Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 3-րդ(3) եւ մաս 4-րդ (1)) – Արեւապաշտական կազմաբանություն – Մեր նախնիները տվել են Մեծ պայթյունի պատասխանը (Արամ  Մկրտչյան, Գերմանիա)…

Սկիզբը՝ թիվ 12-16-ում

Աստիճանակարգ.

մաս երրորդ

http://www.hayary.org/wph/?p=5581Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության. (մաս 3-րդ(2))- Արեւապաշտական կազմաբանություն – Մերժելի է որեւէ Աստծու կողմից Արարչի տեղի «գրավումը» (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

- http://www.hayary.org/wph/?p=5569Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 2-րդ(2)) եւ մաս 3-րդ(1) Արեւապաշտական կազմաբանություն – Որ չզրկվենք Արարչական գաղափարախոսության կրողի բացառիկ իրավունքից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

- http://www.hayary.org/wph/?p=5553  Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 2-րդ(1)) Արեւապաշտական կազմաբանություն Ինչ էր ուզում Մակեդոնացին Հայոց բարձրագույն դասից (Արամ Մկրտչյան, Գերմանիա)…

- http://www.hayary.org/wph/?p=5539  Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(2)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Ու «Արեգակն արդար» դիմելաձեւը դարձավ «Հայր մեր»… Արեւապաշտություն եւ Լուսնապաշտություն…

- http://www.hayary.org/wph/?p=5524 -Պատմության մութ ծալքերից՝ առանց գրաքննության.- (մաս 1-ին(1)) Արեւապաշտական տիեզերաշինություն – Քառակողմ կառավարման մոդելով աշխարհն ապրել է մինչեւ… Արարիչը որպես սկիզբ՝ ձեւավորում է անեզրականը (Արամ Մկրտչյան, Գերմանիա)

Նախորդիվ խոսել էինք այն մասին, որ սկզբունքորեն բոլոր կրոնական համակարգերը որեւէ մեկ աստծո փորձում են ներկայացնել որպես Մեկ էություն՝ Միտք՝ անտեսելով Մեկ էություն՝ Մտքի ու աստծուն իրարից տարանջատող սահմանները:

Հիմնականում կրոնական ուսմունքների մեջ Մեկ էություն՝ Միտքը նույնացված է առաջին աստծո հետ, բացառություն է կազմում Մեկ էություն՝ Մտքի հայոց ընկալումը։

Եվ Խորենացին կարծես տիրապետում էր այս նյութին եւ «Հայոց պատմության» մեջ նշում է չորս Արամազդների մասին եւ ներկայացնում  մեզ Արամազդին՝ որպես հայոց արեւապաշտական հավատամքի վերջին պահապանի: Եվ հենց չորս Արամազդ, որովհետեւ չորսը հիմքն է բուրգի: Ու Խորենացին փորձ է արել որոշակի թաքնագիտությամբ մեզ փոխանցել ամբողջական իմացություններ Արամազդի չորս կերպի մասին…

– առաջին Արամազդ՝ զմեծն եւ զարին Արամազդ, զարարիչն երկնի եւ երկրի

– երկրորդ Արամազդ՝ չգիտենք

– երրորդ Արամազդ՝ չգիտենք

– չորրորդ Արամազդ՝ անդրաշխարհի տեր (կուդ աճաղատ):

Մյուս երկու Արամազդներին Խորենացին չի ներկայացնում կամ խուսափում է ներկայացնել նրանց, որոնց գործառույթների մեկնաբանումը կարող էր ծանր հետեւանքներ ունենալ: Խորենացին կարծես  ներկայացրել է համընդհանուր մի կարծիք, որին, բնականաբար, համաձայնել է եւ՛ պատվիրատուն եւ՛ եկեղեցին, ուստի պատվիրատուն եւ եկեղեցին Խորենացու «զմեծն եւ զարին Արամազդ, զարարիչն երկնի եւ երկրի» մեկնաբանումը ընկալել են որպես զրույց:

Անդրադառնանք Արամազդ տերմինին: Հստակ տեսանելի է. Արամազդ տերմինը կազմված է «արա՝ հրամայական բայով, արա՝ անվերապահորեն կատարելու պայման, գոյական ար հիմքով իմաստը ար՝ արեւ, ամ՝ հավերժություն, ազդ՝ հիշեցում նաեւ տալ իմաստով: Իմ վերականգնումով Արամազդ նշանակում է «արեւ տուր, հավերժական հուր մեզ»: Հետեւաբար, երկրորդ Արամազդը պետք է կոչվեր արեգակն արդար, իսկ երրորդ Արամազդը՝ արեւորդի:

- առաջին Արամազդ՝ զմեծն եւ զարին Արամազդ, զարարիչն երկնի եւ երկրի

- երկրորդ Արամազդ՝ արեգակն արդար

- երրորդ Արամազդ՝ արեւորդի

- չորրորդ Արամազդ՝ անդրաշխարհի տեր (կունդ ճաղատ)

Խորենացու մոտ նույնպես առաջին Արամազդը նույնացված է երկնի եւ երկրի արարողի հետ, բայց Արամազդի չորս կերպի փաստը եւ բերված մեկնաբանությունները հուշում են, որ Արամազդը, որի իմաստաբանությունն է «արեւ տուր, հավերժական հուր մեզ», չի կարող լինել «զարարիչն երկնի եւ երկրի»:  

Շարունակենք մեր փնտրտուքը եւ անդրադառնանք «Հայր Արա -Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր» եզրույթին: Համակարգի մեջ «Հայր Արա-Հայր (Գերագույն) Աստված, Աստվածահայր»-ը եզակի է: Հայր Արա եզրույթը նաեւ համարժեք է հրամայական «հայր արա»-ին, որը պետք է ընկալենք որպես երկնային գործելաձեւ, դուալիզմի պայմանով «հայր արա» գործելաձեւի երկրային արտահայտիչն է հրամայական «արա գեղեցիկ» գործելաձեւը:

Հաջորդ խնդիրն է՝ իմաստավորել հայոց արեւապաշտական կրոնական համակարգի աստվածների հերթականությունը ըստ Հայոց Աստվածային Համակարգի եւ վերականգնել առաջին քառյակի չորրորդ զույգին:

Համաձայն դուալիզմի սկզբունքի, Հայոց Աստվածային Համակարգի մեջ ունենք երեք զույգ աստված, իսկ չորրորդ զույգի իգականը բացակայում է։ Սա հստակ մատնանշում է, որ հայոց աստվածաբանական համակարգը մոդելավորված եւ կազմված է զույգ աստվածներից, հավելենք նաեւ, որ իգական ու արական զույգը իմաստաբանության մեջ ընկալվում է որպես մեկ մարմին, հետեւաբար ութ աստված ասելով պետք է նկատի ունենանք ութ զույգ կամ ութ արական եւ ութ իգական աստվածներ: Խտացված ներկայացնեմ մեր ավանդական գիտելիքները՝

  1. Համաձայն մեր ավանդույթների, Արամազդն ընկալվել է որպես աստվածահայր՝ այսինքն ավագը աստվածների մեջ, իսկ Անահիտը՝ աստվածամայր, այսինքն ավագը աստվածուհիների մեջ:
  2. Համաձայն մեր ավանդույթների, Վահագնը ռազմի աստվածն է եւ կապված է արեւի հետ եւ նրա զույգը կարող է լինել այն աստվածուհին, ով կապված է փայլի եւ շողշողալու հետ: Այդ աստվածուհին է Աստղիկը:
  3. Համաձայն մեր ավանդույթների, Միհրը արեւի եւ հավասարության աստվածն է եւ նրա զույգը կարող է լինել այն աստվածուհին, ով կապված է կրակի հետ: Այդ աստվածուհին է Նանեն: Ինչպես տեսնում ենք, առաջին քառյակի առաջին երեք զույգ աստվածները կապված են լույսի խորհուրդի հետ, հետեւաբար առաջին խմբի չորրորդ զույգը նույնպես պետք է կապված լինի լույսի խորհուրդի հետ:
  4. Համաձայն մեր ավանդույթների, դիցարանում լույսի հետ է կապված Տիրը (լուսավորություն) եւ Գիսանեն (լույսի հետք): Հետեւաբար, այս զույգն ամփոփում է առաջին քառյակը:

Առաջին զույգը ներկայացնում են Արամազդը եւ Անահիտը:

Երկրորդ զույգը ներկայացնում են Վահագնը եւ Աստղիկը:

Երկրրորդ զույգը ներկայացնում են Միհրը եւ Նանեն:

Չորրորդ զույգը ներկայացնում են Տիրը եւ Գիսանեն:

Քառյակը ներկայացնում է արեւի ու լույսի երկնային երեւույթները, ապա, ըստ դուալիզմի եւ «այն ինչ վերեւում է, նաեւ ներքեւում է» փիլիսոփայության, արտացոլանքն է կամ հայելային արտացոլանքը՝ առաջին քառյակի: Երկրորդ քառյակը արտահայտում է առաջին քառյակի պայմանական արտացոլանքը։ Այսպիսին են երկրորդ քառյակի զույգ աստվածների գործառույթները եւ հեթականությունը՝

  1. Արամազդի եւ Անահիտի արտացոլանքը – Տորք՝ հզորագույն անձ եւ հայրենյաց պաշտպան, Հայկանուշ/Մարե՝ մեծ մայր:
  2. Վահագնի եւ Աստղիկի արտացոլանքը – Անգեղ/Վահե հզոր պատերազմող, Ծովինար՝ կույս ծնող:
  3. Միհրի եւ Նանեի արտացոլանքը – Վանատուր՝ հյուրընկալ, բայց պատժող, Արուսյակ՝ սիրունիկ տան տիկին:
  4. Տիրի եւ Գիսանենի արտացոլանքը – Ամանոր՝ նոր տարվա հովանավոր, Նարե՝ հույս բերող:

Երկրորդ քառյակի առաջին զույգը ներկայացնում են Տորքը եւ Հայկանուշը /Մարե:

Երկրորդ քառյակի երկրորդ զույգը ներկայացնում են Անգեղ/Վահեն եւ Ծովինարը:

Երկրորդ քառյակի երրրորդ զույգը ներկայացնում են Վանատուրը եւ Արուսյակը:

Երկրորդ քառյակի չորրորդ զույգը ներկայացնում են Ամանորը եւ Նարեն:

Հիմա ներկայացնենք առաջին եւ երկրորդ քառյակը միասնաբար՝

  1. Արամազդը եւ Անահիտը,
  2. Վահագնը եւ Աստղիկը,
  3. Միհրը եւ Նանեն,
  4. Տիրը եւ Գիսանեն
  5. Տորքը եւ Հայկանուշ/Մարեն
  6. Անգեղ/Վահեն եւ Ծովինարը
  7. Վանատուրը եւ Արուսյակը
  8. Ամանորը եւ Նարեն:

Այս համատեքստում ամբողջովին ընդունելի է «Ութմասնյա ուղին է ճշմարիտ խոսքը, ճշմարիտ միտքը, ճշմարիտ գործը, ճշմարիտ կենսակերպը, մտքերի ճշմարիտ ուղղորդումը եւ այլն, որոնք անցնելուց հետո մարդը ձեռք է բերում անխռով հոգեվիճակ» (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանություն):

* * *

Աստիճանակարգ.

մաս չորրորդ

Արարչի անունը ոչ ոք չի կարող իմանալ, կամ՝ դատիր ըստ գործերի:

Երբ որեւէ կրոնական համակարգ ներկայանում է «առաջին աստծո» առաջնորդությամբ, դրանով փորձ է արվում լուծել աստվածաբանության գերխնդիրը, այսինքն՝ լուծել Մեկ Էության՝ Մտքի եւ «առաջին աստծո» հակասությունը։ Հակասությունը մեղմելու նպատակով աստվածաբանները փորձում են հնարավորինս պատճառաբանված ներկայացնել, թե ինչու «առաջին աստվածը», ով իրականացնողն էր մարդու արարման, չի հիշատակվում կամ հիշատակվում է խիստ պայմանական։ Երրորդ մասում շատ հպանցիկ ներկայացրեցի որոշ էթնոսների «առաջին աստվածների» ցուցակը՝ մատնանշելով տերմինների կապը հայոց լեզվամտածողության հետ՝ երեւույթը համարելով պատահականությունների խտացում։

Նորից պետք է ուշադրություն դարձնենք այն բանի վրա, որ, ըստ գիտնականների, կա սկիզբ, որը գիտության մեջ ներկայացվում է տարբեր կերպ. ամենահայտնին մեծ պայթյունի տեսությունն է, որն իր հերթին ծնում է շատ հարցեր՝ այդ ի՞նչը պայթեց, ինչո՞ւ պայթեց, որտե՞ղ պայթեց։

Մեր նախնիներն իրենց տրամաբանությամբ տվել են այս հարցերի պատասխանը՝ թողնելով մեր մշակույթի մեջ խորքային իմաստ ունեցող անեզրական, եզրական եւ տիեզրական բառերը:

Անեզրականի (Մեկ Էություն՝ Միտք), եզրականի՝ սահմանափակի (տարածություն՝ Էնկի, Բել), տիեզրականի՝ լուսավոր եզրականի (ժամանակ՝ Հայա, Հայկ) հատման կետում տեղի է ունենում փոփոխությունը (պայթյուն): Այս երեւույթը մեր նախնիները փոխանցել են մեզ փոխաբերական իմաստով՝ որպես արարում, չորս արեւակիր աստվածների սերնդափոխություն, ջրհեղեղ, բաբելոնյան աշտարակաշինություն, առաջին պատերազմ եւ այլն:

Դեռեւս հոդվածում (հրապարակված՝ «Լուսանցք», 2010թ.) ներկայացրել եմ թվային համակարգի խոհափիլիսոփայական, թաքնագիտական իմաստասիրությունը: Մասնավորապես նշել եմ՝ «սկիզբը «0 – բացարձակ միավոր է, հանդես է գալիս որպես ցանկացած ճարտարապետական մոդելի սկիզբ։ Համակարգը ղեկավարում է հաշվարկի սկիզբ հանդիսացող 0 – բացարձակ միավորը»։

Մի դիտարկում եւս՝ մեր նախնիների համար Մեկ Էությունը՝ Միտքը համարժեք է թվաբանական սկզբին՝ 0-ին, խոհափիլիսոփայական կազմին, հունական կոսմոսին եւ ֆիզիկական արեւին, այս դիտարկումը բնականաբար անում է մարդը՝ երկրից ուղղված դեպի երկինք՝ կազմ։

Հայոց ընկալումների Մեկ էություն՝ Միտքը որպես սկիզբ, նույնպես գործում է դուալիզմի եւ «այն ինչ վերեւում է, նաեւ ներքեւում է» սկզբունքով, որի երկնային արտահայտիչն է հրամայական «հայր արա», իսկ երկրային արտահայտիչը՝ հրամայական «արա գեղեցիկ» գործելաձեւը: Արեւապաշտական կազմաբանության մեջ հրամայական «հայր արա» գործելաձեւը բառացիորեն պետք է ընկալենք որպես «զավակից պահանջ ուղղված հորը՝ կատարման պայմանով» եւ ուղղված դեպի երկինք: Այնուհետեւ ժամանակի մեջ հրամայական «հայր արա» գործելաձեւը մարմնավորվեց ու մարդայնացավ եւ դարձավ հատուկ՝ Հայր Արա, իսկ նրա դուալիստական պատճենումը երկրի վրա մարդայնացավ որպես Արա Գեղեցիկ:

Նորից անդրադառնամ նաեւ Արամազդ տերմինին. Արամազդ անվանը Ահուրամազդա ձեւով առաջին անգամ մենք հանդիպում ենք Ավեսթա կրոնական ուսմունքի մեջ: Ավեսթան Արամազդ-Ահուրամազդա անվամբ մեզ է ներկայացրել հայոց արեւապաշտական հավատամքի վերջին պահապանին: Կրկնեմ՝ Արամազդ տերմինի իմաստաբանությունն է՝ «արա՝ հրամայական բայ, անվերապահորեն կատարելու պայման, գոյական ար հիմքով՝ իմաստը ար՝ արեւ, ամ՝ հավերժություն, ազդ՝ հիշեցում նաեւ տալ իմաստով», մեր ընկալումներով Արամազդ- «արեւ տուր, հավերժական հուր մեզ»: Ֆարսիական ընկալումներում այն հրամայականից դառնում է հայեցողական եւ միջնորդավորված եւ ներկայանում է որպես Ահուրամազդա՝ «աստծո հուրը մեզ տա»՝ երրորդ դեմքի մասնակցությամբ:

«Ի սկզբանէ էր Բանն, եւ Բանն էր առ Աստուած, եւ Աստուած էր Բանն» ձեւակերպումը վստահաբար կարող ենք համարել հայոց փիլիսոփայական եւ լեզվական մտքի կատարելիություն, որտեղ մեկ նախադասության մեջ գերխտացված ձեւով ներկայացվել են եռակողմ փոխհարաբերությունները, որպես՝

ա) գաղափարականի (սկիզբ) եւ նյութականի(բան) դուալիզմ

բ) նյութի(բան) եւ առաջինի (աստված) դուալիզմ

գ) գաղափարականի (սկիզբ), առաջինի (աստված) եւ նյութի(բան) ամբողջականություն:

Շարունակելի

Արամ Մկրտչյան, Գերմանիա

03.04.2016թ.

«Լուսանցք» թիվ 17 (407), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։