Հակահայկականության ռուսական ճահիճը.- Մարդասպան, որին պատսպարում են սատանայով – Վալերի Պերմյակովը չի հրաժարվել, որ խումբը ստեղծել է ինքը եւ պայմանագիրը, որ կնքվել է սատանայի հետ…

Գյումրիում գազանաբար սպանված Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբան Լուսինե Սահակյանն անդրադառնալով Վալերի Պերմյակովի՝ Ռուսաստանի Դաշնության Հյուսիս-կովկասյան օկրուգի զինվորական դատարանում տեղի ունեցած դատավարությանը, ասել է. «Թե՛ դատավարությունը, թե՛ Պերմյակովի պահվածքը արտառոց էին, նա մեղադրվում է զենքով դասալքության, զենք-զինամթերք հափշտակելու եւ ապօրինի կրելու հոդվածներով, Հայաստանի Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, մենք իրավունք չունեինք նախաքննական նյութերին ծանոթանալու: Պերմյակովի ցուցմունքներին մենք ծանոթ չէինք, առաջին անգամ լսեցինք նրա ցուցմունքները: Քանի որ դրանք հրապարակվեցին մասնակի, եւ ամբողջական չէին, ըստ էության այն հատվածները, որոնք առավելապես մեզ հետաքրքրում են, դրանք չընթերցվեցին՝ նկատի ունենալով, որ իբրեւ գործը հանձնվել է հայկական կողմին, ուստի չեն հրապարակում»: Չնայած, ըստ փաստաբանի, դատավարության ընթացքում, ճիշտն ասած, շատ արտառոց իրավիճակ էր, կարծես բոլոր կողմերը համաձայնեցված արագ դատավարություն էին անում: «Համենայնդեպս ինձ համար շատ անծանոթ գործընթաց է սա, հրապարակվում են ինչ-որ մասեր, ընդ որում որոշ դեպքերում հրապարակվում են երրորդ դեմքով, այսինքն՝ ակնհայտ երեւում է, որ նրանք սեղմած են հրապարակում ցուցմունքները: Եվ ուղղակի չէին ընթերցում ցուցմունքները, մի մասը ընթերցում էին, մի մասը երրորդ դեմքով էին հրապարակում, ինչը արդեն իսկ խոսում է այն մասին, որ իրենք, ըստ էության, կոնսպեկտից էին քաղում: Ցուցմունքերում կային հակասություններ, բայց ասեմ, որ մենք բավական լուրջ տվյալներ ստացանք, որոնք այս փուլում ես չեմ հրապարակի, սակայն կային տվյալներ, որոնք շատ հետաքրքրական էին, հետագայի համար մենք, անպայման, դրանք կօգտագործենք: Եւ հետարքրքական է նաեւ, թե այդ մասերը արդյո՞ք տրամադրվել են հայկական կողմին, թե՝ ոչ»:

Մեր փաստաբանները կարծում են, որ ցուցմունքները պետք է որ տրամադրած լինեն, բայց գործում կային տվյալներ, որոնք սպանության մասին չէին, սակայն էական նշանակություն ունեին սպանության մասով: Հայկական կողմը, երբ փաստաբաններին տրամադրի նյութերը, իրենք արդեն կտեսնեն՝ արդյոք ամբողջակա՞ն են, թե ոչ, եթե ամբողջական նյութերը տրված չլինեն, հնարավոր է միջնորդություն ներկայացվի, որ դրանք ամբողջական ստանան, որովհետեւ դրանք էական նշանակություն ունեն: Իսկ այն հարցին, թե ինչպիսի՞ն էր այս անգամ հայասպանի պահվածքը, Լուսինե Սահակյանն ասաց, որ «դա էլ արտառոց էր, տպավորություն էր, թե ընդհանրապես իր դատավարությունը չէ, որովհետեւ շատ անտարբեր էր, ինչպես նկատվեց, շատ դեպքերում քնում էր նույնիսկ»:  Փաստաբանը նաեւ հայտնեց, որ «Պերմյակովը չի հրաժարվել, որ սատանիստական խումբը ինքն է ստեղծել»:

Մեր փաստաբանները շարունակում են անընդունելի համարել այն պայմանները, որոնք իբր ստեղծվել են մեր Հանրապետության դատարանի կողմից: «Ըստ էության, արդեն դատարանի պարտականությունն է ապահովել նորմալ պայմաններ եւ ընդ որում՝ հայտարարվել էր, թե պետք է լինեին նորմալ պայմաններ: Մենք, ի սկզբանե, հայտարարել էինք, որ այն դահլիճում, որը տրամադրվել էր նախկինում, ուղղակի պայմաններն այնպիսին էին, որ հնարավոր չէ աշխատելը, ու մենք պահանջելու ենք, որպեսզի նորմալ պայմաններ ստեղծեն: Այդ պայմանները ստեղծված չեն, անհնար է այդ դահլիճում աշխատելը եւ այստեղ աշխատելը մի շարք իրավունքներ է ոտնահարում»,- հայտարարել է Լուսինե Սահակյանը: Ըստ նրա, եթե ապահովված լինեին նորմալ պայմաններ, ապա իրենք ինչ-որ չափով կընդունեին արտագնա նիստը, սակայն ակնհայտ է, որ ռուսական կողմն է եղել պայման ստեղծողն ու հրահանգ տվողը, որն անընդունելի է. «Երեւի մեր դատարանը չի կարող ռուսական կողմին պարտադրել, որ նորմալ դահլիճ ապահովեն, ուրեմն հայկական կողմը էապես կաշկանդված է այս գործում, եւ այս գործը ելքը տալուց ունի կաշկանդվածություն ու չի կարող նորմալ դատական ակտ կայացնել»:

Փաստաբանները պնդում են, որ տեսել են այդ կաշկանդվածությունը. բանն այն է, որ դատարանը նույնիսկ ուժ չգտավ 2 զինվորի խնդրել գոնե, որպեսզի նրանք այն տարածքում չգտնվեն, որտեղ դատավարության մասնակիցներն են: Այսինքն՝ այս պայմաններում պետք է ակնկալել, որ դատարանը չի կարողանա անկաշկանդ դատական ակտ կայացնել:

Ինչպես վերը նշվեց, Վալերի Պերմյակովը չի հրաժարվել, որ խումբը ստեղծել է ինքը եւ պայմանագիրը, որ կնքվել է սատանայի հետ, իր գրառումն է: «Նա նշել է, որ դա ուղղակի գրառում է, եւ մեր միջնորդությունը նախաքննության ընթացքում մերժվել է այն պատճառաբանությամբ, որ նրա հարազատները նշում են, որ նա քրիստոնյա է… Շատ զարմանալի կլիներ, որ սատանիստական գաղափարներ ունեցող անձն իր քրիստոնյա ծնողներին ասեր, թե ինքը սատանիստ է, իսկ մենք գիտենք, որ նրա հայրը այդ խմբի ղեկավարներից է… Մեր համար ակնհայտ է նրա սատանիստ լինելը, դա ապացուցված է քրեական գործով, ապացուցված է իր գործողություններով: Մասնավորապես ես նշեցի, անձը, ունենալով հրազենի մեջ փամփուշտներ կրակելու, եթե նույնիսկ ինքը տեսներ վտանգ գոնե մեծ երեխայից, առնվազն 6 ամսական երեխայից վտանգ չէր ակնկալի: Մինչդեռ սվին-դանակով նրան սպանելը խոսում է այն մասին, որ, այո, այդ խմբավորման անդամն է, այդ գաղափարախոսության կրողն է եւ նաեւ առողջական խնդիրներով պայմանավորված՝ այս անձը կատարել է նման հանցագործություն,- ասել է Լուսինե Սահակյանը եւ հավելել,- չմոռանանք, որ խոսում ենք զինվորականի մասին, զինվոր, որի ձեռքը զենք է տրվել, զինվոր, որը հիվանդությամբ է տառապում եւ չպիտի զենք կրեր ու զինվոր, որը սատանիստ է, եւ նրան զենք ուղղակի չպիտի տրամադրեին: Այսինքն՝ սա շատ լուրջ խնդիր է, որը մտորումների տեղիք է տալիս. ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունը շատ լուրջ գործ ունեն անելու»:

Մեր փաստաբանները միայն այս գործով չէ, որ հետեւողական են լինելու, ամեն ինչ պետք է անեն, որ առնվազն չշարունակվի այն, ինչ եղավ: Իսկ իրենք գիտեն, որ սա առաջին դեպքը չէ, որ ռուս զինվորը մարդ է սպանում: Եվ սա գալիս է այն բանից, որ ըստ էության, մեր Հանրապետությունը ռուս զինվորների համար աքսորավայր է դիտարկվում: Պետք է փոխվի իրավիճակը, եւ այստեղ պետք է գան նրանց լավագույն զինվորները:…

Նշենք, որ Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբանները միջնորդել էին որպես վկա հարցաքննել Վալերի Պերմյակովի ծառայակից ընկերներին ու նրա անմիջական ղեկավար, սպա Նիկիշինին, որը դեպքի օրը ոչ միայն պահակակետի հերթապահն էր ու հանցագործի գործողությունների անմիջական պատասխանատուն, այլ հենց նա էր Չիտայից ընտրել ու Հայաստան բերել հոգեկան խնդիրներ ունեցող ու զենք կրելու իրավունք չունեցող այս մարդասպանին: Սակայն Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ղեկավարությունը հրաժարվել է ապահովել նրանց ներկայությունը՝ նշելով, որ վերջիններս այլեւս իրենց աշխատակիցները չեն, նրանց անձնագրային տվյալները կան Հայաստանի սահմանային անցակետերում: Այլ կերպ ասած, նրանք հայկական կողմին առաջարկել են ինքնուրույն ապահովել նրանց ներկայությունը: Նշենք, որ նրանցից ընդամենը մեկը՝ Նիկիշինն է սպա, մյուս 6-ը շարքայիններ են: Փաստաբանները կքննարկեն, թե ի՞նչ կարգով, ի՞նչ միջնորդությամբ ապահովեն այս վկաների ներկայությունը, քանի որ այդ վկաները ամենակարեւոր վկաներն են, նրանք ծառայակից ընկերներ են, նրանց ցուցմունքներով հնարավոր է պարզել, թե ընդհանրապես ինչպիսի վարք է դրսեւորել ապագա հանցագործը ծառայության ընթացքում Հայաստանում: Փաստաբանները համարում են, որ ռուսական կողմն ինքը պիտի գիտակցի, որ պիտի ապահովի վկաներին, հատկապես, երբ շեշտում են հայ-ռուսական հարաբերություններն ու բարեկամական երկիր լինելը: Եթե թաքցնելու ոչինչ չունեն, այդ նրա՛նք պետք է ապահովեն վկաներին, այլապես ակնհայտ է, որ ուզում են թաքցնել նրանց:

Ի վերջո, դատավորը, ապա դատախազը մի քանի ժամ շարունակ ընթերցել են փաստաթղթերը, որտեղ մանրամասնորեն շարադրված էին այս գործին վերաբերող փաստերը, ընդհուպ մինչեւ Ավետիսյանների ընտանիքի անդամների կրած հագուստները, նրանց դռան դիրքը, գույնը, ոստիկանություն ստացած հեռախոսազանգերը: Ավելի ուշ դատարանը հրապարակեց դեպքի վայրից Ավետիսյանների տնից արված սարսափազդու լուսանկարները՝ ընտանիքի 7 անդամների մարմինների վրայի հրազենային վնասվածքները, տան կրակած պատերը:

Ամենակարեւոր վկան՝ Ավետիսյանների բակում բնակվող Կարինե Ավետիսյանը, ով սպանված Սերյոժա Ավետիսյանի հորեղբոր դուստրն է, պատմեց, որ 2015թ. հունվարի 12-ին, առավոտյան 6.20-ին գմփոց է լսել, իրենց թվացել է, թե երկրաշարժ է: Տեղից վեր կենալով՝ վառել է լույսը, տեսել, որ սենյակի լուսամփոփը չի շարժվում: Մտել է մյուս սենյակ, տեսել է, որ այնտեղ եւս լուսամփոփը չի շարժվում: Աչք է գցել պատուհանից դուրս, նկատել է անսովոր մթություն բակում: Իսկ հարցին, թե ի վերջո որտեղի՞ց իմացաք Ավետիսյանների ընտանիքի սպանության մասին, վկան ասաց, որ իր քույրն է զանգել աշխատանքի վայր ու ասել՝ շուտ արի տուն, Սերոժենց սպանել են: Վկան պնդում էր, որ առավոտյան 8.20-ին աշխատանքի գնալով, բակում արտասովոր ոչինչ չի տեսել, միայն թաշկինակ է տեսել, մտածել է՝ երեխայինն է: «Ես ոչ մի ձայն չեմ լսել, թե չէ օգնություն կկանչեի, ո՞նց կարող է 7 հոգու սպանեին՝ ես անտարբեր մնայի»,- արդարանում էր վկան, պատասխանելով այն հարցին, թե «28 կրակոց եղավ ու ոչ մի ձայն չլսեցի՞ք»: Դատարանը լսել է նաեւ 16 վկաների, որոնցից 14-ը Գյումրիում տեղակայված 2012 սահմանապահ ջոկատի աշխատակիցներ են:

Գյումրիում Վալերի Պերմյակովին ենթարկել են դատահոգեբանական եւ դատահոգեբուժական փորձաքննության, որը տեւել է մոտ 3-4 ժամ: Իսկ ե՞րբ կավարտվի նախաքննությունը, որն ըստ փաստաբանների, դեռեւս անկանխատեսելի է, կախված է նաեւ անցկացված փորձաքննության եզրակացությունից: Փաստաբան Երեմ Սարգսյանը նշել է, որ այս փորձաքննության ավարտից հետո մտադրված են ասուլիս հրավիրել:

Արամ Ավետյան

http://www.hayary.org/wph/?p=5447 – Հակահայկականության ռուսական ճահիճը.- Մարդկայինի՝ տարբեր ազգային ընկալումներ կան նաեւ – Հայ մարդուն ստորացնում են ռուսական բանտում… Իսկ իրական մարդասպանն ազատ է եւ… հերոս Ադրբեջանում…

http://www.hayary.org/wph/?p=5394Բարեկամ-ը ՌԴ-ի պարագայում բարին կամեցող-ը չէ – Եվ բառի նշանակությունը փոխողն էլ հաստա՛տ հայկական կողմը չէ… Իսկ արդյո՞ք ռուսն արել է քայլեր, որ իր նկատմամբ հայի հավատը վերականգնվի, արժանի պատիժ սահմանվի…

http://www.hayary.org/wph/?p=5403Դատավարություն, որ հակառուսական սրի պես կախված է օդում – Հայ ընտանիքի գազանաբար սպանությունը պիտի արժանի՝ համարժեք պատժի արժանանա…

http://www.hayary.org/wph/?p=5358Պետությունը բոլորիս տունն է – Այն իշխանության կամ ընդդիմության դեմքը չէ, որ ցանկալի կամ անցանկալի լինի… Արդյո՞ք շղթան իրականում երկարում է – Կալանավորված հանցախմբի շղթայի օղակները նաեւ սփյուռքյան են…

http://www.hayary.org/wph/?p=5379Դավաճանության դեմքն ու գինը – Պետության պատասխանատուները անլուրջ են վերաբերում այն փաստին, որ հայաստանցիներն իրենց աշխատանքն ու հանգստավայրերը թշնամու մոտ են որոնում ու… Ամենադաժանն այն է, որ բուն Հայաստանում են լցնում թուրքական ու ադրբեջանական պետբյուջեները…

http://www.hayary.org/wph/?p=5378Ազգադավը հո պոզով-պոչով չի լինում – Օտարների դրամաշնորհներով ներազգային շարժումների հետեւանքը… Մեր պատկան մարմինները ավելի ուշադիր պիտի լինեն՝ դրանց հենց տեղում ձերբակալեն-վնասազերծեն…

http://www.hayary.org/wph/?p=5393Իսկ ի՞նչ է սպասվում դավաճանին, եթե Հայաստան գա – Ուզում ենք, որ հանկարծ եթե նա Հայաստանին հանձնվի, շա՛տ մարդասեր լինելով հարցը ոչ թե զուտ իրավական տիրույթում քննարկենք, այլ՝ ազգային ու բարոյական…

* * *

Կարմիր խաչը եւս տեղեկություն չունի դավաճաններից - Նախորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջան փախած դավաճան Վահան Մարտիրոսյանի եւ նրա ընտանիքի մասին վերջին տեղեկությունը մամուլում հայտնվել է նախորդ տարվա աշնանը՝ կապված նրա մոր վրաերթի ենթարկվելու փաստի հետ: Ի՞նչ վիճակում է այդ ընտանիքը, ինչո՞վ է զբաղվում, ավելի քան 5 ամիս է այդ մասին ոչ մի տեղեկություն չկա: Այս ընտանիքի մասին որեւէ տեղեկություն չունի նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, որը Ադրբեջանում աշխատակիցներ ունի լիազորված՝ գերիների եւ նրանց հարազատների միջեւ կապ հաստատելու մանդատով:

Կոմիտեի հայաստանյան գրասենյակի մամուլի խոսնակ Զառա Ամատունին հայտնել է, թե չի կարող հաստատել ոչ նրանց գոյության փաստը, ոչ էլ որեւէ տեղեկություն հայտնել: «Վահան Մարտիրոսյանը ոչ ռազմագերի է, ոչ էլ Ադրբեջանում ձերբակալված քաղաքացիական անձ: Կարմիր խաչը նրա հետ կապված տեղեկություններ կարող է ունենալ միայն իր դիմումի համաձայն, եթե ցանկանա կապ հաստատել Հայաստանում գտնվող հարազատների հետ»,- ասել է հայաստանյան գրասենյակի մամուլի խոսնակը:

«Լուսանցք» թիվ 7 (397), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։