Ազգային հարստություն-(6-րդ մաս)- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Հարստության շտեմարան, որ ավելին է, քան (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Սկիզբը՝ թիվ 40-44-ում (2015թ.)

http://www.hayary.org/wph/?p=5271 - Ազգային հարստություն – (5-րդ մաս).- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչՀայաստանի իշխանը արտաքին շուկաներում թանկարժեք ձկնատեսակներից էՀեռանկարներ, շուկաներ, հնարավորություններ

http://www.hayary.org/wph/?p=5242Ազգային հարստություն.- (4-րդ մաս) – Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – Պետությունը չի թաքցնում, բայց պաշտոնյան իրեն ոչ ադեկվատ է պահում…

http://www.hayary.org/wph/?p=5228Ազգային հարստություն – (3-րդ մաս) Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ – ԳԱԱ-ն խոսում է դրական ու բացասական կողմերից (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

http://www.hayary.org/wph/?p=5214Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (2-րդ մաս) – Բնապահպանները բարձրաձայնում են ռիսկերը… Եթե ազոտն ու ֆոսֆորը լիճ թափվեն… Եթե ձկները ցանցավանդակներում բուծվեն…

http://www.hayary.org/wph/?p=5200Ազգային հարստություն.- Սեւանա լիճ. ձկնաբուծության ծրագիրը պե՞տք է իրականացնել, թե՞ ոչ (1-ին մաս) – Հարց, որի ճիշտ պատասխանը կդառնա փրկօղակը (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)… Նոր գազային էլկայան կունենանք…

«Սեւանը Հայաստանի համար ավելին է, քան լիճ: Նրա ջրերում, ինչպես հայելիում, արտացոլված է եւ անցյալը եւ ներկան, իսկ ապագան մտահոգություններ է առաջացնում: Մասնագետները գուժում են, որ եթե Սեւանը չբարձրանա առնվազն 6 մետրով, ապա լճի կենսաբանական գոյությունը կդադարի, իսկ սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը կզրկվի քաղցրահամ լճի մեծ պաշարից»: Սա ռուսական կայքերը գրել էին դեռ մինչեւ 2000թ.:  Եվ ահա այսօր, երբ Սեւանից հավելյալ ջուր վերցնելու խնդիր կա, մասնագիտական բնապահպանական կայքերը կրկին անհանգստացած են: Ճիշտ է, ոչ 1990-ականների պես, բայց ոչ պակաս մտահոգությամբ: Քանզի մասնագետները, ովքեր թեկուզ հայ չեն ու Հայաստանից չեն, քաջ գիտակցում են, որ «զմրուխտե գեղեցկուհու վտանգվելով տարածաշրջանում շատ բան կփոխվի»:

Ու հիմա, երբ Սեւանի ձկնապաշարների ծրագիրն է գործարկվում (մասնավորապես, իշխանի պաշարների վերականգնման), նրանք անդրադառնում են հարցին՝ դիտարկելով այն ընդհանրապես լճի բնական հավասարակշռության վերականգնման տեսակետից: Կայքերից մեկը նույնիսկ նշել էր, թե, ճիշտ է, Սեւանը հիմա փրկվել է մեռնելուց եւ այն վիճակում չէ, որ տեսնել վախենա հայ անվանի բանաստեղծ Ավետիք Իսահակյանը (նա չէր գնում Սեւան, որպեսզի չտեսնի «մեռնող լիճը»,-Ա.Մ.), բայց հանգիստ մնալ էլ պետք չէ, քանզի սխալ գործելը կարող է նորից «մահացնցումներ առաջ բերել»:

Բանն այն է, որ Սեւանի բնական հավասարակշռությունը վերականգնելը միայն ջրի մակարդակի բարձրացումը ու ձկնային էնդեմիկ պաշարների բնական վերարտադրողականության վերականգնումը չէ, այլեւ՝ ավազանի բնական միջավայրի վերականգնումը, լիճը երիզող շրջակա լեռների անտառապատումը (այս մասին, ի դեպ, «Հայաստանի Հանրապետություն» թերթում մեկ անգամ չէ, որ գրել եմ,- Ա.Մ.): Բանն այն է, որ շատ արժեքավոր բուսատեսակներ ու թռչնատեսակներ են անհետացել, մինչդեռ դրանք այնքան անհրաժեշտ են Սեւանին օգնելու համար:

Չշարունակեմ թվարկել բոլոր այն կետերը, որոնք իմ հարցումներին ի պատասխան նշել են մասնագիտական կայքերը (դրա ժամանակն էլ առիթով կգա,- Ա.Մ.): Բայց դրանք ինձ հուշեցին, որ երբ մենք ենք ասում «Սեւանի էկոհամակարգ», ամբողջական չենք ուզում ընկալել շրջանակը: Քանզի «Սեւանի էկոհամակարգ» եզրույթի ներքո հասկանում ենք այն, որ լճի էկոհամակարգի կայունացման միակ նախապայմանը լճի ծավալի մեծացումն է եւ ջրի մակարդակի բարձրացումը՝ մինչեւ Բալթիկ ծովի մակերեւույթի 1903.5 մ նիշը: Այս նիշին գումարվում է նաեւ ալիքի առավելագույն բարձրության չափը՝ 1.5 մ (1903.5 1.5 =1905 մ): Եվ որ Սեւանի բնապահպանական խնդիրների լուծմանը նպաստելու համար լճի ավազանում ստեղծվել է «Սեւան» ազգային պարկը, որը ներառում է 4 արգելոց՝ Նորաշենի, Լիճք-Արգիչի, Գիլլի, Արտանիշի եւ 2 արգելավայրեր՝ Գավառագետի եւ Գիհի-կաղնուտային ռելիկտային:

Շարունակությու՞նը: Այն տեսնում ենք ժամանակ առ ժամանակ, երբ Սեւանի հետ կապված այս կամ այն հարցն է քննարկվում: Իմա՝ ձկնապաշարների վերականգնումը: Ուշադիր հետեւեցի նախա եւ բուն քննարկումների ամբողջ ընթացքին: Ու ցավոք, եկա այն եզրակացության, որ Սեւանի մասին մեր հոգածությունը բավարար չէ խնդիրներին լուծում տալու: Մի քիչ քիչ ենք մտածում Սեւանի մասին:

Ավելի պարզ ներկայացնեմ: Պետությունը քննարկում էր ծրագիրը շահագրգիռ կողմերի հետ եւ՝ հանրային մակարդակով: Ու, ի դեպ, շահագրգիռ ասվածը այնքան էլ չի տարբերվում հանրային մակարդակից: Այո, ես երկու ձեռքով կողմ եմ ծրագրերը հանրային քննարկման դնելուն: Բայց ծրագրեր կան, որոնց մասով մասնագիտական, լու՛րջ վերլուծական-մասնագիտական, այլ ոչ թե հանրային մոտեցում է պետք: Բնապահպանական հասարակական կառույցները հիմնականում գոռգոռում են, որ այս ծրագիրը վնասակար է, պետք է չկիրառել եւ՝ վերջ: Բայց թե ինչու է վնասակար եւ ինչպես կիրառել՝ բնությանը չվնասելու համար, այս մասին խոսք անգամ չկա: Անկեղծ լինելու համար ասեմ, որ մի քանի հ/կ-ներ բավականին լուրջ մոտեցան Աեւանի ձկնապաշարների վերականգնման հարցին եւ անգամ գրավոր տրամադրեցին հանրությանը, թե ինչու են դեմ եւ ինչ մտավախություններ ունեն: Կառույցներ ու մասնագիտական միություններ էլ կային, որ ոչինչ չասացին, ինչ է թե կառավարությունը իրենց չէր տրամադրել ծրագիրը: Ուզում եմ հարցնել՝ այսպե՞ս եք մտահոգվում Սեւանի մասին: Կառավարությունը չի տրամադրել, դուք չէի՞ք կարող ծրագիրն ունենալ ու առաջարկներ անել: Բայց անկեղծ լինելու համար ասեմ, որ ծրագրի հեղինակներն ու կողմ հատվածն էլ մեղքի իրենց բաժինն ունեն. հակառակ տեսակետը միշտ սվիններով են ընդունում: Մինչդեռ պետք է լսել դրանք՝ ամենաանշան ու հավանական վտանգը հետագայում չեզոքացնել կարողանալու նկատառումով: Հապա ինչու՞ ենք խոսում ռիսկերի կառավարումից, չէ՞ որ դրանք նախապես չգնահատելով՝ կառավարել չենք կարող:

Ինչեւէ, հիմա ունենք այն, ինչ ունենք՝ ընդունված եւ գործարկվող ծրագիր եւ կողմ ու դեմ կողմեր: Բայց էլի ուշ չէ, ծրագրի ընդունված լինելը չի խանգարում լսել խելամիտ առաջարկները կրկին ու կրկին: Մանավանդ, որ խոսքը ավելի, քան լճի մասին է: Խոսքը քաղցրահամ ջրի շտեմարանի մասին է: Մի պաշարի, որ աշխարհում գնալով ավելի է արժեւորվում:

Երբ բոլոր շահերը ստորադաս են բնությանը

Մի խոսքով, քանի որ, ինչպես նախորդիվ ասացի, Նորվեգիան է աշխարհին հիմնականում ձուկ մատակարարող առաջնային երկրներից մեկը, փորձեցի հասկանալ, թե ինչպես է ձուկ բուծում՝ չվնասելով բնությանը: Ու, ի դեպ, նաեւ ունի ցանցավանդակային տնտեսության ձեւը, որը մենք ուզում ենք Սեւանում կիրառել:

Նախ՝ Նորվեգիան բնությունը պաշտող երկիր է, եւ բնապահպանական բոլոր ծրագրերը այստեղ լուրջ մասնագիտական փորձաքննության են ենթարկվում, ու եթե հանկարծ որեւէ ծրագրի դեմ կողմ եղավ, ծրագիրը կասեցվում է: Այդ ընթացքում կամ դեմ կողմին հակառակ փաստարկներ են ներկայացնում՝ ապացուցելով, որ ծրագիրը բնությանը չի վնասի, կամ՝ չեն իրագործում այդ ծրագիրը: Երկրորդ՝ բնապահպանական նկատառումներից ելնելով պարտադիր պայման է, որ հենց ձկնաբուծական տնտեսությունների արտադրանքը վերամշակող գործարանը ունենա թափոնների վերամշակման բլոկ: Չունի՞, չեն թողնում աշխատել: Այս երկրում տնտեսական բոլոր շահերը ստորադասվում են բնության շահին:

Ասեմ, որ Սեւանի մասով էլ է նախատեսված, որ վերամշակման գործարանը պետք է ունենա վերամշակման բլոկ: Սա է տարբերությունը, մենք նախատեսում ենք, որ պետք է ունենա՝ գործարանի աշխատելուց հետո, իսկ Նորվեգիայում գործարանը չի աշխատում առանց այդ բլոկի:

Չեմ հիշում որտեղ եմ կարդացել. Նորվեգիայի մի բարձրաստիճան քաղաքային պաշտոնյայի ռուսաստանյան մի լրագորղ ասում է՝ «Դուք հարուստ եք, որովհետեւ սեւ ոսկի ունենք»: «Այո, -ասում է պաշտոնյան,-միայն թե մեր սեւ ոսկին ձուկն է»: Եվ այսպես էլ նրանք վերաբերում են իրենց հարստությանը: Օրինակ՝ նախ աշխատում են ցանցավանդակային տնտեսությունները տեղադրել ոչ թե լճերում, այլ՝ դեպի լիճ մտնող գետափերին հատուկ պատրաստված խորություններում, ինչին նրանք «փոսիկներ» անվանումն են տալիս, արհեստական ավազանային տնտեսություններում, փոքրիկ կամ մեծ ջրամբարային տնտեսություններում եւն: Ձկնաբուծությունը այստեղ հիմնականում զարգանում է այսպես ասած, «ակվարիումային տնտեսություններում» (այսպես են կոչվում նույնիսկ բնական՝ լճային, ջրամբարային տնտեսությունները եւ ուղղակի ակվարիումային տնտեսությունները) ու բավականին խիստ վերահսկողությամբ՝ ձկան պաշարի, չափերի, կերի որակի, բաղադրության, ջրի որակի եւ այլ ցուցիչների ստուգումներով: Քանզի գիտեն, որ սխալ բուծումը ձկանը ու հետո սպառողին հիվանդություններ կբերի:

Բանն այն է, որ ձկները պիտի զարգանան որոշակի տարածություններում, այլապես կարող են հիվանդություններ ձեռք բերել, որոնք հետո մարդուն կարող են կուրություն, քաղցկեղ կամ այլ հիվանդություններ «հրամցնել»:

Հենց սա գիտակցելով էր, որ Նորվեգիայի կառավարությունը տարիներ շարունակ արգելում էր տնտեսվարողներին մեկից ավելի ակվատնտեսություն ունենալ: Այդ արգելքը հիմա հանված է, բայց վերահսկողությունը չի թուլացել: Օրինակ՝ այս կարգի տնտեսություններում սաղմոնին կերակրում են լողացող, այլ ոչ թե այսպես ասած նստող կերերով: Իսկ լողացող կերը բավականին թանկ է, բայց՝ անհրաժեշտ: Մասնագետները պնդում են, որ երբ ձուկը բռնում է ոչ թե լողացող, այլ՝ լճի հատակին նստած կեր, դա կարող է բերել ընդհուպ մինչեւ ձկան «վարքի» փոփոխության: Թեեւ «նստող կերն» էլ կարող է լինել օրգանական: Այս տնտեսություններում ջուրը պարբերաբար թարմացվում է, որպեսզի նույնիսկ նստող կերերը թունավոր նյութեր չարտազատեն՝ վնասելով ձկներին ու հետո՝ մարդկանց: Թթվածին արտադրող հատուկ սարքեր են տեղադրվում՝ այնուամենայնիվ նստած կերերը քայքայելու համար: Շահի հետեւից չեն ընկնում եւ, ասենք, որոշակի տարածքում 8 կգ ձուկ բուծելու փոխարեն 18 կամ 28 կգ չեն բուծում, որովհետեւ երբ ձկների տարածքը կրճատվում է, նրանք կարող են միանգամից 10-ից ավելի հիվանդություններ ձեռք բերել:

Նորվեգիան մի տեսակ «ակվամշակույթի երկիր» է դարձել եւ պատվով է կրում այդ իրավունքն ու պարտականությունը՝ ծովերի բնական պաշարները խնայելու պատասխանատվությամբ: Նաեւ դրանք թողնելով մասնագիտական ու սիրողական ձկնորսական շրջանակների:

Փակագծերում նշեմ. որ Նորվեգիայի օրինակով Ղազախստանն ուզում է Իսսիկ Կուլը ամբողջությամբ դարձնել ձկնաբուծարան: Մասնագետները միանշանակ պնդում են, որ այն, ինչ թույլատրելի է այս լճի պարագայում, չի կարելի է անել Սեւանի հետ: Սեւանա լիճը ամբողջությամբ չի կարելի վերածել ձկնաբուծարանի: Համենայնդեպս, մերոնք գոնե այդպիսի մտադրություն չունեն: Թեեւ կարելի է մտահոգությունը նախապես բարձրաձայնել:

Այսքանով հանդերձ՝ Նորվեգիայում, որ ամեն ինչ անում են որակյալ ձկնաբուծության համար, չեն դադարում շարունակել տեխնոլոգիաների կատարելագործումը՝ համային եւ այլ հատկությունները բնականին մոտ պահելու նպատակով: Իսկ բնական ջրերում շարունակում են ամեն ինչ անել էնդեմիկ տեսակների պահպանման համար: Ուսանելի է նրանց՝ լճերի մակերեւույթներին բնապահպանական տեսակետից մաքուր ձկան արտադրության միջազգային հաջողված ցանցավանդակային փորձը: Ցանցավանդակներ, որոնք պատրաստված են անվնաս նյութերից եւ չեն վնասում լճի էկոհամակարգը: Սրան հավելյալ՝ բնական, մաքուր ու, արդեն ասացինք, լողացող կերը: (Այսինքն՝ եթե մեր տնտեսվարողները չզլանան ներդրումներ անել եւ պետությունն էլ ոչ թե ձեւական, այլ՝ խիստ ու պարբերաբար վերահսկողություն անի, հնարավոր է չէ՞, որ եւ՛ Սեւանը չտուժի, եւ՛ իշխանի պաշարները վերականգնել կարողանանք: Եթե, ինչպես հիմա են ասում, Սեւանա լճի ընդամենը 0.1 տոկոսն ենք օգտագործելու ցանցավանդակային տնտեսության կազմակերպման համար, դա առավելագույս խստորեն վերահսկելը բարդ չի լինի: Եվ ինչու միայն խոսենք Սեւանից, մենք կարող ենք ձկնաբուծությամբ զբաղվել նաեւ ջրամբարներում, որոնց ընդհանուր մակերեսը շուրջ 930 021 հա է:): Բացի այդ՝ պարբերաբար կերի բաղադրությունն է ստոգվում՝ ինչքանով է այն գենախեղված օրգանիզմներ պարունակում, թույլատրելի սահմաններում է, թե ոչ, եւ արդյոք այդ կերից չի փոխվի ձկան գենը:

Միով բանիվ՝ խոստանում ենք, որ ծրագրի ընթացքին ու արդյունքներին կանդրադառնանք՝ կրկին ներառելով մտահոգ բոլոր կողմերին եւ թեման մշտապես ուշադրության կենտրոնում պահելով:

Շարունակելի

Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր

«Լուսանցք» թիվ 1 (391), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։