Սեպտեմբերի 27-ին Երեւանի սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում կայացավ էկումենիկ աղոթքի արարողություն՝ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք եւ Ամենայն հայոց կաթողիկոսի ու Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Նորին ամենասրբություն Բարդուղիմեոս Ա-ի: Վերջինս Հայաստան էր ժամանել Մյուռոնօրհնության տոնակատարություններին մասնակցելու համար:
Նախ՝ Մյուռոնօրհնության արարողության մասին, որն անցկացվեց սեպտեմբերի 28-ին: Զուտ հոգեւոր տոնը կատարվեց իսկական «գործարար» միջոցառումների ոգով: Բացի հոգեւոր դասի ներկայացուցիչներից, մասնակցում էին նաեւ պետական պաշտոնատար անձինք՝ ՀՀ եւ ԼՂՀ նախագահների, վարչապետների, նախարարների եւ այլոց մասնակցությամբ: Ամբողջ տոնակատարությունն անցավ հրմշտոցների ու գոռգոռոցների մթնոլորտում, հաստավիզ ու անտաշ թիկնապահների մի ամբողջ կոհորտա էր մասնակցում այս միջոցառմանը, եւ նրանց հիմնական նպատակը կարծես այս ամեն ինչից հավատացյալ ժողովրդին հեռու պահելն էր: Ու դա թիկնապահներին հաջողվեց: Բարձրաձայն լսվում էին նրանց հոխորտանքներն ու վիրավորանքները, որոնք հատկապես տեղում էին տարեց մարդկանց հասցեին, ովքեր փորձում էին մոտենալ կաթողիկոսին, տեսնել արարողությունը: Մարդկանց դեսուդեն էին շպրտում: Այդ օրը վիրավորված ու խոցված հեռացան բազմաթիվ հայաստանահայեր ու սփյուռքահայեր, ովքեր չնայած իրենց քրիստոնեական համբերատարությանը՝ մի քանի… խոսքեր ուղղեցին պաշտոնյաների, հոգեւորականների ու նրանց թիկնապահների հասցեին……



