Վրաստանում ընդդիմությունը կարող է փողոց դուրս գալ – ՏԻՄ ընտրություններում իշխող կուսակցությունը հասել է հաջողության, իսկ ընդդիմությունը խախտումներն է ներկայացնում… «Ախալքալաքի օրը» հետաձգվել է ընտրությունների՞ պատճառով, թե՞ վրացական կողմը այս տարի էլ կչեղարկի այն (ինչպես Գումբուրդո գյուղի եկեղեցու բակում խաչքարի տեղադրումը)՝ Ջավախքի հայկականությունը վերստին թաքցնելու համար…

Սամցխե-Ջավախքի մշակույթի, սպորտի, կրթության եւ երիտասարդության հարցերով վարչության պետ Վալերի Ստելմաշովի խոսքերով, այս տարի ամեն դեպքում «Ախալքալաքի օր» տոնը կկայանա, քանի որ կատարողի եւ շրջանի միջեւ պայմանագիր կա: Ջավախքի Ախալքալաք քաղաքի տոնը, որը պետք է տեղի ունենար 2017թ. սեպտեմբերի վերջին, հետաձգվեց եւ կանցկացվի ընտրությունների թոհ ու բոհից հետո:

jnews.ge-ն նշել է, որ մրցույթը 4 տոնակատարությունների անցկացման, այդ թվում նաեւ «Ախալքալաքի օր» տոնակատարության համար Ախալքալաքի վարչությունը հայտարարել էր այս տարվա օգոստոսին: Հաղթել է «Սամոսվալի-1» ընկերությունը՝ 11.577 լարիի չափով:

«Ճիշտ է, մենք պետք է արդեն անցկացրած լինեինք տոնը, բայց առանց ղեկավարության ելույթի չէինք կարող դա անել: Մտածեցինք նաեւ, որ դա կարող են ընդունել որպես քարոզչություն, ուստի որոշեցինք անցկացնել ընտրություններից հետո»,- ընդգծել է Վալերի Ստելմաշովը: Սակայն, հստակ օրը որոշված չէ: Նշվում է նաեւ, թե այս տարի տոնը կլինի համեստ՝ միջոցառումը տեղի կունենա կամ քաղաքի կենտրոնում կամ քաղաքային մարզադաշտում:

Սակայն, վրացական իշխանությունները դեմ չէին լինի նաեւ տոնը չնշելուն, քանի որ բացի, այսպես կոչված ծախսերին, նաեւ  Ջավախքի հայկականությունն է վերստին դրսեւորվում…

«Ախալքալաքի բերդում անցկացնելու համար անհրաժեշտ է բեմ, լուսավորություն, իսկ այդ ամենը գումար է պահանջում: Մենք ունենք ընդամենը 6000 լարի: Այդ գումարով չենք կարող անել ամեն ինչ: Լավ տոնը կախված է ծախսերի հետ»,- հավելել է մշակույթի, սպորտի, կրթության եւ երիտասարդության հարցերով վարչության պետը: Նախատեսում են, որ տոնի օրը ելույթ ունենան շրջանի պարային խմբերն ու կլինի գյուղատնտեսական ապրանքների ցուցահանդես-վաճառք:  

«Ախալքալաքի օրը» առաջին անգամ շրջանում որոշվել էր անցկացնել անցյալ տարի՝ 2016թ.: Այդ նպատակով նույնիսկ տեղական բյուջեից հատկացվել էր 10.000 լարի: Տեղի ոչ կառավարական կազմակերպությունները հավաքվել, ստեղծել էին նախաձեռնող խումբ եւ միջոցառումների ցանկ: Կազմակերպությունները նույնիսկ առաջարկել էին տեղական իշխանություններին դոնորներ գտնել տոնակատարությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար, բայց այն ժամանակ տոնը չի կայացել: Տոնի համար նախատեսված գումարը, որպես չծախսված, վերադարձվել էր բյուջե…

Այս տարի Շրջանային ժողովում (Սակրեբուլոյում) ուզում էին ընդհանրապես հեռացնել այս ծախսերի կետը, քանի որ նախորդ տարի հատկացված 10 000 լարին չէր ծախսվել: Սակայն, քննարկումների ժամանակ որոշվում է այս տոնը մտցնել ուրիշ տոների հետ միասին, մեկ կետի տակ: Այժմ էլ Վրաստանում կայացած ՏԻՄ ընտրությունները դարձան տոնի անցկացման խոչընդոտ, սակայն դեռ վերջնականապես պարզ չէ՝ կտոնե՞ն ջավախցիները, թե՞ վրացական կողմը կչեղարկի նաեւ այս տարի:

Հենց այս օրերին տեղի ունեցան նաեւ Գումբուրդո գյուղի դեպքերը եւ, շատերի կարծիքով, այն եւս կապված է ՏԻՄ ընտրությունների հետ: «Իմ ունեցած տեղեկություններով, Ջավախքի Գումբուրդո գյուղի բնակիչներն այդ օրը որոշել էին ոչ թե եկեղեցու բակում խաչքարը տեղադրել, այլ այն ուղղակի տեղափոխել են եկեղեցու բակ, որ լինի ապահով տեղում»,- անդրադառնալով Ջավախքում հայերի ու վրացի ոստիկանների հետ բախումների միջադեպին. այս մասին ասել է Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:

Նա նշել է, որ նախապես պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ խաչքարի տեղադրումը պիտի լինի հոկտեմբերի վերջին՝ ՏԻՄ ընտրություններից հետո, ուստի, նրա կարծիքով, սադրանք է եղել: Ծեծկռտուք է սկսվել, որի ժամանակ ոստիկանությունն ավելի շատ ուժ կիրառեց, քան պետք էր, հետո հատուկ ջոկատայիններ հրավիրվեցին կողքի քաղաքից…

Մելիքյանի փոխանցմամբ, այս պահի դրությամբ հարցը կարգավորված է:

Այս պահի դրությամբ քրեական գործ է հարուցված, քննություն է իրականացվում եւ շատ կարեւոր է, որ ամեն բան պարզաբանվի:

«Երեւի թե, այս ամենը կապված է ներքաղաքական գործընթացների հետ: Մենք պետք է իմանանք, որ նման դեպքերն ունենում են արձագանք: Իսկ արձագանք ապահովում է երրորդ կողմը՝ այս պարագայում ադրբեջանական ու ադրբեջանամետ մամուլն էր, որը հայերին ներկայացրեց որպես սեպարատիստ, իսկ տեղի ունեցածը՝ հայ-վրացական բախում: Տեղի ունեցածն ընդամենը միջադեպ էր»,- ամփոփել է խոսքը փորձագետը:

«Լուսանցք»-ն ավելի բաց էր արտահայտվել իր նախորդ թողարկումներում՝ նշելով, որ Վրաստանի ադրբեջանական հատվածը եւ կիսավրացագեն ադրբեջանա-թուրքամետ վերնախավի ներկայացուցիչները հերթական անգամ խաղացրին վրացիներին հայերի դեմ: Գրել ենք, որ նպատակը միայն հայ-վրացական հարաբերությունների վատթարացումը չէ, այլեւ՝ Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծովով-Եվրոպա կապը, որ կարող է ամբողջապես խորտակել ադրբեջանա-թուրքական բոլոր տարածաշրջանային ծրագրերը, եթե Ադրբեջան-Թուրքիա կապի առանցքից դուրս գա Վրաստանը…

Հիշեցնենք, որ Սամցխե-Ջավախքի 6 քաղաքներում քաղաքապետերի պաշտոնում առաջադրվել է 35 թեկնածու, նրանցից 14-ը ազգությամբ հայեր էին: Ախալցիխե, Ախալքալաք եւ Ադիգեն քաղաքներում քաղաքապետի պաշտոնի համար պայքարել են 6-ական թեկնածու Նինոծմինդայում եւ Ասպինձայում՝ 5-ական, իսկ Բորժոմիում՝ 7: Տարածաշրջանի 6 քաղաքներից 5-ում «Գիորգի Վաշաձե – Նոր Վրաստանի միասնություն» նախընտրական դաշինքը քաղաքապետի պաշտոնում առաջադրել էր ազգությամբ հայերի: Իսկ մնացած կուսակցությունները ազգությամբ հայեր են առաջադրել միայն Ախալքալաքում եւ Նինոծմինդայում: Ադիգենում առաջադրվել է Արկադի Սահակյանի, Ասպինձայում՝ Գալուստ Մկրտչյանի, Բորժոմիում՝ Արտակ Հովսեփյանի, Ախալցխայում՝ Արզուման Զորողլյանի, Ախալքալաքում՝ Ռուբեն Մկրտչյանի թեկնածությունները:

6 քաղաքներում քաղաքապետերի պաշտոնում առաջադրված 35 թեկնածուներից միայն 2-ն էին առաջադրվել նախաձեռնող խմբի կողմից, իսկ մնացած 33-ը ներկայացնում էին քաղաքական տարբեր կուսակցություններ ու դաշինքներ: Նինոծմինդա քաղաքում նախաձեռնող խմբի կողմից առաջադրվել էր Անդրանիկ Ղարսլյանը, իսկ Ասպինձայում՝ Լեւան Ցաբաձեն: Սամցխե-Ջավախքի 6 քաղաքների քաղաքապետերի պաշտոնում առաջադրված 34 թեկնածուներից միայն մեկն էր կին, մնացածն արական սեռի ներկայացուցիչներ էին: «Վրացական երազանք-դեմոկրտական Վրաստան» իշխող կուսակցությունը Նինոծմինդայում առաջադրել էր Անիվարդ Մոսոյանի թեկնածությունը:

Հոկտեմբերի 21-ին Վրաստանում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների՝ Շրջանային ժողովի պատգամավորների եւ քաղաքապետերի ընտրություններ:

Հոկտեմբերի 21-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ սկանդալ էր հասունանում: «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը հայազգի 3 թեկնածուներին՝ Էդիկ Բերիկյանին, Կարապետ Ալոյանին եւ Էդուարդ Էլյազյանին (3-ն էլ ներկայացնում են «Վրացական երազանք» կուսակցությունը), մեղադրում էին Սահմանադրությունը խախտելու եւ ընտրություններին հայկական անձնագրերով մասնակցելու փորձի մեջ: Ստեղծված իրավիճակի մասին վրացագետ Ջոնի Մելիքյանը ասել է, որ ընտրություններից մեկ օր առաջ իսկապես թեժ պատկեր էր ստեղծվել, սակայն պարզվեց, որ այն պարզապես կեղծիք է: Շատ դեպքերում իրար դեմ են դուրս եկել վրացական կուսակցությունների հայ թեկնածուները, ինչն իհարկե աններելի է:

Ախալքալաքի քաղաքապետի պաշտոնի համար ընտրություններին մասնակցող բոլոր ուժերն առաջադրել էին հայ թեկնածուների՝ բացառությամբ Վրաստանի կիսախելագար նախկին նախագահ (ով փնտրվում է երկրի իշխանություննեի կողմից մի շարք հանցագործությունների համար եւ այժմ էլ Ուկրաինայում է զբաղված սադրիչ գործունեությամբ՝ Միխեյիլ Սաակաշվիլին Կիեւում կոչ է արել պահանջել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրաժարականը…) Միխեյիլ Սաակաշվիլու «Միացյալ ազգային շարժման»։ Բոլոր հայերը, իրենց բարեկամ-հարազատներով, լծվել էին նախընտրական պայքարին, նրանց մեջ կային նաեւ մի կուսակցությունից դուրս եկած եւ մեկ այլին անդամագրված հայ թեկնածուներ եւս: Այս խառնաշփոթի հետ սպասվում էր նաեւ, որ հայ թեկնածուների հանդեպ սադրիչ քայլեր կձեռնարկվեն, ինչը չուշացավ:

Ըստ Ջոնի Մելիքյանի, վերոնշյալ 3 հայ թեկնածուների նկատմամբ նախընտրական սադրանքը ոչ մի կապ չուներ ճշմարտության հետ, նրանք Վրաստանի քաղաքացիներ են, եւ «Եվրոպական Վրաստան» կուսակցությունը սադրանքի էր դիմել՝ ընտրություններին ընդառաջ փորձելով հակահայ աղմուկ բարձրացնել։ «Վրացական երազանք» կուսակցությունը, որի անդամ են նշյալ հայերը, հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ եւ տեղեկացրեց, որ ապատեղեկատվություն է տարածվել Վրաստանի օրինական քաղաքացիների նկատմամբ։ Ինչեւէ, ըստ Ջավախքի շրջանային ժողովի պատգամավոր Ֆյոդոր Թորոսյանի, ջավախքահայ 3 գործիչներն էլ անարգել կերպով մասնակցեցին ՏԻՄ ընտրություններին:

Ինչպես աշխարհի բոլոր երկրներում, Վրաստանում եւս ընտրություններն առանց ծեծ ու ջարդի չանցան: Պայքարը թեժ էր, քանի որ ընտրվելու էին նաեւ Թբիլիսիի, Ռուսթավիի, Բաթումի եւ Քութաիսիի քաղաքապետեր, ինչպես նաեւ՝ ավագանու անդամներ։

Ինչպես հայտնել էր Ալիք մեդիան, ընտրություններին մասնակցում էր 22 կուսակցություն եւ 5 դաշինք, նաեւ անհատ թեկնածուներ:

Ընտրատեղամասերի բացվելուց ժամեր առաջ Ախալցիխեում ծեծի էր ենթարկվել «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քաղաքապետի թեկնածու Իրակլի Բարամիձեն: Նրա խոսքով, ծեծի են ենթարկել «Վրացական երազանք»-ի անդամները, երբ փորձել է նկարահանել այդ կուսակցության գրասենյակը: «Վրացական երազանք»-ից մեծամասնական թեկնածու Զույա Բալիշվիլիի որդին է հարվածել: Իշխող թիմում մեղադրանքները հերքեցին իհարկե՝ նշելով, որ մեղադրանքը սադրանք է:

«Նոր Վրաստան» դաշինքից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու առաջադրված Գեորգի Վաշաձեն հայտարարել էր, որ մայրաքաղաքի այգիներից մեկում իր կողմնակիցները ֆիզիկական բռնության են ենթարկվել, երբ թեկնածուին սատարող ակտիվիստները թռուցիկները են բաժանել իր օգտին: Միջադեպը եղել է Բուկիա այգում, շտապ օգնության ծառայությանն են դիմել, քանի որ ակտիվիստներից մեկը կորցրել է գիտակցությունը: Բռնության հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Մառնեուլիում հատուկ ջոկատայիններ էին մոբիլիզացվել՝ 2 ավոտբուսով նրանց տեղափոխել էին քաղաքի ոստիկանության շենքի հարակից տարածք: Բացի այդ, մի քանի հատուկ նշանակության ավտոմեքենա է ավելացել նրանց՝ հասունացող բախումները կանխելու համար…

6 խորհրդարանական կուսակցություններն ու դաշինքները իշխանությանն են դիմել՝ ասելով, որ խախտումների դեպքում նրանք բնակիչներին փողոց դուրս կբերեն: Դիմել են Թբիլիսիի բնակիչներին, որ պատրաստ լինեն իրադարձությունների զարգացմանը: «Զգուշացնում ենք իշխանություններին՝ մի՛ կեղծեք ընտրությունները, հակառակ դեպքում երկրին կվերադարձնենք իր անցյալը»,- ասել է քաղաքապետի թեկնածու Կախա Կուկավան, ով ներկայացնում է «Դեմոկրատական շարժում-Ազատ Վրաստանը»: ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ «Եվրոպական Վրաստան»-ը ճեպազրույց է անցկացրել եւ քաղաքական խորհրդի անդամ Իրմա Նադիրաշվիլին հայտարարել է, որ սկսում են հանրությանը տեղեկացնել բոլոր խախտումների մասին: «Մենք կպայքարենք հաղթանակի համար, ինչպես ամբողջ Վրաստանում, այնպես էլ կոնկրետ որեւէ շրջանում»,- հայտարարել են նախընտրական դաշինքները…

Իսկ տեղական դիտորդական կազմակերպությունները հայտարարել են, որ ընտրություններն անցել են հանգիստ, առանց լուրջ խախտումների: ԿԸՀ-ն էլ հայտարարել է արդեն, որ օրենքի մեծ խախտումներ չեն գրանցվել եւ Վրաստանում ՏԻՄ ղեկավար ընտրող 64 համայնքներում ընտրությունները կայացած են:

Ինչ վերաբերում է կուսակցություններին, 54% հավաքել է «Վրացական երազանք»-ը, «Միացյալ ազգային շարժում»-ը՝ 16%, «Եվրոպական Վրաստան»-ը՝ 6%, «Հայրենասերների դաշինքը» 5%:

Ըստ նախնական տվյալների՝ մայրաքաղաք Թբիլիսիում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածու Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, «Միլան» եւ «Դինամո» ֆուտբոլային ակումբների նախկին խաղացող Կախա Կալաձեն: Նրա օգտին քվեարկել է ընտրություններում մասնակցություն ունեցած շուրջ 203 հազար քաղաքացի, ինչը կազմում է ձայների 51,06%-ը: Ընդհանուր առմամբ, Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետի պաշտոնի համար պայքարել է 13 թեկնածու: Ռուսթավիի, Քութայիսիի, Փոթիի եւ Բաթումիի քաղաքապետերի պաշտոնում ընտրվել են իշխող՝ «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»-ի ներկայացուցիչները:

Մեծամասնությամբ ադրբեջանաբնակ Մառնեուլի քաղաքապետի պաշտոնում եւս իշխող կուսակցության ներկայացուցիչն է հաղթել, ազգությամբ ադրբեջանցի Թեմուր Աբազովը: Նրան հաջորդող թեկնածուները եւս ադրբեջանցիներ են՝ Ակմամեդ Իմամկուլիեւ (Եվրոպական Վրաստան) եւ Վագիմ Ասկերով (Միացյալ ազգային շարժում):

Ախալքալաքի քաղաքապետի պաշտոնը եւս կստանձնի «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան»-ի թեկնածուն՝ Յուրի Անանյանը: Հավաքած ձայներով նրան հաջորդել են՝ Սամվել Պետրոսյանը (Վրաստանի հայրենասերների դաշինք) եւ Մելիք Ռայսյանը (Ժողովրդավարական շարժում-ազատ Վրաստան):

«Նախնական արդյունքները վերանայվում են մեր աշխատակիցների կողմից: Ինչպես գիտեք, ամեն ընտրատարածքում 3 ընտրաթերթիկ է օգտագործվել, ուստի այդ ամենը վերահաշվելու համար ժամանակ է հարկավոր»,- նշել է ԿԸՀ-ի ղեկավար Թամար Կորձայան՝ հավելելով, որ շատ բան չի փոխվի վերահաշվարկից հետո:

Նշենք նաեւ, որ Վրաստանում հոկտեմբերի 21-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների համաձայն, Սամցխե-Ջավախքում նույնպես հաղթել է իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանք՝ Դեմոկրատական Վրաստան»-ը: akhaltskha.net-ի հաղորդմամբ, Սամցխե-Ջավախքի 5 շրջաններում ընտրված քաղաքապետների ցանկը հետեւյալն է՝ Ախալցխա՝ Զազա Մելիքիձե՝ 69,24%, Ախալքալաք՝ Յուրի Անանյան՝ 58,62%, Նինոծմինդա՝ Անիվարդ Մոսոյան՝ 75,35%, Ադիգենի՝ Զաքարիա Էնդելաձե՝ 60,51% եւ Ասպինձա՝ Ռոստոմ Մագրաքվելիդզե՝ 56,4%: Ինչ վերաբերում է Բորժոմիի քաղաքապետարանին, ապա այնտեղ հավանաբար երկրորդ փուլ է լինելու: Պայքարը կընթանա իշխող կուսակցության թեկնածուի եւ «Վրաստանի հայրենասերների դաշինք» կուսակցության թեկնածուի միջեւ:

Ամփոփելով նշենք, որ Ախալցխայի շրջանից, նախնական տվյալներով, քաղաքապետարանի կազմի մեջ անցել է 6 հայազգի մաժորիտար պատգամավոր։ Մոտակա ժամանակներս պարզ կդառնա նաեւ ցուցակով ընտրված պատգամավորների ցանկը:

http://www.hayary.org/wph/?p=6550Հայոց Ջավախքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են – Սամցխե-Ջավախքի 6 քաղաքներում քաղաքապետերի պաշտոնում առաջադրվել է 35 թեկնածու, նրանցից 14-ը ազգությամբ հայեր են… Խաթարված է Ջավախքի բնականոն զարգացման ընթացքը – Ջավախքահայության դիմումն առ համայն հայության (դիմումի որոշումն  ընդունվել է համաջավախքյան քննարկումների արդյունքում՝ Մեծ համաժողովի նախօրեին)…

http://www.hayary.org/wph/?p=6563Վրաստանի հակահայ ուժերը սադրում են – Հայ-վրացական հարաբերությունները մեծամասամբ դրական միտում չեն ունեցել, ինչը պատմական արմատներ ունի… Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա, թե՞ Իրան-Հայաստան-Վրաստան տարածաշրջանային եռյակ… Թուրքամետ խառնավրացիները իշխում են նաե՛ւ վրացիներին, իսկ հայերի հետ բախման պատճառ չկար, բայց բախումը եղավ – ովքե՞ր են այդ սադրիչները…

http://www.hayary.org/wph/?p=6562Հայոց Ջավախքում՝բնականաբա՛ր որպես հայ – Ջավախքը՝ Հայաստանի եւ ամբողջ հայության խնդիրն է – համայն հայության հիմնախնդիրների օրակարգում պիտի լինի… Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորապես մտահոգված է Գումբուրդոյի իրավիճակով… Հայկական խաչքարի տեղադրումը կխոչընդոտի՞ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործին…

http://www.hayary.org/wph/?p=6588Լինե՛նք ջավախքցիների եւ վիրահայության կողքին – 1.- Գյումբուրտա. միջադեպի իմաստասիրությունը – Ո՞վ է հակահայկական քայլերի համակարգողը… Ցավալի է, որ Հայաստանի իշխանությունները իրենց հայրենակիցներին սատար չեն կանգնում եւ մենակ են թողնում այս ճակատագրական պահին… Ընդգծենք, որ այստեղ վրացիներ ընդհանրապես չեն բնակվել…

http://www.hayary.org/wph/?p=6587Լինե՛նք ջավախքցիների եւ վիրահայության կողքին – 2.- Գումբուրդոյում խաչքար կկանգնեցվի 3 տարի հետո –Ինչպիսի՞ն կլինեն մինչ այդ հայ-վրացական հարաբերությունները… Սա համահունչ է նաեւ Եվրոպա-Ասիա (րան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծովով Եվրոպա կամ վրաց-ռուսական սահմանով՝ նաեւ Ռուսաստան կապուղիները) կամ «Մետաքսի հին ճանապարհի»՝ Չինաստան-Եվրոպա վերագործարկման նպատակների հետ…

http://www.hayary.org/wph/?p=6586Լինե՛նք ջավախքցիների եւ վիրահայության կողքին – 3.- Վիրահայոց թեմը հաստատում է՝ տաճարի նկատմամբ հավակնություն չունի եւ այն համարվում է վրացական… Նախնիների գերեզմանի նկատմամբ հարգանքն անվիճելի է, բայց… Հիմա էլ Գումբուրդոյի եկեղեցու պատկանելությա՞ն հարցը զիջել… առաջիկայում հայ-վրացական հարաբերությունների օրակարգ կառաջադրվի…

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 38 (471), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։