Ռիոյից հետո՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ.- Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (5-րդ մաս), բայց ինչպե՞ս լուծել կորուսյալ մեդալների գերխնդիրը… Միհրան Հարությունյանի՝ օլիմպիական չեմպիոնի կոչումը վերականգնելու շուրջ…

Սկիզբը՝ թիվ 26-29-ում

http://www.hayary.org/wph/?p=5761Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի (4-րդ մաս) – Այն ժամանակ մեդալներ տրվում էին միմիայն հենց եզրափակիչի մասնակիցներին.…

http://www.hayary.org/wph/?p=5749Ռիոյից հետո՝ պատմության վերանայում.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ (3-րդ մաս) – Ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… «Սիրելի՛ հայեր, միշտ հիշե՛ք, որ դուք լավագույնն եք, ես ձեզ սիրում եմ, որովհետեւ ես էլ ձեր մի մասն եմ. ունեմ հայ արյուն»…

http://www.hayary.org/wph/?p=5727Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- Հայազգի օլիմպիական հաղթորդներ – (2-րդ մաս) – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի, բայցեւ ոչ մի օլիմպիադա՝ առանց հայ չեմպիոնի… Արդի օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայ մարզիկները…

http://www.hayary.org/wph/?p=5717Ռիոյին ընդառաջ՝ պատմական խորքերից.- (1-ին մաս) – Հայազգի օլիմպիական հաղթորդներ – Իրական դեմքերն ընդդեմ առասպելյալ դեպքերի… Մինչ դեպի նորագույն ժամանակներ «առաջադիմելը»՝ արժե պարզապես դիմել մի «կամրջող» համեմատության…

Ամենից առաջ՝ թիվ 1 մարզաձեւի սկզբունքորեն արտոնած բացառության կարգով, բայցեւ գերակա ենթախորագրին կամրջվելու նշանաբանով ամբողջացնենք օլիմպիական ֆուտբոլի բոլո՛ր հայկազուն մրցանակակիրների տիտղոսացանկը:  

Նախորդիվ արդեն հիշատակված Խորեն Հովհաննիսյանը (Երեւանի «Արարատ», ԽՍՀՄ) հաղթափայլ հետեւողականությամբ է բարձրացել հիմնական մարզատարիքային պատվաստիճաններով՝ սկսած աշխարհում ամենամեծ զանգվածայնությունը վայելող (տարեկան ավելի քան 200 հազար մանկապատանեկան թիմերի մասնակցությամբ) «Կաշվե գնդակ» համամիութենական մրցումների 1969թ. չեմպիոնի կոչումից (ըստ որում՝ միայն անգիտաց կարող է սնապանծանք թվալ այս ինքնախոսուն ընդհանրացումը. միութենական հանրապետությունների շարքում Հայկական ԽՍՀ-ն, տարածքի փոքրությամբ զբաղեցնելով սոսկ վերջին՝ 15-րդ տեղը, իսկ բնակչության թվաքանակով՝ 12-րդ տեղը, ունեցել է «Կաշվե գնդակի» հարաբերականորեն ամենաշատ հաղթորդներ. միայն 1981թ., օրինակ, բոլոր 3 տարիքախմբերում չեմպիոն են դարձել Հայաստանի 3 գլխավոր քաղաքների թիմերը), շարունակած Եվրոպայի 1976թ. երիտասարդական առաջնության ոսկե մեդալով, 1975-1976թթ. ներքոնշյալ խորհրդային պարգեւներով, փառապսակած 1980թ. օլիմպիական բրոնզով եւ երկրի համար 1982թ. աշխարհի առաջնության պատվավոր 7-յակն ապահոված մենագոլով:

Սակայն համաշխարհային սպորտի պատմության մեջ Հայաստանի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչված մարզիկը մտել է ավելի շատ այն հանգանակով,  ինչն, ավա՜ղ, գոնե թռուցիկ չակնարկվեց 2015թ. նրան նվիրված հոբելյանական հանդիսությունների օրերին: Հանգանակ, որն, անհաս մնալով առաջին մեծության իսկ գերաստղերի համար, այնպես դիպուկ դաջել էր լուսահոգի Արամայիս Սահակյանը «Ոզնի» երգիծաթերթի առաջին հենց էջին. Խորեն Հովհաննիսյան – Դիեգո Մարադոնա՝ 2:1 (1980թ. դեկտեմբերին եւ 1982թ. ապրիլին Արգենտինայում հյուրընկալվելիս՝ գործող աշխարհաչեմպիոնի դեմ 2 մրցախաղերն էլ ԽՍՀՄ հավաքականն ավարտեց հաղթահավասար ոչ-ոքիներով (1:1)՝ բացառապես, ժողովրդի լեզվով՝ Խորիկի եւ ինքն էլ՝ կիսապաշտպանի՜ դերառույթով Խորիկի գոլերի իրավազորությամբ, ամենաառավել եւս՝ մեծն Մարադոնայի նկատմամբ շահեկան հաշվեկշռով):

1972թ. օլիմպիական բրոնզակիր Հովհաննես Զանազանյանը՝ անչափազանցորեն ԽՍՀՄ Ազնիվ մետաղների ասպետաթիմ «Արարատի» (1971թ. եւ 1976թ. գարնանային առաջնություն (ԳԱ)՝ արծաթ, 1973թ.՝ ոսկի, 1973թ. եւ 1975թ.՝ ազնվամետաղ զարդատարրերով ընդելուզված բյուրեղապակյա գավաթ. նորինորո համեմատենք ինչպես մոլորակի 7-րդ մասից էլ շատուշատ ավելին բռնող ԽՍՀՄ իրավասուբյեկտների հիշյալ ռեսուրսային աստիճանացուցակի հետ, այնպեսեւ՝ բուն մարզաձեւերի ժողովրդականության սանդղակարգի հետ) անփոխարինելի ավագն էր: Սրանով ամեն ինչ ասված է, բայց… նույնիսկ «Բանանց» մարզահամալիրում նրա հուշարձանի տեղադրման արարողությամբ ամեն ինչ չէ արված Զանազանյանի հիշատակի պարտուպատշաճ հավերժացման համար…

Թիմի եւ օլիմպիական հավաքականի խաղընկեր Արկադի Անդրեասյանը ԽՍՀՄ բոլոր խաղային մարզաձեւերի այն եզակի կորիֆեյն է, ով բարձրագույն խմբում մրցաշրջանի լավագույն ռմբարկու է դարձել՝ հարձակվողի «պաշտոն» չունենալով (1976թ. ԳԱ): Բայց ոչ միայն ազգային ու խորհրդային, այլեւ եվրոպական, ավելին՝ մոլորակային ֆուտբոլի ընտրամատյանների  մեջ նրա անունը ոսկե տառերով է դրոշմակնքել 1975թ. մարտին, Եվրոպայի չեմպիոնների գավաթի քառորդ եզրափակիչի պատասխան մրցախաղում, գործող գավաթակիր, Եվրոպայի եւ աշխարհի 6 գործող չեմպիոններով հրավառող՝ Մյունխենի «Բավարիա» թիմի դարպասը գլխի գեղահարվածով պատմականորեն իսկ անցքած հաղթագնդակը՝ հարակից հանրային ոչ պակաս կարեւոր հանգամանքներով հանդերձ. խաղն իր միջավայրով ինքնին հայոց պատմության ամենաբազմամարդ մարզամշակութային տոնահանդեսն էր. անգամ պաշտոնական տվյալներով՝ ներկա էին ամենամեծ գերտերության՝ այնժամյա տեղատարողությամբ 4-րդ հանրային շինության՝ «Հրազդան» մարզադաշտի ընդգրկույթը (71.077) մեծավ գերազանցող 80.600 հանդիսատեսներ, իսկ առ այսօր բերնեբերան եւ սերնդեսերունդ փոխանցվող լեգենդացյալ տեղեկությունների համաձայն՝ ընդհուպ 6-անիշ գերթվերի հասնող…

Խորհրդային տարիներին, ՀԽՍՀ կոմերիտմիության կենտկոմի «Ավանգարդ» պաշտոնաթերթում Արկադի Անդրեասյանը խոստովանել է, որ իր վաստակած օլիմպիական բրոնզե պարգեւը, մարզական ղեկավարության հորդորով, նույն 1972թ. ընծայել է մեծ ֆուտբոլին հրաժեշտ տվող մրցընկեր, Կիեւի դինամոյական Յոժեֆ Սաբոյին (3-րդ տեղը բաժանել էին 2 հավաքականներ, եւ 3-րդ մրցանակների պակասուրդ էր առաջացել):

…Հայտնի հեռուստահարցազրույցում աշխարհամբավ մարմնամարզիկ եւ մարզիչ Ալբերտ Վաղարշակի Ազարյանը (ծնվ. 1929թ. փետրվարի 11-ին, Կիրովականում, այժմ՝ Վանաձոր) իրազեկել է, որ իր 3 օլիմպիական ոսկե մեդալները (1956, ԽՍՀՄ թիմային եւ օղակներ, 1960, օղակներ) եւ հայաստանցի առաջին օլիմպակալ Հրանտ Համազասպի Շահինյանի (30.07.1923, Գյուլագարակ գյուղ՝ 29.05.1996, Երեւան) 2 ոսկիները (1952, ԽՍՀՄ թիմային եւ օղակներ) գողացվել են այն թանգարանից, որին սիրով հանձնել էին՝ ժամանակավոր ցուցադրության, եւ ցարդ չեն գտնվել:

…Սեպենք սրանք օլիմպիական պարգեւների համապատասխանաբար «կամավոր» եւ խոշոր հաշվով օբյեկտիվ (կամանկախ) կորուստներ: Ռիո-2016-ում մեզ, սակայն, սուբյեկտիվ (ենթակայական) խարդավանքներով եւ շահադիտական դրդումներով, սքողյալ շանտաժով եւ անսքող խարդախությամբ կողմնակալված՝ այնպիսի կորուստ պատճառեցին, որը չէր կարող չերկրաշարժել ողջ մարզաշխարհը՝ աննախընթաց հարվածային ալիքով եւ մինչեւ օրս չդադարող, էլ չեմ ասում՝ գոնե մեր՝ հայերիս «ուղեղային մորմոքը» (Չարենց) նեյրոնաչափ իսկ չմեղմացրած «հետցնցումներով»:

Այլ կերպ ինչպե՞ս, առանց հասանելիք բազմահարկ հայհոյանքների, դատափետել այն հակաօլիմպիական ընդլայնված նեպոտիզմը (հովանավորչություն, կանխամտածված կորպորատիվ ինքնիրավչություն՝ զուգորդված հազիվ թե ոչ հնարավոր բոլոր քրեահոտ ծանրացուցիչ հանգամանքներով), ինչի ուղղակի կամ միջնորդավորված կիրառմամբ (հաճկատար մրցավարների կոտրելի ձեռամբ) հունահռոմեական (հ/հ) ըմբշամարտի մինչեւ 66 կգ քաշակարգի եզրափակիչում բռնաշորթեցին դեֆակտո հաղթած, դեյուրե չպարտված (աղճատված վերջնահաշիվն իսկ՝ 1:1) Միհրան Էդիկի Հարությունյանի (ծնվ. 1989թ. մարտի 25-ին, Էջմիածնում) օրինավաստակ ոսկե մեդալը: Վերջինս,- հիրավի քչից էլ քիչ ու պարզից էլ պարզունակ է ասել՝ hանիրավի  նվիրելով անարժանին,- ուղղակի հասկանալիորեն չարագուշակ անձնավորմամբ կախելով  սերբ Դավոր Շտեֆանեկի վզից: Ինչ է թե վերջինս էլ, բոլոր իմաստներով՝ ամեն(ք)ից առաջ, Ըմբշամարտի միացյալ ոճերի դաշնության (FILA) նախագահ Նենադ Լալովիչի հայրենակիցն ու դավանակիցն է (Աստվա՛ծ «ուղղափառ քրիստոնյաներ» համարի)…

«Մաքուր» 6 րոպեում այդքա՜ն անիրավություններ անպատիժ հանցագործե՞լ կլինի (միայն ինքս համբարել եմ (1.համրել, 2.կուտակել) ամբողջ 8-ն այդպիսիք, որոնք միմիայն տեղի սղությամբ չեմ որոշարկում. կմանրամասնեմ ի հարկին՝ բողոքարկման ծիրում): Օլիմպիական երդումով սրբագործված մրցավարությունն այդչա՞փ  ցինիկ (օլիմպիական իսկ հունարենից՝ տառացի «շնական») կերպով նենգափոխել բռնադատությամբ: Առանց այն էլ՝ ի սկզբանե անարդար, իրարամերժ կանոնների գոյության եւ դրանց ընտրողական, երկստանդարտ շահարկման թողտվության պայմաններում: Եթե կուզեք անգամ՝ ֆիզիկական հիմնորոշ (1.,2. իրավացի, ուստիեւ՝ իրացի հաղթորդի՜ երկրի հիմնը որոշող) հասկացությանն իսկ հենց ֆիզիկապես հակասող «աննորմալ պայմաններում»: Այսպես՝ մի կողմից նախապատվությունը թղթի վրա, բայց փաստացի ո՛չ մեր ըմբիշի մրցագորգի վրա, հավասար վերջնահաշվի դեպքում, տրվում է որակապես բարձր իրական՝ տեխնիկական գործողությանը (ինչի կատարման շնորհիվ հենց ստիպված էին Միհրանի օգտին 1 միավոր գրանցել), մյուս կողմից՝ ամենեւին ոչ այդտեսակ գործողության, այլ՝ միմիայն գորգավարի ընդամենը կրկնահորինած միհրանյան «պասիվությունների» համար՝ Շտեֆանեկի չեղած «ակտիվում» «նկարված»՝ որքան իսկ բստրովի ու անլիարժեք միավորը, վերջինը սարքելու «գերադաս» հիմքով, թեկուզեւ ակնհայտ կեղծված, ոսկի դարձրին…

Միջնադարի մեծամեծ ալքիմիկոսները, որ գոնե իրագո բաներ էին տքնում ոսկու վերածել, այն էլ՝ ազնիվ եւ մաքուր ոսկու, նախանձելով կնախանձեին 3-րդ հազարամյակի փոքրավորների մեքենայած սույն փոխա-, թե՞ փողակերպությանը…

Մինչդեռ, հարկ է նաեւ բաղդատաբար համարժեւորել, նույն Ռիոյում, նույնիսկ ըմբշամարտի մյուս՝ ազատ ոճում, ավելի արդար կանոններ էին գործում. «պասիվությունների» հիմքով՝ ոչ թե նախ տուգանային նախազգուշացում, ապաեւ, որ ամենաանհանդուրժելին է, «լիիրավ» 1 միավոր է տրվել մրցակցին, այլ՝ 30 վայրկյան իրեն՝ «պասիվ» հայտարարված ըմբիշին՝ արդյունավետ գործողություն կատարելու հնարավորության համար, եւ միայն ու միայն այդ ստուգիչ ժամանակի ապարդյուն սպառումից հետո է մրցակիցը միավոր վաստակել:

…Այլ մենապայքարային օլիմպաձևերում՝ անգամ առավելագո՛ւյնս արդար կանոններ.

ա) ձյուդոյում, հավասար վերջնահաշվի պարագայում, անկախ այն փաստերից, թե «ով ո՛ւմ բարեկամն է», թե ո՛ր մարզիկն է եւ ինչպե՛ս է հաշիվը վերջնահավասարեցրել, մրցության հիմնաժամանակից հետո նշանակվել է լրացուցիչ ժամանակ՝ golden score (ոսկե հաշիվ) պաշտոնական անվանմամբ, մինչեւ իրենց իսկ՝ մրցորդներից մեկի կողմից հաղթաբեր գործողության առաջին իրականացումը.

բ) թեքվոնդոյի մրցումներում համանմանորեն, հավասար վերջնահաշվի դեպքում, բազմիցս է գործադրվել golden point (ոսկե միավոր) կոչվող լրաժամանակյա ընթացակարգը:

Իսկ ահա մենապայքարային մյուս օլիմպաձեւում՝ բռնցքամարտում, շարունակել են ավելանալ հոռենմանապես արդարասպան մրցավարության զոհերը…

Հույժ էական է եւ հետեւյալ իրողությունը: Բնավ ոչ միայն 2016թ. օլիմպիադայի ամենազազիր մարզական ոճիրը (իսկ եթե, իբր, ձեւականորեն առավել համաչափ-մեղմ բնութագրելու լինենք Թալեյրանի ոճով՝ դա մինչեւ անգամ ավելին էր, քան՝ հանցանքը. դա Սխալ էր) կատարվեց ու … պարտակվեց հենց մրցասրահում անմիջավկաներ ՀՀ Նախագահի, նրա աշխատակազմի ղեկավարի, ՀԱՕԿ-ի նախագահի աչքերի առաջ: Ի տես աշխարհի՝

ա) բրտակոխկրտելով հայոց պետականության հարգուվարկը եւ միջազգային հեղինակությունը. բ) ցավախոր խոցոտելով մեր ազգային արժանապատվությունը. գ) անպատիժ թքելով բազմահազարամյա Հայ Հոգու եւ եզակիորեն անտիկ ու արդի օլիմպահերոսներ ծնած Ոգու ակունքների մեջ: Ուստիեւ մարտահրավիրաբար պահանջում է բավարար հատուցում եւ հատուցիչ բավարարում (սատիսֆակցիա)…

Այսուամենայնիվ՝ դատարկ խաբեպատրանքից ավելի չի լինի առավելապաշտական «պրոժեկտներ» հետամտելն՝ առ այն, թե հանկարծ ու սերբերից ոսկին կառգրավեն եւ «մեր եռագույն եզրաշերտով սկուտեղի վրա», մի բան էլ ծնկածալ ներողություն խնդրելով, հայիս կհանձանձեն:

Իրատեսական ու իրագործելի է, արդարության գոնե մասնակի վերականգնմամբ, Միհրան Հարությունյանին եւս օլիմպիական չեմպիոնի կոչում ու ոսկե մեդալ շնորհելը (2-րդ ոսկին՝ միեւնույն քաշակարգում, եթե, իհարկե, կամա թե ակամա դավող Դավոր Շտեֆանեկի, ներող լերուք, արտաթորանքներում արգելախթանիչների մնացուկներ չհայտնաբերեն՝ նրան պարգեւազրկելու եւ առհասարակ որակազրկելու սպառնալիքով), մանավանդ որ դրա եւ միա՛յն դրա համար գոյություն ու իրավուժ ունեն ծանրակշիռ զուգապատշաճ (1.,2.) նախադեպեր օլիմպիական շարժման պատմության մեջ: Ուղենշային են առանձնապես հետեւյալ նախադեպերը:

  1. 1948թ. Լոնդոնի օլիմպիադայում, տղամարդկանց մարմնամարզության նժույգաթափեր մրցաձեւում, համահավասար միավորներ (38.7) հավաքած միանգամից 3 մարզիկներ՝ Պաավո Ալտոնենը, Վեյկո Հուհտանենը, Հեյկի Սավոլայնենը, ոսկե մեդալներով պարգեւատրվեցին, այն էլ՝ ներկայացնելով միեւնույն պետությունը (Ֆինլանդիա): Է՛լ ավելին. ցօրս խախտված է մնում ՄՕԿ-ի կանոնադրական փաստաթուղթ ծառայող Օլիմպիական խարտիայով սահմանված կարգը. ընդամենը ոչմրցանակային 4-րդ տեղ գրաված մարզիկը ստացավ արծաթե մեդալ, 5-րդ տեղ գրավածը՝ բրոնզե մեդալ, թեպետ դրանք չպիտի տրվեին:
  2. 2002 թ. Սոլթ Լեյք Սիթիում (ԱՄՆ) կայացած Ձմեռային օլիմպիական խաղերում, գեղասահքի մարզական զույգերի մրցության արդյունքներով՝ մրցավարներից ստացած միավորների գերազանցությամբ, այսինքն՝ արդար մարզական եւ օլիմպիական սկզբունքների պահպանմամբ, միակ հաղթող ճանաչվեց Ելենա Բերեժնայա-Անտոն Սիխարուլիձե զույգը (ՌԴ): Սակայն, 2-րդ տեղում հանգրվանած Ջեմի Սալե-Դավիդ Պելետյե (Կանադա) զույգին սատարած հազարավոր հանդիսականների եւ ոչ լոկ մարզաքաղաքական ուժերի բուռն ընդդիմագործության շնորհիվ (չմոռանանք Միհրանի համատարած ու հարատեւող սատարումը), ՄՕԿ-ի ղեկավարությունը հապշտապ, առանց որեւէ մարզադատական վճռի, զուտ վարչարարական դիրքի չարաշահմամբ՝ հետին թվով արհեստականորեն համահավասարեցնելով մրցարդյունքներով տարբերված միավորները (կրկնաշեշտենք՝ Միհրանի պարագայում հաշիվն ինքնին հավասար է), նոր պարգեւատրման «ծես» կազմակերպեց եւ նույն մրցադաշտում օլիմպիական պատվանդանի 1-ին աստիճանին, արդեն իսկ ոսկեկիր ռուսաստանյան զույգի կողքին, կանգնեցրեց կանադացի զույգին՝ նրա արծաթեն փոխարինելով ոսկեով (2-րդ տեղը թափուր մնաց, արծաթն էլ՝ տիրազերծ): Այդպիսով՝ 2 զույգերն էլ՝ 2-ի փոխարեն արդեն 4 մարզիկներ, մեկեն օլիմպիական համաչեմպիոններ հռչակվեցին:
  3. 2008թ. Պեկինի օլիմպիադայում, դարձյալ հ/հ ըմբշամարտի մինչեւ 84 կգ քաշակարգի կիսաեզրափակիչում 2004թ. օլիմպիական արծաթակիր Արա Աբրահամյանը (Շվեդիա), մրցավարների անարդար որոշմամբ՝ իտալացի Անդրեա Մինգուցիին պարտվելուց եւ տեղում ապարդյուն գանգատարկելուց հետո, «սփոփիչ» մենամարտում բրոնզե մեդալ շահեց, բայց այդ մեդալը, պաշտոնական արարողակարգով ստանալուն պես, ի նշան հրապարակային բողոքի եւ դատապարտող հրաժարման, դրեց գորգի վրա ու հեռացավ…

Ի վերջո՝ Մարզական իրավարար դատարանը (CAS, Լոզան) մասնաբավարարեց շվեդահայ ըմբիշի բողոքը՝ նրա հանդեպ նյութվածը որակելով «Օլիմպիական խարտիայի խախտում եւ, «արդար խաղի» առնչությամբ, FILA-ի սեփական կանոնների խախտում»:

Հետեւապես, հաշվի առնելով վերոշեշտյալ անարդարությունները եւ գերկարեւորելով իրավափաստական ուժը չկորցնող նախադեպերը, գերանհրաժեշտ է, սահմանված կարգով եւ սեղմ ժամկետում, ՀՀ իրավասու մարմինների կողմից (ի հարկին՝ անձամբ ՀՀ նախագահի ստորագրությամբ) դիմումներ (բողոքներ, առաջարկություններ) ներկայացնել համապատասխանաբար ՄՕԿ-ի նախագահին, CAS-ի, FILA-ի եւ Բռնցքամարտի միջազգային սիրողական ընկերակցության (AIBA) ղեկավարներին՝ անշուշտ, բոլոր ապացուցողական փաստաթղթերի եւ տեսանյութերի կցմամբ, գերհասունացած առնվազն 3 գերխնդիրներին հրատապ լուծումներ տալու նպատակով.

  1. Գեթ մասամբ շտկելով ակնբախ կանխամտածված սխալը՝ ՀՀ ըմբշամարտի մինչեւ 66 կգ քաշակարգում հանիրավի սոսկ արծաթե մեդալով պարգեւատրված Միհրան Հարությունյանին շնորհել, նույնպես ու առավել եւս՝ օրինավաստակ, օլիմպիական չեմպիոնի կոչում եւ ոսկե մեդալ (նրա արծաթե մեդալն էլ ի պահ հանձնելով ՄՕԿ-ին):
  2. Լուսադարձիկ Հրանտ Համազասպի Շահինյանի ընտանիքին, Ալբերտ Վաղարշակի Ազարյանին, Արկադի Գեորգիի Անդրեասյանին հանձնել օրինավաստակ օլիմպիական պարգեւների կրկնօրինակները:
  3. Արագացնել հատկապես հ/հ ըմբշամարտի եւ բռնցքամարտի մրցական ու մրցավարական, ինչպես նաեւ բուն գնահատման գործող կանոնների բարեփոխումը:

Շարունակելի

Գարեգին Ղազարյան

Հ.Գ. – «Լուսանցք»-ից.- Հաքերները հրապարակել են WADA-ի տվյալների բազայի 3-րդ մասը: «Fancy Bears» հաքերային խումբը հրապարակել է եւս 5 երկիր ներկայացնող  11 մարզիկների տվյալները, որոնցից 9-ը ոսկե մեդալ են նվաճել Ռիոյի Օլիմպիական խաղերում։

Մեծ Բրիտանիա- Նիկոլա Ադամս, Լորա Տրոտտ, Շիվոն-Մարի Օ’Կոննոր, Օլիվիա Քարնեգի-Բրաուն։
Դանիա- Ջանետ Օտտեսեն։
Ավստրալիա- Կիմ Բրեննան, Ալեքսանդր Բելոնոգով, Ջեկ Բոբրիջ։
Իսպանիա- Մարիա Բելմոնտե Գարսիա։
Գերմանիա- Յուլիան Յուստուս, Լաուրա Զիգեմունդ։

Հրապարակված տեղեկատվության համաձայն՝ բոլոր 11 մարզիկներն ունեցել են թերապևտիկ բացառություններ և արգելված խթանիչների օգտագործման թույլտվություն։ Այս մասին հայտնել է eurosport.ru-ն։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին «Fancy Bears»-ը հրապարակել է WADA-ի տվյալների բազայի առաջին մասը, որում նշվում է, որ WADA-ն ամերիկացի օլիմպիական չեմպիոնուհիներ Սերենա եւ Վինուս Ուիլյամս քույրերին, մարմնամարզուհի Սիմոնա Բեյլսին ու բասկետբոլիստուհի Ելենա Դելլե Դոննին թույլատրել է արգելված խթանիչներ օգտագործել։

«Հաքերների գործողությունները չեն կարող չհետաքրքրել մարզական հանրությանը»

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը չի ընդունում հաքերների գործողությունները, բայց նաեւ կարծում է, որ բացահայտված տվյալները չեն կարող չհետաքրքրել մարզական հանրությանը։ Այս թեման նա շոշափել է ԱՊՀ-ի անդամ երկրների ղեկավարների հետ զրույցում։

«Մենք չենք ընդունում այն, ինչ անում են հաքերները, բայց այն, ինչ նրանք կատարեցին, չի կարող հետաքրքիր չլինել միջազգային հանրության, առաջին հերթին՝ մարզական հանրության համար։ Շատ հարցեր են առաջանում,- Պուտինի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն։- Կարծես թե առողջ մարզիկները լեգալ կերպով ընդունում են այնպիսի դեղորայք, որն արգելված է մյուսների համար, իսկ մարդիկ, ովքեր ակնհայտորեն տառապում են ծանր հիվանդություններից, ծանր հաշմանդամությունից, նույնիսկ ինչ-որ դեղամիջոցի օգտագործման կասկածով զրկվում են Պարալիմպիկ խաղերին մասնակցելու իրավունքից։ Դա ընդհանրապես չի տեղավորվում որևէ շրջանակի մեջ»։

Ավելացնենք, որ Ռուսաստանի հավաքականին՝ ամբողջ կազմով, արգելվել է մասնակցել Պարալիմպիկ խաղերին՝ Միջազգային պարալիմպիկ կոմիտեի ղեկավարության որոշմամբ։

«Լուսանցք» թիվ 30 (420), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։