Հայ-իրանական քայլ՝ տարածաշրջանային բեկմամբ – Երեւանը հասկացրեց Մոսկվային, որ կարող է լինել առանձին գործոն… «Հայաստան էքսպո»-ն՝ Թեհրանում… Զբոսաշրջային ենթակառուցվածքների ուսումնասիրություն կարվի…

Հայ-իրանական քայլ՝ տարածաշրջանային բեկմամբ

http://www.hayary.org/wph/?p=5779#more-5779Կամուրջ՝ Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւԱդրբեջան-Վրաստան-Թուրքի՞ա, թե՞ Իրան-Հայաստան-ՎրաստանՆոր եռյակը կարո՛ղ է սպասարկել երկու աշխարհաքաղաքական ուղղություններին էլ, ինչպես Եվրոպա, այնպես էլ Ռուսաստան գնացող

http://www.hayary.org/wph/?p=5768Երեւանը չպետք է աշխատի որպես Մոսկվա – Հայաստանը իր խաղը պիտի տանի տարածաշրջանում՝ քանզի կարող է միջանցք լինել Պարսից ծոցի եւ Սեւ ծովի միջեւ… Կներկայացվեն Հայաստանի եւ Արցախի արտադրական հզորությունները…

http://www.hayary.org/wph/?p=5767Հայաստանը պիտի՛ դառնա տարանցիկ երկիր – Իրան-Ադրբեջան-Ռուսաստան, թե Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա… Պիտի գործել նաեւ ընդդեմ՝ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ուղղության…

http://www.hayary.org/wph/?p=5766Արդյո՞ք Իրանը կաջակցի Հայաստանը մեկուսացնող ծրագրերին – Իրանական մտորումներ Կասպիցծովյան ավազանում… Աշխարհի վերաբաժանման նոր փուլում պիտի առանձին խաղացող դառնա…

http://www.hayary.org/wph/?p=5765Շահեկան դիրքում՝ վրացական տարանցիկության եւ իրանական պաշարների – Հայաստան-Իրան առանցքը կարող է մրցակցային դառնալ Թուրքիա-Ադրբեջան բոլոր տարածաշրջանային նախաձեռնություններին…Եվրոպական միություն – Եվրասիական միություն՝ նոր հակամարտություն…

«Լուսանցք»-ի նախորդ թողարկումում ներկայացրել ենք Իրան-Հայաստան-Վրաստան եւ Իրան-Ադրբեջան-Ռուսաստան, որոշակիորեն նաեւ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա զարգացումներում առկա վիճակը եւ հնարավոր ծավալումները: Այս բոլոր ուղղություններն էլ լուրջ ազդեցությոն ունեն Հայաստանի ներկայի ու ապագայի վրա, ուստի մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում: Այս տնտեսական դաշինքները ոչ միայն տարածաշրջանային նշանակություն ունեն, այլեւ՝ համաշխարհային, ինչը վերոնշյալ ուղղություններին տվել է աշխարհա-քաղաքական նշանակություն:

Ուստի՝ ինչպես Վաշինգտոնն ու Բրյուսելը, այնպես էլ Մոսկվան, մտադիր են գործուն մասնակցություն ունենալ նշյալ տնտեսական ուղությունների մեջ:  

Արեւմուտքը թերեւս խնդիրներ չունի այստեղ, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան իր անմիջական կամակատարն է, ինչքան էլ փորձում է խաղեր տալ Ռուսաստանի հետ: Վրաստանն ընդգծված հակառուսական պետություն է, իսկ Ադրբեջանն ու Հայաստանը՝ ՆԱՏՕ-ի գործընկերներն են ու եվրոպական ուղղության հետեւորդներ: Ինչ մնում է Իրանին, ապա այդ երկիրը Արեւմուտքի պատժամիջոցներից հետո կարիք ունի հարաբերությունների բարելավմանը, եւ այդ ուղղությամբ առեւտրա-տնտեսական զարգացումները առաջնային են դիտարկվում:

Ռուսաստանը, որ մինչեւ վերջերս Հայաստանի անվերապահ գործընկերն ու ռազմա-քաղաքական դաշնակիցն էր համարվում, կարող էր հույս դնել միայն Երեւանի անդավաճան քաղաքականության վրա: Եվ Մոսկվան ոչ թե դա փայփայեց ու զարգացրեց, այլ, ինչպես միշտ փորձեց դա չարաշահելով՝ անտեսել բարեկամ եւ գործընկեր երկրի շահերը, որպեսզի իր կողմը գրավի նաեւ Ադրբեջանին ու Թուրքիային: Անգամ Իրանի հարցում նույն կերպ վարվեց: Սակայն Հայաստանն այս դեպքում առաջվա նման չպահեց իրեն, որին սովոր էին Կրեմլում, այլ զուգահեռ քայլեր կատարեց՝ Արեւմուտքի հետ առանձին հարաբերություններ զարգացնելով:

Երեւանը հասկացրեց Մոսկվային, որ ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն կարող են լինել նույն հարթության վրա, ինչ ԵԽ-ն ու ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն:  Ավելին՝ Հայաստանը կարող է առանձին քաղաքա-տնտեսական դաշինքի միանալ՝ Իրան-Հայաստան-Վրաստան համագործակցությամբ, որը մեծ նշանակություն կունենա Եվրոպայի երկրների համար: Մոսկվան պարբերաբար խոչընդոտել է Երեւանի ու Թեհրանի անկախ կապին եւս, ինչն այսօր նոր նշանակություն է ձեռք բերել ոչ միայն երկու երկրների համար, այլեւ տարածաշրջանի:

Եվ Մոսկվան անդրադարձավ Իրանի երկաթուղիների վերակառուցմանը՝ դրա համար նպատակային վարկ հատկացնելով: Առավել եւս, որ «Հյուսիս-Հարավ»-ի մեկ այլ կարեւոր մասը՝ Ադրբեջանի տարածքով անցնող ավտոմայրուղին, արդեն գործարկվել է, որով իրականացվել է իրանական ապրանքների փորձնական տեղափոխումը Ռուսաստան:

Բայց Մոսկվան գիտի, միշտ  կա այն վտանգը, որ Իրանն ու Ադրբեջանը կանցնեն Իրանի ու Թուրանի հին՝ թշնամական հարաբերություններին: Իրանի ու Ադրբեջանի հարաբերություններում սկսված ջերմացումը մեկ րոպեում կարող է անհետանալ՝ քանզի երկու երկրներն ավանդաբար միմյանց նկատմամբ մեծ անվստահություն են տածում: Բաքվում միշտ մտավախություն ունեն, որ Իրանը քայլեր է անում Ադրբեջանի կառավարման համակարգը փոխելու համար՝ այն աշխարհիկ պետությունից վերածելով թեոկրատական պետության: Իսկ Իրանում գիտեն, որ Բաքուն իրանական տարածքների հաշվին մտադիր է «Մեծ Ադրբեջան» կերտել՝ միլիոնավոր իրանաբնակ ադրբեջանցիների հետ միասին…

Հիշեցնենք, որ Իրանի ու Ադրբեջանի միջեւ սկիզբ առած հարաբերությունների ջերմացմանը զուգահեռ՝ 2015թ. տեղի ունեցան նարդարանյան իրադարձությունները, որոնց հետեւանքով, ներկայիս նախագահ Ռոուհանիի պաշտոնն ստանձնելուց հետո առաջին անգամ կտրուկ վատացան իրանա-ադրբեջանական հարաբերությունները: Իրանի նախագահ Ռոուհանին, ի տարբերություն նախորդ նախագահ Ահմադինեջադի, թեեւ ձգտում է չսրել հարաբերություններն Ադրբեջանի հետ, այնուամենայնիվ, Թեհրանի եւ Բաքվի հարաբերությունները կրկին վատացան կրոնական հողի վրա: Այս հարաբերությունների սրացման երկրորդ փուլը սկսվեց 2016թ. հունվարին, երբ Թեհրան գնաց ու իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների հետ մի շարք կարեւոր պայմանավորվածություններ ձեռք բերեց ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարը: Նա այցից հետո տեղեկացրեց, որ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Հնդկաստանից Իրան-Հայաստան-Վրաստան տարածքներով եւ Սեւ ծովով Եվրոպային կապող միջազգային տրանսպորտային ուղի ստեղծելու վերաբերյալ: Իրան-Ադրբեջան հարաբերությունները լարվածության գագաթնակետին հասան այս տարվա հունիսի 5-ին, երբ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այց կատարեց Իրան, որտեղ նրան անչափ ջերմ ընդունելություն ցուցաբերեցին: Նրա հետ հանդիպմանը Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարեց, որ իր երկիրը պատրաստակամ է Սեւ ծովը Հայաստանի տարածքով Պարսից Ծոցին միացնելն օգնելու հարցում, եւ իրենք այս ուղղությամբ պատրաստ են տեխնիկական եւ ինժեներական ծառայություններ տրամադրել Հայաստանին: Նշենք, որ ստորագրվեցին նաեւ կարեւոր փաստաթղթեր, այդ թվում երկու երկրների միջեւ վիզաների չեղարկման մասին որոշում ընդունվեց:

Բաքվում ալիեւյան քարոզչամեքեն հերթական վայնասունը բարձրացրեց, թե Իրանը խոչընդոտում է Հայաստանը մեկուսացնելու Ադրբեջանի ծրագրերին: Ադրբեջանական զլմ-ներն աղմկում էին, թե ինչու է Իրանը ձգտում Հայաստանի միջոցով կապվել Եվրոպայի հետ, եթե Ադրբեջանն ունի դրա համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները: Այնուհետեւ, անդրադառնալով Հասան Ռոուհանիի կողմից հայ արտգործնախարարին բարձր մակարդակով ընդունելուն՝ այսպես խոսեցին. «Եթե Ռոուհանին պատրաստ է Երեւան այցելել եւ սեղմել Սարգսյանի ձեռքը, ապա Ալիեւը վերջապես պետք է որոշում կայացնի՝ պատմական այցով Իսրայել այցելել՝ դրա շրջանակներում Երուսաղեմում Ադրբեջանի դեսպանատուն բացելով»…

Բայց Իրանը չի պատրաստվում հրաժարվել Հայաստանի միջոցով Վրաստան ու Եվրոպա դուրս գալու իր հավակնություններից: Նախ՝ հուլիսի 14-15-ը Պարսից Ծոցը Սեւ ծովին կապող տարանցիկ միջանցքի ձեւավորման շուրջ քննարկումներ անցկացնելու նպատակով Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցավ Իրանի, Հայաստանի, Վրաստանի, Բուլղարիայի ու Հունաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում:

Ի տարբերություն Մոսկվա-Բաքու-Թեհրան առանցքի մասնակիցներ Ռուսաստանի եւ Ադրբեջանի՝ Իրանին ձեռնտու չէ Հայաստանի մեկուսացումը տարածաշրջանային ծրագրերից, ինչպես նաեւ հայկական պետության թուլացումը:  Թեհրանում շատ լավ են հասկանում, որ եթե միանան Հայաստանը մեկուսացնելու ադրբեջանական ծրագրերին, հետագայում կարող են զրկվել մանեւրելու հնարավորությունից եւ անգամ Ադրբեջանից որոշակի կախվածություն ձեռք կբերեն, ինչն ավելի կսրի ադրբեջանական ծավալապաշտական

նկրտումները:

Բայց Թեհրանը ձգտում է մնալ նաեւ Կասպիցծովյան ավազանի տնտեսական գոտում, ինչը ստիպում է զարգացնել Իրան-Ադրբեջան-Ռուսաստան ուղղությունը, մյուս կողմից էլ զարգացնելով կապը Հայաստանի հետ՝ Թեհրանը պահպանում է հավասարակշռությունը եւ կայունության պահպանումը:

Այնպես որ, վերջերս նաեւ հայկական մամուլում հայտնված վերլուծությունները, թե «Իրանը պրո-հայկականից պրո-ադրբեջանական դիրքերի է անցնում», թերեւս չափազանցված են:

Չի կարելի բացառել ոչինչ, սակայն գոնե այս պահին իրանական շահերը այլ բան են թելադրում, ինչի մասին խոսեցինք վերեւում:

Թեհրանի հետ քննարկվել են այլ հարցեր եւս, որոնց կիրարկումը հայ-իրանական հարաբերություններին նոր որակ կհաղորդի: Վերջերս Իրանում քննարկվել են նաեւ էներգետիկակական հարցեր, եւ ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի գլխավորած պատվիրակությունը ԻԻՀ նախագահի 1-ին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի հետ կարեւորել են տնտեսական համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը:

ԻԻՀ արդյունաբերության, հանքերի եւ առեւտրի նախարար Մոհամմադռեզա Նեմաթզադեի հետ էլ քննարկվել են Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման նոր հեռանկարների, Իրան-ԵՏՄ համագործակցության շրջանակներում Հայաստանի դերակատարության, Հայաստան-Իրան տնտեսական կապերի առավել ամրապնդման եւ բազմաթիվ այլ հարցեր: ԻԻՀ նավթի նախարար Բիժան Զանգանեի հետ հանդիպմանը քննարկվել են էներգետիկ ոլորտում հայ-իրանական հարաբերությունների ընդլայնման հեռանկարները: Զրուցակիցները համակարծիք են եղել էներգետիկ բնագավառում համագործակցության ընդլայնման հարցում։ Հայկական կողմը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանի գլխավորությամբ այցելել է «MAPNA» արդյունաբերական խմբի ձեռնարկություններ եւ ծանոթացել ընկերության արտադրական ու գիտահետազոտական հնարավորություններին:

Հայաստանն ու Իրանը կարող են համագործակցել նաեւ ատոմային էներգետիկայի բնագավառում, քանի որ ԻԻՀ հոգեւոր առաջնորդի ներկայացուցիչ, այաթոլլահ Մոհսեն Մոջթահեդ Շաբեսթարին իրանական պատժամիջոցների վերացումից հետո հայտարարել է, որ իրենք կշարունակեն «ատոմի խաղաղ շահագործումը»:

Իրանցի բարձրաստիճան հոգեւորականը ուրբաթօրյա աղոթքներից մեկի ժամանակ անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնության կատարման ընթացքին, մասնավորապես նշել է. «Ամերիկացի պաշտոնյաները պարծենում են, թե կարողացել են դիվանագիտական ճանապարհով կասեցնել Իրանի միջուկային ծրագիրը, որը սակայն ռազմական նպատակ չի հետապնդել, քանի որ ԻԻՀ հոգեւոր առաջնորդի ֆեթվայի համաձայն՝ միջուկային զենքը հարամ է համարվում»…

Արամ Ավետյան

«Հայաստան էքսպո»-ն՝ Թեհրանում

Թեհրանում կայանալու է Հայկական ապրանքների եւ ծառայությունների ցուցահանդես («Հայաստան Էքսպո»): Իրանում Հայաստանի դեսպանության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ էքսպոն կայանալու է հոկտեմբերի 5-8-ը Թեհրանի միջազգային ցուցահանդեսների սրահում:

«Ցուցահանդեսը կնպաստի Հայաստանի ու Իրանի միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացմանը, փոխադարձ ներդրումների խրախուսմանը, զբոսաշրջության զարգացմանը եւ առեւտրական գործարքների դյուրացմանը:

Ցուցահանդեսը կօգնի իրանցի արդյունաբերողներին ու գործարարներին ծանոթանալ առեւտրի եւ արդյունաբերության ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին եւ կարողություններին, կայուն ու երկարատեւ գործարար համագործակցության հաստատման համար:

Նշենք նաեւ, որ Հայաստանը Իրանի հետ ցամաքային սահման ունեցող Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) միակ անդամ երկիրն է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ցուցահանդեսի կազմակերպիչներն են Թեհրանում ՀՀ  դեսպանությունը, Հայաստանի զարգացման հիմնադրամը, Իրանի միջազգային ցուցահանդեսների ընկերությունը:

Զբոսաշրջային ենթակառուցվածքների ուսումնասիրություն կարվի

«Հայաստանի եւ Իրանի միջեւ դեռեւս չօգտագործված ներուժ, համագործակցության հեռանկարներ կան»,- ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը՝  ԻՀՀ-ում արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի հետ հանդիպման ժամանակ:

Այդ հանդիպմանը կարեւորվել է  զբոսաշրջության ոլորտում, մասնավորապես, գյուղական տուրիզմի ոլորտում համագործակցության ծավալման հնարավորությունը: «Իրանի նահանգները գյուղական տուրիզմի ոլորտում լավ փորձ ունեն՝ եւ կարող են լուրջ դերակատարում ունենալ նմանատիպ ծրագրերի իրականացման գործում»,- նշել է դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին՝ հավելելով, որ առաջիկայում իրանական կողմը նախատեսում է նաեւ ուսումնասիրություն կատարել Հայաստան-Իրան հատվածում զբոսաշրջային ենթակառուցվածքների ուղղությամբ, արծարծել խնդիրները եւ լուծումներ տալ:

Դեսպանի խոսքով՝ երկկողմ գործնական քայլերը կարող են նպաստել տուրիզմի զարգացմանը՝  ինչպես Հայաստանում, այնպես էլ Իրանում:

«Լուսանցք» թիվ 30 (420), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։