Կամուրջ՝ Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ – Ադրբեջան-Վրաստան-Թուրքի՞ա, թե՞ Իրան-Հայաստան-Վրաստան – Նոր եռյակը կարո՛ղ է սպասարկել երկու աշխարհաքաղաքական ուղղություններին էլ, ինչպես Եվրոպա, այնպես էլ Ռուսաստան գնացող…

Չնայած այն հանգամանքին, որ Թբիլիսին, Արեւմուտքի շահերից ելնելով, որոշել է ամրացնել կապերը Հայաստանի եւ Իրանի հետ, այնուամենայնիվ, ինչպես Ադրբեջանը, Վրաստանը եւս երկարատեւ տնտեսական, քաղաքական ու ռազմական կապեր ունի Թուրքիայի հետ:

Վրաստանը մեր տարածաշրջանի տարանցիկ երկիր է վաղուց, հատկապես՝ Ադրբեջանից Թուրքիա գնացող երկու խողովակաշարերի համար՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի եւ Հարավային Կովկասի գազատարի՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարի համար: Նաեւ ներգրավված է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ընթացիկ շինարարության մեջ, որը տարածաշրջանային երկաթուղային կապ կապահովի Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի միջեւ:

Թուրքիայի հետ կապը մնում է այնքան ազդեցիկ, որ վերջերս արագ պարզել են, որ Վրաստանում կան նաեւ Էրդողանի դեմ հեղաշրջման կազմակերպիչ համարվող Գյուլենի հետ կապ ունեցող ուսումնական հաստատություններ: Յասին Թեմիզկանը՝ Թուրքիայի գլխավոր հյուպատոսը Բաթումում, հայտարարություն տարածեց՝ կոչ անելով վրացի ծնողներին չուղարկել իրենց երեխաներին այդ դպրոցները: Սա, իհարկե դուր չեկավ շատ վրացիների, նաեւ իշխանավոր, եւ Վրաստանում Թուրքիայի դեսպան Լեւենթ Գյումրյուքչյուն հայտարարեց, թե հյուպատոսի խոսքերը սխալ են մեկնաբանվել, թեեւ վրացական հեռուստաընկերություններն այնուհետեւ հրապարակեցին Թուրքիայի գլխավոր հյուպատոսի ամբողջ ելույթի տեսագրությունը:  

Թբիլիսիի հիմնական մտահոգություններից մեկը կապված էր տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունների ապագայի հետ՝ մի կողմից, եւ արեւմտյան գործընկերների հետ Անկարայի հարաբերությունների հետ՝ մյուս կողմից: «Թուրքալեզու երկրների համար Թուրքիան հաջող աշխարհիկ պետության եւ Արեւմուտքի ու Արեւելքի միջեւ կամրջի օրինակ է եղել,- ասում է վրացի փորձագետ Գոգոլաշվիլին,- եթե կամուրջը փլուզվի, այն բացասական ազդեցություն կունենա ոչ միայն Կովկասի, այլեւ Կասպից տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի վրա: Սա կարող է հանգեցնել տարածաշրջանի աճող մեկուսացմանը»: Փորձագետը մտավախություն է հայտնել, որ «այստեղ իրականացվող բազում միջազգային ծրագրերը կապված են Թուրքիայի հետ, եւ Անկարան եղել է այդ ծրագրերի անվտանգության կարեւոր գործոնը»: Ապա շարունակել է, որ եթե վստահությունը Թուրքիայի նկատմամբ նվազի, դա կարող է հանգեցնել ամբողջ տարածաշրջանի հանդեպ վստահության անկմանը:

Այո, դա այդպես կլինի, եթե այլընտրանքային դարպաս չբացվի: Իսկ այդ դարպասը՝ Սեւ ծովով դեպի Եվրոպա կա՝ արդեն գծագրվող Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա ուղղությունը կարող է փոխարինել Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա-Եվրոպա տապալվող ուղղությանը հաստատապես: Անգամ կարող է փոխարինել Իրան-Ադրբեջան-Ռուսաստան ուղղությանը՝ Իրան Հայաստան-Վրաստան-Ռոււսաստան ուղղությամբ: Այսինքն՝ նոր եռյակը կարող է սպասարկել երկու աշխարհաքաղաքական ուղղություններին էլ, ինչպես Եվրոպա, այնպես էլ Ռուսաստան գնացող: Իրան-Հայաստան-Վրաստան եռյակը նաեւ կարող է իրականացնել Եվրոպա-Ասիա կապը՝ ենթակառուցվածքային բազմահամալիր ծրագրեր իրականացնելով:

Չնայած Անկարան եւ Մոսկվան փորձում են հաղթահարել առաջացած անջրպետը, սակայն աշխարհա-քաղաքական շահերը դա թույլ չեն տա եւ ՆԱՏՕ-ի հենակետը տարածաշրջանում հանդիսացող Թուրքիան չի կարող սեփական որոշումները կյանքի կոչել: Թուրքիայում կատարված հեղաշրջման փորձի օրը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հայտարարությունը մտահոգության տեղիք տվեց, երբ վերջինս նշեց, որ Սիրիայում տիրող ճգնաժամը կարող է հրահրվել ցանկացած երկրում, այդ թվում՝ Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի հետխորհրդային հանրապետություններում: «Նման պայմաններում, Ռուսաստանը ստիպված կլինի համապատասխան կերպով արձագանքել հնարավոր սպառնալիքներին»,- ընդգծել էր Շոյգուն:

Թբիլիսիում գործող Անկախ փորձագետների ակումբի նախագահ Սոսո Ցիսկարիշվիլին այն կարծիքին է, որ Կրեմլի մեկնաբանությունները կարեւորում էին Թուրքիայի եւ Ռուսաստանի նախագահների միջեւ կայանալիք հանդիպումը: «Քանի որ մենք ականատես եղանք Միացյալ Նահանգների դեմ կոշտ հռետորաբանությանը, ապա կարող ենք ենթադրել, որ Ռուսաստանի նախագահը անսահման երջանիկ է,- ասել է նա, ապա հավելել,- Շոյգուի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը դիտում է Հարավային Կովկասը որպես հնարավոր Սիրիա, իրենից անմիջական սպառնալիք է ներկայացնում: Ո ՛չ Սերգեյ Շոյգուն, ո ՛չ էլ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նման հայտարարություններ չեն անում, եթե նման տեքստ չեն ստացել նախագահի աշխատակազմից», – ասել է Անկախ փորձագետների ակումբի նախագահը:

Իսկ Թուրքիան երբեմն դրական է արձագանքում ռուսական կողմի ապակայունացնող հայտարարություններին, ինչը եւս մտահոգել է վրացի փորձագետներին:

Ռուսաստանը սրում է նաեւ իրավիճակը Եվրասիական միություն – Եվրոպական միություն պայքարի մեջ: Անգամ Թուրքիան եւ Ադրբեջանն են բանակցում Մոսկվայի հետ: Իսկ ռուսական կողմը փորձում է Եվրասիական միություն ներքաշել Չինաստանին, Ճապոնիային, Հարավային Կորեային, Հնդկաստանին եւ ասիական այլ կայացած երկրների:

Վերջերս Սոչիում Հայաստանի վարչապետը մասնակցել էր Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որի ընթացքում ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները քննարկել են ԵԱՏՄ շրջանակում հետագա համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի մասին պայմանագրի նախագծին, ԵԱՏՄ անդամ-պետություններում ապրանքների հետագծելիության մեխանիզմի ներդրումն ապահովող միջոցառումների իրականացման ընթացքին, դեղերի շրջանառության ոլորտին առնչվող փաստաթղթերի փաթեթին, որը սկիզբ կդնի ԵԱՏՄ տարածքում դեղերի միասնական շուկայի ձեւավորմանը: Քննարկվել են նաեւ ԵԱՏՄ մաքսային տարածք ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցեր՝ պայմանավորված Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Ղազախստանի անդամակցությամբ:

Այստեղ շատ կարեւորվել է Հայաստանի դերը այն առումով, որ Կովկասում միակ ԵԱՏՄ-ական երկիրը լինելով, Հայաստանը հետզհետե ավելի սերտ կապեր է հաստատում Արեւմուտքի հետ: Իսկ մեղավորը՝ գործընկեր համարվող ԵԱՏՄ-ական երկրներն են, որ ավելի շատ ոչ ԵԱՏՄ-ական Ադրբեջանի շահերն են պաշտանում, քան Հայաստանի, որ նաեւ ԱՊՀ եւ ՀԱՊԿ անդամ է: Ռուսական հեռատես քաղաքագետները մտահոգվել են, քանի որ Հայաստանի փոխարեն Ադրբեջանը չի կարող վստահ գործընկեր դառնալ, ինչը իրականում դուրս կմղի Ռուսաստանին Կովկասից…

Իզուր չէ, որ հայտարարվել է, թե Ռուսաստանի, Բելառուսի նախագահ եւ Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ալեքսանդր Լուկաշենկոն եւ Նուրսուլթան Նազարբաեւը հոկտեմբերի 14-ին Երեւանում կմասնակցեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին։ Խոսակցություն կա, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին Երեւանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, եւ որ ամենայն հավանականությամբ նա կլինի Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Հայտնի է, որ ԵԱՏՄ վարչապետն էլ Տիգրան Սարգսյանն է, ՀՀ կառավարության նախկին ղեկավարը:

Թվում է՝ այս ամենը պիտի Երեւանին էլ առավել կապի ԵԱՏՄ հետ, սակայն Հայաստանն ու Արցախը ցայսօր չեն կարող հիշել մի դեպք, որտեղ Հայաստանի շահերը պաշտպանված լինեն Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ հարաբերությունների ժամանակ: Անգամ ապրիլյան քառօրյա արցախյան պատերազմում ՀԱՊԿ-ն ոչ մի կերպ չաջակցեց Հայաստանին, նաեւ ռազմավարական գործընկեր Ռուսաստանը մատը մատին չխփեց, իսկ Թուրքիան բացահայտ կանգնեց Ադրբեջանի կողքին:

Դառնալով ԵԱՏՄ տնտեսական աջակցության խոստումներին՝ պիտի նշենք, որ դա եւս երեւակայական է առավելապես, քան՝ գործնական: Եթե մի պահ հետեւենք թվերի տրամաբանությանը, ապա պիտի ասենք, որ միայն ԱՄՆ Կալիֆորնիա նահանգը իր տնտեսությամբ 6-րդն է աշխարհում՝ առաջ անցնելով նաեւ Ֆրանսիայից: Առաջին տեղում ԱՄՆ-ն է, ապա Չինաստանը, Ճապոնիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, հետո գալիս են Կալիֆորնիան, Ֆրանսիան եւ այլն:

Ամերիկյան նահանգում են գտնվում աշխարհի 10 ամենամեծ ընկերություններից 4-ը՝ այդ թվում Facebook-ը, Apple-ը, Alphabet Inc-ը եւ այլն: Տեղական արտադրանքի ծավալը ԱՄՆ ամենաբնակեցված նահանգում տարեկան կազմում է 2,5 տրիլիոն դոլար: Կալիֆորնիան ստեղծել է ավելի շատ աշխատատեղեր վերջին տարիներին, քան ամենաբնակեցված 2-րդ եւ 3-րդ նահանգները՝ Ֆլորիդան ու Թեքսասը միասին վերցրած: Ի դեպ, միայն Նյու Յորքի տարեկան ՀՆԱ-ն ավելի մեծ է, քան ամբողջ Ռուսաստանի Դաշնությանը: Այնպես որ, ասենք, թե չասենք՝ ԱՄՆ-ն դեռ մնում է աշխարհի միակ գերտերությունը: Չնայած Ռուսաստանն ու Չինաստանը ամեն բան անում են՝  այդ միակությունը վերացնելու համար…

Եթե այս ամենին հավելենք եվրոպական երկրների տնտեսությունը, ապա ԵԱՏՄ-ԵՄ հակամարտության մեջ համեմատականները դեռ ապագայում են, եթե, իհարկե, այսօրվա նպատակներն իրականանան: Իսկ թե ինչ կարող են որոշել Չինաստանն ու Ճապոնիան, հայտնի չէ, բայց միայն այս եւ նման այլ երկրների մուտքը ԵԱՏՄ կարող է ապահովել տնտեսական մրցակցության մթնոլորտը:

Աստղինե Քարամյան

http://www.hayary.org/wph/?p=5768Երեւանը չպետք է աշխատի որպես Մոսկվա – Հայաստանը իր խաղը պիտի տանի տարածաշրջանում՝ քանզի կարող է միջանցք լինել Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ… Կներկայացվեն Հայաստանի եւ Արցախի արտադրական հզորությունները…

http://www.hayary.org/wph/?p=5767Հայաստանը պիտի՛ դառնա տարանցիկ երկիր – Իրան-Ադրբեջան-Ռուսաստան, թե Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա… Պիտի գործել նաեւ ընդդեմ՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղության…

http://www.hayary.org/wph/?p=5766Արդյո՞ք Իրանը կաջակցի Հայաստանը մեկուսացնող ծրագրերին – Իրանական մտորումներ Կասպիցծովյան ավազանում… Աշխարհի վերաբաժանման նոր փուլում պիտի առանձին խաղացող դառնա…

http://www.hayary.org/wph/?p=5765Շահեկան դիրքում՝ վրացական տարանցիկության եւ իրանական պաշարների – Հայաստան-Իրան առանցքը կարող է մրցակցային դառնալ Թուրքիա-Ադրբեջան բոլոր տարածաշրջանային նախաձեռնություններին…Եվրոպական միություն – Եվրասիական միություն՝ նոր հակամարտություն…

«Լուսանցք» թիվ 30 (420), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։