Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (5-րդ մաս) – 1. Շիվհալանի. ոչ թե լաց ու կոծի, այլ՝ ուժի պար – Իշխանաց պարերի անվանաշարքին է պատկանում … 2. Գյոնդ, գյովընդ, գյովենդ, գովընդ. կյանքի շրջանի պարը – Հայերեն արմատական բառարանում «գյոնդ» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «գունդ» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները… Նյութին կից՝ մեր հինավուրց պարերը՝ մեկ գրքում (հատվածներ)…

սկիզբը՝ թիվ 36, 37, 38, 39-ում

  1. Շիվհալանի. ոչ թե լաց ու կոծի, այլ՝ ուժի պար

Իշխանաց պարերի անվանաշարքին է պատկանում Շիվհալանի պարը:

Ըստ մեր պարզաբանումների՝ «Շիվ հալ անի» պարն ամբողջովին նվիրված է ազգի, սերնդի ճյուղավորման, աճելու, զորացնելու գաղափարին: «Շիվհալանի» պարանունը կազմված է հայերենի «շիվ» եւ «հալ+ անի» բառարմատներից:

Ներկայացնենք «Շիվ-հալ-անի» պարանվան իմաստաբանությունը: Հր. Աճառյանի, Ստ. Մալխասյանցի եւ Նոր Հայկազյան բառարաններում Խոյի բարբառով «հալ» բառը բուն հայերեն արմատ ունեցող բառ է եւ մատնանշում է «նյութի անցումային վիճակ», հալ – հալել, հալած երկաթ, ջուր, յուղ:

Հայոց լեզվամտածողության մեջ «հալ» բառը ներկայացնում է մարդու կենսական եւ հոգեբանական վիճակներ, «հալ» բառը ներկայանում է որպես «ուժ-վիճակ», միաժամանակ՝ «ուժի առկայություն կամ բացակայություն»:

Նար- Դոսը գրում է՝ «…թէ չէ, է՜լ հալ կա՞» – ուժ, յարաքեաթ կա՞»: Հայկական ժողովրդական հեքիաթի մեջ հանդիպում ենք. «Սա սրանց էնքան ա բանեցնում, որ հալից գցում ա», այսինքն՝ ուժից գցում է։

Ներկայացնենք «հալ» բառի բարբառային իմաստները:

Շիվհալանի անվան մեջ «հալ» արմատին միացած «արա» կամ «անի» արմատները բառին տալիս են ուժ առնի, հալ առնի իմաստները:

Հալ ունի- ուժ ունի, հալ ունենալ- ուժ ունենալ, հալ չունենալ - ուժ չունենալ, հալ անի - ուժ անի, ուժ ստանա, աճի, մեծանա, զորանա, «անել, լինել» իմաստով:

Այժմ մեկնաբանենք «շիւ»բառը:

Ստ. Մալխասյանցը «շիւ» բառը մեկնաբանում է այսպես՝ շիվ- ծառի դալար ճյուղ, տունկ, մատղաշ ծառ կամ ժառանգ-ճյուղ: Այսպիսով՝«շիվ հալ անի» անվանումը նշանակում է «ժառանգը ուժ առնի, զորանա, մեծանա»:  

Ահա թե ինչու պարը ստեղծում է բարձր տրամադրություն, եւ պարի թռիչքները ուրախ բնույթի թռիչքներ են:

«Շիվ հալ անի» պարը Իշխանաց դասի պար է, շատ հպարտ եւ վեհ պար է եւ ամենաբարդ պարատեսակներից մեկն է հայկական պարարվեստում: «Շիվ հալ անի» պարը հիմնականում պարում էին Շատախի եւ նրա կենտրոնի հայերը:

«Շիվ հալ անի» պարի ժամանակ կանգնում են շարքով, բռնում ճկույթներով, տեղում շարժումների ժամանակ արմունկները ծալում են գոտկատեղի բարձրությամբ, իսկ ափերը պարզում են դեպի առաջ՝ ափերը բարձրացնելով կրծքի մակարդակին, իսկ աջ գնալու ժամանակ ձեռքերը պահում են գոտկատեղի բարձրությամբ: Պարեղանակը հետզհետե արագանում է, ինչի հետեւանքով արագանում է նաեւ պարը:

Այսպիսով, կարող ենք ասել, Շիվհալանի պարանունը հայկական արժեհամակարգի մասն է կազմում, հայ պարարվեստի գոհարներից է եւ, կրկնենք, հայոց Իշխանաց պարի տարատեսակներից:

Այսօր էլ Հայոց ազգային երգ ու պարի երախտավոր գործիչներ Մկրտիչ՝ Մգրո Սարգսյանի հիմնադրած «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթը, ազգագրագետ Մարո Մուրադյանի հիմնադրած «Ակունք» ազգագրական համույթը եւ այլ համույթներ մեծագույն հպարտությամբ կատարում են հայոց Իշխանաց դասի իշխանաց պարերը՝ մոռացությունից փրկելով, վերածնունդ տալով հայոց ավանդական Իշխանաց պարին:

Ցավոք, հայ պարարվեստի շրջանակներում Իշխանաց պարերի անվանաշարքին պատկանող Շիվհալանի պարի անվանումը ներկայացվում է ըստ քրդերենի մտածողության:

«Շիվհալանի» պարանվան քրդական մեկնաբանումը խեղաթյուրման եւ կեղծարարության հետեւանք է, սխալ է մեկնաբանված: Այն հիմնավորվում է հետեւյալ կերպ՝ քրդերենում «շիվան, շիվանկ» բառերն ունեն «լաց ու կոծ», «վիշտ, ողբալ, տրտունջ» իմաստները:

Նույն տրամաբանության շրջանակներում, այդ նույն մեկնաբանողները «հալ» բառը նույնպես ներկայացնում են որպես քրդական մշակույթի մաս: «Հալ բառը քրդերենում ձեռք է բերել «հոգս, անհանգստություն, տանջանք» իմաստը:

Հայերենի «շիվ- ծառի երիտասարդ, դալար ճյուղ բառիմաստը մեկնաբանել եւ ներկայացրել են քրդերենի «շիվան, շիվանկ» լաց ու ողբ իմաստով, թեեւ դրանց արմատներն էլ են հայերենի արմատներ: Ըստ քրդերենի, պարզվում է, Շիվհալանի պարանունն ունի կրկնակի հոգս-տանջանք իմաստը:

Հալ- մարդու ֆիզիկական եւ հոգեվիճակին ավելանալով՝ անկ արմատը դառնում է «հալանկ» – անկ արմատի միանալու դեպքում հալը ստանում է հոգս, անկում, հալից գցել -ուժից գցել իմաստները:

Սակայն պարանունը ոչ թե շիվ+հալանկ է, այլ շիվ+հալ+անի, որը նշանակում է շիվը ուժ առնի:

Հետեւաբար, Շիվհալանի պարանվան մեջ առկա է ժառանգի, որդու աճելու, զորանալու գաղափարը, պարի մեջ եղած ուրախ թռիչքները մատնանշում են պարի կենսուրախ բնույթը:

  1. Գյոնդ, գյովընդ, գյովենդ, գովընդ. կյանքի շրջանի պարը

Հայկական պարի տեսակները համակարգել, նկարագրել են Սրբուհի Լիսիցյանը, Հայրիկ Մուրադյանը, Մկրտիչ Սարգսյանը եւ այլ նշանավոր բանահավաք – ազգագրագետներ: Սրբուհի Լիսիցյանը, ում անվանել են պարարվեստի, պարագիտության Կոմիտաս, կազմել եւ գրառել է հայ ազգագրական պարի մի մեծ համակարգ:

Ըստ Լիսիցյանի՝ հայ ազգային պարն ունի 20 տարատեսակ, որոնց մեջ առանձնակի տեղ են զբաղեցնում ծիսական պարերը՝ նվիրված տիեզերքի արարման դիցաբանական արարողակարգերին, բնության, ծնունդի, թագադրման, ռազմական, աստվածային երեւույթներին:

Ծիսական պարերը երգեցողության եւ որոշակի հերթականությամբ կրկնվող շարժումների միասնություն են, որոնք տվյալ պարի միջոցով արտահայտում են ծեսի, պարի հիմնական գաղափարը. փորձ էր արվում այդ ծեսի միջոցով ապահովել տաճարների, վանքերի, կամուրջների ամրությունն ու կայունությունը:

Ծիսական պարի մեջ քայլի ուղղությունը խիստ կանոնակարգված է, այն պարի մեջ ունի հիմնականում աջ գնացող եւ աճողական կառուցվածք: Ծիսական պարերը իրենց հերթին բաժանվում են ենթախմբերի, որոնց մեջ, այս հոդվածի շրջանակներում, առանձնացնում ենք ծիսական եւ ռազմական պարեր, որոնք առ այսօր կատարվում են:

Անդրադառնանք Գյոնդ պարի մշակութաբանական խնդիրներին:

Պարը հիմնված է երկրաչափական «արեգակ», «կրակ», «կլոր շրջան» հասկացությունների վրա, ունի իր ծիսական կանոնները եւ առանձնահատուկ է հայ ազգագրական պարերի մեջ:

Գյոնդ պարը հիմնականում պարում են փակ շրջանով, կա նաեւ բաց շրջան, որտեղ պարը գլխավորում է կարմիր կամ սպիտակ թաշկինակով առաջատարը՝ պարագլուխը կամ պարբաշին, եւ ունի պարի վերջը պահող պարողը՝ պարապոչը:

Գունդ, գիւնդ, գյոնդ, գեօնդ հարսանեկան ծիսական պարը ներկայացնում է կյանքը՝ կազմված չորս մասից, ներկայացված չորս փակ շրջանների օգնությամբ:

Ամուսնական ծիսակարգի կենտրոնական պարը կապվում է «կրակ-արեւ-վառվող խարույկ» հասկացության հետ եւ նոր սերնդի ստեղծման խորհուրդն ունի, որը կապվում է արեւապաշտական խորհրդի հետ: Հայոց աշխարհի տարբեր շրջանները ունեցել են «գյոնդի» պարային ոճի իրենց տարբերակները:

Շատ ուշագրավ է համշենահայերի «գյոնդը»: Համշենահայերի մոտ «գյոնդ» պարին մասնակցելու ժամանակ պարի ղեկավարը կամ մեկ այլ հարգված անձ խստորեն հայտարարում էր, որ պարի ընթացքում ոչ ոք իրավունք չունի դուրս գալու գյոնդից եւ իրավունք չունի մտնելու գյոնդի շրջան:

Եթե որեւէ մեկը փորձեր խանգարել պարը անտեղի շարժումներով ու բացականչություններով կամ անցներ պարաշարքի հետեւը, ապա դա դիտվում էր որպես անհարգալից վերաբերմունք պարողների եւ պարի նկատմամբ: Խախտում կատարած անձը ենթարկվում էր պատասխանատվության:

Եթե ծիսակարգ խախտողը կին էր, նրան ուղղակի հանում էին պարաշարքից, ապա եւ՝ պարատեղից: Եթե ծիսակարգ խախտողը տղամարդ էր, կապում էին ձեռքն ու ոտքը եւ մեկուսացնում այնքան ժամանակ, մինչեւ ներում խնդրեր եւ խոստանար այլեւս չխանգարել: Պարը չիմանալով պարաշարքի մեջ մտնելը եւս համարվել է խանգարելու փորձ եւ պատժվել է, իսկ հասարակությունը խանգարողին համարել է անհավասարակշիռ մարդ եւ դադարել հարգել նրան:

Գյոնդ հարսանեկան ծես-պարն ունի խիստ արարողակարգ, հարսանիքի ընթացքում Գյոնդ պարը բոլորվել է չորս անգամ:

– Առաջինը պարել են հարսի տանը, հարսի հոր տան թոնրի շուրջ:

– Գյոնդի երկրորդ շրջանը պարել են, երբ հարսին արդեն տանից հանել են, որտեղ ավարտվել է հարսի կյանքի առաջին ծիրը, շրջանը, հորական աղջնակ լինելը, որտեղ եւ հարսը թոնիրից իր հետ վերցրել է «մի բուռ մոխիր», որպեսզի տանի ամուսնու տուն:

– Երրորդ շրջանը կատարվել է փեսայի տան կրակի կամ թոնիրի շուրջ, որտեղ հարսը հոր տանից վերցրած մոխիրը աննկատ լցնում է, ավելացնում եւ խառնում է փեսայի տան կրակի մոխիրին:

-Գյոնդի չորրորդ եւ ամփոփիչ շրջանը կատարվում է հարսանիքի վերջում, երբ հարս ու փեսային ճանապարհում են ամուսնական առագաստ՝ կյանքի նոր ծիր: Այդ ծիսակարգից հետո փեսան համարվել է հասուն տղամարդ, իրավունք է ստացել ցորեն ցանելու, տղամարդկանց հասարակական հավաքներին մասնակցելու:

Հարսանիքի մասնակիցները կապում են գյոնդի չորրորդ եւ ամփոփիչ հանդիսավոր շրջանը, յուրաքանչյուր մասնակից ձեռքում պահում է մի-մի վառված մոմ: Պարին իրավունք ունեն մասնակցելու միայն զույգերը, երկու կողմի ծնողները, ամուսնացած քույրերն ու եղբայրները, ապա մնացած հարազատները՝ զույգերով:

Ըստ կարգի՝ քավորն ու քավորկինը բոլորի հետ միասին հանդիսավոր բազմածիր են կազմում եւ հրավիրում հարսին ու փեսային: Հարսը պարաշրջան է մտնում արդեն երեսը բաց:

Ամուրիներին ու այրիներին արգելվել է մասնակցել հարսանեկան գյոնդին:

Անդրադառնանք գյոնդ բառի լեզվական խնդիրներին եւ ներկայացնենք բառի ընդունված ստուգաբանությունը հայերենում: Հրաչյա Աճառյանը Հայերեն արմատական բառարանում «գյոնդ» բառի ստուգաբանությունը ներկայացնելիս բերում է «գունդ» բառի տարբեր իմաստներն ու նշանակությունները՝ օգտվելով նաեւ հայոց տարբեր տարածաշրջանների գավառական բարբառներից: Մի քանի բարբառներում «գունդ» բառը հնչում է՝

  1. գ՛յունդ, գ՛օնդ, գ՛ոնդ, կոնտ, գիւնդ եւ կ՛իւնդ: Գունդ բառի առաջին եւ հիմնական նշանակութիւնն է՝ արեւի կամ լուսնի գունդ, երկնակամար,
  2. գունդ – խմորի կունդ, գունդ,
  3. գոնդ- գեօնդ -գօնդ-կօնտ-անիւ, գլուխ,
  4. գունդ-բանակ, բազմութիւն, մարդկանց, մեղուների խումբ:

Հայկազյան բառարանում հանդիպում ենք նաեւ «գունդ-գնդո-գնտոյ-գնդի-գնդիւ գնդաւ» գրաբարյան տարբերակներին:

Այսինքն՝ գյոնդ բառն ունի նաեւ արեգակի-կրակի-լույսի-կյանքի շրջանի նշանակություն: Նշանակում է «գիւնդ-գունդ-կոնդ-գիւնդ» բառերը ունեն մեկ արմատ, որն է‘գունդ: Գունդ-գյօնդ- գոնդ – գովընդ-գօվենդ բառերը հոմանիշներ են՝ առաջացած գունդ բառից եւ իմաստային առումով նույնացվում են:

Հայոց բարբառներում գյօւենդ կամ գյօւընդ բառը նոյն «գ՛յունդ, գ՛օնդ, գ՛ոնդ, կոնտ, գիւնդ եւ կ՛իւնդէ» բառի բարբառային տարբերակն է: (Հայլեզբրբբառ ԱՅ, 2001. 270b): Տիպական ու կարեւոր բարբառներում հենց «գովընդ» ձեւով ունենք‘«Սասուն գովընդ» (Պետոյեան 1965. 457) եւ «Մոկս գյօվընդ» (ԿՐոպսՌ 2002. 217):

Հայերենի բարբառներում այս պարանունը հայերեն «գունդ» բառից է սերել: Պետք է նկատի ունենանք, որ հին հայերեն գ-ն թե՛ Սասունում, թե՛ Մոկսում ու Վանի խմբի մյուս բարբառներում օրինաչափորեն ձայնազրկվում է ու դառնում «կ»:

«Գունդ» բառը Մոկսում ու Վանում դարձել է կիւենդ (տես Աճառյան 1952. 254): Այսպիսով ակնհայտ է դառնում, որ «գովընդ» բառը ծագել է «գունդ» բառից եւ ավելի հստակորեն է մատնանշում հայերենի բարբառային ծագումը: Քրդերենում govand կոչվող պարաձեւից բացի կայ եւ goband-ը‘«շուրջպար» պարաձեւը, որը գրվում է «b» տառով, gobend/goband: Որտեղ «gօ» նշանակում է «շրջան», իսկ «band»-ը՝ կապել, այսինքն՝ շրջան կապել: Այս օրինակից ակնհայտ է դառնում, որ քրդերենում govand-ը գյոնդի իմաստ ունի եւ նույնպես նույնացվում է երկրաչափական կլոր շրջան եւ գունդ հասկացության հետ:

Ուստի՝ կարող ենք հաստատել, որ քրդական կամ եզդիական ցեղախմբերը govand բառը եւ պարը, նաեւ պարանունը փոխառել են հայ ժողովրդի վաղնջական լեզվամտածողությունից եւ մշակույթից:

Գյոնդ պարի պարային շարժումները, ըստ պարագետ Ժենյա Խաչատրյանի, սրանք են.

– «երկու գնալ, մեկ դառնալ».- նշանակում է, որ պարը տեղաշարժվում է երկու քայլ աջ եւ մեկ քայլ ձախ,

– «դառնալ» կամ «վերադառնալ».- նշանակում է գնալ դեպի ձախ: Սակայն, հնում «ձախ» բառը արգելված էր եւ օգտագործվում էր «դառնալ» բայը:

Ըստ ավանդույթի, ձախ գնալը խորհրդանշում էր ձախորդություն, իսկ աջ գնալը՝ հաջողություն:

Այսպիսով, երկու աջ գնացող քայլերի շնորհիվ եւ չնայած պարի ձախ դարձող քայլին, ընդհանուր պարը շարժվում է դեպի աջ՝ դեպի հաջողություն՝ խորհդանշելով համայնքի ձգտումը դրականին: Այս պարում առկա է կցորդ քայլը, այսինքն՝ քայլ կատարելու ժամանակ ոտքերը չեն խաչվում:

  1. աջ ոտքը դրվում է դեպի աջ,
  2. ձախ ոտքը կատարում է կցորդ քայլ. ձախ ոտքը միացվում է աջին,
  3. աջ ոտքը նորից դրվում է դեպի աջ, ձախ ոտքը կատարում է «խաղ», ընդ որում՝ տարբեր պարերում խաղացող ոտքը տարբեր ձեւերով է «խաղում»,
  4. ձախ ոտքը դրվում է դեպի ձախ,
  5. խաղում է աջ ոտքը:

http://www.hayary.org/wph/?p=6613Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության (4-րդ մասս).- Հայոց պարն ի սկզբանե. ծիսական պար եւ պարադից… Համանման մոտեցմամբ հնարավոր է վերջնականապես ամրագրել «պար» բառի մշակութաբանական ծագումը եւ նրա ուղղակի կապը մեր ազգի հետ… «Պարադից» բառը ծնվել է Հայկական Պար լեռնաշխարհում, ուղղակիորեն Տիգրիս եւ Եփրատ գետերի հովտում: Այն Դիցերի աստղային պարն է… Աստեղաց պար» նշանակում է «լուսաւորեալների պար», իսկ ժամանակի ընկալումներում լուսավորյալները Դիցերն էին, Տի-եզրից եկածները… 2.  Կից նյութ՝ մոսկվաբնակ պարագետ եւ հոգեբան Իրինա Սիրոտկինայի մենագրությունից մի հատված՝ էթնոպարագետ Սրբուհի Լիսիցյանին վերաբերող մասից…

http://www.hayary.org/wph/?p=6599Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե. Իշխանաց պար, Շէխանի, Շերխանի (3-րդ մաս) – Ասել ենք՝ հայկական ծիսական պարերը հայ դիցերի պատգամն են, պատգոչը… Իշխանաց պարը էությամբ հզորների եւ ուժեղների պար է՝ Առյուծների պար, որը ներառում է Առյուծ դիցերի կամ դյուցազունների տիրոջ, այսինքն՝ իշխանական դասի, կամ քրմական դասի գաղափարը…

http://www.hayary.org/wph/?p=6583Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (2-րդ մաս) – Պատգոչ-բառը հայերենի հնախոսական եզրաբառ է, որը նշանակում է բանբեր, պատգամաբեր – Երկնային գոչ կամ գոչ պատ՝ երկնքից, Գոչ-գոռոչ-գոռոց իմաստաբանական հիմքից է կազմված Գոչ-Գոչարի-Քոչարի եզրաբառը… Ծեսը կապվում է բոլոր տեսակի ծիսական պարերի հետ՝ Իշխանաց պարերի, ռազմական, բնության, դիցական, ավանդական…

http://www.hayary.org/wph/?p=6570Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- Հայոց պարն ի սկզբանե (1-ին մաս)… Կփորձենք հասկանալ մեր պարի ուղնուծուծը, տեսանկարել ողնաշարը, իմանալ՝ պահպանե՞լ ենք այն ամբողջությամբ, թե՞ ահազանգի խնդիր ունենք… Հայոց պարի մասնատուփից դուրս բերենք մասնագամերը, բացահայտենք ու մեկնաբանենք դիցապատմական մասունքների ծագումը…

Շարունակելի

Կարինե Հայրապետյան, Գիտությունների համահայկական միջազգային ակադեմիա

2017թ. հունիս, Գերմանիա, Մայնց

Հատուկ «Լուսանցքի» համար

* * *

Մոսկվաբնակ պարագետ եւ հոգեբան Իրինա Սիրոտկինայի «Ազատ շարժումը եւ պլաստիկ պարը Ռուսաստանում» մենագրությունից մի փոքրիկ հատված՝ էթնոպարագետ Սրբուհի Լիսիցյանին վերաբերող մասից (ռուսերենից թարգմանությունը՝ Արծվի Բախչինյանի)

…Գեղարվեստական թատրոնում ելույթից հետո Լիսիցյանը նամակ է ստացել Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյից, որը գրել է. «Ձեր երեկոն եւս մեկ անգամ հաստատեց ռիթմիկական դաստիարակության անհրաժեշտությունը, բոլորս անկեղծորեն հիացանք ձեր սաների՝ մարմնին տիրապետելու ձեռքբերումներով, հրաշալի ռիթմականությամբ, լավ ճաշակով»: Թիֆլիսցի ոտաբոբիկները հմայեցին նաեւ արվեստի այնպիսի «գեղագետի», ինչպիսին Ստալինն էր: Վերջինս 1926թ. ամռանը Թիֆլիսում այցելելով Ռիթմիկայի ինստիտուտ՝ կարգադրել է տեղական իշխանություններին նրա ձեռքբերումները ներկայացնել արտասահմանում: Աշնանը Վրաստանի Ժողկոմխորհը Լիսիցյանին ամուսնու եւ երկու պարուհիների հետ գործուղել է Գերմանիա: Այնտեղ նա մնացել է երեք տարի, պարապմունքներ անցկացրել խորհրդային դեսպանատանը կից ստուդիայում… Հետագայում տուն է վերադարձել մենակ, ամուսինը մնացել է Բեռլինում:

Տեղափոխվելով Երեւան՝ Սրբուհին հիմնել է պարարվեստի ուսումնարան եւ սկսել է զբաղվել գաղափարապես ընդունելի ազգագրությամբ: Ժողովրդական պարերը գրառելու համար նա ուսումնասիրել է շարժումը գրանցող մի քանի համակարգ եւ ստեղծել է իր սեփականը: 1940թ. Մեծ թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռ. Վ. Զախարովի խմբագրությամբ լույս է տեսել նրա «Շարժման գրանցումը (կինետոգրաֆիա)» ծավալուն աշխատությունը, որտեղ հավաքվել են շարժումների գրառման բոլոր հնարավոր համակարգերը: Պարի գրառման հարմարության համար Լիսիցյանն այն բաժանել է դրվագ-կեցվածքների (որոնք անվանել է «մարմնական» կամ «կինետիկ ակորդներ») եւ դրանք միացնող շարժումների: … Երբ այս գրանցումը վերծանել է Լիսիցյանը, Մարիետա Շահինյանի գնահատությամբ, այդ խորհրդավոր նշանները «տեսանելի կերպով վերածվել են… Հայաստանի պատմության հնագույն ժամանակաշրջանի պարերի վառ շարժվող պատկերների»: Նրա գրառման համակարգը ճանաչում է ստացել նաեւ արտասահմանում:

1940-ականների սկզբին Լիսիցյանի քսանամյա որդի Ռոլանն իր օրագրում գրել է. «Մենք այնքան շատ ենք ծափահարում Ստալինին, որ շուտով մեր ափերի մեջ կոշտուկներ են առաջանալու», որի համար նրան ձերբակալել են եւ գնդակահարել: Իսկ Լիսիցյանից երես են դարձրել: Նրա կազմած «Հայ ժողովրդի հնագույն պարերը եւ թատերական ներկայացումները» աշխատության առաջին հատորը լույս տեսավ Ստալինի մահից հետո, երկրորդը՝ 1972թ.:

«Լուսանցք» թիվ 39 (472), 2017թ.

Մեր հինավուրց պարերը՝ մեկ գրքում

Չորս տարի առաջ էր: Պարարվեստի մեծ երախտավոր, պրոֆեսոր Սրբուհի Լիսիցյանի «Հայ ժողովրդի հինավուրց պարերը եւ թատերական ներկայացումերը» գրքի հայերեն թարգմանությունում ամփոփվեց հայկական ժողովրդական պարերի մասին ամբողջ տեսական եւ գործնական նյութը:

Գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը տեղի ունեցավ 2013թ. ապրիլի 29-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի բաժնում:

Այդ ժամանակ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը նշել էր, որ այս աշխատության արժեքը եւ կարեւորությունը մինչեւ վերջ գիտակցելն անգամ դժվար է: «Շատ մեծ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել Կարեն Գեւորգյանին, քանի որ նա նախաձեռնեց այս հատորի հրատարակումը: Ինչպես նաեւ շնորհակալություն եմ հայտնում Մանկավարժական համալսարանին, որ միացավ այս գործին»,- ասել էր նախարարի պաշտոնակատարը: Նրա խոսքով՝ աշխատությունը մեծապես կնպաստի Հայաստանում պարարվեստի զարգամանը:

Սրբուհի Լիսիցյանի գրքի ռուսերենից թարգմանությունը, գրքի ամբողջական աշխատանքները համակարգել եւ խմբագրել էր Մանկավարժական համալսարանի պարարվեստի ամբիոնի վարիչ Կարեն Գեւորգյանը:

Նա այսպես էր գնահատել Լիսիցյանի գործունեությունը: «Եթե «Սասնա Ծռեր» էպոսի հավագաքրումը կատարվեց 19-րդ դարի կեսերին մեծ երախտավոր Գարեգին Սրվանձտյանի անմիջական նախաձեռնությամբ, ապա հայկական ժողովրդական պարեղականների հավագագրման եւ մշակման գործընթացը կատարվեց 20-րդ դարասակզբին՝ պարարվեստի մեծ երախտավոր, պրոֆեսոր Սրբուհի Լիսիցյանի կողմից»:

Ի դեպ, 1957թ. Լիսիցյանի կողմից տպագրված համանուն գիրքը եղել է ռուսերեն, ինչը կարծես թե չի դարձել պարուսույցների սեղանի գիրքը, որովհետեւ պարագետը ուսումնասիրությունները կատարել էր ռուսերենով, ինչը պարամտածողության, պարապատկերների ամբողջական նկարագրման առումով բարդություններ էր առաջացնում: «Այժմ գրքի առաջին հատորի հայերեն թարգմանության օգտագործման շնորհիվ, վստահ կարող եմ ասել, հայկական պարերավեստը թեւակոխելու է նոր ժամանակաշրջան եւ ունենալու է հրաշալի զարգացում: Կարծում եմ, որ պարանմուշները, որոնք տեղ են գտեն առաջին հատորում, կենդանություն կառնեն, դուրս կգան բեմ եւ կդառնան ժողովրդի սեփականությունը»,- հավելել էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչը:

Նկատենք, որ Երեւանի գրախանութներում հիմա այս գիրքը չկա: Վերահրատակելու անհրաժեշտություն կա:

Սեփ. լրատվություն

«Լուսանցք» թիվ 40 (473), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։