Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար (5-րդ մաս) – Իսկ աշխարհի հոգեւոր կենտրոնը Հայաստանում է… Հյուսիսում է գտնվում գլխավոր հոգեւոր կենտրոնը՝ Քարահունջը՝ Հայկ աստծո կացարանը, Հարավում՝ Էրիդու քաղաքը՝ Էա-Հայա աստծո տաճարը, որը կոչվել է Անդունդքի տուն…

Սկիզբը՝ թիվ 20-23-ում

http://www.hayary.org/wph/?p=6317Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար (1-ին մաս) – Երբ գիտական աշխարհում «տաբուացված» են Հայ, Հայկ, Հայաստան բառերը… Եթե Յահվե անունը կարդանք հակառակ ուղղությամբ, ապա կստացվի Եվհայ բառը – Ստացվում է՝ Յահվեն եւ հայ է եւ հրեա – Սա, իհարկե, համարենք կատակ… Իսկ այժմ խակ բառից, որը հայերենում նշանակում է չհասած, տհաս, անցնենք Խեք անվանը…

http://www.hayary.org/wph/?p=6341Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար (2-րդ մաս) – Երբ հին հայկական ձեռագրերի տեղեկույթը այլ աղբյուրների է վերագրվում… Երբ հին հայկական ձեռագրերի տեղեկույթը այլ աղբյուրների է վերագրվում… – Հայկը երկրի վրա Կեսար է՝ Կես-Աստված, դրա համար էլ նրա թվային արժեքը հավասար է 54-ի, իսկ երկնքում նա Աստված է՝ Կառավար, եւ նրա թվային արժեքը հավասար է 108-ի…

http://www.hayary.org/wph/?p=6353Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար (3-րդ մաս) – Երբ քարը գլուխ ու պորտ ունի՝ ոգի ու հոգի… Չարացած կինը հենց այդ գիշեր մի պարան է գործել եւ գաղտագողի նավը կապել կողքի ժայռից – Այդ պատճառով նավի չի կարողանում պոկվել ժայռից, վեր բարձրանալ ջրերի վրա եւ Նոյի տապանի պես հասնել Մեծ Մասիսի կատարին – Ավանդությունն ասում է, որ ծեր կինը նավը կապել է Հայեկ ժայռին…

http://www.hayary.org/wph/?p=6369Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Աշխարհի տիրակալ՝ Հայկ-Կառավար (4-րդ մաս) – Երբ բոլոր ճանապարհները բերում են Քարահունջ – Քարահունջում է գտնվում սուրբ Քարը («բեթիլ»)՝ «Աստծո տունը», որն հետագայում հրեաներն անվանեցին Վիֆլեեմ (Բեյտլեեմ, Հացի տուն) – Հայտնի է, որ «Հացի տուն» է կոչվել Հայկ-Օրիոն համաստեղությունը… Եվ Հնդկաստանն ինչպես որ է…

Հովիկ Ներսիսյանի «Հայկական լեռնաշխարհը ըստ Զրադաշտն ու իր ավեսթան» գրքում ասվում է. «Արամազդը (Հայր Արան) Վանգուի Դաիթիա (Որոտան) գետի հովտում ստեղծեց առաջին եւ լավագույն երկիրը՝ Ամիրիանա վաեջան: Այստեղ նա արարեց նախաստեղծ սրբազան կով (տավար) Եվագդաթին, որը Լուսնյակի նման սպիտակ էր, եւ բարձրությունն էր երեսունինը եղեգ, որից հետո միայն արարեց գայոմարդուն (հայոմարդուն), որը երեսուն տարի ապրեց: Ապա նրա սերմը 40 տարի գետնի տակ թաքնված մնաց, որից հետո ծլեց առաջին մարդկային զույգը բույսի կերպարանքով…»:

Զրադաշտը նույնպես ծնվել է Դարեջա (Դար) գետի կողքին, որ սնվում է Որոտանի ջրերով: Դար գետի շրջակայքում է գտնվում նաեւ Քարահունջ աստղադիտարանը:

Զրադաշտը (եթե այն իրոք անուն է) եւս մի հանելուկ է՝ կապված Քարահունջի հետ:

Գենոնի գրքում ասվում է, որ հանելուկային երկրի զորքը կոչվել է «Աղարտիի տամպլիերներ»:  

«Հրաշք աստղադիտարան Քարահունջը» հոդվածում («Լուսանցք», մարտի 7-13 եւ մարտի 14-20, 2014թ.) խոսել ենք տամպլիերների մասին. «Ինկվիզիցիայի ժամանակ եկեղեցին մեղադրում էր ասպետ տամպլիերներին, որոնք կատարում էին գաղտնի արարողություններ քարից քանդակած գլխի առջեւ, որը խորհրդանշում էր հեթանոսական Բեղմնավորության աստծուն: Նրան հաճախ պատկերում էին ոչխարի կամ այծի գլխի տեսքով: Տամպլիերները երկրպագում էին աստծուն, կազմում էին շրջան, որի կենտրոնում գտնվում էր քարե գլուխը (stone head) եւ խմբերգով կարդում աղոթքներ» (Դեն Բրաուն – դա Վինչիի կոդը (ծածկագիրը)):

Այս գրքում Քրիստոսը ներկայացված է որպես հրեա, իսկ տամպլիերները՝ ֆրանսիացի ասպետներ:

Ըստ երեւույթին, հանելուկային երկրի զորքը համապատասխանում է բիայնական Haldinaue BE.LI Mes  Խալդեան զորք- MUL ZAB (=BIR զինվոր, զորք)-Կույսին:

Այժմ անդրադառնանք Շամբալա անվանը: Չենք սխալվի, եթե ասենք, որ Շամբալա-Աղարտի անվանումը, կազմված հայերեն բառարմատներից, Հին Հայաստանից է հայտնվել հնդկական հողի վրա:

Ոչ հնդիկները, ոչ էլ տիբեթցիները հստակ չգիտեն՝ ինչ են նշանակում այս անվանումները:

Ենթադրվում է, որ Շամբալա անվանումը առաջացել է Շաքյա տոհմի անդամ Շամբալայի անունից, որն այդ շրջանի կառավարիչն է եղել: Տիբեթերեն Շամբալա նշանակում է «երջանկության աղբյուրով պահպանված» ( ՞ ), իսկ Աղարտիի մասին շատերը գաղափար չունեն:

Հանրագիտարանում (ՀՍՀ 8) «շամբալա» բառը նշանակում է հացհամեմ, հունական խոտ (Trigonella foenum graecum), բակլազգիների ընտանիքի միամյա խոտաբույս: Հայաստանում մշակվում է ցածրադիր գոտում (Էջմիածին), սերմերն օգտագործվում են որպես չաման: Հողը հարստացնում է ազոտով:

Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում հացհամեմը ներկայացված է որպես թիթեռնածաղկավորների ընտանքին պատկանող բույս, մանր սեւ սերմերով (Trigonella): Նույն բառարանում հանդաղուղ բառը նույնպես նշանակում է հացհամեմ:

Շամբալա անունը կարող է առաջացած լինել նաեւ շամբալա բույսից կամ «շամբ» եւ «ալ» արմատներից, որտեղ շամբ նշանակում է ճահճուտ՝ ծածկված եղեգներով, իսկ շամբի-ն նշանակում է եղեգի մի տեսակ (scirpus), ալ-ն էլ նշանակում է առասպելական կենդանիներ կամ ոգիներ (չար կամ բարի):

Բառացի շամբալա-ն կնշանակի շամբուտի՝ ճահճուտի ոգի կամ շամբի ոգի:

Հայկական լեռնաշխարհում, Էրզրում քաղաքից հյուսիսարեւմտյան Եփրատի վերին հոսանքում գոյություն է ունեցել ճահիճների համակարգ Շամբ Կարնո անվամբ: Հնում այստեղ եղել է նաեւ լիճ, որ Ղազար Փարպեցին հիշատակում է «Կարնո ծով» անվամբ: Ներկայում Սիսիանի շրջանում՝ Որոտանի միջին հոսանքում են գտնվում Շամբի անունով ջրամբարը եւ Շամբ ավանը:

Ա. Դավթյանը «Հայոց աստղային դիցաբանություն» գրքում գրում է. «Շումերերեն մի բառարանում (bu) aski բույս հասկի բառը ունի եղեգ իմաստ: Մեծ հավանականությամբ այստեղ գրված է բույս ցելի: Ցել, ակոսի բույսը հենց հասկն է: Այսպիսով՝ ուրարտական Սելիա դիցուհին Կույսի համաստեղությունն է, Կույս (առաջին անգամ հերկած) հողն է, իսկ բույսը նրա ձեռքի հասկն է՝ Սպիկա, Հասկ աստղը»:

Նշենք, որ Միջագետքում Կույսը պատկերվել է նաեւ եղեգնի ծոպով: Մեր կարծիքով՝ (bu) aski կարող է նշանակել ոչ թե բույս հասկի, այլ՝ բույսի հասկ: Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում «եղեգնաբույս» նշանակում է. հացազգիների ընտանիքին պատկանող բույս, նման եղեգին, սրա հորաններն ավելի խոշոր են. շամբ, մեծ եղեգ: Հանրագիտարանում (ՀՍՀ 8) պատկերված է ճահճային շամբին՝ ցողունը, ծաղիկը եւ հասկը, նման հացահատիկի հասկին, պտուղը ընկուզիկ է:

Եղեգի մասին շատ հետաքրքրիր տեղեկություններ կան: Անանդա Կումարասվամին եղեգնը համարում է Կենաց ծառ:

Հնդկացիների մայա ցեղերի առասպելում (Պոպոլ-Վուհ) ասվում է, որ երրորդ ռասսան արարվել է ծիտե ծառից, իսկ կանայք՝ եղեգնի էությունից, որ կոչվում է սիբակ: Մայաները համարում են, որ իրենց նախնիները եղել են Արեւելքից:

Տեղեկությունը, որ կանայք արավել են եղեգնի էությունից, հաստատում է մեր կարծիքը, որ Կույսի՝ Սելիա դիցուհու ձեռքին եղեգնաբույսն է: Եգիպտոսում Սեթի վեհության նշանն է եղել եղեգնյա գայիսոնը ավանակի ականջներով:

Համաձայն շումերական բնագրերի՝ Էա-Հայա (E-a=HA.IA=Հայ) աստվածը հանձնարարել է աստվածներից մեկին կառուցել ջրանցքներ, որոնք Եփրատն ու Տիգրիսը կդարձնեն նավանցիկ: Այդ աստվածը մաքրեց ճահճուտները, լցրեց ձկներով եւ տարբեր թռչուններով ու նաեւ եղեգ տնկեց, որն այն ժամանակ համարվում էր կարեւոր շինանյութ: Էնկի-Հայան իր տան կողքին կառուցում է նավամատույց, որտեղ կարող էին հանգրվանել եղեգնյա լաստանավերը եւ նավերը, որոնք երթեւեկում էին գետի հոսանքով վերեւ եւ ներքեւ: Նրա տունը կոչվել է Աբզու (Abzu)՝ Անդունդքի տուն: Մի քանի հազարամյակներ հենց այս անունն է կրել Էնկիի տաճարը Էրիդուում: Մեկ այլ ձեռագրում նրա տունը կոչվել է Հա.ա.կի (HA.A.KI)՝ ջրային ձկների տուն:

Հայա-Էնկին սիրել է ճամփորդել ջրերի վրայով: Մի բնագրում մեջբերվում են նրա խոսքերը, որ ճահճուտը իր սիրելի տեղն է:

Երբ աստվածները Նիբիրու մոլորակից որոշում են ոչնչացնել մարդկությունը, Հայա-Էնկին դրա մասին գաղտնի տեղեկացնում է Զիուսուդրային (Նոյին): Վախենալով, որ նրան կմերկացնեն մյուս աստվածները, նա Նոյի հետ խոսում է եղեգնյա վարագույրի հետեւից եւ խորհուրդ տալիս նրան՝ կառուցել նավ եւ փրկվել. հետը վերցնել ընտանիքի անդամներին եւ տարբեր շնչավորների, որպեսզի Երկրի վրա շարունակվի կյանքը (Զ. Սիտչին՝ 12-րդ մոլորակը):

Շումերում կավին ավելացնում էին եղեգնի մանր կտրտած ցողուններ կամ ծղոտ, որպեսզի աղյուսին տան առանձնահատուկ ամրություն:

Ավելացնենք, որ եղեգնի ցողուններից հյուսում են խսիր, զամբյուղներ, օգտագործում որպես վառելիք: Եղեգնից ստանում են եղեգնաշաքար, քացախաթթու, մեթիլ սպիրտ, թուղթ, եղեգնասալ՝ սալի ձեւ ունեցող ջերմամեկուսիչ նյութ, որ պատրաստվում է եղեգնի ցողունները մամլելու եւ ցինկապատ պողպատալարով ամրացնելու միջոցով: Ինչպես երեւում է, եղեգնը, որով հարուստ է եղել Հայոց աշխարհը, մեծ դեր է խաղացել մարդու կենցաղում: Դրա մասին են վկայում տեղանունները՝ Եղեգնաձոր, Եղեգի գյուղ՝ Խարբերդի վիլայեթում, Եղեգիս՝ գյուղ եւ գետ Եղեգնաձորի շրջանում, Եղեգնուտ եւ այլն: Կարծում ենք՝ հնում եղեգնը օգտագործել են ոչ միայն տնտեսությունում, այլեւ՝ տաճարներում՝ որպես խնկեղեն: Խնկեղեգը հարուստ է եթերային յուղերով, իսկ շամբալան՝ չամանի բույսը՝ ազոտով: Այս միտքն առաջացավ, երբ բացատրական բառարանից պարզեցինք շամբուշ բառի իմաստը. խելացնոր, մոլեգնած, վավաշոտ, իսկ շամբշոտ բառից հետո կարդում ենք հետեւյալ նախադասությունը. «Անառակության խայտառակ տաճար եւ արենապիղծ շամբշոտ գիշերներ (ՀՀ)»: Հետաքրքիր է՝ որտեղի՞ց է հեղինակը քաղել այս տեղեկությունը:

Որպես քիմիկոս ասեմ, որ ազոտի օքսիդներից առանձնանում է ազոտի անհիդրիդը (N2O3)՝ կարմրամանուշակագույն գազ, որի միջավայրում եւ ազդեցության տակ մարդիկ սկսում են առանց պատճառի ծիծաղել եւ տարօրինակ են իրենց պահում, ինչ համար էլ քիմիկոսներն այն անվանել են ծիծաղաբեր գազ:

Չի բացառվում, որ խնկեղենը՝ բաղկացած տարբեր բույսերից, այդ թվում՝ նաեւ խնկեղեգից՝ հարուստ եթերայուղերով, եւ շամբալայից (չամանի սերմից եւ բույսից)՝ հարուստ ազոտով, ծխեցնելիս կամ վառելիս առաջացնեն ազոտի անհիդրիդի նման բուրավետ միացություն, որը ծիսակատարությունների ժամանակ խաղացել է թեթեւ թմրանյութի դեր:

Մ. Գավուքճյանը գրում է. «Կրակի պաշտամունքի ժամանակներում, հեթանոսական խոր անցյալում, մարդիկ որպես ջահ օգտագործում էին եղեգը՝ ծայրին ամրացված վառելանյութով: Այս պատճառով եղեգը կապվել է կրակի պաշտամունքի հետ: Մանավանդ, որ սրբազան կրակը սնում էին հաճախ այրերով եղեգ»:

Հայոց մեջ Ռազմի աստված Վահագնին նվիրված բանաստեղծությունում եւս խոսվում է եղեգի մասին. «Ընդ եղեգան փող ծուխ ելաներ,/ Ընդ եղեգան բոց ծուխ ելաներ,/ Եւ ի բոցոյն վազեր խարտեաշ պատանեկիկ…»:

Եթե մեր պատմության գրավոր աղբյուրների մեծ մասը ծրագրված ոչնչացվել է, իսկ մյուս մասը օտարներն են յուրացրել, ապա համեմատաբար լավ են պահպանվել բանահյուսությունը, առասպելաբանությունը, որոնց օգնությամբ կարող ենք պատմական շատ ճշմարտություններ վերականգնել:

Այս քննախույզն ամփոփելուց առաջ Սալեմ, Աղարտի, Շամբալա անվանումների հետ կապված մի հավելում էլ անենք:

Պարիս Հերունին գրում է. «Եգիպտոսի Մեծ բուրգի մեջ (մ.թ.ա. 2450թ. 4300) ոչ ոք թաղված չի եղել: Այնուհանդերձ, նրա ներսում, փարավոնի թաղման համար նախատեսված սենյակի միջից մի նեղլիկ լուսանցք է արված, որն ուղղված է Օրիոնի գոտու պայծառ աստղին (նրա այն ժամանակվա կուլմինացիայի կետին): Իսկ թագուհու սենյակից կա մի ուրիշ անցք, որն ուղղված է Սիրիուս աստղի կուլմինացիայի կետին (բարձրությունը՝ 39,50): Դա կարող է լինել միայն 300 աստիճան լայնություններում, որտեղ գտնվում է Մեծ բուրգը: Գիզայի երեք Մեծ բուրգերի դիրքը  կրկնում է Օրիոնի գոտու երեք աստղերի դիրքը»:

Քարահունջ աստղադիտարանը եւ Էրիդու քաղաքը գտնվում են ուղիղ գծի վրա: Եթե Էրիդուից դեպի արեւմուտք տանենք ուղիղ գիծ, ապա Գիզային երեք բուրգերը կհայտնվեն այդ գծի վրա: Քարահունջ-Էրիդու-Մեծ բուրգ ուղղանկյունին պատահականություն չէ, այլ՝ օրինաչափություն, որովհետեւ ախարհի տարբեր վայրերում կառուցված երկրորդային հոգեւոր կենտրոնները կառուցել են միեւնույն քաղաքակրթության այրերը՝ հայերը: Հնում քաղաքները եւ հոգեւոր կենտրոնները կառուցվում էին ոչ պատահական տեղերում, այլ որոշվում էին ճշգրիտ գիտություններով:

Հյուսիսում է գտնվում գլխավոր հոգեւոր կենտրոնը՝ Քարահունջը՝ Հայկ աստծո կացարանը, Հարավում՝ Էրիդու քաղաքը՝ Էա-Հայա աստծո տաճարը, որը կոչվել է Անդունդքի տուն, Արեւմուտքում՝ Եգիպտոսում են գտնվում Հայկ-Օսիրիսի երեք տաճարները: Իսկ Եթովպիայի Աքսում քաղաքից ոչ հեռու գտնվում է Հայկ անունով լիճը: Քարահունջից դեպի արեւելք է գտնվում տիբեթյան Շամբալան՝ Հայր Մորիայի նստավայրը:

Ներկայացված փաստերը բավարար են պնդելու համար. Աշխարհի հոգեւոր կենտրոնը գտնվում է Հայաստանում՝ Սալեմ=Աղարտի=Շամբալա=Քարահունջում:

Գոհար Պալյան

«Լուսանցք» թիվ 24 (457), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։