Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում (3-րդ մաս) – 2014թ. որոշ տեղեկություններ տարածվեցին, թե Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների համար նախատեսված մոտ 900 միլիոն դոլարից ավելի գումարի չարաշահումներ են եղել…

Սկիզբը՝ թիվ 36-37-ում

2012թ. սեպտեմբերի 13-ին տրվեց «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մեկնարկը: Այդ ժամանակ տրանսպորտի եւ կապի նախարարն արդեն Գագիկ Բեգլարյանն էր:

Ծրագրի շինարարության բացման արարողության ժամանակ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը կարեւորեց այս ճանապարհի շինարարությունը, որը Մեղրին՝ ՀՀ հարավային դարպասը, կկապի Վրաստանի սեւծովյան նավահանգիստների հետ, թույլ կտա ՀՀ-ին դառնալ տարանցիկ երկիր:

«Սա կբարձրացնի Հայաստանի տարածաշրջանային դերն ու նշանակությունը»,- սա էր Ա. Հովսեփյանի խոսքը: Նրանից բացի արարողությանը ներկա էր Գագիկ Բեգլարյանը եւ շինարարություն իրականացնող‘ իսպանական «Իզոլյուքս Քորսան» ընկերության նախագահ Ֆրանիսկո Գարսիան:

Գագիկ Բեգլարյանն այդ ժամանակ ասաց, թե օրը կարեւոր է, քանզի ծրագիրը ՀՀ-ում իրականացվող ամենամեծ ծրագրերից մեկն է եւ ունի տնտեսական եւ պետական մեծ նշանակություն: «Այս ծրագրով ստեղծվելու է 1000-ից ավելի աշխատատեղ»,- հպարտությամբ ասաց նախարարը: Ու միաժամանակ հավելեց, թե շինարարության ընթացքում օգտագործվելու է միայն հայկական հումք, իսկ դրսից բերվել է նոր տեխնիկա, որը Հայաստանում մինչ այդ չկար:

Ասել ենք, որ ծրագրի իրականացման համար Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2009-ին կնքվել է շրջանակային ֆինանսավորման համաձայնագիր, որով նախատեսվում է 962 մլն. դոլարի ֆինանսավորում, որից Ասիական զարգացման բանկի մասը կազմում է 500 մլն. դոլար: 2012թ. սեպտեմբերին ազդարարված շինարարական աշխատանքները նախատեսում են նաեւ Երեւան-Արտաշատ շուրջ 20 կմ հատվածի լայնացում, ինչպես նաեւ ճանապարհի ասֆալտածածկի փոխարինում՝ բետոնայինով:

Ֆ. Գարսիան իր հերթին նկատեց, թե իրենք ծանոթ են տարածաշրջանային կլիմային եւ գիտեն, թե ինչ դժվարությունների կարող են հանդիպել շինարարության ընթացքում.«Մենք ամբողջովին պատրաստ ենք իրականացնել այդ ծրագիրը»:  

Չանցած մեկ տարի՝ 2013թ. հունիսին արդեն հրապարակավ անհանգստություն, մտահոգություններ հնչեցին ծրագրի հետ կապված. ինչքա՞ն գումար է ծախսվել, քանի՞ կմ ճանապարհ է կառուցվել, անգամ խոսեցին յուրացումների մասին եւն:

2013թ. հունիսի 13-ին Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը՝ պատասխանելով «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանի հարցին, թե մինչեւ այժմ որքան գումար է ծախսվել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցման համար, ասաց. «Այս տարվա ծրագրով շատ-շատ քիչ է, պիտի մշակենք ու հասկանանք: Չեմ կարծում՝ դա մեծ լինի, առաջիկայում համապատասխան հայտարարություն կանենք»,- ասաց Զաքարյանը: Նա հավաստիացրեց, թե նախագծի համար գումարներ հատկացրած Ասիական զարգացման բանկի առաջ քաշած պահանջները մեկ առ մեկ կատարվել են, բայց ամեն դեպքում՝ Վերահսկիչ պալատն ու տրանսպորտի եւ կապի նախարարությունը խնդիրներ են հայտնաբերել ու այժմ էլ աշխատում են այդ խնդիրները շտկելու համար: Լեւոն Զուրաբյանը նշեց, որ բոլորն ուզում են այդ գողին գտնել, չաղ ու բախտավոր չինովնիկին գտնել, բայց ոչ ոք չի կարողանում գտնել ու չի իմանում՝ ինչ է պետք դրա համար անել, մինչդեռ այստեղ պետք է դնել քաղաքական պատասխանատվության հարց:

Զուրաբյանը Զաքարյանից հետաքրքրվեց՝ տեղի ունեցողի համար պատասխանատվություն կրո՞ւմ է ծրագրի կառավարման խորհուրդը եւ նրա նախագահ Տիգրան Սարգսյանը:

Զաքարյանը պատասխանեց. «Մենք անընդհատ խոսում ենք խնդիրներից, խախտումներից, պիտի ասեմ, որ հիմա, երբ մենք համարձակ մտնում ենք այս դաշտը, երկուսուկես տարի անընդհատ կենսաթոշակների հետ կապված ինչ ասեք ասեցին եւ՛ էս դահլիճում, եւ՛ մամուլում, վերահսկիչ պալատի նախագահի ելույթը «շոուից» բռնած՝ ինչ ասես բնորոշեցին: Վերջում ի՞նչ եղավ: Եղավ այն, ինչ որ եղավ: Էդ ամբողջ համակարգը բացվեց, ձերբակալվեցին, հիմա գնում է դատավարություն, եւ ես վստահ ասում եմ, որ պետական բյուջեի ծախսային մասի 30%-ը չի կարող էդ համակարգով գնալ առաջ»:

Լեւոն Զուրաբյանը նշեց, որ տեսականորեն հնարավոր է՝ նոր տենդեր անցկացվի, եւ այս դեպքում արդեն իսկ ծախսված գումարը դառնում է քամուն տված փող: Զուրաբյանը երկրորդեց՝ այդ դեպքում կառավարման խորհուրդը եւ խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը, որոնք անցկացրել են այդ տենդերը, եւ որի հետեւանքով անարդյունավետ ծախսվել են պետական միջոցները, պատասխանատվություն կրո՞ւմ են դրա համար: Զաքարյանը պատասխանեց, որ Վերահսկիչ պալատն ու տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնաբերված խնդիրների մասին զեկուցել են վարչապետ Տիգրան Սարգսյանին, վերջինս էլ համապատասխան հանձնարարականներ է տվել: Զաքարյանն ասաց՝ եթե իրավիճակը շտկվի, աշխատանքները կշարունակվեն, եթե չշտկվի՝ չընկնելով որոշակի տույժ-տուգանքների տակ, տենդերը չեղյալ կհամարվի, եւ նոր մրցույթ կհայտարարվի:

2014թ. արդեն որոշ տեղեկություններ տարածվեցին, թե Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների համար նախատեսված մոտ 900 միլիոն դոլարից ավելի գումարի չարաշահումներ են եղել: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը հերքեց՝ նկատելով, որ դրանք  չեն համապատասխանում իրականությանը: Նա ներկայացրեց ճանապարհի կառուցման՝ տրանշ 1-ի շինարարական աշխատանքների ընթացքը՝ տեղում լրագրողներին ցուցադրելով, թե ինչ աշխատանքներ են կատարվել, կատարվում եւ դեռ պետք է կատարվեն:

Արթուր Սարգսյանի խոսքերով՝ տրանշ-1-ը ներառում է հյուսիս-հարավ արագընթաց ճանապարհային միջանցքի Երեւան-Արտաշատ եւ Երեւան-Աշտարակ հատվածը՝ շուրջ 31 կմ: Տրանշ-1-ի շինարարական աշխատանքները ֆինանսավորվում են Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ADF ֆոնդից (արտոնյալ վարկային միջոցներ առանց պարտավճարի)՝ 60 մլն. ԱՄՆ դոլարի չափով եւ ՀՀ պետբյուջեից՝ միայն հարկերի մասով շուրջ 15 մլն. ԱՄՆ դոլարի չափով: Տրանշի շինարարական աշխատանքների ընդհանուր արժեքը գնահատվել է 70,4 մլն ԱՄՆ դոլար: Տրանշ-1-ի շինարարական աշխատանքների մի մասը՝ ճանապարհի երթեւեկելի մի հատվածն արդեն իսկ ավարտվել է, իսկ երթեւեկելի մյուս մասն արդեն մեկնարկել է ու, Արթուր Սարգսյանի հավաստմամբ, կավարտվի մինչեւ այս տարվա դեկտեմբերի վերջ: Զուգահեռաբար մեկնարկել են նաեւ Տրանշ-2-ի շինարարական աշխատանքները՝ կատարվում են ճանապարհի մշակման, հողային, խճի տոփանման եւ այլ աշխատանքներ:

Արթուր Սարգսյանը ասաց նաեւ, որ առաջին եւ երկրորդ ծրագրերի շինարարական աշխատանքների իրականացման համար, Ասիական զարգացման բանկի ընթացակարգերին համապատասխան, միջազգային բաց մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված իսպանական «Քորսան Քորվիամ քոնստրուկցիոն Էս.Էյ.» ընկերության հետ 27,04. 2012թ. կնքվել է 250 մլն. դոլարի (ներառյալ՝ հարկերը) պայմանագիր: Ընկերությունը ՀՀ է ներմուծել բետոն փռող 2 մեքենա՝ ամբողջությամբ համակարգչային կառավարմամբ, երկու բետոն արտադրող արտադրամասեր՝ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած: Բետոնի մեջ օգտագործվում են հիմնականում տեղական հումքեր՝ ցեմենտ, որ արտադրվում է Հայաստանում, ջուր, խիճ ու որոշ հատուկ հավելանյութեր, որոնք ներկրվում են արտասահմանից:

Նաեւ շեշտեց, թե բոլոր գնումները իրականացվում են Ասիական զարգացման բանկի գնումների ձեռնարկի, ծրագրի վարչարարության կանոնակարգերի եւ այլ կանոնակարգող փաստաթղթերի համապատասխան: Այսինքն, ըստ Ա. Սարգսյանի, անհրաժեշտ միջոցները ոչ թե գալիս են Հայաստան ու մտնում բյուջե՝ այնտեղից կապալառուին տրամադրվելու համար, այլ երբ կապալառուն վերջացնում է իր համապատասխան աշխատանքը, Հայաստանն, ի դեմս տրանսպորտի եւ կապ նախարարության, ստուգում, փորձարկում ու ընդունում է աշխատանքը, ինչից հետո համապատասխան փաստաթղթերն ուղարկում է ԱԶԲ-ին, որն էլ արդեն այդ փաստաթղթի հիման վրա փոխանցում է կատարում կապալառուի հաշվին:

Տրանշներ 1-ի եւ 2-ի շրջանակներում իրականացված փաստացի ֆիզիկական աշխատանքները եւ մատուցված ծառայությունները, ֆինանսական արտահայտմամբ, կազմել են շուրջ 39,0 մլն. դոլարին համարժեք դրամ, որի դիմաց փաստացի վճարվել է շուրջ 16,9 մլն. դոլար: Տարբերությունը կազմում են դեռեւս չընդունված եւ փորձարկումների փուլում գտնվող ծառայություններն ու աշխատանքները, որոնց գումարը կազմում է շուրջ 22,1 մլն. դոլար:

Գագիկ Բեգլարյանն էլ նշեց, թե «իրենց նկատմամբ հնչած քննադատության ու մեղադրանքները հիմք չունեն, քանի որ ծրագրի համար մինչ օրս ծախսվել է ընդամենը մոտ 17 մլն. դոլար: Իսկ մնացած մասը հայկական կողմը չի վճարում, քանի որ դեռ պետք է համոզվեն, որ կատարվել է լավ աշխատանք, ու հանձնվող ճանապարհը համապատասխանում է որակի՝ նախապես հայտարարված չափանիշներին»:

Ի՞նչ են ասում հասարակական կազմակերպություննները: Այս մասին՝ հաջորդիվ:

Շարունակելի

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 38 (428), 2016թ.

http://www.hayary.org/wph/?p=5891Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում (մաս 2-րդ) – Երբ խոսքը երկրի անվտանգության խնդրին է վերաբերում, ապա մնացած ամեն ինչ հետին պլան է մղվում (Արմենուհի Մելքոնյան, «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

http://www.hayary.org/wph/?p=5877Հյուսիս-Հարավ. ի՞նչ է կատարվում իրականում – Այս պատկերն էր 6 տարի առաջ… Ահազանգ կա, որ ներգրավված գումարները վատնվել են, եւ ճանապարհն էլ չկա այն երկարությամբ, որ պիտի լիներ գոնե այս փուլում… Ինչպե՞ս է ռազմավարական նշանակության այդ ծրագրի իրագործումը վստահվել Գագիկ Բեգլարյանին…

http://www.hayary.org/wph/?p=5862«Հյուսիս-հարավ»-ի գլխին ամպե՞ր են կուտակվում – ամպեր կուտակվեցին դեռ այն ժամանակ, երբ տրանսպորտի նախարար նշանակվեց Գագիկ Բեգլարյանը… Փողերը տարել են. ինչու՞ վարչապետն ահազանգեց…

http://www.hayary.org/wph/?p=5695Հյուսիս-հարավ խնդիրը նոր տեսան – …Ահա սա է պատճառը, որ տրանսպորտի նախարարությունը քնած էՓողերը տարել են. ինչու՞ վարչապետն ահազանգեց

http://www.hayary.org/wph/?p=5876Ըստ նորանշանակ նախարարի՝ անհրաժեշտ է ուսումնասիրել մայրուղու շինարարության աշխատանքների արդյունվետությունը – «Հյուսիս-հարավ»-ի գլխին ամպե՞ր են կուտակվում… Այնուամենայնիվ, «Հյուսիս-հարավ»-ի կառուցումը չի դադարեցվի…

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։