Մենք եւ մեր կենցաղը.- Խաղալիքների վտանգավոր աշխարհում (2-րդ մաս) – Ոչ թե վախեցնել, այլ խաղացնել է պետք… Բայց սրանք շարքային սպառողը ստուգել չի կարող, պատկան մարմինը պետք է անի – Ինչքանո՞վ է անում, պատասխանը աղբով լցված շուկան է…

Սկիզբը՝ թիվ 7-ում

http://www.hayary.org/wph/?p=6096Մենք եւ մեր կենցաղը.- Խաղալիքների վտանգավոր աշխարհում (1-ին մաս) – Փորձեր, որ կարող են փորձանք դառնալ… Փորձարկումներ՝ մայրերի համար…  Խաղալիք են, բայց խաղալիք չեն… Փորձարկումներ՝ մայրերի համար…

http://www.hayary.org/wph/?p=6075Մենք եւ մեր կենցաղը.- Այստեղ պետությունը ավելի ու ավելի՛ խիստ պետք է լինի (2-րդ մաս) – Հակառակ պարագայում պարզագույն հանցագործության հետ գործ ունենք… Մեր երկրում իրացվող սննդային հավելման յուրաքանչյուր փաթեթավորում պետք է պարունակի համապատասխան ծածկագիր կամ տեղեկատվություն…

http://www.hayary.org/wph/?p=6061«Մենք եւ մեր կենցաղը» նոր խորագրի ներքո խոսելու ենք E-ով մակնշում ունեցող սննդամթերքից. (1-ին մաս) Ի՞նչ է դա նշանակում, վտանգավո՞ր է, թե՞ ոչ եւ ինչպես ընտրել առողջարար սնունդ… Էլի պարտք ենք վերցնելու – Հայաստանն առաջիկայում պատրաստվում է 350 մլն դոլարի վարկ վերցնել. դա վտանգավոր չէ՞ արդեն մեր երկրի համար…

http://www.hayary.org/wph/?p=6048Մենք եւ մեր կենցաղը.- Միկրոալիքային վառարաններ. օգու՞տն է շատ, թե՞ վնասը…  «Մենք եւ մեր կենցաղը» խորագրի ներքո կփորձենք «Լուսանցք»-ի ընթերցողներին ներկայացնել այն ամենի մասին, ինչ իրենք կենցաղում, խնդրո առարկայի պարագայում՝ խոհանոցում, ամենից շատ են գործածում…

Խոսելով խաղալիքների անվտանգության ոլորտից՝ ընդգծել էինք, որ սա խնդիր է, որ առկա է ամբողջ աշխարհում, եւ որ այժմ արդեն նաեւ Հայաստանում են փորձում բնագավառը կանոնակարգել՝ հսկողություն սահմանելով թե՛ արտադրության եւ թե՛ ներմուծման ուղղությամբ: Այլ խնդիր է, որ այդ հսկողությունը բավարար չէ, եւ շուկան կրկին աղբով է լցված, եւ ծնողներն իրենք են ստիպված կողմնորոշվել խաղալիքի որակի հարցում: Խաղալիքների անվտանգության տեխիկական կանոնակարգը սահմանում է պարտադիր պահանջներ ֆիզիկական եւ մեխանիկական հատկություններին, դյուրավառությանը, քիմիական եւ այլ հատկություններին վերաբերող: Ֆիզիկական եւ մեխանիկական հատկություններին ներկայացվող պահանջներից խոսել ենք: Ներկայացնենք այլ պահանջներ  եւս:  

Օրինակ, նախատեսված է, որ ջրային խաղալիքները պետք է նախագծվեն ու արտադրվեն այնպես, որ հնարավորինս նվազեցվի խաղալիքի լողունակության ու երեխային պահելու հնարավորության կորստի ռիսկը՝ հաշվի առնելով խաղալիքի օգտագործման ցուցումները: Այն խաղալիքները, որոնց մեջ հնարավոր է մտնել եւ որոնք փակ տարածք են դառնում դրանք զբաղեցնողների համար, պետք է ունենան ներսից հեշտությամբ բացվող ելքեր: Խաղալիքը պետք է արտադրվի այնպես, որպեսզի երաշխավորվի հետեւյալը՝ ա. ցանկացած հասանելի մակերեսներին դիպչելիս առավելագույն եւ նվազագույն ջերմաստիճանը վնասվածք չի պատճառի, բ. խաղալիքում պարունակվող հեղուկներն ու գազերը չպետք է հասնեն այնպիսի ջերմաստիճանների կամ ճնշումների, որոնք խաղալիքի պատշաճ աշխատելու հիմնական պատճառներից բացի այլ պատճառներով խաղալիքից անջատվելու դեպքում այրվածք կամ այլ ֆիզիկական վնասվածք պատճառեն: Ձայն արձակելու համար նախագծված խաղալիքները պետք է նախագծվեն եւ արտադրվեն այնպես, որ իմպուլսային աղմուկի ու շարունակական աղմուկի առավելագույն արժեքները չվնասեն երեխաների լսողությունը:

Դյուրավառությանը վերաբերող պահանջներ էլ կան: Օրինակ այն, որ երեխայի շրջակայքում առկա խաղալիքները չպետք է վտանգավոր բոցավառվող տարր լինեն: Խաղալիքները, մասնավորապես քիմիական խաղերը եւ խաղալիքները, չպետք է պարունակեն այնպիսի նյութեր կամ խառնուրդներ, որոնք միախառնվելու դեպքում կարող են պայթել քիմիական ռեակցիայի կամ տաքացնելու արդյունքում, որոնք կարող են պայթել, երբ խառնվում են օքսիդացող նյութերի հետ, կամ որոնք պարունակում են ցնդող բաղադրիչներ, որոնք դյուրավառ են օդում կամ կարող են առաջացնել դյուրավառ կամ պայթուցիկ գոլորշու/օդի խառնուրդ:

Կան նաեւ քիմիական հատկություններին վերագրվող պահանջներ: Ըստ դրա՝ խաղալիքները պետք է նախագծվեն եւ արտադրվեն այնպես, որ մարդու առողջության համար բացասական ազդեցության ռիսկեր չառաջացնեն այն քիմիական նյութերի կամ խառնուրդների պատճառով, որոնցից բաղկացած են խաղալիքները: Ու նաեւ որոշ նյութերի օրական սահմանաչափեր են որոշվել՝ հաշվի առնելով խաղալիքների օգտագործման հետեւանքով փոխանցվող կենսամատչելիության պարագան: Այդ օրական սահմանաչափերն են՝ ծարիր- 0,2 միկրոգրամ, մկնդեղ-0,1, բարիում- 25,0, կադմիում- 0,6 , քրոմ-0,3, կապար- 0,7, սնդիկ- 0,5, սելեն- 5,0 միկրոգրամ: Բայց սրանք շարքային սպառողը ստուգել չի կարող, պատկան մարմինը պետք է անի: Ինչքանո՞վ է անում: Պատասխանը աղբով լցված շուկան է:

Խաղալիքը չպետք է պարունակի վտանգավոր նյութերի կամ խառնուրդների այնպիսի քանակներ, որոնք կարող են վտանգել երեխաների առողջությունը: Բոլոր դեպքերում խստորեն արգելվում է ցանկացած խաղալիքում օգտագործել վտանգավոր նյութեր կամ խառնուրդներ, «եթե նախատեսվում է, որ խաղալիքի օգտագործման դեպքում այդ վտանգավոր նյութերը կամ խառնուրդները օգտագործվելու են ինքնին»: Իսկ այն դեպքերում, երբ ըստ էկոնոմիկայի նախարարության, սահմանափակ քանակությամբ վտանգավոր նյութերի կամ խառնուրդների օգտագործումն էական է կոնկրետ խաղալիքների աշխատանքի, մասնավորապես՝ քիմիական փորձարկումների համար օգտագործվող նյութերի կամ սարքավորումների, մոդելների հավաքման, պլաստիկ կամ կերամիկական ծեփագործության, էմալապատման, լուսանկարչական կամ նմանատիպ գործողությունների համար, ապա դրանց խտության թույլատրելի առավելագույն մակարդակը յուրաքանչյուր վտանգավոր նյութի կամ խառնուրդի համար պետք է սահմանված լինի Հայաստանի ազգային ստանդարտով:

Ի դեպ, որոշ հուտավետ ու ալերգեն նյութեր կան, որոնք նույնպես անթույլատրելի են խաղալիքներում (դրա մասին խոսել ենք): Բայց եթե այդ հոտավետ նյութերի չնչին քանակություն կարող է թույլատրվել, «եթե դա տեխնիկապես անխուսափելի է պատշաճ արտադրական գործելակերպի կիրառման դեպքում եւ չի գերազանցում 100 մգ/կգ»: Այնուհանդերձ, այդ նյութերի անունները պետք է նշվեն խաղալիքի, ամրակցված պիտակի, փաթեթավորման կամ ուղեկցող թերթիկի վրա:

Պահանջներ կան նաեւ էլեկտրական հատկությունների առումով: Ըստ այդմ, խաղալիքները չպետք է սնուցվեն 24 վոլտ անվանական լարումը գերազանցող էլեկտրական հաստատուն հոսանքով կամ հավասարազոր փոփոխական հոսանքով, իսկ դրանց հասանելի մասերը չպետք է գերազանցեն 24 վոլտ հաստատուն կամ հավասարազոր փոփոխական լարումը: Ներքին լարումները չպետք է գերազանցեն 24 վոլտ հաստատուն կամ հավասարազոր փոփոխական լարումը, եթե չի երաշխավորվում, որ լարումը եւ առաջացած հոսանքի համակցությունը չեն հանգեցնի որեւէ ռիսկի կամ վնասակար էլեկտրահարման նույնիսկ այն դեպքում, երբ խաղալիքը փչացել է: Էլեկտրական խաղալիքները պետք է պատշաճ կերպով պաշտպանված լինեն հրդեհի առաջացման վտանգներից: Այս խաղալիքները պետք է նախագծվեն ու արտադրվեն այնպես, որ էլեկտրական, մագնիսական եւ էլեկտրամագնիսական դաշտերը ու սարքավորումներից առաջացող այլ ճառագայթումները սահմանափակվեն խաղալիքի գործունեության համար անհրաժեշտ աստիճանով եւ պետք է գործեն համընդհանուր ընդունված ժամանակակից տեխնոլոգիաներին համապատասխան անվտանգության մակարդակի վրա: Խաղալիքները պետք է նախագծվեն ու արտադրվեն այնպես, որպեսզի որեւէ վտանգ չներկայացնեն առողջությանը կամ լազերներից, լուսարձակող դիոդներից կամ ցանկացած այլ տեսակի ճառագայթումից աչքերի կամ մաշկի վնասվածքի ռիսկ չառաջացնեն:  Խաղալիքի էլեկտրական փոխարկիչը չպետք է խաղալիքի անբաժանելի մասը լինի:

Խաղալիքների աշխարհում կան նաեւ այսպես ասած ֆունկցիոնալ խաղալիքներ (սա այն խաղալիքն է, որը գործում է կամ օգտագործվում է նույն կերպ, ինչպես մեծահասակների համար նախատեսված  արտադրանքը, սարքը կամ հարմարանքը եւ կարող է լինել այդ արտադրանքի, սարքի կամ հարմարանքի փոքրացված մանրատիպը): Սրանք անպայման պետք է ունենան հետեւյալ զգուշացումը՝ «Օգտագործել չափահասների անմիջական հսկողության ներքո»:

Բացի այդ, այս խաղալիքները պետք է ուղեկցվեն ուղղություն տվող աշխատանքային հրահանգներով, ինչպես նաեւ օգտագործողի կողմից ձեռնարկվող նախազգուշական գործողությունների նշումով: Օգտագործողին պիտի ծանուցվի, որ նախազգուշացումները չկատարելու դեպքում ինքը դառնում է խոցելի այն վտանգների համար, որոնք սովորաբար կապված են այն սարքի կամ արտադրանքի հետ:

Նույնը կարող ենք ասել եւ քիմիական խաղալիքների պարագայում: Սրանք մեր շուկայում այդքան չկան, մատչելի չեն, փոխարենը տարածված են զարգացած երկրներում: Սրանք այն հավաքածուներն են, փորձանմուշ պահելու համար նախատեսված պլաստմասե տարաների հավաքածուները, կավագործության, ջնարակման կամ լուսանկարման փոքր արհեստանոցները, որոնք օգտագործման ընթացքում հանգեցնում են քիմիական ռեակցիայի կամ նմանատիպ նյութի փոփոխման:

Այս ամենից զատ՝ կա շատ կարեւոր մեկ հարց եւս՝ ի՞նչ խաղալիք ընտրել երեխայի համար: Պարտադիր չէ մասնագետ լինել՝ հասկանալու համար, որ խաղալիքը չպետք է վախեցնի:

Հոգեբանները պնդում են, թե նայելով երեխայի խաղին՝ կարելի է ասել, թե ինչ ներաշխարհ ունի նա: Բայց կա եւ մյուս կողմը, որի մասին խոսում են արդեն մանկական խաղալիքների հարցերով փորձագետները. ինչ խաղալիք  տալիս ես երեխային, դրանով էլ ձեւավորում ես նրա ներաշխարհը: Կասեն՝ այսօր երեխաները տիկնիկի, արջուկի ու գնդակի փոխարեն ընտրում են դինոզավրերի, սարդերի, «մոնստրների»: Այո, բայց այդ դինոզավրերն ու սարդերը երեխաները չեն արտադրել, այդ սարսափազդու խաղալիքները երեխաներին են պարտադրում: Ու իբրեւ դրա հետեւանք՝ վերանում են խաղերը: Երեխան բակից հեռանում է՝ կառչելով հեռուստացույցին, պլանշետին, համակարգչին եւ սկսում է ապրել վիրտուալ իրականությունում: Եվ այս ամենի հետեւանքն այն է լինում, որ առողջ ծնված երեխան սկսում է առողջական խնդիրներ ունենալ: Թե՛ եվրոպական եւ թե՛ ռուսաստանյան փորձագետները նշում են, որ այս ամենում մեղքի ոչ փոքր բաժին ունեն ծնողները, ովքեր երեխային նստեցնում են էկրանների առաջ ու զբաղվում այլ գործերով: Էկրանը փոխարինում է ծնողին, երեխան հարցախեղդ չի անում ծնողին, ծնողն էլ գլուխը պրծացնում է տարատեսակ պատասխաններից: Իսկ բակերում էլ ծնողները երեխաներիին խաղացնելու փոխարեն՝ նրանց թողնում ու իրար գլխի են հավաքվում: Ինչեւէ, խնդիրների շղթա է, որի բոլոր օղակներում ամենաշատը տուժում են հենց փոքրիկները:

Այս ամենից ելնելով, ըստ ռուսաստանյան հոգեբանների (նրանց եմ մեջբերում, քանզի այս երկրում մասնագիտական կայքէջեր ու մի ամբողջ գրականություն կա խնդրո առարկայով զբաղվող, Եվրոպայում ավելի շատ ուշադրություն են դարձնում սանիտարահիգիենիկ պահանջներին, իսկ ԱՄՆ-ն անընդհատ նոր ու անհասկանալի հերոսներ է ծնում փոքրիկների համար,-Ա.Ք.), խաղալիքի արտաքինից զատ հարկ է ուշադրություն դարձնել հոգեբանական էֆֆեկտին: Մասնագիտական հատուկ կայքէջեր կան, որոնք ծնողներին խորհուրդ են տալիս՝ ինչպես ոչ մասնագետ լինելով հասկանալ խաղալիքի՝ երեխայի վրա ազդեցության հետեւանքը: Օրինակ՝ միանգամից խորհուրդ են տալիս դեն շպրտել այն խաղալիքը, որին նայելիս փոքրիկը լաց կլինի՝ անկախ տարիքից: «Բաց են երեխայի ազդակները, ուստի հավատալ է պետք նրա զգացողությանը» ,- ասում են հոգեբանները: Իսկ եթե երեխան հավանում է տվյալ խաղալիքը, ծնողը պիտի հասկանա՝ հավանել է, որովհետեւ լա՞վն է, թե՞ որովհետեւ այդ խաղալիքը էկրանից է ծանոթ երեխային: Ժամանակին փոքրիկները սիրում էին այսպես կոչված «տելեպուզիկներին», որովհետեւ դրա նրանց էկրանի հերոսն էր, բայց որը շատ արագ մոռացվեց, որովհետեւ փոխարինելու եկան այլ հերոսներ: Զանազան «պուզիկները» երեխաներին ոչինչ չեն տալիս, քանզի դրանք անբնական են, նրանց հետ երեխան չի կարողանում շփման եզր գտնել, պարզապես խաղում է, որովհետեւ ծանոթ է, խաղում է՝ առանց հաղորդակցվելու: Իսկ առանց հաղորդակցվելու երեխան չի զարգանում: Ուրեմն՝ «մի գնեք երեխայի համար այնպիսի խաղալիքներ, որոնք կամ սարսափազդու են, կամ անհաղորդակից: Մի կանգնեցրեք երեխայի ճիշտ զարգացումը»,- խորհուրդ են տալիս փորձագետները:

Անկեղծ լինելու համար ասեմ, որ խաղալիքների եւ հոգեբանության փոխկապվածության մասին համացանցում փնտրտուքս վկայեց, որ այս հարցում էլ մասնագետները տարակարծիք են: Օրինակ, ոմանք խորհուրդ են տալիս ուշադիր լինել եւ խաղալիս հասկանալ՝ երեխան հիվա՞նդ է, թե՞ ոչ: Ասենք՝ եթե երեխան բեռնատարի տեղ ափսե է քշում, հնարավոր է աուտիզմով է տառապում կամ հակվածություն ունի, կամ՝ իբրեւ ինքնաթիռ հայելի է վեր բարձրացնում: Մասնագետների մեկ այլ խումբ էլ նկատում է, որ կապ չունի, թե երեխան ինչով է խաղում, ափսեն մեքենայի փոխարեն վարելը ամենեւին չի նշանակում, թե երեխան ափսեն մեքենայից չի տարբերում: Հնարավոր է, որ երեխայի մտքում եղած մեքենան վաճառքում անգամ դեռ չկա, եւ նա դատարկ ափսեում պարզապես ավելի հեշտ է տեղավորում իր մեքենան, քան հենց բուն մեքենայի մեջ: Կարեւոր է, թե երեխան ինչպես է խաղում, այ, եթե ծեծում կամ խեղդում է խաղալիքներին, նշանակում է, ագրեսիվ է կամ էլ՝ դժգոհ, նրան մեծերը չեն հասկացել եւ նա այդկերպ փորձում է բացատրել իր ներաշխարհում կատարվողը:

Բայց երկու կողմի մասնագետները միակարծիք են մի հարցում՝ երեխայի առողջ զարգացման համար անհրաժեշտ է հող, ջուր եւ հնարավորինս շատ շփում ծնողների հետ: Երեխայի եւ՛ ֆիզիկական եւ՛ հոգեբանական առողջության համար ավելի լավ է բացատրել, թե ինչ է արեւը, անտառը, քամին, անձրեւը, ինչպես սիրել դրանց, ինչպես պաշտպանվել դրանցից, քան՝ ինչ է «տելեպուզիկը», «սարդ մարդը», «կով մարդը»… 

Այլ կերպ՝ երեխայի բնականոն զարգացման համար երեխային չպետք է կտրել բնական կյանքից:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 8 (441), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։