«Սասունցի Դավի­թ» դիցազներգության դիցազնական խորհրդանիշերը (մաս 2-րդ) – Պարտեզ.- Քուրմ Մանուկ (Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախումբ)…

Պարտեզ

Սկիզբը՝ թիվ 34-ում

http://www.hayary.org/wph/?p=4458 – «Սասունցի Դավիթ» դիցազներգության դիցազնական խորհրդանիշերը (մաս 1-ին) – Դիցազուն բառը Աստվածամարդ բառին նույնանիշ բառ է – Քուրմ Մանուկ (ՀԱՄ Հոգեւոր հանձնախումբ)

Պարտեզ (կամ Բախչա). էպոսի այս առանցքային, ծավալով ու խորքով առանձնացվող դիցազնական խորհրդանիշին հանդիպում ենք մեկ-երկու էպոսասացների պատումներում միայն. մյուսների հիշողությունից խորհրդանիշը ժամանակը ջնջել է: Նկատենք նախ, որ Պարտեզի տեսիլքը էպոսում հայտնվում է դիցհերոսներից առաջին սերունդ Սանասարի տեսլականում միայն. հետագա սերունդ մեր դիցհերոսներն ի զորու չեն լինում արդեն խորհրդանիշի վերապրումն ունենալու. նրանք խորհրդանիշի առանձին մասերին են  հասու դառնում միայն:

http://www.hayary.org/wph/?p=3047 – «Սասունցի Դավիթ» էպոսի դիցական խորհրդանիշերը (1) – Քուրմ Մանուկ

http://www.hayary.org/wph/?p=3058 – «Սասունցի Դավիթ» էպոսի դիցական խորհրդանիշերը (2)

http://www.hayary.org/wph/?p=3072 – «Սասունցի Դավիթ» էպոսի դիցական խորհրդանիշերը (3)

http://www.hayary.org/wph/?p=3078  «Սասունցի Դավիթ» էպոսի դիցական խորհրդանիշերը – Քուրմ Մանուկ (ՀԱՄ) -…Եվ այսպես՝ մինչեւ մեր անմահ դիցազունի ու նրա Ձիու՝ Ագռավաքարից դուրս գալը… (4)

Հիշենք էպոսի այն դրվագը1, որտեղ Սանասարը Պարտեզի պատկերին է ականատես լինում: Երկու եղբայրները ունենալով իրենց հրեղենության2 գիտակցումը՝ գնում են «ծովու բերա­ն», որ այնտեղից իրենց հրեղենության համապատասխան «Ծովու ձի­ն», ասել է թե՝ «Հրեղեն ձի­ն»3 գտնեն-բերեն: Հասնելով «ծովու պռն­կ»՝ նստում են այնտեղ՝ դիտելով ծովի ամեհի պատկերը: Այդ պատկերից Սանասարը սակայն չի սարսափում եւ առաջարկում է եղբորը մտնել ծով՝ այն ենթադրությունն ունենալով, որ իրենց փափագելի «Ձին» ծովի պռնկում չի կարող հայտնվել, այլ այն երեւի ծովի մեջ պետք է փնտրել: Բաղդասարին, սակայն, ծովում խեղդվելու վտանգը թույլ չի տալիս ընդունել եղբոր առաջարկը՝ գտնելով, որ «հոգին քաղցր է»: Սանասարը մենակ է որոշում մտնել ծով: Վճիռը կայացնելուց առաջ նա «մեկ աստծու անուն» է տալիս4 ու մտնում է ծով: «Աստծու հրամանքո­վ» ծովը բացվում5 է եւ նրա աչքերի առջեւ «չոր գետին­ն» է բացվում: Ուշագրավ է, որ չնայած Սանասարի առջեւ նոր ժամանակ-տարածություն բացվելուն՝ Բաղդասարը շարունակում է ծովի ափ եկած պահից ի վեր իր տեսածից սարսափել, եւ կարծելով, որ իր եղբորը ծովը խեղդեց՝ կսկծու լաց է լինում: անք, սակայն, Սանասարի նոր կեցութային վերապրումներին: Բացված ծովի «տակ» հայտնված գետնի վրայով նա մի որոշ ժամանակ գնալով հասնում է «ծովու տակ մեկ պարտեզ­ի»: «Տեսավ՝ քոշք (պալատ,- Ք.Մ.) ու սարայ (պահեստարան,-Ք.Մ.) մի կա էնտեղ. / Հավուզ մի կա մեջ էն պարտեզին. /էն քոշք ու սարի առջեւ ջուր կը թալի:/Տեսավ Ծովային ձին, Քուռկիկ Ջալալին, /Էնտեղ կապուկ, թամք սադաֆին վերան պատրաստ,/ Կեծական Թուր վերան կախած: / Նայեց՝ էկեղեցի6  մի կա էնտեղ: / Ինչ մտավ էկեղեցին, / Ակահ գնաց, թավալեց, ընկավ»: Փաստորեն՝ Սանասարը իր ապրած ամենօրյա ու հաղթահարած՝ ծովային իրականություններից լրիվ տարբեր (տարօրինա՛կ, սարսափազդու՛…) իրականության ականատեսը լինելով՝ սարսափում, ընկնում-քնում է: Քնի մեջ մեր հերոսը մի նոր՝ այս անգամ երազային իրականության է ականատես լինում: Երազում հայտնվում է Մայր Աստվածածինը7 եւ նրան ասում՝ «Հե՛յ, Սանասար, էլի վե՛ր: / Խաչ Պատերազմին կո՛ էստեղ է./ Էլի՛, յոթ ծունր, աղոթք առջեւ արա, / Արժան ըլնիս, քեզ կը հասնի,/ Դնես վեր քո աջ թեւին, որ դարբ չառնի:/ Ծովային ձին, Քուռկիկ Ջալալին, / Էնտեղ թամքած, սանձըն բերան զարկած, / Էրկնուց իջած Թուր Կեծակին վերան կախած./ Թե արժան ես կ՛առնես, կը՛հեծնես»: Բացի այդ՝ Սանասարի արթմնի վիճակում էլ տեսածներին՝ Աստավածամայրը ավելացնում է, որ «եկեղեցում» «Մեկ պահարան կա, բա՛ց,/ Մեջըն շապիկ զրեհին, / Զրեհի քամարն ի մեջքին, / Գլխու գուտն զրեհին,/ Զրեհի կոշիկն ի ոտին, / Ծանրիկ գուրզ փահլեւանին,/ Ամուր նիզակ, նետ ու աղեղ, / Փող պղլորին, պինդ վահան. / Ամեն էստեղ է, կ՛առնես»8: Այդ ամենին տիրանալու պայման – պահանջն էլ է հետեւում. «Էն դարպասի աղբրի մեջ էլ կը լողանաս, / Կը ջոջնաս, կը զորանաս, կտըրճանաս, / Քո ուժ կ՛ըլնի քան յոթ,/ Մեկն յոթ կը հավելանա, կը լցվի, /Կ՛երթաս քո մուրազին կը հասնի՛ս»,- ավելացնում է Աստվածամայրը:

Սանասարը քնից արթնանալով ու ինքն իրեն հարց տալով՝ երազը ճիշտ էր, թե սխալ, այնուամենայնիվ՝ գնում է Աստվածամոր ցույց տված տեղը: Եվ այդտեղ, իրավ, գտնում է պահարան, պահարանում՝ զենք ու զրահ, հանդերձանք: Հանդերձանքը փորձում է, բայց վրայով չի լինում, շա՛տ մեծ է լինում: Հիշում է Աստվածամոր ասածը: Դուրս է գալիս եկեղեցուց, մտնում է դարպասի աղբյուրի ջուրը, լողանում, ջրից խմում: Դրանից հետո մի քիչ քնում է, քնելուց հետո դիցազնանում՝ «աստծու շնորհ­ք» առնում. նա «ջոջցավ, զորացավ, կտըրճացավ, / Լցվավ, դարձավ հրեղե­ն»,- ասում է էպոսը:

Մեր հերոսի դիցազնացումից հետո Ասվածամոր նշած հանդերձանք-զենք-զրահը նոր նրան իսկը համապատասխան են դառնում: Դրանից հետո նա «յոթ ծունր աղոթք» անելով՝ «Զթուր Կեծակի­ն» է կապում իր վրա, իսկ հրեշտակները, դա տեսնելով, «Խաչ Պատերազմի­ն» են դնում «աջ թեւի­ն», որ «դարբ չառն­ի»: Այս ամենից հետո Սանասարը նոր «սիրտ է առնում» ձին հեծնել: Որից եւ սկսվում է նրա մեծ փորձությունը: Քուռկիկ Ջալալին սկզբում կարծելով, որ իրեն տիրելու փորձ անողը իրեն անհարազատ՝ հողածին մեկն է՝ թույլ չի տալիս, որ նա իր կամեցածը անի: Բայց Սանասարը, արդեն դիցազնացա՛ծ, հրեղենացա՛ծ, համոզված, որ իր փափագած Հրեղեն ձին հենց նա է՝ չի ընկրկում եւ նրան հեծնում է: Ձին իր կարծած հողածնին տեսակ-տեսակ փորձությունների է ենթարկում, որ նրան վայր գցի իր վրայից: Բայց Սանասարը դիցազնաբար հաղթահարոմ է այդ բոլոր փորձությունները, եւ ձին տեսնելով դա՝ խելոքանում, հնազանդվում է, եւ ասում՝ «Ես քո ձին, դու իմ տեր» (ընդգծ. իմն է,- Ք.Մ.):

Սանասարն իր նպատակին հասնելով, ավելին՝ Պարտեզին ու Պարտեզի ամեն ինչին տիրացած, այդ ամենով «աստծու շնորհք­ի» գալով՝ ձին հեծած՝ վերադառնում է այն տեղը, որտեղից եկել էր՝ «ծովու պռու­կ»: Էպոսասացը պատմում է, որ սկզբում նա «բաղչով (բայց արդեն իր,- Ք.Մ.) կ՛էրթար, / Հետո էլի ճամփին ծով բացվեց,/ Մեկ էլ տեսավ ծովու երես, / Դուրս էլավ, որ գա աղբոր մո­տ»:

Դեռ լացող եղբայրը տեսնելով, որ «մեկ սար էլեր սարի վերա» գալիս է իր վրա՝ սարսափում-փախչում է: Սանասարը եղբորն հազիվ է համոզում, որ իր տեսած մի սարն ինքն է, մյուսը՝ Քուռկիկ Ջալալին: Դրանից հետո նոր Բաղդասարի վախն անցնում է ու մոտենում կերպարանափոխված եղբոր «գլուխը պագու­մ»:

Էպոսը պատմում է, որ դրանից հետո երկու եղբայրները վերադառնում են Սասուն եւ շարունակում ապրել իրենց ամենօրյա կյանքով:

Գանք, սակայն, մեր բուն խնդրին՝ Պարտեզ խորհրդանշին: Վերապատմված դրվագը ոչ մի կասկած չի թողնում, որ էպոսարար հայն իր էպոսի Պարտեզին շատ մեծ, առանցքային իմաստ է տվել. չէ՞ որ նրանումն է առաջին դիցհերոսը՝ Սանասարն իր դիցազնացումն ապրում, այդտեղ է նա իր փափագած Հրեղեն ձին գտնում, ձեռք բերում՝ դիցազնական զենք, զրահ ու հանդերձանք, տեսնում՝ չլսված ու չտեսնված զորեղ բաներ,- հոգեւոր որակներ, հոգեւոր ու նյութական արժեքներ, որոնք հետագայում ժառանգվում են նրա սերունդներին ու կազմում Սասնա տան հոգե-ոգեղեն ու զինական պատվարը:

Անտարակույս է, որ էպոսի կենարար Պարտեզը մանրակերտ է մի աշխարհի (էպոսը կարճ ու դիպուկորեն է պատկերում այդ  աշխարհը՝ Քուռկիկ Ջալալի, Խաչ Պատերազմի, «եկեղեցի», զորացնող «ջուր»…), ուր ամեն ինչ բացարձակ, կատարյալ, ասել է թե՝ արարչական ու աստվածային է. Քուռկիկ Ջալալին սովորական ձի չէ, այլ հրեղեն է. Թուր Կեծակին սովորական թուր չէ, այլ «էրկնուց իջա­ծ» թուր է. եկեղեցին սովորական՝ մարդու ձեռքով շինած, նրան ծառայող կառույց չէ, այլ բացարձակ տիեզերական զորությունների հետ հաղորդակցվելու, նրանց տված հավատքով զորանալու-աստվածանալու տաճար է. ջուրը սովորական ջուր չէ, այլ աստծու շնորհք տվող՝ անմահացնող ջուր է: Բացի այդ՝ Պարտեզի՝ արարչական-աստվածային պարտեզ լինելու մասին է վկայում նաեւ այն, որ Աստված է «ծովի» ջուրը բացում, որ Սանասարը գնա-հասնի Պարտեզին, բացի այդ՝ Աստվածամայրն է հայտնվում նրա երազում եւ բացատրում նրան Պարտեզում եղածների խորհուրդը եւ Սանասարի անելիքը, որ տեր կանգնի այդ ամենին:

Հայ դիցազներգությունը, որպես հայի ապրած իրականություն, որպես այդ իրականության տարբեր կողմերի, շերտերի արտացոլանք չհասկացողը միայն կասի, որ Պարտեզը էպոսաստեղծ հայի զուտ երեւակայության արդյունք է, այն առկա գոյության հետ ոչ մի կապ չունի, հորինվածք է9. այն դեպքում, երբ այն իրականություն է, այն էլ ի՜նչ իրականություն:

Ընդհանրապես էպոսում առանձնացվում են իրականության երեք ոլորտներ՝ Սասնա տունը, Ծովը եւ Պարտեզը: Հիշենք Սանասարի ու Բաղդասարի կյանքը, գործը մինչ «ծովի պռուկ» գնալն ու հետո՝ Սանասարի կողմից Պարտեզի հայտնությունն ապրելը. նրանք ապրում էին սովորական, ամենօրյա կյանքով, առանց մեծ նպատակների, աստվածային խորհուրդների՝ իրենց կյանքի խորքային իմաստավորումների:

Հիշենք եղբայրների արածն ու անելիքը խալիֆի մոտից փախչելուց հետո՝ մինչ «ծովի պռու­կ» գնալը. նախ հայոց թագավորի մոտ ծառայության են անցնում, հետո իրենց տուն-տեղը՝ Սասունն են շինում, տնավորվում, հետո էլ (էպոսը ընդգծելու համար, որ այդ ժամանակ նրանց ճանաչած ու ապրած իրականությունը դեռեւս սահմանափակվում էր նրանց վիճակված առերեւույթ-սովորութային կյանքով՝ հարցնում ու պատասխանում է)՝ «Ի՞նչ էր էնոնց սովորություն, արվեստ:-/ էրկու աղբեր ցերեկ սարեր ման կը գային./ Կերթային, կը հասնեին չուրի ծովափ, / Որս կ՛անեին, իրիկուն կը գային տու­ն»10: Այսպես, ուրեմն, «չուրի (մինչեւ,- Ք.Մ.) ծովափ»-ը իրականության մի ոլորտն է, որում եղբայրները նախասկզբնապես գտնվում էին ու որում ապրում-գործում-գոյատեւում էին: Սակայն այդ իրականությունը, քանզի այն սահմանափակ ու մակերեսային՝ գոյավոր իրականություն էր եւ ոչ իսկատիպ՝ կեցութային, չի բավարարում Սանասարին: Նա գիտակցում է, որ բացի առերեւույթ տրված իրականությունից՝ պետք է որ մեկ այլ՝ բուն իրականություն էլ լինի, որը եւ իրենց գոյավոր կյանքը կդարձներ կեցութային11:

Այդ բուն իրականությունը Սանասարը նախասկզբնապես ըմբռնում է որպես «Ծովու ձի», որը մարմնավորում է դիցհերոսի (Հայի) նախնյաց՝ հրեղեն ոգին: Խորհրդանշական է էպոսի այն ասածը, որ Սանասարի մեջ այդ գիտակցումը առաջանում է համապատասխան ինքնագիտակցության հետեւանքով: Կարդում ենք՝ «Հրեղեն էին, գիտեին, որ ծովու ձի կ­ա»12:

Նկատվեց, որ ծովի Ձին պետք է հասկանալ ոչ թե ժամանակակից լեզվամտածողության մի մասնավոր՝ կոնկրետ-առարկայական («ծով»-ը որպես աշխարհագրական ջրային տարածք, «ձին»՝ կենդանու տեսակ, եւ, հետեւաբար, որպես ծովային ձի), այլ խորհրդանշական՝ նախնյաց հրեղեն ոգու իմաստով:

Չվերծանված է մնում սակայն այն, թե ինչու է հայ էպոսային խորհրդանշական լեզուն «ձին» անվանում «ծովային»: Էպոսն արարող մեր նախնիք ի՞նչ են հասկացել «ծով» բառ-խորհրդի տակ: Հիշենք էպոսի այն դրվագները, որոնցում խոսք է գնում «ծովի» մասին. երկու եղբայրները, հասնելով մինչեւ ծովի ափ, որս էին անում ու վերադառնում տուն. մի օր գնում են «ծովու պռու­կ» ու նստում այնտեղ, որ այդտեղից «ծովային ձի­ն» գտնեն-բերեն. Սանասարը տեսնելով, որ իրենց փափագած «ձին» ծովից դուրս չի գալիս՝ որոշում է մտնել ծով, եւ ծովով գնում է այնքան ժամանակ, քանի դեռ Աստծո հրամանով այն չի բացվում ու նա չի հայտնվում չոր գետնին: Անտարակույս է, որ այդ բոլոր դրագներում «ծով»-ը ինչ-որ իրականություն է խորհրդանշում, որը գտնվում է եղբայրների՝ ներկայում ապրած իրականության եւ Սանասարի առջեւ «ծով»-ը բացվելուց հետո հայտնված Պարտեզի13 միջեւ:

Դարձյալ կասկածից վեր է, որ այն ջրային տարածք-ծով իրականությունը չէ: Կրկին հիշենք «ծովի» գտնվելու «տեղը»14: Կարդում ենք՝ «Էրկու աղբեր ցերեկ սարեր ման կը գային, / Կ՛էրթային, կը հասնեին չուրի ծովափ, / Որս կը անեին, իրիկուն կը գային տու­ն»: Այսինքն, ասել կուզի էպոսը, «ծովը» եղբայրների ամենօրյա կյանքը ընդգրկող իրականությանը (տանը, սարերին…) հարող «տարածքն» է – մի իրականություն, «չուրի» (մինչեւ) որը նրանց գոյավոր կյանքի տիրույթը հասնում էր, որի մեջ նրանք չէին մտնում, ու որը, պարզ է, իր «ծովային» կյանքով նրանց կյանքի վրա ազդեցություն չէր գործում, նրանց համար մնում էր որպես մի ինչ-որ արտաքին իրականություն: Մյուս կողմից, երբ Սանասարը որոշում է, այնուամենայնիվ, մտնել «ծով» (ասել է թե՝ Հրեղեն ձին գտնելու համար՝ մինչ այդ անհաղթահարելի թվացող այդ տարերքը հաղթահարել)՝ «ծով»-ը նրա առջեւ Աստծո հրամանով բացվում է եւ նա հայտնվում է նախ «չոր գետն­ի» վրա, հետո էլ՝ Պարտեզում:

Այդ երկու դեպքում էլ ակնհայտ է էպոսային այն ընկալումը, որ «ծով»-ը եղբայրների ապրած իրականությունից (ու հետո՝ Սանասարի առջեւ բացված մի նոր իրականությունից՝ Պարտեզից) դուրս գտնվող, նրանց ո՛չ հարազատ իրականություն է,- մի իրականություն, որը, ինչպես պարզվում է Սանասարի «ծով» մտնելուց հետո, «ծածկում» է եղբայրների փափագելի Քուռկիկ Ջալալին ու Պարտեզը (էպոսն ասում է, որ Պարտեզը գտնվում էր «ծովի» տակը): Բացի այդ՝ «ծովը» նաեւ վտանգներով լեցուն իրականություն է. այն իր մեջ մտնողին կկորցնի, կխեղդի, հոգին կառնի, եթե նա բավականաչափ ուժեղ ու համարձակ չլինի («Աղբեր, հոգին քաղցր է. / Ես ինձ չեմ թա՛լի ծով»,- կրկին հիշենք՝ ի տարբերություն Սանասարի՝ Բաղդասարի վախը):

Այս ամենը հուշում է, որ էպոսում ներկայացված «ծով»-իրականությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ Սանասարի ու Բաղդասարի ապրած իրականությանը (որը հարազատ իրականություն էր) շրջապատող իրականությունը, ինչ-որ օտար աշխարհ, որը իրենում հայտնվողի համար վտանգներ էր պարունակում, ու որը նաեւ եղբայրների բաղձալի Հրեղեն ձիու ճանապարհն էր փակում, նրան ծածկում, քողարկում էր15:

Բաղձալիին հասնելու համար այդ իրականությունը պետք է հաղթահարել,- ասում է էպոսային իմաստությունը:

անք դարձյալ մեզ հետաքրքրող Պարտեզ խորհրդանիշին:

Շարունակելի

Քուրմ Մանուկ, Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախումբ

1 Այդ դրվագը ստորեւ հիշվում է ըստ էպոսի հետեւյալ հրատարակության՝ «Սասունցի Դավիթ (հայկական ժողովրդական էպոս­)», երկր. հրատ., Հայպետհրատ, Եր., 1961, էջ 39-41:

2 «Հրեղեն» լինելը դիցհերոսների ծագումնաբանական խորհուրդն է արտահայտում:

3 Խորհրդանշում է դիցհերոսների նախնյաց ոգին, որն իր բնույթով դարձյալ հրեղեն ծագումնաբանություն ունի:

4 Այդ աստծու անունը, անշուշտ, իր՝ Սանասարի աստծու անունն է լինում եւ ոչ քրստոնեականինը, որի դավանաբանության կարեւոր սկզբունքներից է փորձություններից հեռու մնալը:

5 Այդ հրամանք տվող աստվածը եւս, ինչպես դժվար չէ կռահել համատեքստից, Սանասարի (եւ ոչ քրիստոնեականի) աստվածն է, ով, փաստորեն գոհանալով իր հավատավորի անվեհերոտությունից՝ նրան հովանի է կանգնում:

6 Էպոսասացը հայ սովորութային  լեզվի բերումով է այստեղ, հայ ավանդական լեզվի մեհյան (տաճար) բառ-խորհրդի փոխարեն, օգտագործել եկեղեցի բառ-խորհուրդը:

7 Էպոսի Մայր Աստվածածինը հայ հավատքի Անահիտ աստվածամայրն է եւ ոչ քրիստոնեության Մարիամը:

8 «Եկեղեցում» գտնվող պահարանի պարունակության այս թվարկումը պարզորոշ է դարձնում, որ Պարտեզում  Սանասարի տեսած «եկեղեցին» եկեղեցի չէ, այլ հայ հավատքի կառույց-մեհյան, որին հատուկ է զորապաշտությունը:

9 Հայ էպոսագիտության մեջ ինչ-որ չափով առկա այս դիրքորոշումն է նաեւ պայմանավորել, որ ցայժմ էպոսի Պարտեզ խորհրդանիշը մնացել է չվերծանված:

10 Տե՛ս էպոսի հիշատակված հրատարակությունը, էջ 38:

11 Միայն Սանասարի մեջ այս գիտակցումի առաջացումը պայմանավորված էր նրա՝ «մեկ բուռ ջրից» ծնվելու հանգամանքով:

12 Այս ինքնագիտակցությունն ու գիտակցությունը Սանասարի ու Բաղդասարի մեջ, ինչ խոսք, սերմանել էր մայրը՝ Ծովինարը:

13 Կտեսնենք, որ Պարտեզն էլ է որոշակի իրականություն խորհրդանշում:

14 Տեղը չակերտների մեջ ենք առել, որովհետեւ այն միայն տարածական իմաստ չէ, որ արտահայտում է:

15 Էպոսն այստեղ խորհրդանշորեն Հայոց պատմության ինչ-որ շրջանից սկսած հայ կյանքի վրա ընկած օտար կյանքերի ու դրանց զանազան արտահայտությունների (կրոններ, աղանդներ, գաղափարախոսություններ, սովորույթներ, բարոյախոսություններ…) մասին է ակնարկում:

«Լուսանցք» թիվ 35 (340), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։