Պահե՛նք մեզ պահողին (5-րդ մաս) – Լուծումներ, որոնք տեղից կշարժեն գյուղատնտեսության բնագավառը.- Պահանջվում է ապահովագրական համակարգ… Երբ ոռոգենք կաթիլ առ կաթիլ… Ու ճիշտ պահին բռնենք կարկուտը… Մնաց գտնենք երանելի գումարը… Ուստի՝ պետք է ամեն հնարավոր ու անհնարին բան անել երկիրը պահողին լավ պահելու համար…

Սկիզբը՝ թիվ 22-25-ում

http://www.hayary.org/wph/?p=6352Գյուղատնտեսություն. Պահե՛նք մեզ պահողին (1-ին մաս) – Վնասների կանխարգելումը պետք է որ փոխի համակարգը… Գուցե տարօրինակ հնչի, բայց խնդրի էությունը հասկանալու համար նախ պետք է աղետների «գույքագրում» անենք… Որպեսզի հասկանանք, թե այս ամենից ինչպես ենք դուրս գալու, այստեղ էլ պիտի վնասների որոշակի «գույքագրում» անենք՝ իրավիճակը եւ, ըստ այդմ, հետագա քայլերը ճիշտ գնահատելու համար…

http://www.hayary.org/wph/?p=6366Պահե՛նք մեզ պահողին (2-րդ մաս).- Առանց համալիր լուծման 100 տոկոսանոց արդյունք՝ չիք… Գյուղատնտեսությունը ռիսկային է բոլոր երկրներում, մերում՝ առավելապես – Քանզի ոլորտում ոչ ապահովագրական համակարգ ունենք, ոչ էլ կարողանում ենք վնասները նորմալ փոխհատուցել… Գանք կարկտահարության դեմ պայքարի միջազգային փորձին՝ խոսելով մեզ մոտ դրա ձեւերի կիրառման նպատակահարմարությունից… Միջազգային պերճանքի հայկական հնարավորությունը – Եվ ձեռնտու տարբերակը…

http://www.hayary.org/wph/?p=6389Պահե՛նք մեզ պահողին.- (3-րդ մաս) – Այլապես կոտրած տաշտակը մեր գոգից չենք գցի… Մեր գյուղատնտեսությանը վնասում է ոչ միայն կարկուտը, այլեւ՝ երաշտը, ջրհեղեղը, սելավը, ցրտահարությունը – կարկուտի դեմ ինչ պայքար են տանում զարգացած եւ զարգացող երկրներում, որ եղանակների կիրառումն է նպատակահարմար մեր երկրում…

http://www.hayary.org/wph/?p=6404Պահե՛նք մեզ պահողին.- (4-րդ մաս) – Ապահովագրական համակարգի որ տարբերակը կընտրենք մենք… Գյուղատնտեսությանը տարբեր ռիսկեր են վնասում՝ բնակլիմայական, սանիտարական, շուկայական, օրենսդրական, մարդկային գործոնով պայմանավորված ռիսկեր… Թե ինչպես կտեղայնացնենք միջազգային այդ փորձը, առայժմ հստակ չէ…

Հոդվածաշարում անդրադառնալով այն խնդրին, թե բնակլիմայական աղետներից ինչպես են ապահովագրում գյուղատնտեսությունը այլ երկրներում, որն ձեւն ինչքանով է արդյունավետ կամ հակառակը, խոստացել էինք ներկայացնել նաեւ, թե այդ աղետներից վնասների կանխարգելման ինչ հիմնական ուղղություններ է ընտրել մեր գործադիրը՝ ի դեմս գյուղատնտեսության նախարարության, եւ ինչ լուծումներ է առաջարկում: Հասկանալի է, որ այդ կանխարգելման ուղղությունները տարբեր են՝ կախված տեխնոլոգիական եւ տնտեսական հնարավորություններից, ոլորտի ու նաեւ տարածաշրջանային առանձնահատկություններից: Ըստ այդմ, Հայաստանը 9 ուղղություն է ընտրել:  

Պահանջվում է ապահովագրական համակարգ

Խոսքը նախ եւ առաջ գյուղատնտեսությունում ապահովագրական համակարգի ներդրման մասին է, հետո՝ ոռոգման համակարգերի բարելավման (կորուստները կրճատելու, ջրախնայողական արդիական տեխնոլոգիաները ներդնելու մրջոցով): Մյուս ուղղությունը կարկտապաշտպան միջոցների կիրառումն է, մեկ այլը՝ հողերի քայքայումն ու աղակալումը կանխարգելելը: Սերմնաբուծության եւ սերմարտադրության, արհեստական սերմնավորման  բնագավառների զարգացումը, ցրտադիմացկուն, երաշտադիմացկուն, հիվանդությունների եւ վնասատուների դեմ առավել կենսունակ սորտերի ու ցեղերի կիրառման հնարավորությունների ընդլայնումն էլ ուղղություններից է: Կարեւորվում է նաեւ բնակլիմայական աղետների ճշգրիտ կանխատեսումն ու արագ արձագանքումը, պետություն-մասնավոր հատվածի համագործակցության արդյունքում՝ այդ աղետների դեմ պայքարի ժամանակակից միջոցների տեղական արտադրության խթանումը եւ այլն:

Գանք սկզբին՝ ապահովագրական համակարգի ներդրմանը: Գյուղնախարարությունը խոսում է համակարգի աստիճանական ներդրումից: Ապահովագրությունը կարող է նախապայման լինել ճյուղի կայուն զարգացման, բնակլիմայական աղետներից   վնասների կանխարգելման, ներդրումային դաշտի բարելավման եւ երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացման համար: Մեր երկրի գյուղատնտեսությունում ապահովագրական համակարգի ներդրման երաշխիքներից է այդ բնագավառի միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության արդյունքներից ելնելով Հայաստանի առանձնահատկություններին համապատասխանող, իրատեսական մեխանիզմների մշակումը: ԿԲ-ի եւ նախարարության համագործակցության արդյունքում՝ մասնագիտացված կազմակերպությունների ուսումնասիրությունների համաձայն՝ ներկայիս փուլում նախընտրելի է համարվում ապահովագրության համակարգի ներդրումը բուսաբուծության ճյուղում: Հավանության է արժանացել շվեյցարական «Բիզնես եւ ֆինանսական խորհրդատվություն» (BFCconsulting) կազմակերպության ծրագիրը, որը նախատեսում է Գերմանական զարգացման բանկի (KFW) հետ՝ տեխնիկական աջակցության շրջանակներում փորձնական ծրագրի իրագործում: Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ապահովագրական գործընթացում անմիջական աջակցություն է ցուցաբերում պետությունը, մասնավորապես սուբսիդավորում է ապահովագրական վճարների զգալի մասը: Գերմանական զարգացման բանկի (KFW) ներկայացրած ծրագրային առաջարկով նույնպես ապահովագրական ծրագրի սուբսիդավորումը համարվում է անհրաժեշտ պայման՝ ծրագիրը սկսելու համար:

Առաջարկվում է նաեւ հանրապետության գյուղատնտեսությունում մասամբ պարտադիր ապահովագրական համակարգի ներդրումը: Հաշվի առնելով ապահովագրական համակարգի ներդրման կարեւորությունը գյուղատնտեսության ոլորտի զարգացման, ռիսկերի մեղմման գործում, դիտարկելով բնության կողմից գյուղատնտեսությանը հասցվող պարբերական վնասները, Գերմանական զարգացման բանկի ծրագրային առաջարկի հիման վրա ապահովագրական համակարգի աստիճանական ներդրումը ապահովելու համար անհրաժեշտ է, որ առաջիկա 1-2 տարում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիր արվի եւ դրական ելքի պարագայում միայն հիմնական ծրագրին սկիզբ դրվի:

Երբ ոռոգենք կաթիլ առ կաթիլ

Անբարենպաստ բնակլիմայական պայմանների պատճառով մեր ջրամբարները լցվում են կիսով չափ, ինչի հետեւանքով ոռոգման շրջանում ջրի խիստ պակաս է զգացվում: Նշված պակասը լրացվում է Սեւանի հաշվին, սա էլ իր հերթին հանգեցնում է լճի բնական վիճակի վատթարացմանը: Արարատյան հարթավայրում ձկնաբուծական տնտեսությունների աննախադեպ տեմպերով զարգացումը հանգեցրել է Արարատի եւ Արմավիրի մարզերում ոռոգման, խմելու եւ կենցաղային նպատակներով օգտագործվող բազմաթիվ խորքային հորերի թողունակության նվազմանը: Այս տեմպերով շարունակելը վտանգավոր է:

Ուստի՝ ոռոգման համակարգերի զարգացումը պետք է նպատակաուղղել խնայողական համակարգերի, մասնավորապես կաթիլային ոռոգման համակարգերի ներդրմանը: Նկատի ունենանք, որ այժմ հանրապետությունում կաթիլային ոռոգման ներդրման զգալի պոտենցիալ կա: Արդեն շուրջ 58 հազար հեկտար բազմամյա տնկարկներ՝ խաղողի եւ պտղատու այգիներ են հիմնված, կառավարության ծրագրով էլ նախատեսվում է ստեղծել համապատասխան պայմաններ՝ 2018-2020 թթ. տարեկան մինչեւ 100 հեկտար նոր ինտենսիվ պտղատու այգիներ հիմնելու համար: Բացի այս՝ զարգացման միտումներ ունեն արդիական տեխնոլոգիաներով հագեցված ջերմոցային տնտեսությունները, որոնցում արդեն իսկ հիմնականում ներդրված են կաթիլային ոռոգման համակարգեր: Դրանց տարածքը շուրջ 700 հա է: Ասենք նաեւ, որ կաթիլային ոռոգումն առավելություններ ունի. ավելի քան 70%-ով ջուր է տնտեսում, ջուրը հավասարաչափ է բաշխում (կաթիլային ոռոգման արդյունքի ականատես եմ եղել Էռնկյանի այգիներում,- Ա.Մ.): Չնայած սրան՝ կաթիլային ոռոգումը լայնորեն չի կիրառվում, քանզի ներդրման ծախսն է մեծ: Թեեւ չժխտենք, որ կան գյուղացիական տնտեսություններ, որոնց համար այդ ծախսը խնդիր չէ, բայց նրանք էլ կաթիլային ոռոգման համակարգը չեն ներդնում՝ այդ համակարգի առավելության մասին չիմանալու պատճառով: Բայց որպեսզի մեր երկրում կաթիլային ոռոգման համակարգ ներդրվի, խորհրդատվականից զատ այլ գործ պետք է արվի, օրինակ՝ համապատասխան սարքավորումների տեղական արտադրությունը կամ՝ մատչելի վարկային միջոցների տրամադրումը:

Ու ճիշտ պահին բռնենք կարկուտը

Այժմ մեր երկրի տարածքում տեղակայված թվով 496 գազագեներատորային հակակարկտային կայանքների զգալի մասը տեղաբաշխված են տարերայնորեն, ինչը բերում է ակտիվ ներգործությունների ֆիզիկական արդյունավետության նվազմանը: Գործող հակակարկտային կայանքները տեղակայված են՝ Շիրակի մարզում թվով 64 կայանքներ, որոնցով պաշտպանության տակ է վերցված 5120 հա (6.5%) տարածք, Արարատի մարզում՝ 92 կայանքներ, որոնցով պաշտպանվում է 7360 հա (29.0%) տարածք, Արմավիրի մարզում՝ 206 կայանքներ, որոնցով պաշտպանվում է 16480 հա (39.8%) տարածք: Արագածոտնի մարզում գործում է ռադիոտեղորոշիչ համակարգ եւ տեղադրված են 62 հակակարկտային կայանքներ, որոնցով պաշտպանվում է 4960.0 հա (9.2%) տարածք: Լոռիում էլ ռադիոտեղորոշիչ համակարգ է գործում եւ կան 33 կայանքներ, որոնցով պաշտպանվում է 2640.0 հա (6.3%) տարածք: Տավուշում 13 կայանքները պաշտպանում են 1040 հա (4.1%) տարածք,Վայոց Ձորի մարզում 7 կայանքներ պաշտպանում են 560 հա (3.5%) տարածք, Կոտայքի մարզում էլ 19 կայանքները պաշտպանում են 1520 հա (4.0%) տարածք:

Այժմ հակակարկտային կայանների տեղադրման արդյունավետ վայրեր ընտրելու խնդիրը, հակակարկտային ցանցեր կիրառելու տարբերակը ուսումնասիրելու նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ներգրավվել են արտակարգ իրավիճակների, բնապահպանության, տարածքային կառավարման եւ զարգացման, գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչները: Գործադիրն ասում է, որ կարկուտի դեմ պայքարի  հակակարկտային կայաններ եւ ցանցեր տեղադրելու մանրամասն ուսումնասիրության համար նպատակահարմար է ներգրավել միջազգային մասնագիտացված կազմակերպություններին: ՌԴ «Անտիգրադ» մասնագիտացված կազմակերպության եւ մեր արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետների հետ համատեղ կմշակվի ՀՀ տարածքի հակակարկտային պաշտպանության ծրագիր: Թե դա արդյունավետ եղավ, ապահովագրական համակարգի ներդրումն էլ ավելի արդյունավետ ու դյուրին կլինի: Համենայնդեպս, նպատակը մեկն է, որ հակակարկտային համակարգերի ներդրմամբ կարկտահարության պատճառած միջին տարեկան կորուստները ավելի քան 90%-ով նվազեն:

Մնաց գտնենք երանելի գումարը

Այլ լուծումներից կխոսենք առիթով, երբ գա դրանց մեկնարկի ժամանակը: Այժմ իբրեւ վերջաբան անդրադառնանք մի հարցի էլ՝ հոդվածաշարում արծարծված խնդիրների լուծման համար ֆինանսական աղբյուրներին:

Բնակլիմայական աղետներից վնասների կանխարգելման նպատակով ֆինանսավորման աղբյուրները կարող են լինել պետական բյուջեն, ՏԻՄ-երի բյուջեները, գյուղատնտեսությունում տնտեսավարողների ներդրումները, հայրենական կազմակերպությունների ներդրումները, միջազգային եւ դոնոր կազմակերպությունների ներդրումները, վարկային միջոցները եւ ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցները:

Ի հավելումն նկատենք, որ, գյուղնախարարության տվյալներով՝ մեր մարզերում հրթիռային կայանքների միջոցով հակակարկտային պաշտպանության ֆինանսական  ծախսերը մեկ հրթիռային կայանքի հաշվարկով (հեռակառավարվող, ամբողջովին ավտոմատ ռեժիմով աշխատող «Էլիա-2» արձակիչ կայանք) կկազմի շուրջ 9.7 մլն դրամ: Մեկ հրթիռի արժեքը կազմում է 102-145 հազ. դրամ, մեկ 4-րդ կարգի ներգործման օբյեկտի (ամպի) ազդանյութային ցանքսի համար կպահանջվի 2.0-3.0 մլն դրամ, որով հնարավոր կլինի պաշտպանել մինչեւ 30.0 հազ. հա տարածք: Երկրի ամբողջ տարածքում հակակարկտային պաշտպանություն կազմակերպելու համալիր ուսումնասիրությունից հետո կիրականացվի ֆինանսական գնահատում եւ կնախանշվեն ֆինանսավորման աղբյուրները:

Թեեւ 1 հա խաղողի եւ պտղատու այգիներում կարկտապաշտպան ցանցային համակարգի ներդրման համար պահանջվող ֆինանսական միջոցները, նախնական հաշվարկներով, համապատասխանաբար կազմում են 3.6-6.0 եւ 9.0-10.0 մլն դրամ՝ կախված տեսակից, տնկարկի տարածքի դիրքից, օգտագործվող սարքավորումներից, նյութերից եւ այլ գործոններից: Հայաստանում այս պահի դրությամբ գազագեներատորային հակակարկտային մեկ կայանքի բազային մոդելի մոտավոր միջին արժեքը կազմում է շուրջ 3500,0 հազ. դրամ: Օրինակ՝ «Զենիթ» հակակարկտային կայան «Տուրբոն» (պաշտպանվող տարածը՝ շուրջ 100 հա) 3 մլն դրամ է, «Զենիթ» հակակարկտային կայան «Տրիոն» (պաշտպանվող տարածը՝ շուրջ 300 հա) 7 մլն դրամ է: Փոքր մետեոռադարային ռոբոտ կայանը շուրջ 450.0 հազ. դրամ արժե: Ի դեպ, սա տեղադրվում է  հակակարկտային կայանի վրա եւ հնարավորություն է տալիս ավտոնոմ ռեժիմով պաշպանել 2 կմ շառավղով տարածք: Անձրեւային տեղումների խթանման համակարգ կա՝ «Ռեյնսթիմ», 150.0 մլն դրամ արժե: 2.0 մլն դրամ էլ արժե ցրտահարությունից այգիները պաշտպանող «ԱնտիՖրոստ» կոչվող սարքավորումը:

Ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի համար Գերմանիայի կառավարությունը պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը՝ ֆինանսավորելով ապահովագրավճարների սուբսիդավորման ծրագիրը առաջին չորս տարիներին՝ շուրջ 5 մլն ԱՄՆ դոլարի չափով՝ ՀՀ կառավարության հետ հավասար ֆինանսավորման հիմունքներով:

Ֆինանսական հստակ գնահատականը դեռ կներկայացվի:  Որ գյուղատնտեսության ոլորտը պետք է լավ իմաստով թափ տալ, հաստատ է: Այն մեր երկրի համար միայն մակրոտնտեսական կայունության տեսակետից չէ որ կարեւորվում է, այլեւ՝ գյուղական բնակավայրերում զբաղվածության, գյուղական բնակչության կենսամակարդակի բարձրացման եւ որ ամենակարեւորն է՝ բնակչության պարենային անվտանգության: Եվ խոսքերը, որ մեր գյուղը մեր սահմանապահն է, մեր պահապանը, մեր պարենային անվտանգության ու անկախության երաշխավորը, գեղարվեստական նկարագրություն չեն: Փաստ է: Ուստի՝ պետք է ամեն հնարավոր ու անհնարին բան անել երկիրը պահողին լավ պահելու համար:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 26 (459), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։