետրվարին Աբովյանում սկսվեցին Բնապահպանական ցույցերը, որ 2 օրից վերածվեցին Արցախյան շարժման…

Յուրաքանչյուր պայքար ծնում է նաեւ իր առաջնորդներին եւ այստեղ էր, որ հայտնվեցին մի խումբ անհողդողդներ, ովքեր այս դրվագի մեջ կատարեցին մի շրջադարձ, որը հանկարծակի բերեց նույնիսկ բուն կազմակերպիչներին: Նորելուկ կազմակերպիչները չբավարարվելով իշխանավորների խոստումներով եւ օրվա ձեռք բերած արդյունքներով՝ կարճատեւ խորհրդակցությունից հետո մարդկային զանգվածն ուղղեցին դեպի Երեւան: Այս քայլն ուղղակի պահի ծնունդ էր: Իշխող աղմուկ-աղաղակների ներքո ժողովրդի մի մասն ընկրկեց, սակայն մի մեծ խումբ համառորեն սկսեց երթը: Ամեն ինչ կատարվեց անսպասելիորեն արագ, եւ գնալով մեծանում էր ցուցարարների մասնատված խմբերի միջեւ տարածությունը: Մինչեւ Երեւան, իհարկե, դեռ բավականին ճանապարհ կար, սակայն, մարդկանց հայացքները լի էին վճռականությամբ եւ անզիջողականությամբ: Աբովյանում մնացած ցուցարարների մի մասն էլ «Սիրիուս» գործարանի ժողովների մեծ դահլիճում հանդիպեց քաղաքի եւ գործարանի ղեկավարության հետ՝ գործադուլներն ու բարձրացված հարցերը հիմնավորելու, օրինականացնելու նպատակով…  Երեւան տանող մայրուղու պետավտոտեսչության կենտրոնական հենակետի մոտ ոստիկանական խիտ շարքերն արդեն կազմ ու պատրաստ սպասում էին երթի մասնակիցներին: Այստեղ էր վճռվելու երթի ճակատագիրը: Եվ ի պատիվ երթի մասնակիցների, նրանք չնահանջեցին ու փոխադարձ հրմշտոցներից հետո ոստիկանները ստիպված տեղի տալով բացեցին ճանապարհը դեպի քաղաքամայր Երեւան: Տեսարանն, իրոք, տպավորիչ էր: Մարդկային ալեկոծված զանգվածը ցնծում էր ու հաղթանակի բերկրանքով համակված, չկանգնեց նույնիսկ բանակցության համար Երեւանից ժամանած պետական եւ կոմկուսի բարձրաստիճան ղեկավարների ժամանումից հետո: Նրանք այդպես էլ նստած մնալով մեքենանների մեջ՝ արժանացան ընդհանուր սուլոցների եւ կշտամբանքների: Երթի մասնակիցների համար Երեւան հասնելը դարձել էր անկոտրում նպատակ, անբեկանելի պահանջ:

Երեւանում տեղյակ չէին այս ամենին, եւ աբովյանցիների բուռն երթը մայրաքաղաքի փողոցներում միայն զարմանքի ու տարակուսանքի հայացքներ էր առաջացնում: Երթն ավելի տպավորիչ դարձնելու նպատակով աբովյանցիները կանգնեցրին ավտոմեքենաների երթեւկությունը եւ քայլարշավի ընթացքում ծնվող բնապահպանական կոչերի ընդհանուր վանկարկումներով փորձեցին մայթերին հավաքված մարդկանց բացատրել մայրաքաղաք հասնելու պատճառը: Հետաքրքրությունից կամ համակարծիք լինելով, բազմաթիվ երեւանցիներ միացան երթին եւ ընթացքում որոշվեց այն ավարտել Թատերական հրապարակում՝ հանրահավաքով…

Հանրահավաքում հնչեցին գազի կուտակման պահեստներին վերաբերող եւ ընդհանրապես բնապահպանական խնդիրների մասին ելույթներ («Նաիրիտ», ատոմակայան եւ այլն…), ինչպես նաեւ ընթերցվեց աբովյանցիների բողոքը՝ ուղղված Հանրապետության իշխանություններին: Դեռ ելույթները չէին ավարտվել, երբ ինչ-որ մարդիկ հայտնեցին, որ Արցախում շատ կարեւոր իրադարձություններ են տեղի ունենում ու խնդրում են բոլորին, մասնավորապես՝ աբովյանցիներին, հաջորդ օրն ավելի կազմակերպված ներկայանալ հանրահավաքի՝ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման պահանջով ու տրամադրվածությամբ: Աբովյանցիները հոգնած, բայց հպարտորեն, երթուղային ավտոբուսներով վերադարձան Աբովյան, եւ աչքի ընկած կազմակերպիչներն իրենց առաջին լուրջ հավաքում հանգամանորեն որոշեցին ու մշակեցին գալիք օրվա կազմակերպվելիք գործադուլների ու երթերի անցկացման ժամն ու ձեւերը, չնայած շատ բան դեռեւս պարզ չէր, հատկապես Արցախի խնդրի առումով…

Հաջորդ առավոտյան, փետրվարի 20-ին աննկարագրելի պոռթկում էր, գործադուլներն ու երթերն ավելի բազմամարդ էին ու կազմակերպված: Իշխանավորները եւ ոստիկանները չնայած դիմադրում էին (կողքից բավականին տպավորիչ), սակայն երեւի թե արդեն լոկ ձեւականորեն: Նույնիսկ Երեւան գնալու համար նրանցից մի քանիսն ավտոբուսներ առաջարկեցին, պատճառաբանելով, թե ծերեր եւ կանայք կան, սակայն ցուցարարների նպատակը անպայմանորեն ոտքով գնալն էր: Որոշմանը կողմ էին բոլորը: Այս անգամ «Սիրուս» եւ «Չափիչ» գործարանների գործադուլավորներին միացան տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների բանվոր-ծառայողներ ու նախորդ ցույցից ոգեւորված աբովյանցիներ: Պտույտ գործելով Աբովյանի փողոցներով, համալրվելով զարմացած աբովյանցիներով, երթի մասնակիցները Հայաստանի եւ Արցախի վերամիավորման բացականչություններով ու ցուցապաստառներով շարժվեցին դեպի Երեւան: Եվ այս անգամ էլ ոստիկանները նահանջեցին ու ցուցարարները հաղթահարելով Աբովյան-Երեւան տարածությունը, խրոխտ երթով, երեւանցիների ողջյունների ու ծափահարությունների ներքո մտան Թատերական հրապարակ…

Թատերական հրապարակի հանրահավաքից հետո աբովյանցիների պատվիրակությունը ՀԽՍՀ կառավարության շենքում հանդիպեց Նախարարների Խորհրդի ներկայացուցիչների հետ, շարադրեց ցուցարարների տեսակետները՝ բնապահպանական խնդիրների (մասնավորապես՝ գազի կուտակման պահեստների) եւ Հայաստանի ու Արցախի վերամիավորման հարցի շուրջ, եւ իհարկե պահանջեց ավտոբուսներ՝ հոգնած աբովյանցիներին Աբովյան տեղափոխելու համար: Ցուցարարները, որպես հաղթանակի արդյունք, օգտվեցին կառավարության տրամադրած ավտոբուսներից, սակայն նրանց դեռ 7 օր շարունակ սպասվում էր ծանր, բայց պատվաբեր երթեր՝ Աբովյան-Երեւան արդեն պատմական նշանակություն ձեռք բերող ճանապարհով…

Փետրվարի 20-ին բնապահպանական ցույցերն իրենց տեղը զիջեցին Արցախյան Շարժմանը, որը շուտով պետք է վերածվեր արցախյան ազատամարտի, հայ ազգային ազատագրական պայքարի, հայության գոյամարտի…

…Այս պայքարում հերոսացան շատերը, իսկ նրանցից լավագույններն անմահացան՝ ամփոփվելով հայրենի հողի մեջ…

  1. Արցախյան շարժում                          

1988 թվականի փետրվարյան բնապահպանական ցույցերն ու նրանց հաջորդած Արցախյան շարժումը կարծես քննություն էին պատմության եւ Աստծո առջեւ. հայ ազգի կարողությունների, ողջախոհության, գենետիկ հիշողության եւ հետագա գոյատեւության առումով, որն ազգը հանձնեց գերազանց կերպով: Նիրհից արթնացավ նախնյաց գենը, պոռթկաց հայ-արիական ազատատենչ-ռազմատենչ ոգին ու խոսեց ազգային առաքելության բնազդը՝ հավերժության զորեղ ձայնը: Եվ այդ վայրկյանից այլեւս անկոտրում էր ազգի կամքը ու նրա վրա հենված ազգային ազատագրական՝ դեպ անկախության ու հայրենատիրության տանող պայքարը…

1988թ., փետրվարի 20: 2 օր տեւած բնապահպանական ցույցերն անմիջապես անցան հիշողության գիրկը, որպեսզի հետագայում Արցախյան շարժման ամենաեռուն ժամանակահատվածում նորեն օգտագործվեն որպես քաղաքական ազդեցիկ լծակ: Իսկ այդժամ Ազգային զարթոնքն էր երկունքի մեջ…

Փետրվարի 20-ին նախորդ ցույցերի կազմակերպիչները մի առանձին խանդավառությամբ էին պատրաստվում հաջորդ գործադուլին: Արցախից կցկտուր հասնող լուրերը ստիպում էին գործել արագ, որոշ դեպքերում առանց հանգամանորեն մտածելու, սրտի մղումով: Ժամանակը թանկ էր…

Այս անգամ էլ գործադուլի կազմակերպման շարժիչ ուժը «Սիրիուս» գործարանի բանվոր-ծառայողներն էին, որոնք ինչպես Արցախյան շարժման, այնպես էլ ազատամարտի ամբողջ ընթացքում մնացին որպես առաջամարտիկներ: Նրանց անբաժան եւ վստահելի ընկերներն էին «Չափիչ» գործարանի բանվոր-ծառայողները: Սակայն, շուտով քաղաքի բոլոր հիմնարկ-ձեռնարկություններին, ամենատարբեր կազմակերպություններին վիճակված էր անխուսափելի ճակատագիր՝ միանալու պայքարի այս երկու «հսկաների» ձայնին, պատմական անջնջելի հիշողության նվիրական ու հարազատ կանչին…

Փետրվարի 20-ից 26-ը ներառյալ աբովյանցիներն ամեն առավոտ երթով, Արցախը Հայաստանին վերամիավորելու կոչերով ու ցուցապաստառներով, ազգային-հայրենասիրական երգերի հուսադրող մեղեդիների ընկերակցությամբ քայլում էին Աբովյան-Երեւան «երթուղով» եւ ամեն անգամ երեւանցիների ոգեւորիչ բացականչությունների, ծափողջյունների ներքո մտնում Թատերական հրապարակ…

Այս քայլարշավն ընդօրինակեցին երկրի բազմաթիվ բնակավայրերի նվիրյալ հայորդիներ (Չարենցավան, Հրազդան, Էջմիածին, Գյումրի եւ շատ ու շատ այլ քաղաքներ, գյուղեր), որոնց մուտքը Թատերական հրապարակ ժամանակ առ ժամանակ թնդացնում էր հարյուր հազարների հասնող ներկաներին, սակայն շուտով սումգայիթյան ոճիրն իր ազդու կնիքն էր դնելու ցուցարարների հետագա գործողությունների ու մարտավարության վրա, իսկ Աբովյանը պայքարի այդ բովում արժանանալու էր «Հայաստանի Պիտեր» անվանմանը: Կարծեմ Իգոր Մուրադյանը այսպես հայտարարեց հանրահավաքներից մեկի ժամանակ, երբ դեռ նա էր Վաչե Սարուխանյանի հետ հռետորաբանում հանրահավաքներին:

Նախնյաց մարտունակ, իմաստուն ու բազմափորձ ոգին էր խլրտում հայ նոր սերնդի սրտերում եւ ուղեղներում: Ամեն ինչ նոր էր սկսվում…

Դեռ պիտի անցնեինք «Ազգային զարթոնք»-ի բոլոր հիմնական ճանապարհները՝ «Բնապահպանական ցույցեր», «Արցախյան շարժում», «Արցախյան Ազատամարտ»)…

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 44 (390), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։