Ցավոտ կետեր – «Made in Armenia»-ն կարո՞ղ է նախանձ շարժել.- Որ երկրների համեմատ եւ ինչ առավելություններ ունենք մենք…

Սկիզբը՝ թիվ 12-ում

Տեքստիլի եւ տրիկոտաժի ոլորտում եւ՛ բարձրագույն եւ՛ նախնական ու միջին մասնագիտական կրթություն կա: Թեեւ ոլորտի նախնական ու միջին մասնագիտական կրթության մասով վերջին մի քանի տարիներին շոշափելի փոփոխություններ են եղել, բայց կրթության եւ արտադրության միջեւ կապը անբավարար է: Նաեւ արտադրողների հետ է համագործակցության մակարդակը թույլ: Դասախոսական կազմի շրջանում էլ վերապատրաստումների եւ մասնագիտական շփումներն են անբավարար:

Հարկային ու մաքսային դաշտի առումով վիճակը հետեւյալն է. տեքստիլի եւ տրիկոտաժի ոլորտի հումքի (թել եւ գործվածք) ներմուծումը հիմնականում ազատված է մաքսատուրքից: Մաքսատուրքի 10% դրույքաչափ է կիրառվում պատրաստի տեքստիլ եւ տրիկոտաժե արտադրանքի Հայաստան ներմուծման վրա, իսկ դրանց արտահանումն ազատված է մաքսատուրքից: Բնագավառում կիրառվում է տնտեսության մեջ շահութահարկի ստանդարտ 20% դրույքաչափ: Շահութահարկի վճարումից ազատված է ձեռագործ գորգերի իրացումը: Ներմուծման եւ տեղական շուկայում ոլորտի արտադրանքի վաճառքի վրա սահմանված է ԱԱՀ ստանդարտ դրույքաչափ՝ 20%: Իսկ ներմուծվող կարի մեքենաները (ներառյալ դրանց կահույքը եւ ասեղները) ազատված չեն սահմանի վրա ԱԱՀ-ի գանձումից: Կարի ծառայություն մատուցող՝ արտերկրյա ընկերությունների պատվերներ արտադրող տեղական ընկերությունները հումք եւ մեքենա սարքավորումներ ներմուծելիս, օգտվում են «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմից:

Ոլորտի մասնակիցները վիճահարույց հարցեր են առաջ քաշում. դեռ 2011թ. Հայաստան ներմուծված գործվածքային հումքի վրա սահմանվել է ԱԱՀ գանձում սահմանի վրա, որից այն մինչ այդ ազատված է եղել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հումքը գալիս է մեծածավալ քանակով՝ բեռնատար մեքենայով/կոնտեյներով, իսկ դրա գործածումը արտադրության մեջ եւ վերջնական արտադրանքի իրացումը միանգամից տեղի չի ունենում, ըստ մի շարք արտադրողների՝ ԱԱՀ ամբողջ գումարի միանվագ գանձումը շրջանառու միջոցների նկատելի խնդիրներ է ստեղծում:

Մեկ այլ վիճահարույց խնդիր է այն, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ միջպետական պաշտոնական կապերի բացակայությունը հաճախ խնդիրներ է ստեղծում Թուրքիայից հումքի ներմուծման պարագայում՝ կապված հումքի ծագման եւ որակի հետ: Սա, իր հերթին, հավելյալ կարեւորություն է ստանում, հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի ոլորտի հումքի մեծ մասն է գալիս  Թուրքիայից:

Այս ամենով հանդերձ մենք ոլորտի համաշխարհային մրցակից երկրների հանդեպ որոշակի ծախքային առավելություններ ունենք: Եվ այդ առավելությունը թե՛ աշխատուժի վարձատրության, թե՛ էլեկտրաէներգիայի ծախսի եւ թե՛ արտահանման որոշ երկրների գանձած մաքսատուրքի առումով է:

Continue reading

Հայկական խոհանոց – Աշտիշատի հաց… Աշխարհի մարզական հեւքից – Հայկական մարզաշխարհ… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Աշտիշատի հաց

– Բաղադրությունը – Հացի խմոր – 150 գ, պանիր – 100 գ, հորթի միս – 100 գ, ապխտած միս (կամ՝ բաստուրմա) – 100 գ, տաքդեղ – 100 գ, աղ:

– Պատրաստման եղանակը – 100 գ խմորը օղակաձեւ բացել, վրան լցնել կտրտած պանիրը, հորթի միսը, ապխտած միսը, տաքդեղը, աղ՝ ըստ ճաշակի: Մնացած խմորն էլ՝ 50 գ-ն էլ բացել եւ թասակի ձեւով դնել այս զանգվածին՝ փակելով այն:

Սա դնել ջեռոցը եւ եփել 3000-ի տակ՝ 20 րոպե: Անու՛շ լինի:

* * *

Աշխարհի մարզական հեւքից – Հայկական մարզաշխարհ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային առաջնությունը

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 21-րդ փուլից հետո մրցաշարի առաջատար Երեւանի «Արարատ»-ը 1:0 հաշվով հաղթեց Երեւանի «Փյունիկ»-ին եւ ավելի ամրապնդեց իր դերքերը: Դրան նպաստեցին Երեւանի «Բանանց»-ի ու Գյումրիի «Շիրակ»-ի միավորների կորուստը: Երեւանյան թիմը ոչ-ոքի՝ 2:2 խաղաց Մարտունու «Ալաշկերտ»-ի հետ, իսկ Գյումրիի ֆուտբոլիստները 1:1 ավարտեցին հանդիպումը Երեւանի «Միկա»-ի հետ: Մայրաքաղաքի մեկ այլ թիմ՝ «Ուլիս»-ը, որը 6 խաղ անընդմեջ ոչ միայն պարտություններ էր կրում, այլեւ չէր կարողանում գրավել մրցակիցների դարպասը, 2 գնդակի առավելությամբ Կապանում հաղթեց տեղի «Գանձասար»-ին: Մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի.

Խ   Հ    Ո   Պ   ԽԳ-ԲԳ  Մ

1. «Արարատ»     21  12   6   3     25-10   42

2. «Բանանց»      21   9    8   4     27-16    35

3. «Շիրակ»          21   9    7   5     33-23   34

4. «Միկա»           21   7  10   4     22-20    31

5. «Փյունիկ»        21   7    6   8     34-26   27

6. «Գանձասար» 21   5    9   7     27-24   24

7. «Ալաշկերտ»   21   4    4  13    24-57   16

8. «Ուլիս»            21   4   4   13    14-30   16

Continue reading

,,Լուսանցք,, շաբաթաթերթի թիվ 12-ի (317) հոդվածները

Հեղինակ՝ «Լուսանցք» շաբաթաթերթ (Հայաստան, գլխավոր խմբագիր՝ Արմենուհի Մելքոնյան – http://www.hayary.org/wph/?p=2223 

1. Կգա՞ ազգակրոն վարչապետը – Հայ արիականները եւ ազգայնականները ակնկալում են աներեւակայելի քայլ՝ ազգային արժեհամակարգի հետեւորդ վարչապետի նշանակում…

2. Անսպասելի՞, թե՞ հասունացած հրաժարական – Նոր վարչապետի պաշտոնի համար թեժ պայքար է ծավալվել. Նախագահը էական փոփոխություններ է խոստացել…

3. Ազգային համաձայնության մեկնակետը – Վարչապետի հրաժարականը առաջ է բերել նոր քաղաքական իրավիճակ, բայց ասպարեզում անկայուն ու անմիաբան հներն են…

4. Կապրի՞, թե՞ կպառակտվի ընդդիմությունը – Անբնական է, բայց մեր կառավարիչները մեզ դնում են այնպիսի վիճակում, որ գոյատեւելու համար էլ ենք մաքառում…

5. Չկա՛ գաղափարական պայքար.- Եվ աթոռակռիվն է քաղաքականության մղիչը – Քաղաքական դաշտում որեւէ նոր բան դեռ չի եղել: Ամեն ինչ նույնն է…

6. Քայլ, որին չեն սպասել ո՛չ ներսում, ո՛չ դրսում… Վերջին հարվածը՝ «գենդերին» եւ անբարոյականությանը… Տրանսպորտի սակագինը կթանկանա՞…

7. Այլընտրանքը՝ Ազգային Սահմանադրություն – Առաջնայինն ու ամենակարեւորը այն է, որ մեր պետությունը պետք է ունենա կենտրոնաձիգ եւ ուժեղ կառավարում…

8. Ի պատասխան Կենտրոնական բանկի պատասխանին. – «Յունիբանկ»-ի վարկային ճամպրուկը շահումով լոտո էլ մնաց – Իսկ ԿԲ-ն էլ բանկային ոլորտի վերահսկողը չէ…

9. Ցավոտ կետեր – «Made in Armenia»-ն կարո՞ղ է նախանձ շարժել – Իսկ առայժմ իտալական ներքնաշորեր ենք կարում… Բնագավառի զարգացմանը խոչընդոտում են վիճակահարույց որոշ հարցեր…

10. Մեր ավանդապատումները շարքից – Լոռու մարզ… Ի՞նչ կա Հայաստանի պետական գանձարանում… Հայ ընտանիքների քայքայման պատճառը…

11. Քեսաբ.- երբ ենք զգալու ողջ ճշմարտությունը թուրքի մասին… Ներքին թուրքը՝ մեզ ցեղասպանելու գործիք… Թուրքական «զրո խնդիր հարեւանների հետ» հայեցակարգի «իրական բովանդակությունը»…

12. Ֆիզիկական արատը տգեղության չափանիշ չէ… Հայկական խոհանոց – Տարեդարձի ուտեստ… Աշխարհի մարզական հեւքից… Տեղադրե՛ք ձեր գովազդը՝ www.hayary.org-ում… Կարդացե՛ք եւ բաժաբորդագրվե՛ք «Լուսանցք»…

Կգա՞ ազգակրոն վարչապետը – Հայ արիականները եւ ազգայնականները ակնկալում են աներեւակայելի քայլ՝ ազգային արժեհամակարգի հետեւորդ վարչապետի նշանակում…

Հայությունն այսօր ապրում է իր հերթական ճակատագրական պատմափուլը, երբ ներազգային ու միջազգային հիմնախնդիրները ակնհայտ զուգակցված են ու իրական լուծման կարիք ունեն: Առանցքային հարցերի բոլոր ժամանակավոր լուծումները վերածվում են քաղաքական բումերանգի, քանզի հարմարեցվում են այս կամ այն գերուժի շահերին: Իսկ կան անհետաձգելի խնդիրներ, որոնց արագ ու արդյունավետ լուծում չտալը կարող է վտանգել Հայաստանի ու հայության պաշտպանվածությունն ու անվտանգությունը:

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ղեկավարների համատեղ նիստում քննարկվել են ներքին ու արտաքին այն հիմնախնդիրները, որոնք օր առաջ պետք է դառնան ոչ միայն մեր պետության ներքին օրակարգային հարցեր, այլեւ մտնեն միջազգային օրակարգ:

Համատեղ նիստում քննարկվել է նաեւ ազգային արժեհամակարգի հետեւորդ վարչապետ ունենալու անհրաժեշտությունը: Հասկանալի է, որ դա արտաքին լուրջ հակազդեցության կարժանանա, քանի որ համաշխարհային մամլիչի՝ աշխարհի գաղտնի կառավարության աչքերն ամենուր են, հատկապես՝ Կովկաս-Հայկական Լեռնաշխարհ-Մերձավոր Արեւելք տարածաշրջանում, որտեղից միշտ են սկսվել աշխարհակարգի որոշակի փոփոխությունները, համաշխարհային վերաձեւումները, սակայն պիտի կտրուկ քայլեր անել Հայկական Ազգային Պետության ձեւավորմանն ուղղված:

Մենք պարտավոր ենք ոչ միայն փոխլրացնող քաղաքականությամբ հնարավորինս պահպանել չեզոքությունը երկբեւեռ աշխարհում, որն ավելի ակնհայտ կգործի ուկրաինական իրադարձություններից եւ Ղրիմի՝ Ռուսաստանին վերամիավորվելուց հետո, այլեւ այդ փոխլրացնող քաղաքականությունում պետք է գործնականում ներառենք հայկական շահերը:

Ռազմավարական գործընկեր, քաղաքական դաշնակից, սոցիալ-տնտեսական, լեզվա-կրթա-մշակութային, բարոյա-խրատական աջակից, բարեկամ կամ հարեւան, թե այլ ձեւակերպմամբ քաղաքական տեսությունները չպետք է միակողմանի լինեն այլեւս:

Continue reading

Անսպասելի՞, թե՞ հասունացած հրաժարական – Նոր վարչապետի պաշտոնի համար թեժ պայքար է ծավալվել. Նախագահը էական փոփոխություններ է խոստացել…

Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականն անսպասելի էր ոչ թե հրաժարականի չսպասված լինելու առումով, այլ՝ որպես հանկարծակի քայլ, ինչը թերեւս միայն նախագահ Սերժ Սարգսյանը կարող է բացատրել: Բայց նախագահը չի մանրամասնել: Ավելին՝ ԱԺ փոխնախագահ եւ ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտնեց, թե ավելի քան 1 ամիս է, ինչ հրաժարականի դիմումը ներկայացվել է երկրի ղեկավարին, պարզապես նախագահը խնդրել է վարչապետին սպասել, մինչեւ Մաքսային միության եւ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դատավարական հարցերը որոշակի հստակեցումների հասնեն: Սակայն հրաժարականի մասին տեղեկատվության հաստատումից հետո, այդ անսպասելիությունը ակնհայտ երեւում էր բոլորի մոտ, թե՛ պետական, թե՛ քաղաքական, թե՛ հանրային ոլորտներում: Անգամ վարչապետի համար է դա անսպասելի եղել, քանի որ նա շատ հանգիստ վարել է կառավարության նիստը եւ նույն հանդարտությամբ ժամանել ՀՀԿ ԳՄ նիստին:

«Լուսանցք»-ը գրել է, թե հայտնի էր, որ նախագահը դեռ իր նախորդ պաշտոնավարման ընթացքում է ցանկացել փոխել վարչապետին, նաեւ այս պաշտոնավարման ժամանակ, ինչին ընդդիմացել են միջազգային կառույցները, մասնավորապես համաշխարհային բանկը, որն ի սկզբանե հովանավորել է Տիգրան Սարգսյանի նշանակումը: Ամեն դեպքում՝ հանրային բողոքները դարձել էին բազմաբնույթ եւ հրաժարականի քաղաքական պահանջը հասունացած էր: Եվ, ըստ երեւույթին, ՀՀ նախագահը կարողացել է դրսի շահագրգիռ կողմերին ապացուցել, որ վարչապետն իրեն սպառել է ու բնակչության մեծամասնությունը չի վստահում կառավարությանը:

Ու վարչապետը ներկայացրեց իր հրաժարականը, ինչը բավարարվել է նախագահի կողմից: Տիգրան Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով դիմել է ՀՀ քաղաքացիներին. «Դեռեւս փետրվար ամսին ես հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը: Որոշումս հասունացած էր եւ խորը գիտակցված: Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել մի շարք կարեւոր պետական միջոցառումների ու ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով: Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ում հետ աշխատել եմ, եւ առաջին հերթին երկրի նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար: Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր ու արդյունավետ աշխատանք»:

ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածը սահմանում է կառավարության հրաժարականը, որի համաձայն, ՀՀ նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի, ՀՀ նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու, կառավարությանն անվստահություն հայտնվելու, կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը՝ որպես պաշտոնակատարներ, մինչեւ նոր կառավարության կազմավորումը: Նույն հոդվածով սահմանվում է նաեւ վարչապետի նշանակման կարգը. խորհրդարանում պատգամավորական տեղերի բաշխման եւ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին: Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ 10-օրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո՝ 20-օրյա ժամկետում:

Continue reading

Ազգային համաձայնության մեկնակետը – Վարչապետի հրաժարականը առաջ է բերել նոր քաղաքական իրավիճակ, բայց ասպարեզում անկայուն ու անմիաբան հներն են…

ՀՀԿ ԳՄ երեկվա նիստից հետո որոշվեց, որ նոր վարչապետի անունը հայտնի կդառնա երկուշաբթի միայն: Թեեւ ամեն ինչ տանում էր նրան, որ վարչապետ է լինելու Հովիկ Աբրահամյանը: Համենայնդեպս, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի թեթեւ ձեռամբ այլեւս կասկած չէր մնացել: Ինչ-որ բա՞ն փոխվեց այն բանից հետո, երբ երկրի ղեկավարին հանդիպեցին ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի ղեկավարները: Հազիվ թե: Կամ՝ գուցե Հովիկ Աբրահամյանին մրցակի՞ց  է հայտնվել՝ «գազի» Կարենը՝ նույնինքը՝ նախկին «Հայռուսգազարդ» -ի նախկին տնօրեն Կարեն Կարապետյանը: Տարբերակները բազմաթիվ են, չնայած գլուխկոտրուկի կարիք չկա, մի քանի օրից ամեն ինչ պարզ կլինի: Խնդիրն այլ է՝ նոր վարչապետը կշարունակի՞ նախկինի ծրագրերը, թե՞ առաջ կքաշի այլ՝ ՀՀ-ում աշխատող ծրագրեր:

Չի բացառվում, որ ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն «թունդ» ընդդիմադիր դիրքերից վերադառնան իշխանական դաշինք, որին քննադատում էին նաեւ համատեղ գործած մեղքերի համար: Նոր կառավարությունն էլ գուցե ավելի բազմաշերտ լինի, անգամ նախկին իշխանավորներից, որ ներկա ընդդիմադիրներ են, ոմանք կարող են պաշտոններ ստանալ: Այս ամենը չի բացառվում, եթե երկրի նախագահը վարչապետի՝ բոլորին հարմար թեկնածուն առաջադրի: Հակաիշխանական քառյակը այս դեպքում ուղիղ 2 կես կլինի, քանի որ, ըստ արտահայտած դիրքորոշումների, բացառվել է, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգություն»-ը իշխանության մաս կազմեն:

Ապրիլի 18-19-ը ՀՅԴ-ն ծրագրել է Գերագույն ժողով անցկացնել եւ ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը հաստատել է այն փաստը, որ քննարկվելու են կազմակերպչական, քաղաքական, կուսակցական հարցեր: Սովորաբար այդ ժողովներն ընթանում են փակ-գաղտնի ռեժիմով: Հավանական է, որ փոփոխություններ կատարվեն ՀՅԴ ղեկավար կազմում։ Երեկ ՀՅԴ ներկա ղեկավար կազմը պիտի հանդիպեր Սերժ Սարգսյանի հետ, որպեսզի քննարկեր նոր վարչապետի ու ազգային համաձայնության կառավարության հարցը։ ՀՅԴ-ն թերեւս դեմ չէ մաս կազմել ազգային համաձայնության կառավարությանը, եթե այն ձեւավորվի, բայց ԲՀԿ-ն է մտորումների մեջ։ Եթե ԲՀԿ-ի հետ համաձայնություն ձեռք չբերվի, ՀՅԴ-ն գուցե ստիպված լինի հրաժարվել իր մտադրությունից: Բայց նկատի ունենալով այն հանգամանքը, որ ԲՀԿ-ական գործարարները մի քանի օր է ինչ ուրախության մեջ են, երեւի թե արդեն իշխանամետ լինելու որոշումը արծարծվել է:

ԲՀԿ-ի մշտական քննադատությունն այն մասով էր, որ նախկին կառավարությունը տապալել է տնտեսությունն ու սոցիալական ծանր իրավիճակի հանգեցրել, եւ միակ ճիշտ տարբերակը համարում էր կառավարության հեռանալը: Հակաիշխանական քառյակի գործունեության հիմքում եւս ազգային համաձայնության կառավարություն ձեւավորելու խնդիրն էր դրված (որոշակի տարաձայնություններով հանդերձ), ուստի վարչապետի հրաժարականը առաջ է բերել նոր քաղաքական իրավիճակ, երբ կա՛մ պետք է գնալ ազգային համաձայնության կառավարության ստեղծմանը, կա՛մ՝ մնալ ընդդիմադիր եւ նորից զբաղվել անհասկանալի գործունեությամբ:

Continue reading

Կապրի՞, թե՞ կպառակտվի ընդդիմությունը – Անբնական է, բայց մեր կառավարիչները մեզ դնում են այնպիսի վիճակում, որ գոյատեւելու համար էլ ենք մաքառում…

Ընդդիմադիր քառյակի վերջին հանդիպումը, ըստ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի, հավաստել է, որ իրենց գործը կշարունակվի ու «կընդունվեն այնպիսի որոշումներ, որոնք չեն հուսահատեցնի մեր ժողովրդին»: «Համաձայնության դաշտը փորձում ենք լայնացնել եւ  շարունակել»,- ասել է նա: Իսկ այն հարցին, թե պատգամավորը կարո՞ղ է բացառել, որ քառյակը չի գնա իշխանության հետ կոալիցիա կազմելուն, ինչը հորդորել էր նաեւ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԱԿ-ի ներկայացուցիչը պատասխանեց, որ ոչ մեկի անունից չի ցանկանում խոսել, բայց վստահ է, որ ամեն ինչ կարվի, որպեսզի ժողովուրդը հուսախաբ չլինի:

Ջանքեր է գործադրում ՀԱԿ-ը միասնական մարտավարության ստեղծման համար, քանի որ հակառակ դեպքում՝ քառյակը կլուծարվի։ Քառյակն ունեցել է տարբեր մարտավարություններ ՀՀ-ում փոփոխությունների կամ իշխանափոխության վերաբերյալ, բայց հիմա կանգնած են մի իրավիճակի առաջ, երբ մարտավարությունը պիտի միասնական դարձնել:

Իսկ Ազատության հրապարակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, թե քառյակ չկա, ոչ էլ եռյակ, կա ներխորհրդարանական ուժերի համագործակցություն. «Մեր երկիրն արտահերթ իրավիճակում է: Միշտ ողջունել եմ խորհրդարանի ներսում 4 խմբակցությունների համագործակցությունը, բայց քանի դեռ չեն հանդիպել այդ ուժերի եւ քաղաքացիական հատվածի ղեկավարները, չի կարելի խոսել գլոբալ համագործակցության կամ քառյակի մասին»: Նա կարծում է, որ համագործակցությունը կշարունակվի, բայց արդեն հասունացել է պահը, «թե ով է պատրաստ իր հետ հանդիպելու ժողովրդին՝ որոշելու համար, թե ինչպես են հանելու ապրիլ ամիսը, ժողովուրդը ստանալու՞ է միասնական հրապարակն ու իրեն պատկանող իշխանությունը»: Մեկ անգամ էլ ընդգծեց, որ «պատրաստ է հանդիպել Գագիկ Ծառուկյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Հրանտ Մարգարյանի, ինչպես նաեւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ»:

«Ժառանգություն»-ը կարծում է, որ ժողովրդին այլեւս չի հետաքրքրում, թե այս կամ այն գործիչն առանձին ինչ է ասում, եթե կա ձեւաչափ, եթե ժողովուրդն ակնկալիք ունի քաղաքական ուժերից միասին կանգնելու, ապա այդպես էլ պետք է արվի:

ԲՀԿ-ի օրակարգում այս պահին կոալիցիայի մաս կազմելու հարց չկա. այս մասին ասել է ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանը, ինչ վերաբերում է այն հարցին, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն իր մի հարցազրույցում հորդորել է քաղաքական ուժերին զերծ մնալ քաղաքական «խաղերի մեջ մտնելուց», պատգամավորը նշել է, որ «ԲՀԿ-ն ոչ մեկի հետ խաղերի մեջ չի եղել ու չի էլ մտնի»:

ԲՀԿ-ին մինչեւ հիմա ոչ ոք չի դիմել կոալիցիոն կառավարություն մտնելու հարցով, այնտեղ տեղյակ չեն, արդյո՞ք իշխող կուսակցությունը մտադիր է կոալիցիոն կառավարություն ձեւավորել: Առայժմ հայտնի չէ, թե որը կլինի ԲՀԿ-ի վերաբերմունքը, եթե Սերժ Սարգսյանը համաձայնվի կյանքի կոչել այդպիսի ծրագրեր։

Continue reading

Չկա՛ գաղափարական պայքար.- Եվ աթոռակռիվն է քաղաքականության մղիչը – Քաղաքական դաշտում որեւէ նոր բան դեռ չի եղել: Ամեն ինչ նույնն է…

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը անդրադառնալով նոր կառավարության ձեւավորմանը՝ ասել է, որ եթե ԲՀԿ-ն նորից մտնի կոալիցիա, ապա «չի նմանվելու ոչ մի կուսակցության (նկատի ունի ՕԵԿ-ին), առավել եւս՝ ոչ մի կուսակցության կցորդ չի կարող դառնալ»: Ըստ պատգամավորի, իրենք դեմ են միանձնյա, առանձին մի թեւի որոշմամբ թելադրվող աշխատանքին, կողմնակից են թիմային աշխատանքին, եւ «եթե իշխող կուսակցությունը պատրաստ է միանձնյա որոշումներ չկայացնել, երկրի առաջ ծառացած խնդիրները թիմային կառավարումով առաջ տանել, էստեղ դեմ կանգնելը, չուզելը արդեն ինքնանպատակ է դառնում, ուղղակի կապրիզի պես մի բան»: Այլ ԲՀԿ-ականներ նույնպես կարծում են, որ ընդդիմադիր կեցվածք ունենալը պետք է ինքնանպատակ չլինի, պիտի պայմանավորված լինի ծրագրերով, ինչն էլ պատրաստ են իրականացնել քաղաքական կոալիցիայի կազմում:

ՀՀ նախագահի հետ առաջիկա հանդիպման ժամանակ ԲՀԿ-ականները ներկայացնելու են իրենց մոտեցումները. ասել է ԲՀԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Պետք է լինի կուրսի, ծրագրային փոփոխություն եւ ոչ թե զուտ անձերի փոփոխություն, ինչը մեզ համար ընդունելի չէ։ Մեր օրակարգն ուժի մեջ է, որն արտահայտվում է նաեւ քառյակի հետ ամենօրյա մեր մոտեցումները ճշտելով, գործունեությամբ»,- նշել է պատգամավորը:

ՀՅԴ-ում ավելի բուռն է քննարկվում կոալիցիա վերադառնալու հարցը, անգամ խոսում են, որ այդ դեպքում ՀՅԴ-ն առնվազն 2 նախարարական պորտֆել կստանա: Նախընտրելի է համարվում գյուղատնտեսության նախարարի պաշտոնը։ Ավելին, մտադիր են հետագա բանակցությունների ժամանակ քննարկման առարկա դարձնել ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանին փոխվարչապետի պաշտոնում նշանակելու հարցը, եթե, իհարկե, բանակցությունները ցանկալի հունով ընթանան։

ՕԵԿ-ը քաղխորհրդի նիստ էր հրավիրելու երեկ եւ քննարկվելու էր նոր ձեւավորվելիք կառավարությունում պատասխանատվություն ստանձնելու խնդիրը, ՕԵԿ նախարարների մնալ-չմնալու հարցը: Կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանն այս պահին մտադրություն չունի նախարարների կազմը փոխել, բայց չի բացառվում, որ նոր հարցեր առաջանան: Հատկապես, որ խոսակցություններ կան, որ նա ցանկանում է ընդհանրապես հրաժարվել «նախարարական կորպուսից», քանի որ դրանք «եկամտաբեր չեն»: Նշենք, որ մերթ ընդ մերթ վիճաբանություններ են լինում ՕԵԿ նախարարների ու ղեկավարի միջեւ, սակայն հետո կարողանում են հարթել:

Continue reading

Քայլ, որին չեն սպասել ո՛չ ներսում, ո՛չ դրսում… Վերջին հարվածը՝ «գենդերին» եւ անբարոյականությանը… Տրանսպորտի սակագինը կթանկանա՞…

Որոշ փորձագետներ կարծում են, որ եթե ազգային համաձայնության կառավարություն չկազմվի, ապա ՀՀԿ-ն հերթական անգամ կընտրի իր թեկնածու վարչապետին, ով կլինի կա՛մ ժամանակավոր վարչապետ, կա՛մ վարչապետ՝ ով հետագայում կդառնա երկրի նախագահ։ Իհարկե, համարձակ կանխատեսում է, բայց ոչինչ բացառել չի կարելի: Առավել եւս, երբ բանակցությունները շարունակվում են կառավարության ստեղծման շուրջ:

Այդ փորձագետները վստահ են, որ ներկա ընթացքը հանգիստ է անցնելու: Նրանք նշել են, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը ոչ մի կապ չուներ 4 ոչ իշխանական ուժերի պահանջի հետ, անգամ հասարակության տարբեր շերտերի ընդվզումների գործոնը կապ չուներ՝ 100 հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց (տրանսպորտի եւ գազի սակագների թանկացման, «գենդերային», համասեռական ու անբարո այլ խեղկատակությունների, Գառնու տաճարի հարեւանությամբ սրճարանի կառուցման, կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի, սոցիալական մի շարք խնդիրների եւ այլ բնույթի հարցերով), բայց ոչինչ խիստ պարտադրող չի եղել։ Նրանք չեն ստիպել վարչապետին հեռանալ:

Այդ դեպքում ո՞վ է ստիպել:

Կարծիք կա, թե ամեն ինչի հետեւում Ռուսաստանն է կանգնած, Մոսկվային ձեռք չէր տալիս մի վարչապետ, ում մի աչքը միշտ արեւմուտքում էր։ Բայց արեւմուտքից էլ զարմացել էին, թե ինչպես է «իրենց» վարչապետը պայքարում Հայաստանի՝ Մաքսային միություն ընդգրկվելու համար: Իսկ այն տեղեկությունը, թե վարչապետին առաջարկել են Եվրասիական ու Մաքսային միությունների տնտեսական համագործակցության կազմում պաշտոնավարել, լիովին խառնում է ամեն բան… Ի՞նչ է՝ արեւմուտքցիները սեփական կադրն են ուզում ունենալ ռուսական ճակատու՞մ: Շատ խառն է թվում: Թեեւ խոսք կա, որ Տիգրան Սարգսյանը պաշտոն կստանա Համաշխարհային բանկում, այսպիսով՝ ստանալով իր գնահատականը, արեւմտյան ծրագրերից շատերի՝ ՀՀ-ում իրականացման համար, ինչն էլ ամեն բան իր տեղը կդնի:

Այն, որ ընդդիմադիրները իրապես կապ չունեն վարչապետի հրաժարականի հետ, ակներեւ է, իսկ եթե ո՛չ Մոսկվային, ո՛չ էլ Վաշինգտոն-Բրյուսելին է խանգարել Տիգրան Սարգսյանը, ուրեմն՝ այս հրաժարականի հարցում միայն երկրի նախագահի «մատն է խառը»: Ուրեմն՝ այնքան էլ թույլ չէ այս իշխանությունը, ինչքան փորձում են համոզել խորհրդարանական ընդդիմադիրները: Իզուր չէ, որ հանրապետականները նշել են՝ եթե իշխանությունը հակահարձակման անցնի, ընդդիմություն չի լինի, բան չի մնա ընդդիմադիր դաշինք կոչվածից, «իսկ 4 ուժերն իրար հետ ծածկում են քաղաքական դաշտի մոտավորապես 10-15%-ը»: Վերջերս ՏԻՄ ընտրություններ եղան, եւ ՀՀԿ-ականները 74-75% ձայն հավաքեցին: Հետեւաբար, ժողովրդի անունից խոսելն ընդդիմության գործն առաջ չէր տանի:

Continue reading

Այլընտրանքը՝ Ազգային Սահմանադրություն – Առաջնայինն ու ամենակարեւորը այն է, որ մեր պետությունը պետք է ունենա կենտրոնաձիգ եւ ուժեղ կառավարում…

«Լուսանցք»-ը քանիցս անդրադարձել է հայկական ազգային պետության ստեղծման եւ ազգային սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությանը: Բայց այն, ինչ ներկայացվեց երեկ, դեռ լիովին ազգային չի կարող դարձնել մեր գործող Սահմանադրությունը: Առավել մանրամասն կանդրադառնանք, երբ ուսումնասիրվեն առաջարկվող փոփոխությունները, ինչը կծավալվի հանրային քննարկումների ժամանակ: Կլինի մեր պետությունը նախագահական, թե խորհրդարանական, երկրորդային հարց է, առաջնայինն ու ամենակարեւորը այն է, որ մեր պետությունը պետք է ունենա կենտրոնաձիգ եւ ուժեղ կառավարում, քանզի արտաքին ու ներքին թշնամիները թույլ ու ապակենտրոն պետությանը արագ կուլ տալու հնարավորություն կունենան:

Ինչեւէ, դեռ կանդրադառնանք այս խնդրին: Իսկ երեկ Հայաստանի նախագահին է ներկայացվել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մշակած Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը: Այն ներկայացրել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը: Ըստ նրա, հայեցակարգը մշակելիս, հանձնաժողովը փորձել է համակողմանի գնահատել սահմանադրական զարգացումների ընթացքը Հայաստանում, այնուհետեւ հստակեցնել բարեփոխումների հիմքում դրվող հիմնական սկզբունքները: Որպեսզի հանձնաժողովը կարողանար արդյունավետ աշխատել, կարեւոր է համարվել, որ հնարավոր լինի առարկայական ու իրականության իրատեսական գնահատումից ելնելով դիտարկել, թե սահմանադրաիրավական ինչ իրավիճակ է ստեղծվել մեզանում եւ միջազգային պահանջները ինչ են թելադրում:

Հայեցակարգի նախագծում կարեւորագույն սկզբունքը իրավունքի գերակայության երաշխավորումն է, ապահովումն ու իրացումը սահմանադրական լուծումներում, իրավական պետության սահմանադրական նախադրյալների ամրապնդումը: «Ինձ համար մասնավորապես, սա ամենաառանցքային խնդիրներից մեկն է, որովհետեւ ես խորապես համոզված եմ, որ մեր իրականության մեջ շատ խնդիրներ, մասնավորապես կապված անձի ու իշխանության հանրային վարքագծի հետ, եւ ընդհանրապես շատ առանցքային խնդիրներ թաքնված են այս խնդրի լուծման մեջ, թե ինչպես մենք կկարողանանք այդ սկզբունքը իրացնել մեր կյանքում»,- հավելել է  ՍԴ նախագահը:

Հաջորդ կարեւոր սկզբունքը, որը նախատեսվում է հայեցակարգով, մարդու հիմնարար ազատությունների անմիջապես գործողության ապահովումն է: Սահմանադրության 3-րդ հոդվածով այս սկզբունքը ամրագրել է, բայց այն կարծես մնացել է զուտ ցանկության մակարդակով: Դա պետք է հնարավոր լինի իրացնել եւ սահմանադրորեն երաշխավորել, ինչն էլ փորձել է իրականացնել հանձնաժողովը: Կարեւորված է նաեւ սոցիալական պետության սահմանադրական սկզբունքի իրացման երաշխիքների ապահովումը: Ներկայիս Սահմանադրության մեջ բաց կա, որը պետք է լրացվեր:

Continue reading

Ի պատասխան Կենտրոնական բանկի պատասխանին. – «Յունիբանկ»-ի վարկային ճամպրուկը շահումով լոտո էլ մնաց – Իսկ ԿԲ-ն էլ բանկային ոլորտի վերահսկողը չէ…

ԿԲ-ն բանկային ոլորտը չի վե՛ – րա՛ – հս՛ – կու՛մ

Նույնականացման անվան տակ «Յունիբանկ»-ը անձնական տվյալներ է հավաքագրում, իսկ Կենտրոնական բանկը դա նորմալ երեւույթ է համարում: «Յունիբանկ»-ը անհիմն մերժում է վարկերի տրամադրումը՝ դրանք պատճառաբանելով ծրագրային որոշմամբ: Կենտրոնական բանկը դրան կրկին նորմալ է վերաբերում:

Ի՞նչ է, մեր ԿԲ-ն երկրի բանկային ոլորտը վերահսկելու գործառու՞յթն է մի կողմ դրել, թե՞ այլ պատճառներ կան: Սա այն է, ինչին այսքան տարի «կայացած բանկային ոլորտ» բնորոշու՞մն է տրվել:

«Լուսանցք»-ը կլսի ընդհանրապես բանկային ոլորտից դժգոհ քաղաքացիներին, նրանց դժգոհությունների պատճառները, կգնա այդ դժգոհությունների հետքերով, կփորձի հասկանալ, թե ինչ է կատարվում բանկ-սպառող հարաբերություններում, թե ինչու՞ են վարկերը վերջնահաշվարկում 2-4 տոկոսով ավելանում…

* * *

Որպես «Լուսանցք»-ի խմբագիր ընթացիկ տարվա թիվ 5 թողարկումում  (փետրվարի 21-27) «Վարկային ճամպրու՞կ, թե՞ շահումով լոտո» հրապարակումում անդրադարձել էի «Յունիբանկ»-ի կողմից կանխիկ ու արագ վարկ տրամադրելու ձեւին: Լրագրողական փոքրիկ հետաքննության պատճառ էր դարձել այդ բանկի դեմ քաղաքացիների բողոքների փունջը: Թերթն ուղարկեցի ոլորտի վերահսկող մարմնի՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին՝ հասկանալու համար, թե այդ ինչ ծրագրեր են, որ անհիմն մերժում են քաղաքացիներին վարկեր տրամադրել՝ մերժումը չհիմնավորելու ամբողջ մեղքը բարդելով ծրագրի վրա:

Այն պատասխանը, որ օրերս ստացա ԿԲ սպառողական շահերի պաշտպանության եւ ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանից, ինձ թույլ է տալիս երկու հիմնային եզրակացություն անել. 1. ԿԲ-ում «Լուսանցք»-ի հրապարակումը չեն հասկացել, թեեւ գրված էր իմ ու Մկրտչյանի մայրենի լեզվով եւ 2. ԿԲ-ն բանկային ոլորտի վերահսկողը չէ:

Սա, իհարկե, հինված է այն գրության վրա, որն ինձ ուղարկել են: Իրականում գիտեմ, թե ԿԲ-ն ինչ հարցում է արել «Յունիբանկ»-ին եւ թե այդ հարցումից հետո ինչ է եղել: Բայց քանի որ լրատվությանս աղբյուրին խոստացել եմ այդ տեղեկությունը ջրի երես չհանել, ԿԲ-ին պատասխանել եմ իրենց իսկ ուղարկած գրության հիմամբ:

Այսպիսով, ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավարին փոքր-ինչ կրթելով ասեմ, որ ես իրենց չէի դիմել որպես քաղաքացի, այլ՝ որպես քաղաքացիների բողոքների հետքերով գնացած ու «Յունիբանկ»-ի ծուղակում հայտնված մեկը, ով ԿԲ-ին դիմել էր իբրեւ «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր: Տարբերությունը գիտե՞ք որն է՝ կրթման կենտրոնի ղեկավարն ինձ դիմել է իբրեւ քաղաքացու եւ իբրեւ քաղաքացու էլ «ցրել»՝ ոչինչ չասող պաշտոնական լոլոյով:

Եվ այսպես՝

Continue reading

Ցավոտ կետեր – «Made in Armenia»-ն կարո՞ղ է նախանձ շարժել – Իսկ առայժմ իտալական ներքնաշորեր ենք կարում… Բնագավառի զարգացմանը խոչընդոտում են վիճակահարույց որոշ հարցեր…

Նախորդ տարի էր, հաճելիորեն զարմացա, երբ վերնաշապիկ ու զգեստ գնելիս պիտակին տեսա «Made in Armenia» (արտադրված է Հայաստանում): Իմ ընկերների շրջանում ամսական նույնաչափ եկամուտ ունեցողների համեմատ ես դժվար եմ ապրում նաեւ այն պատճառով, որ սկզբունքորեն թուրքական ապրանք չեմ գնում: Որ թուրքական տեքստիլը էժան է, հայտնի է: Սրանից ելնելով էլ կարելի է պատկերացնել իմ ուրախությունը հայկական արտադրության հագուստ տեսնելիս: Հետո նկատեցի, որ հայկական արտադրության ոլորտային ապրանքատեսականին բազմազան է՝ զուգագուլպաներ, ի դեպ՝ բավականին որակյալ, տղամարդու եւ մանկական գուլպաներ, նորածնի շապիկներ, վարտիքներ, բաճկոններ, տղամարդու եւ կնոջ տաբատներ եւ այլն: Նշանակում է՝ շուկան կա: Կա, բայց մի տեսակ չի երեւում: Ինչու՞, ի՞նչ խնդիրներ կան, ի՞նչ ծավալների մասին է խոսքը հիմա, կա՞ն ոլորտի զարգացման հեռանկարներ, ունե՞նք արդյոք հնարավորություն առաջընթացի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր ոչ բարեկամ հարեւան Թուրքիան ոլորտում իսկապես կարողացել է ոտքը պնդացնել միջազգային շուկայում եւ մատչելիության առումով շատ երկրների հետ է մրցում:

Մեր էկոնոմիկայի նախարարությունը ոլորտային զարգացման ծրագրեր ունի, եւ դրանցից մեկը տեքստիլի եւ տրիկոտաժի ոլորտն է: Որպեսզի բնագավառի հեռանկարը պատկերացնենք, նախ հասկանանք, թե ինչ ունենք մենք:

Տեքստիլի, տրիկոտաժի ոլորտը Հայաստանի տնտեսության հին եւ ավանդույթներով հարուստ ճյուղերից է: Մենք դեռ հին դարերում էլ հայտնի ենք եղել նուրբ գործվածքներով ու բնական ներկանյութերով (առանց չափազանցության՝ արտադրանքի ամբողջական շրջափուլի մասին է խոսքը), եւ համաշխարհային պատմագրությունը փաստում է սա: Ոլորտի ավանդույթները Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո էլ կային:  1911թ. Երեւանում հիմնվեց ոլորտի առաջին խոշոր արտադրությունը՝ բամբակամանվածքային գործարանը, որի արտադրանքն արտահանվում էր: Խորհրդային ժամանակահատվածում Հայաստանում հիմնվեցին մի շարք խոշոր տեքստիլի եւ տրիկոտաժի գործարաններ Երեւանում եւ հանրապետության այլ քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Չարենցավանում եւ այլուր: Թեթեւ արդյունաբերության ոլորտի արտադրանքը կազմում էր Խորհրդային Հայաստանի տնտեսության շուրջ 1/3-ը: Ոլորտն, ի դեպ, ապահովում էր նաեւ ամենամեծ զբաղվածությունը՝ մոտ 115,000 մարդ (երկրի արդյունաբերության հատվածում ներգրավված աշխատուժի 25%-30%-ը):  Խորհրդային տնտեսության մեջ Հայաստանը տեսքտիլ եւ տրիկոտաժե արտադրանքի խոշորագույն մատակարարներից էր:

Հետխորհրդային ժամանակահատվածում, ինչպես տնտեսության այլ ճյուղերը, Հայաստանի տեքստիլի եւ տրիկոտաժի ոլորտը շուրջ 60-70% անկում գրանցեց:  Խոշոր գործարանները, չկարողանալով ձեռք բերել անհրաժեշտ հումք եւ ապահովել իրացման շուկաներ, աշխատում էին իրենց հզորությունների չնչին չափով կամ ընդհանրապես կանգ էին առել: Բայց, ի տարբերություն ցայսօր չգործող շատ այլ ճյուղերի, 1990-ականների վերջից ոլորտը կրկին աշխուժացավ՝ շնորհիվ ինչպես արտերկրից պատվերների (հիմնականում տեքստիլի կարի ծառայության մատուցում), այնպես էլ սեփական արտադրանքի (հիմնականում՝ տրիկոտաժ) արտադրության աճի:

Continue reading

Մեր ավանդապատումները շարքից – Լոռու մարզ… Ի՞նչ կա Հայաստանի պետական գանձարանում… Հայ ընտանիքների քայքայման պատճառը…

Մեր ավանդապատումները – Լոռի

Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.) եւ թիվ 1-11-ում

Գզրավեր –  ասում են, թե այս ավերակների տեղում առաջ գյուղ է եղել, որն ունեցել է շատ դաժան մի գզիր: Հարկ հավաքելիս, զորակոչի կանչելիս եւ ուրիշ առիթներով գզիրը այնքան է նեղում գյուղացիներին, որ նրանք ստիպված թողնում են իրենց տունն ու տեղը եւ հեռանում գյուղից: Ժամանակ անց, երբ գզիրը ծերանում  է եւ զգում, որ մեռնելու օրերը մոտեցել են, որոշում է նորից սարսափ ազդել գյուղացիներին: Կանչում է գյուղի քահանային, հաղորդություն ընդունում եւ պատվիրում նրան մեռնելուց հետո իրեն թաղելու փոխարեն կախ տալ մի բարձր ծառից: Երբ գզիրը մեռնում է, քահանան կատարում է նրա պատվերը: Մոտակա գյուղերի բնակիչները տեսնելով ծառից կախված գզիրին՝ ուրախանում են եւ, հավաքվելով նրա դիակի շուրջը, պար են բռնում ու երգ ասում:

Այդ ժամանակ ծառի մոտով անցնելիս է լինում մովրովը: Նկատելով կախված գզրին եւ կարծելով,որ գա գյուղացիների արածն է, նա հրամայում է այրել գյուղը: Մովրովի հրամանն անմիջապես կատարվում է: Դրանից հետո գյուղատեղի ավերակները կոչվում են Գզրավեր:

Հաղպատ –  մի իշխան վարպետ է կանչում, որ վանք կառուցի: Վարպետը գալիս է Սանահին եւ սկսում է աշխատել հարազատ որդու հետ: Աշխատանքի ժամանակ հոր, որդու ու մի ենթավարպետի միջեւ վեճ է ծագում: Որդին նեղանում է հորից եւ ենթավարպետի հետ թողնելով շինարարությունը՝ հեռանում է: Մի ուրիշ իշխան հրավիրում է սրան, որ գա իր համար վանք կառուցի: Որդին ընդունում է հրավերը: Երբ նոր վանքի պատերը բարձրանում են, Սանահինից նկատում են, որ դիմացը ինչ-որ շենք է վեր խոյանում: Բանվորներն այդ մասին հայտնում են իրենց վարպետին: Կիրակի օրը, երբ բոլորը հանգստանում էին, վարպետ հայրը գալիս է որդու մոտ, մոտենում կիսակառույց վանքի պատերին եւ երկար զննում է: Բոլորը լուռ սպասում են վարպետի գնահատականին: Վերջապես հայր վարպետը, ոտքը դնելով վանքի պատերից մեկին, ասում է. «Հա՜խ պատ է, իսկական ամուր պատ է»: Այս ասելով՝ վարպետը փաթաթվում է որդուն, համբուրվում նրա հետ եւ հաշտվում: Այդ օրվանից վանքի անունը մնում է Հաղպատ:

Աղավնատուն – հարուստ իշխանազնը հավանելով այս վայրը՝ որոշում է մի գեղեցիկ շենք կառուցել անտառի բացատում: Այդ նպատակով նա շատ վարպետներ ու բանվորներ է վարձում, ովքեր անմիջապես գործի են անցնում: Ժամանակ անց իշխանազնը այցելության է գալիս շինարարության վայրը եւ տեսնելով, որ գործը ահագին առաջ է գնացել, կարգադրում է ճաշ տալ վարպետներին ու բանվորներին: Մի ծերունի վառում է օջախը եւ պղինձը դնում կրակին: Քարաժայռի մոտ գտնվող Շահմար օձը, նկատելով, որ իր տիրապետության սահմաններում մարդիկ են հայտնվել, հրամայում է իր օձերից մեկին թույն թափել կաթսայի մեջ: Եռացող ջրի գոլորշին շշմեցնում է օձին, եւ նա գլխապտույտ ընկնում է կաթսան: Կեսօրին շենքի վրա աշխատող մարդիկ գալիս են ճաշելու: Ծերունին կավե ամանների մեջ լցրած ճաշը ուզում է բաժանել բանվորներին: Հենց այդ ժամանակ հայտնվում է մի սպիտակ աղավնի եւ թեւով ուժեղ հարվածում ծերունու ձեռքին: Կավե ամանը ընկնում եւ փշուր-փշուր է լինում: Ծերունին մի նոր աման է վերցնում: Աղավնին այս անգամ աղիողորմ ծղրտոցով նետվում է կաթսայի մեջ: Թափում են ճաշը եւ… ամեն ինչ պարզ է դառնում: Աղավնուն շուքով թաղում են նույն տեղում, վրան մատուռ կառուցում եւ անունը դնում Աղավնատուն:

Continue reading

Քեսաբ.- երբ ենք զգալու ողջ ճշմարտությունը թուրքի մասին… Ներքին թուրքը՝ մեզ ցեղասպանելու գործիք… Թուրքական «զրո խնդիր հարեւանների հետ» հայեցակարգի «իրական բովանդակությունը»…

Այն լուման, որը ծախսվում է Թուրքիայում կամ Հայաստանում՝ թուրքական ապրանքների վրա, հայի արյուն խմելու համար է տրվում…

Քեսաբի իրադարձությունները ցույց տվեցին, որ դեռ չի փոխվել միջազգային հանրություն կոչվածի վերաբերմունքը ցեղասպանության հանդեպ, հատկապես, երբ այդ միջազգային հանրությունը սեփական շահերն է հետապնդում այդ ողբերգական իրավիճակում: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շեմին, աշխարհի ու մարդկության զարգացումից ու առաջընթացից խոսող ազգերն ու պետությունները ոչ մի լուրջ քայլ չձեռնարկեցին քեսաբահայության տեղահանությունը կասեցնելու համար:

Ցեղասպանողը նույն թուրքն էր՝ ահաբեկչական խմբավորումների հետ միասին, ցեղասպանվողը՝ 1915-ի զոհերի ժառանգ հայերը...

Արդյո՞ք մենք եւս դասեր չառանք ու չփոխվեցինք մեկ դար անց: Բայց համեմատության մեջ ուրախությամբ կասենք, որ հիմնականում դասեր առել ենք: Հենց դա էլ օգնեց, որ զոհեր չտանք հարձակումից հետո ու տարհանման ընթացքում: Բայց ցավոք, եղան մի քանիսը, որ իրենց տարեց ծնողներին թողեցին տանը… Հետո արդարացան, թե ոչ մի կերպ նրանց հնարավոր չեղավ համոզել, որ դուրս գան տներից, քանի որ ծեր էին ու վստահ, որ թուրքերն իրենց ձեռք չեն տա… Ի՞նչ պիտի մեզ անեն, իբր ասել էին նրանք… Հետո նողկալի էր իմանալ, որ թուրքը 1915-ի դեպքերի օրինակով է գործել, նվաստացրել ու բռնաբարել է տարեց մարդկանց, թալանել հարյուրավոր հայ ընտանիքիների տները…

Հիմա առավել հանգիստ, քան այդ օրերին, կարող եմ ասել ու գրել այն խոսքերը, որը զայրույթով ասաց Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Այն օրերին նրա հոդվածից հանեցի նրա զայրույթով ասված խոսքերը, չկարողացա թողնել՝ ծանր էին: Բայց հետո, երբ իմացա, թե ինչպես են նվաստացրել այդ ծեր մարդկանց… որոշեցի գրել ՀԱՄ առաջնորդի կարծիքը. «Այդ մի քանի տասնյակ տարեց մարդկանց տներում թողել էին, քանի որ ոմանք հույս են ունեցել, թե այդպիսով գոնե կպաշտպանեն իրենց ունեցվածքը: Մտածել են, դե միայն թուրքեր չեն հարձակվողները ու տուն պահող մարդկանց ձեռք չեն տա… Բայց ծնողների նվաստացման ու մահվան վտանգը հաստատ հասկացել են… Ինձ համար նման զավակներին արդարացնելը նույնն է՝ ինչ թուրքերին հասկանալը… Ի՞նչ է նշանակում՝ չէին ցանկանում տնից դուրս գալ՝ նորից գաղթել: Ի՞նչ է՝ բռնաբարվե՞լ էին ուզում այդ տարիքում ու Թուրքիա տարհանվե՞լ… Թող որդիները զոռով, գրկելով նստեցնեին մեքենաներն ու տանեին: Դրանց նմանների համար եմ ասում՝ այդպես էլ չհասկացան, որ թուրքը մնում է թուրք… Այս դեպքում՝ ընչաքաղցն էլ մնում է ընչաքաղց, անկախ ազգությունից»:

ՀԱՄ առաջնորդի զայրույթի պատճառն այն էր, որ ոմանց համար պատմությունը կրկնվում է միշտ… 1915-1923թթ. եւ՛ Արեւմտյան եւ՛ Արեւելյան Հայաստաններում եղան մարդիկ, որ նույնիսկ ցեղասպանության մասին «վերեւների ծանոթ շրջանակներից» իմանալով, հետո նաեւ լսելով (իրենց տարածքներից այդ պահին հեռու որեւէ վայրում)՝ չէին հավատում, ոչ մի քայլի չէին դիմում: …Հայ եղբայր-մասոններն ու քաղաքական որոշ ուժեր էլ սիոնիստա-մասոնական երիտթուրքերի հետ Թուրքիան բարեկեցության տանող ժողովներ էին անում: Մինչդեռ նկատելի էր՝ ինչպես են զինաթափվում թուրքական բանակի հայ զինվորները, ինչպես են ոչնչացվում հայ մտավորականներն ու ցեղասպանության վտանգն զգացող հայերը… Եվ հիմա էլ ունենք նմանների, քիչ, բայց ունենք:

Սարսափելի է նաեւ այն, որ այդ ոմանք փորձում էին վերլուծել Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը, թե «Սիրիայի Քեսաբ եւ Լաթաքիա բնակավայրերում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների հետ թուրքական կողմը կապ չունի»: Իբր Թուրքիայի տարածքն օգտագործելու եւ Թուրքիայի կողմից զինյալներին օժանդակություն ցուցաբերելու մասին լուրերը սուտ են, եւ Անկարան ինքն է անընդունելի ու դատապարտելի համարել Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունները: Իսկ դրանք անցյալի ողբերգական դեպքերի հետ համեմատելու փորձերը համարել է սադրանք: Այնուհետեւ Թուրքիայի ԱԳՆ-ն Սիրիայի ներկայիս իշխանություններին է մեղադրել «բռնության եւ ագրեսիայի քաղաքականության համար, ինչի հետեւանքով բազմաթիվ սիրիացիներ հարկադրված են լինում ապաստան գտնել Թուրքիայում»: Ինչ վերաբերում է  Քեսաբի հայությանը, ապա նշվել է, որ Անկարան՝ ելնելով մարդասիրությունից, պատրաստ է ապաստան տալու Քեսաբի հայերին. «Թուրքիան, որպես մարդասիրական եւ բարոյական պարտականություն, Քեսաբի շրջանի սիրիահայերին երկրում ընդունելու եւ նրանց անվտանգությունն ապահովելու ցանկություն է հայտնել ու այդ մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին»…

Continue reading

Ֆիզիկական արատը տգեղության չափանիշ չէ… Հայկական խոհանոց – Տարեդարձի ուտեստ… Աշխարհի մարզական հեւքից… Տեղադրե՛ք ձեր գովազդը՝ www.hayary.org-ում… Կարդացե՛ք եւ բաժաբորդագրվե՛ք «Լուսանցք»…

Ֆիզիկական արատը տգեղության չափանիշ չէ

 Լոռու մարզի Ախթալա գյուղից Քրիստինե Փիրուզյանը Երեւան էր եկել գեղեցկության թագը տանելու եւ նա էլ ճանաչվեց «Միսս Հայք» 2014թ. հաշմանդամություն ունեցող կանանց գեղեցկության 7-րդ հանրապետական մրցույթի հաղթող։ Քրիստինեն վստահեցրել է՝ այս մրցույթը կոտրում է հանրության կարծրատիպերը հաշմանդամության վերաբերյալ. «Ֆիզիկական արատը կապ չունի գեղեցկության հետ»,- հաստատել է նա։ «Հանդիսատեսի համակրանք» տիտղոսին արժանացած Գոհար Փիրումյանի համար էլ իրական գեղեցկությունը հոգու եւ մարմնի ներդաշնակությունն է։

Հաշմանդամություն ունեցող կանանց գեղեցկության մրցույթի կազմակերպիչ «Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը նկատել է, որ ֆինանսական հնարավորություն ունենալու դեպքում իրենք պատրաստվում են այս մրցույթը միջազգային դարձնել. «10 տարի առաջ, երբ այս մրցույթն էինք Հայաստանում կազմակերպում, ֆանտաստիկ էր թվում, բայց ստացվեց»: Մրցույթին երկրի տարբեր մարզերից եւ Երեւանից մասնակցության հայտ էին ներկայացրել 16-45 տարեկան 58 մասնակիցներ, որոնցից եզրափակչում հայտված 12 գեզեցկուհիներ արժանացան «Միս Հայք», «Միս համակրանք» եւ «Միս Ունիսոն» տիտղոսներին։ Բացի գլխավոր մրցականակներից, մրցույթի մասնակից գեղեցկուհիներից 8-ը ստացան նաեւ խրախուսական մրցանակներ։

Ինչն է ստիպում մարդկանց խախտել դիետայի կանոնները

Ճիշտ սնվելու սովորությունը պահելու համար անհրաժեշտ է ժամանակ եւ համբերություն: Այս եզրակացությանն են եկել դիետոլոգները 80 հոգու շրջանում ուսումնասիրություն կատարելուց հետո: Մասնակիցները ցանկացել են դիետա պահել կամ նպատակ են ունեցել պահպանել նորմալ քաշը:

Ըստ վիճակագրության, մեկ շաբաթվա ընթացքում միջինը 11 անգամ նրանք ցանկացել են դադարեցնել դիետան ու մասնակիցների կեսը՝ 40-ը, այդպես էլ արել են: Հիմնականում սթրեսային վիճակում գտնվելու պահին են մարդիկ ցանկանում դադարեցնել դիետան:

Բացի այդ, ուսումնասիրության մասնակիցները չեն հետեւել դիետիկ սննդակարգին ոգելից խմիչքներ օգտագործելուց հետո:

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Continue reading