Սկիզբը՝ թիվ 12-ում
Տեքստիլի եւ տրիկոտաժի ոլորտում եւ՛ բարձրագույն եւ՛ նախնական ու միջին մասնագիտական կրթություն կա: Թեեւ ոլորտի նախնական ու միջին մասնագիտական կրթության մասով վերջին մի քանի տարիներին շոշափելի փոփոխություններ են եղել, բայց կրթության եւ արտադրության միջեւ կապը անբավարար է: Նաեւ արտադրողների հետ է համագործակցության մակարդակը թույլ: Դասախոսական կազմի շրջանում էլ վերապատրաստումների եւ մասնագիտական շփումներն են անբավարար:
Հարկային ու մաքսային դաշտի առումով վիճակը հետեւյալն է. տեքստիլի եւ տրիկոտաժի ոլորտի հումքի (թել եւ գործվածք) ներմուծումը հիմնականում ազատված է մաքսատուրքից: Մաքսատուրքի 10% դրույքաչափ է կիրառվում պատրաստի տեքստիլ եւ տրիկոտաժե արտադրանքի Հայաստան ներմուծման վրա, իսկ դրանց արտահանումն ազատված է մաքսատուրքից: Բնագավառում կիրառվում է տնտեսության մեջ շահութահարկի ստանդարտ 20% դրույքաչափ: Շահութահարկի վճարումից ազատված է ձեռագործ գորգերի իրացումը: Ներմուծման եւ տեղական շուկայում ոլորտի արտադրանքի վաճառքի վրա սահմանված է ԱԱՀ ստանդարտ դրույքաչափ՝ 20%: Իսկ ներմուծվող կարի մեքենաները (ներառյալ դրանց կահույքը եւ ասեղները) ազատված չեն սահմանի վրա ԱԱՀ-ի գանձումից: Կարի ծառայություն մատուցող՝ արտերկրյա ընկերությունների պատվերներ արտադրող տեղական ընկերությունները հումք եւ մեքենա սարքավորումներ ներմուծելիս, օգտվում են «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմից:
Ոլորտի մասնակիցները վիճահարույց հարցեր են առաջ քաշում. դեռ 2011թ. Հայաստան ներմուծված գործվածքային հումքի վրա սահմանվել է ԱԱՀ գանձում սահմանի վրա, որից այն մինչ այդ ազատված է եղել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հումքը գալիս է մեծածավալ քանակով՝ բեռնատար մեքենայով/կոնտեյներով, իսկ դրա գործածումը արտադրության մեջ եւ վերջնական արտադրանքի իրացումը միանգամից տեղի չի ունենում, ըստ մի շարք արտադրողների՝ ԱԱՀ ամբողջ գումարի միանվագ գանձումը շրջանառու միջոցների նկատելի խնդիրներ է ստեղծում:
Մեկ այլ վիճահարույց խնդիր է այն, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ միջպետական պաշտոնական կապերի բացակայությունը հաճախ խնդիրներ է ստեղծում Թուրքիայից հումքի ներմուծման պարագայում՝ կապված հումքի ծագման եւ որակի հետ: Սա, իր հերթին, հավելյալ կարեւորություն է ստանում, հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի ոլորտի հումքի մեծ մասն է գալիս Թուրքիայից:
Այս ամենով հանդերձ մենք ոլորտի համաշխարհային մրցակից երկրների հանդեպ որոշակի ծախքային առավելություններ ունենք: Եվ այդ առավելությունը թե՛ աշխատուժի վարձատրության, թե՛ էլեկտրաէներգիայի ծախսի եւ թե՛ արտահանման որոշ երկրների գանձած մաքսատուրքի առումով է:



