Տնտեսական աճը՝ «վերազգային» երեւու՞յթ – ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը՝ վերազգային քաղաքականության հետեւորդ – նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ ազգային պետության վախճանի կողմնակից…- Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)… Հայ պաշտոնյաների, նրանց բարեկամների բուլղարական բիզնեսն ու անշարժ գույքը…

Իշխող կուսակցության թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական ժամանակահատվածներում առանձնակի նշվում էր, թե կյանքի այն ոլորտներում, որտեղ մարդիկ պիտի զգան փոփոխությունների շունչը, այս անգամ տեսանելի է լինելու: Բոլորն են հասկանում, որ ի վերջո, այսպես կոչված փաստաթղթային բարելավումներն ու պետականորեն գրանցվող տնտեսական աճի տեմպերը ոչ մի ձեւով չեն ազդում ո՛չ քաղաքի, ո՛չ էլ գյուղի բնակչի գրպանի պարունակության աճի եւ տան սեղանի առատության վրա…

Փաստորեն, դրանք ազդում են հիմնականում պաշտոնյաների, գործատեր եւ հարուստ-բարեգործ երեւացողների, պետական կառավարման համակարգին մոտ կանգնած անձանց գրպանի պարունակության վրա: Եվ նրանք 3-4%-ով, անգամ 7%-ի են ձգտում հասցնել… զգում են այդ աճը: Իսկ ով պարզապես քաղաքային կամ գյուղական բնակավայրի աշխատավոր է, նա նույն կարգավիճակում է մնում, լավագույն դեպքում՝ նույն ունեցվածքով, եթե ստիպված չի լինում իր կենցաղի տարրական պայմանները պահպանելու համար ինչ-որ բան վաճառել տան գույքից, իր պահարանի կամ նկուղում նեղ օրվա համար պահած ինչ-որ մի բանից…

Այսինքն՝ գործում է հանրահայտ տեսությունը՝ փողն է փող բերում: Եվ մեր երկրում աճի մենաշնորհը փողի բուրգի շուրջն է պտտվում… Նշանակում է՝ չունեւորը «ճակատագրական» ճանապարհի վրա է հայտնվել եւ այդ ճանապարհը ոչ մի լուսավոր բան չի խոստանում վերոնշյալ տրամաբանությամբ առաջնորդվելու դեպքում: Եվ տոկոսների մասին բարձրագոչ հայտարարությունները սկսում են զանգվածաբար նյարդայնացնել մարդկանց:  

Վերջերս վարչապետ Կարեն Կարապետյանը, ով նախընտրական եւ հետընտրական խոստումների երաշխավորն էր հանդես գալիս (հասկանալի է՝ պատասխանատուն միայն նա չէ), նշեց, թե մենք ունենք լուրջ մրցակցային առավելություններ թե՛ տարածաշրջանում, թե՛ այլ երկրների համեմատ: «Վերջին տարիներին Հայաստանն արձանագրել է զգալի առաջընթաց տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների զարգացման բնագավառում եւ ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ներուժը՝ դառնալու տարածաշրջանային կենտրոն եւ կարեւոր դերակատար»,- հայտարարել է վարչապետը ելույթ ունենալով «ԱրմԹեք 2017» գլոբալ համաժողովի բացմանը: Նրա հրապարակած տվյալների համաձայն, 2008-2016թթ. ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գրանցվել է տարեկան միջինը 20-22% աճ, ինչը պայմանավորված է նաեւ կառավարության կողմից իրականացվող քաղաքականությամբ:

«Բայց դա մեզ պետք է չհանգստացնի, դա այս ոլորտի գագաթնակետը չէ, եւ աճի տեմպերը, իմ պատկերացմամբ, կարող են լինել շատ ավելի բարձր»,- ասել է կառավարության ղեկավարը: Նրա խոսքով, Հայաստանի կառավարությունը, առաջնորդվելով տնտեսության մրցունակության բարձրացման եւ շարունակական տնտեսական աճի ապահովման հրամայականներով, կարեւորում է այս ոլորտը, կարեւորում է գիտելիքի վրա հիմնված տնտեսություն կառուցելու անհրաժեշտությունը:

Կներեք, բայց «գիտելիքի վրա հիմնված տնտեսություն կառուցելու անհրաժեշտությունը» կարեւորում է յուրաքանչյուր հայ, ինչը գենետիկ բնույթ ունի, հայի «ուսման ծարավը» հանրահայտ է ամբողջ աշխարհում: Բայց ո՞վ պետք է ապահովի, որ այդ «ուսման ծարավը» չկտրվի, որ գիտելիք ստացողը տարրական պայմաններում գոնե կարողանա ապրել եւ վաղվա օրը նրա համար մոտակա հեռանկար չընկալվի, երբեմն էլ անհասանելի հեռանկար…

Եվ կարելի՞ է իմանալ, ի՞նչ է կատարվում այն մասնագետների հետ, երբ հարյուրներով ավարտում են այս կամ այն բուհը եւ աշխատատեղ փնտրում: Հարցը հռետորական էր, լավ գիտենք, թե ինչ է լինում մի քանի տարի աշխատանք փնտրող բարձրագույն կրթությամբ մարդու հետ, նա արտագաղթում է… լինում են դեպքեր, երբ հրավիրվում է դրսում աշխատելու:

Ես, որպես հայ ազգայնական, որ կտրականապես դեմ է արտագաղթին, անգամ մեր հայրենիքի «չոր հացի» քարոզն եմ անում, չեմ կարող չասել նաեւ, որ մեզանում քիչ չեն արտագաղթեցնողները: Հենց սրանց նմաններն էլ վայելում են այսպես կոչված տնտեսական աճի բարիքները:

Այսօր մի բուռ մնացած Հայաստանը կարելի է փակ աչքերով էլ ճանաչել, բռի մեջ դիտարկել երկրի մկանային համակարգը, ամեն մի թիզ հողի շունչն զգալ, մի բուռ երկիրը կարելի է դրախտի անկյուն դարձնել ազգի համար, եթե միայն ցանկություն եւ կամք լինի: Եթե ազգայինը-ներազգայինը վերազգայինից (որն իրականում ապազգայինն է) միշտ վեր կանգնած լինի…

Իսկ վարչապետը շարունակում է, թե «կառավարության կողմից մասնավոր հատվածի հետ համատեղ հաջողությամբ իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են տեխնոլոգիական ձեռներեցության խթանմանը, արտահանման եւ ներդրումների ծավալների ավելացմանը, վերազգային կազմակերպությունների ներգրավմանը, ոլորտի տարածքային համաչափ զարգացմանը, որակյալ տեխնոլոգիական մասնագետների պատրաստմանն ու կրթական կարողությունների հզորացմանը, ինչն իր հերթին խթանում է համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա Հայաստանի կայուն դիրքավորումը»…

Այսքանը լսելն արդեն իսկ բավարար է, կարելի է չշարունակել: Պարզապես մի հետաքրքիր ձեւակերպման մասին խոսենք, որի հետ կառավարության ղեկավարը հատկանշական է համարել համագործակցությունը, դա «վերազգային ընկերությունների հետ» ձեւակերպումն է: Նշվում է՝ «այսօր Հայաստանում գործում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այնպիսի առաջատար անդրազգային ընկերություններ, ինչպիսիք են՝ «Սինոփսիս», «Մենթոր Գրաֆիքս», «Նեյշնլ Ինսթրումենթս», «Մայքրոսոֆթ», «Վի Էմ Ուեր», «Դ-Լինկ», «Օրաքլ», «Սիսկո», «ԱյԲիԷմ»  եւ այլ ընկերություններ»…

Հայերենը զուտ խոսակցական լեզու չէ, լեզվամտածողություն է թելադրում հայոց լեզուն, գենետիկ կապ կա լեզվի ու խոսքի մեջ, լեզուն գենի արտահայտչամիջոցն է… ինչը մեր բազմաթիվ պաշտոնյաների (ցավոք, ոչ միայն նրանց) համար այլմոլորակայիններին հասկանալու պես մի բան է:

Երբ ասում ենք «վերազգային ընկերություններ», ապա դա ծածկագրի նման է դառնում, եւ վերազգային ձեւակերպումը մեր իրականության մեջ լեզվական ոլորտից (խոսքից) անցնում է մտածողության ոլորտ եւ վերածվում ազգից վեր՝ ազգի շահերն անտեսող երեւույթի… Սա շատ հեշտ է կատարվում, քանի որ փող ունեցողների մեծ մասի մոտ անձնականը վեր է ազգայինից եւ պետականից: Այսինքն՝ վերազգային տնտեսակարգը եւս վերազգային մտածողության հետեւանք է…

Այսպես է ոչ միայն քաղաքացիական կյանքում, այլեւ՝ հոգեւոր, մշակութային եւ այլ: Այն ձեւակերպումը, որ կրոնը վերազգային երեւույթ է, հարյուրամյակներ շարունակ հայի հավատը դարձրել է համաշխարհային կրոնական ապազգային կառույցների սպասարկու… Անգամ տգետներ կան, որ պնդում են, թե 1700-ամյս կրոնն է տասնյակ հազարամյակների պատմություն ունեցող հային ազգ դարձրել: Այսպես կորցրել ենք նաեւ մեր մշակութային առանձնահատկությունները, եւ ՅՈւՆԵՍԿՕ-ի նման մի փողերի լվացման «օրինական» կառույց, կարողանում է հայի բազմահազարամյա ազգային արժեքները մաս-մաս նվիրել թուրքին ու ադրբեջանցուն, պարսիկին ու վրացուն, քրդին ու արաբին եւ այսպես շարունակ: Փաստորեն, վերազգային (խառնազգային) մշակույթն է համարվում համաշխարհային մակարդակ, որի հետեւորդներից նաեւ մեր երկրում կան…

Ահա այսպես էլ, հայի լեզվամտածողությունից (ուրեմնեւ՝ ինքնության բացակայությունից) զուրկ պաշտոնյան կամ գործարարը կամ որեւէ ոլորտի այլ գործիչ, ամեն մեկն իր տեղում «վերազգային ընկերությունների հետ» կառուցում է «վերազգային պետություն», որը ծառայում է բացառապես «վերազգային նպատակների»… Ականջը կանչի նախկին վարչապետերից մեկի՝ Տիգրան Սարգսյանի, ով լինելով Հայաստանի վարչապետը, հոդված էր հրապարակել՝ «Պետության վախճանը»: Իսկ հիմա այդ համաշխարհային կառավարության մի բեւեռի՝ ԱՊՀ-ԵԱՏՄ-ի տնտեսական հարցերով է զբաղվում…

Այսինքն՝ դեռ համաշխարհային կառավարության եւ աշխարհում մեկ պետության ու մեկ ազգի ստեղծման համար ե՞նք շարունակում ծառայել ազգովի…

Իսկ ներկայիս վարչապետը շարունակում է. «Եվ որքան մեզ հաջողվի արդյունավետ լինել գործել, այնքան ավելի արագ կապահովենք տեխնոլոգիաների մուտքն առօրյա կյանք։ Սա վերաբերում է ոչ միայն կառավարության, այլեւ մեր տնտեսության բոլոր ճյուղերի արդյունավետության բարձրացմանը՝ սկսած բանկային համակարգից ավարտած գյուղատնտեսությամբ… ընդլայնելու ենք համագործակցությունը միջազգային, այս բնագավառի վերազգային, նաեւ տեղական (սա էլ երեւի թե ազգայինն են համարում…) կազմակերպությունների հետ, ինչը կխթանի մրցունակության բարձրացումը ու տարբեր ոլորտներում կայուն տնտեսական աճի ապահովումը»…

Արդեն հասկանալի է, որ «տեղական կազմակերպությունները» ջանք ու եռանդ չեն խնայելու «վերազգային կազմակերպությունների» ներդրումներն ու տնտեսական աճը ապահովելու համար: Այսպես են անում նաեւ դրամաշնորհակեր այն «տեղական կազմակերպությունները», որոնք սեփական անվան վարկաբեկման գնով անգամ պաշտպանում են «վերազգային կազմակերպությունների» ապազգային ու հակամարդկային, անբարո եւ կրոնախեղ բոլոր ծրագրերը…

«Ավարտելով խոսքս՝ մեր տեղական ընկերություններին ցանկանում եմ շատ ավելի ակտիվ եւ համարձակ լինել, որովհետեւ հայտարարել ենք, որ կառավարությունը պատրաստ է յուրաքանչյուր տրամաբանական, նույնիսկ եթե անհրաժեշտ է, հեղափոխական լուծումների գնալուն: Շատ ակտիվ եղեք նաեւ կրթական համակարգում»,- ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Իսկ տարեվերջին մեր երկրի արտաքին պարտքը կրկին կավելանա: Ինչպես ֆինանսների նախարար Վարդան Արամյաննն է նշել՝ «2017թ. վերջին Հանրապետության պետական պարտքը կհասնի 58,8%-ի: Իսկ 2016թ. վերջին երկրի ընդհանուր պարտքը եղել է ՀՆԱ 56,6% կամ՝ 5,9 մլրդ. դոլար: «Այս տարեվերջին կունենանք արտաքին պարտքի ավելացում շուրջ 400 մլն. դոլարով, եւ ներքին պարտքի ավելացում՝ մոտ 30 մլն. դոլարով։ Այսինքն՝ արտաքին պարտքը կկազմի 5,4 մլրդ. դոլար, ներքինը՝ 1 մլրդ. 269 մլն. դոլար»,- նշել է նախարարը՝ հավելելով, թե ակնկալվում է, որ տարեվերջին կունենանք 4,3% տնտեսական աճ…

Կրկին հասանք սույն հոդվածի սկզբին:

Եվ «վերազգային կազմակերպությունների» ջանքերը եւս զուր չեն անցնում՝ «Մրցունակության համաշխարհային զեկույց»-ում Հայաստանը դիրքերը բարելավել է 6 կետով: Մեր երկիրը 137 երկրի շարքում զբաղեցրել է 73-րդ տեղը, ինչը «տեղական կազմակերպությունների» անդուլ աշխատանքի արդյունքն է, որ ապահովել է բացառապես «վերազգային կազմակերպությունների» տնտեսական աճը…

Այսպես էլ պիտի լիներ, եթե երկիրը դարձրել են սպասարկող պետություն, այսինքն՝ որպես երրորդ կարգի մի ծառայող երկիր… առանց ծանր ու թեթեւ արդյունաբերության, մեքենաշինության եւ ռազմարտադրության, առանց արտադրատեսակների ու արհեստների բազմազանության եւ բերքաշատ գյուղատնտեսության... Եվ «վերազգային ընկերությունների» օժանդակությամբ զարկ են տալիս բացառապես հյուրանոցային ու խաղատնային համալիրներին, իսկ տնտեսական աճը փորձում են զբոսաշրջությամբ կարգավորել… ու խորտկարանային կամ սրճարանային կամ էլ տարաբնույթ բաղնիքա-մերսումային սպասարկումներով պետական պարտքը ծածկել…

Փաստորեն, մեր առաջարկած Հայապահպանության նախարարության ստեղծումը իրոք արդիական է մնացել, քանզի հային ոչ միայն արտերկրում, այլեւ՝ հայրենիքում պետք է հայացնել… Եվ հայկական արժեհամակարգը ավելի ընկալելի ու կիրառելի դարձնել:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

http://www.hayary.org/wph/?p=6347Հայապահպանության նախարարության տեսլականըՍա իրականում Համահայկական նախարարության ստեղծման փորձ էր լինելու, համահայկական սահմանադրության, բանակի, անվտանգության համակարգի, դրամատան եւ այլ կառույցների ստեղծման խնդիրներ պիտի լուծեր նախարարությունը (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5866Հայոց հավատի ու գաղափարախոսության պետականացումը՝ այլեւս անհրաժեշտություն – Հայ արիականները բանակցում են երկրի աշխարհիկ եւ հոգեւոր իշխանությունների հետ (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=6380#more-6380Հայ Արիական Միաբանությունը ընդդիմադիր է եւ՛ իշխանությանը,  եւ՛ ընդդիմադիրներին, եւ՛ եկեղեցուն…- Միակ  գաղափարա-քաղաքական, ռազմա-աշխարհակարգային եւ հոգեւոր-հավատամքային այլընտրանքը… (Արմեն  Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5731 - Ազգայնականության ներքին ու արտաքին մերժումները‘ տկարամտության ու նենգամտության հետեւանք.- Ազգայնականության եւ անկախության համահունչ ազդակները… Հայ ազգայնականությունը՝ կայացման փուլում… 3. Հայ ազգայնականությունը՝ միջազգային ասպարեզում… (Արմեն Ավետիսյամ, ՀԱՄ առաջնորդ)…

http://www.hayary.org/wph/?p=5881  Իշխանությունն ու ընդդիմությունը՝ հայոց պետությունը չե՛ն – Վերջապես ե՞րբ ենք զատելու հայրենիքը՝ պետությունից, պետությունն էլ իշխանությունից կամ ընդդիմությունից… Հայաստանը հա՛յի երկրիրն է ու վե՛րջ…Հայը հայկական պետության մեջ ռազմագերի չի՛ կարող լինել…

http://www.hayary.org/wph/?p=5397 Համակարգի փոփոխություն՝ համակարգային փոփոխությամբ – Պիտի  վերակազմակերպել Հայաստանի քաղաքական բնագավառը ոտքից գլուխ՝ գաղափարաբանություն հաղորդելով  գրեթե միագաղափարբազմակուսակցականությանը… (Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

* * *

Հայ պաշտոնյաների, նրանց բարեկամների բուլղարական բիզնեսն ու անշարժ գույքը

Վաշինգտոնում գործող «Global Financial Integrity» հետազոտական եւ խորհրդատվական կազմակերպությունը, որը պարբերաբար զեկույցներ է հրապարակում զարգացող երկրներից ապօրինի ֆինանսական հոսքերի մասին, 2015-ին նշել էր, որ 2004-2013թթ. Հայաստանից ապօրինի ճանապարհով դուրս է բերվել 9,8 մլրդ դոլար:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ մեր երկրի արտաքին պարտքն այդ նույն հատվածում 1,2 մլրդ դոլարից հասել էր 3,8 մլրդ-ի, եւ ըստ պաշտոնական կանխատեսումների, այդ թիվն այս տարեվերջին կհասնի 5,4 մլրդ-ի:  

Ըստ hetq.am-ի, Հայաստանից դուրս բերված գումարները հայտնվում են այլ երկրներում՝ բիզնեսի մեջ ներդրումների, անշարժ գույքի ձեռքբերումների, բանկային հաշիվներին փոխանցումների եւ այլ ձեւերով: Ներկայացվող փաստերն ապօրինի ֆինանսական արտահոսքերի օրինակ են, եւ հայ պաշտոնյաներն ու նրանց հարազատները տարբեր երկրներում հսկայական կարողություններ ունեն, իսկ այս պատմությունը դեռ միայն Բուլղարիայի մասին է…

Վերջին տարիներին այդ երկրում մի շարք հայ պաշտոնյաներ եւ նրանց հարազատները անշարժ գույք են ձեռք բերել, ոմանք էլ մտել են բիզնեսի մեջ՝ ոչ միայն ընկերություններում գործադիր պաշտոններ զբաղեցնելով, այլեւ դառնալով դրանց սեփականատեր:

Ըստ օրենսդրության Բուլղարիայի կամ ԵՄ քաղաքացի չհանդիսացողները, ինչպեսեւ այդ երկրում կեցության իրավունք չունեցողները, որոնք անշարժ գույք են ձեռք բերում Բուլղարիայում, պարտադիր գրանցվում են «BULSTAT» ռեգիստրում: Գոյություն ունի նաեւ առեւտրային ռեգիստր, որտեղ գրանցվում են միայն ձեռնարկատիրական գործունեություն ծավալողները:

Ուսումնասիրվել են այս 2 ռեգիստրները, որոնցում հայկական անուն-ազգանունները շատ են:

Դրանց մեջ գտնվել են նաեւ հայ պաշտոնյաների ու նրանց հետ կապ ունեցող անձանց անուններ: Ներկայացված են այդ պաշտոնյաներից ու նրանց բարեկամներից մի քանիսի պատմությունները: Վերը նշված ռեգիստրներում նախկին ԽՍՀՄ-ից ամենաշատը գրանցվել են Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Հայաստանի ներկայացուցիչները (խոսքը թե իրավաբանական, թե ֆիզիկական անձանց մասին է…):

«Լուսանցք» թիվ 40 (473), 2017թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում - http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում - http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։