Հաշվարկված քայլեր՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց առաջ – Գործնականում սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կշարունակի ղեկավարել երկրի առանցքային ոլորտները, ինչը ամուր կպահի նրա դիրքերը պետական եւ քաղաքական ոլորտներում…

Ակնհայտ է, որ Հայաստանի ներքաղաքական կյանքը կհանգեցնի այն իրողությանը, որ Սերժ Սարգսյանը կլինի միակ թեկնածուն Հայաստանի վարչապետի պաշտոնի համար՝ խորհրդարանական վարչակարգի անցնելու այս խրթին պայմաններում: Իշխող Հանրապետական կուսակցության ճնշող մեծամասնությունը որեւէ այլ թեկնածուի առաջադրման դեպքում միահամուռ չի լինի, ինչը արդեն երեւակվում է ապագա վարչապետի թափուր տեղի համար գաղտնապայքարում: Իսկ Սերժ Սարգսյանը դեռ խորհրդավոր լռում է: Այս դեպքում չի բացառվում նաեւ ընդդիմադիր ճակատի հետագա աշխուժացում, եթե հանդարտ ընթացող իշխանական նավը խորտակման նշաններ ցույց տա: Իշխող կուսակցությունը կունենա մի քանի հովիկաբրահամյաններ եւ կարենկարապետյաններ, ինչպես խորհրդարանական ընտրություններից հետո, իսկ դա նման իրավիճակում, երբ գործող նախագահը ձեռնպահ մնա վարչապետական ուղղությունից, կարող է եւ գործել…

Սերժ Սարգսյանը ներկայացրեց ապագա նախագահին, ով Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանն է: Իսկ խորհրդարանում ելույթ ունենալիս նախագահը հստակ նշեց, որ դրական է գնահատում ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի աշխատանքը, ինչը, կարծում է, պետք է շարունակվի նաեւ հաջորդ վարչապետի ու նախագահի օրոք, իսկ վարչապետի մասին լռեց կրկին:

Սակայն այս նախնական քայլերը եւ ներքաղաքական կյանքի հնարավոր առճակատումները արդեն գրեթե բոլորին համոզել են, որ խորհրդարանական Հայաստանի երրորդ եւ ամենակարեւոր պաշտոնը կստանձնի Սերժ Սարգսյանը:  

Սկսվել է նաեւ կառավարության կազմի մասին տեղեկատվությունը դուրս սպրդել, դրանք տարբեր են եւ կա մեկը, որ տարօրինակ է հնչում: Այն է, որ  չնայած բոլորն սպասումներին՝ ապրիլին մեծ փոփոխություններ չեն լինելու կառավարման համակարգում, անգամ կարող է բոլորովին ոչ մի փոփոխություն տեղի չունենա: Կարծում ենք՝ սա մարտավարական քայլ է, վարչապետի ընտրություններն առավել հանգիստ անցկացնելու եւ ավելորդ դժգոհություններ չառաջացնելու համար, քանզի հույս կա, որ իսկապես բարեփոխումներ կլինեն:

Հետաքրքիր է, որ այսօր արդեն խոսում են նաեւ այն մասին, թե «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով սահմանվում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկումը: ԱԺ եւ ՍԴ նախագահներին, ըստ նախագծի, տրամադրվում է ծառայողական առանձնատուն Երեւանում՝ համապատասխան սպասարկմամբ: Վարչապետի որոշմամբ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նույնպես կարող է տրամադրվել ծառայողական առանձնատուն Երեւանում՝ դարձյալ սպասարկմամբ: Երկրի նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահը, պաշտոնաթող նախագահը, նրանց ուղեկցող ընտանիքի անդամները, ինչպես նաեւ ՀՀ նախագահի եւ վարչապետի պաշտոնական հրավերով ժամանած պատվիրակության անդամները կարող են օգտվել երկրի օդանավակայաններում առանձնացված հատուկ սրահից…

Բայց չի բացառվում, որ բոլորն էլ կարող են հրաժարվել սպասարկումներից… Նախագծով ապագա վարչապետը եւս կարող է ամբողջությամբ կամ մասամբ հրաժարվել Երեւանում ծառայողական առանձնատնից եւ Սեւանում պետական  ամառանոց ունենալուց: Ի՞նչ օրինակ ցույց կտա պետության վաղվա առաջին դեմքը՝ վարչապետը: Կհրաժարվի՞ այդ շքեղ սպասարկումներից հենց առաջինը:

Իսկ ՀՀԿ-ականները պատրաստվում են Սերժ Սարգսյանին համոզել՝ վարչապետ դառնալու համար: Նրանք առաջիկայում ՀՀԿ խորհրդի նիստ կհրավիրեն եւ երկրի վարչապետի պաշտոնի թեկնածու կառաջադրեն Սերժ Սարգսյանին: Եվ այստեղ է, որ Սերժ Սարգսյանը պիտի խոստովանի, թե այն խոստումը, որը տվել էր նախկինում՝ չլինել երկրի վարչապետ, առ ոչինչ է ճանաչվում, քանի որ կուսակիցների որոշումը առաջնային է սեփական կամքի նկատմամբ…

Նա արդեն քայլեր է անում նաեւ երկրի Անվտանգության խորհուրդը իր հսկողության տակ պահելու համար: Արդարադատության նախարարությունը հրապարակել է նախագիծ, որը նախատեսում է փոփոխություններ «Անվտանգության խորհրդի կազմավորման եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում: Հիմնական փոփոխությունն այն է, որ այսուհետ Անվտանգության խորհուրդը ղեկավարելու է Հայաստանի վարչապետը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դա պայմանավորված է սահմանադրական փոփոխություններով: 2005թ. փոփոխված Սահմանադրության համաձայն՝ նախագահը կազմավորում է Ազգային անվտանգության խորհուրդ եւ նախագահում այն: Իսկ ահա 2015թ. փոփոխություններով Սահմանադրությամբ ամրագրվեցին կառավարության վերաբերյալ նոր իրավակարգավորումներ՝ պայմանավորված մեր երկորւմ կառավարման խորհրդարանական համակարգին անցմամբ: Էական փոփոխությունների ենթարկվեց նաեւ ՀՀ նախագահի ինստիտուտը: Համաձայն նախագծի, Անվտանգության խորհուրդը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները, վարչապետի առաջարկությամբ կարող է քննարկել ՀՀ անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր:

Անվտանգության խորհրդի լիազորությունները սահմանվում են սույն օրենքով եւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքով: Անվտանգության խորհուրդը պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններին վերաբերող հարցերով ընդունում է որոշումներ, իսկ իր իրավասության մեջ մտնող այլ հարցերով՝ խորհրդատվական բնույթի որոշումներ: Եթե նախագիծն ընդունվի ԱԺ կողմից, իսկ հենց այդպես էլ կլինի, ապա նոր կարգավորումները ուժի մեջ կմտնեն ապրիլի 9-ին: Այսինքն այն օրը, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը վայր կդնի իր՝ հանրապետության նախագահի լիազորությունները եւ կստանձնի վարչապետի պաշտոնը: Հիշեցնենք, որ վարչապետի ընտրությունը ապրիլի 17-ին է, իսկ նախագահինն ավելի շուտ՝ մարտի 2-ին:

Գործնականում սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը կշարունակի ղեկավարել երկրի առանցքային ոլորտները, ինչը ամուր կպահի նրա դիրքերը պետական եւ քաղաքական ոլորտներում: Ինչպես վերը նշվեց, ՀՀԿ-ն դեռ պաշտոնապես չի հայտարարել այն մասին, որ Սերժ Սարգսյանը վարչապետի իրենց թեկնածուն է, բայց ոչ պաշտոնապես՝ այդ մասին արդեն խոսում են կառույցում, ինչի մասին «Լուսանցք»-ը գրել է նախորդ թողարկումում: Խոսում են նաեւ բոլոր կուսակցություններում եւ ամենուր: Իսկ վարչապետի թեկնածուի անվան հրապարակմանը շատ ժամանակ չի մնացել:

Եվս մեկ կարեւոր հանդիպում է եղել գործող նախագահի մոտ, ինչը եւս հաստատում է, որ վերջինս լրջորեն զբաղվում է պետական առաջիկա եւ հեռակա լրջագույն գործերով: Սերժ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ պատասխանատուները զեկուցել են 2018թ. Հայաստանում կայանալիք կարեւորագույն պետական 3 խոշոր միջոցառումների՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, Հայաստանի Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների ու Երեւանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին: Զեկույցները ներառել են նաեւ անցած տարվա հոկտեմբերի 21-ին կայացած խորհրդակցության ընթացքում նախագահի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Խորհրդակցության սկզբում նախագահը նշել է, որ ակնկալում է առարկայական խոսակցություն ինչպես կազմակերպական, այնպես էլ բովանդակային եւ դրամատնտեսական հարցերի շուրջ, քանի որ, ըստ նրա, միջոցառումների անցկացմանը շատ ժամանակ չի մնացել, եւ անհրաժեշտ է ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել ու խստագույնս պահպանել աշխատանքների ժամանակացույցը: Անկախությունից ի վեր երկրում նման մասշտաբի պետական միջոցառումների պատշաճ անցկացումը Հայաստանի համար կդառնա յուրօրինակ հասունության քննություն:

2018թ. հոկտեմբերի 11-12-ը Երեւանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների, գագաթնաժողովի շրջանակներում ծրագրված միջոցառումների մասին զեկուցել է ԱԳ նախարար, ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի նախագահի տեղակալ Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման ուղղությամբ մինչ այժմ իրականացված աշխատանքների եւ տոնին նվիրված միջոցառումների ծրագրի նախագծով առաջարկվող անելիքների մասին զեկուցել է կառավարության աշխատակազմի ղեկավար, ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված պետական հանձնաժողովի քարտուղար Վահե Ստեփանյանը:

Երեւանի քաղաքապետ, ՀՀ նախագահի հրամանագրով ստեղծված հոբելյանական հանձնաժողովի նախագահի տեղակալ Տարոն Մարգարյանը ներկայացրել է 2018 թ. սեպտեմբերի 29-ին եւ 30-ին անցկացվելիք Երեւանի հիմնադրման 2800-ամյակի համաքաղաքային տոնակատարությունների միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը, ինչպես նաեւ մի շարք միջոցառումների մասով իրականացված նախապատրաստական աշխատանքները:

Խորհրդակցությանը մասնակցող շահագրգիռ նախարարությունների եւ գերատեսչությունների ղեկավարները յուրաքանչյուրն իր մասով զեկուցել է նախագահի մոտ կայացած նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը, այդ թվում՝ տրանսպորտի եւ կապի, ավիացիայի, մշակութային միջոցառումների անցկացման, ԶԼՄ-ների հետ աշխատանքի կազմակերպման, գեղագիտական ձեւավորման՝ տարբերանշանների, հուշանվերների ու մի շարք այլ ուղղություններով մինչ այժմ իրականացված աշխատանքների եւ ծրագրերի մասին:

Նախագահը հանդիպում է ունեցել նաեւ ԱԳՆ ղեկավար կազմի հետ, որը եւս կարեւոր քայլ է վարչապետական պաշտոնին ընդառաջ: Սերժ Սարգսյանն այդ հանդիպումը համարել է առանցքային, քանի որ քննարկվել է Հայաստանի արտաքին քաղաքականության տեսլականը երկու հիմնական շեշտադրմամբ՝ որո՞նք են երկրի արտաքին քաղաքականության միջնաժամկետ խնդիրները եւ ի՞նչ պետք է անել արտաքին քաղաքական գերատեսչության գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու, կատարելագործելու համար: Նախագահը նախընտրել էր այս հանդիպման ժամանակ չանդրադառնալ Հայաստանի արտաքին քաղաքական ուղղություններին, որոնց նախկինում անդրադարձել է, այլ խոսել այդ քաղաքականությունն առավել արդյունավետ կառավարելու եւ կազմակերպելու հարցերից:

Հայաստանի ազգային անվտանգության առաջնային մարտահրավերները հիմնականում առնչվում են կամ, ավելի ճիշտ, ուղղակիորեն փոխկապակցված են մեր արտաքին միջավայրի հետ եւ այսօրվա նախագահն ու վաղվա վարչապետը ակնկալում է, որ ԱԳՆ-ն ունենալու է շոշափելի դերակատարում այս փաստաթղթի վերանայման ողջ գործընթացում։

Հաջորդ կարեւոր հարցը բանակին վերաբերող ծրագրերն են, որը Սերժ Սարգսյանը եւս մոտ է պահում իրեն: Հատկապես բանակի արդիականացման 7-ամյա ծրագիրն արդեն պատրաստ է եւ ներկայացվել է երկրի ղեկավարին: «Հայկական զինուժը պատվով կատարել է իր առջեւ դրված խնդիրները, ընդ որում՝ կյանքի են կոչվել մի շարք նոր ու բացառիկ ծրագրեր»,- նշել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստի ընթացքում։ Նախարարը շեշտել է, որ 2017-ը հատկապես կարեւոր տարի էր պաշտպանական ոլորտին վերաբերող օրենսդրությունն ամբողջությամբ վերանայելու եւ զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին նոր առանցքային դրույթներ սահմանելու համար:

Անդրադառնալով սոցիալական ծրագրերին՝ նա չափազանց կարեւորել է բացառիկ թափանցիկության սկզբունքով գործող Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի գործունեության շարունակականությունը: Հիմնադրամ, որը դրամական օգնություն է ցուցաբերում հայրենիքի պաշտպանության ժամանակ հերոսացած կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքներին: Լուծվել է նաեւ զոհված եւ առաջին կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների անօթեւան ընտանիքների բնակավորման հարցը, ինչը կարեւոր է բանակի ամրապնդման համար:

Վիգեն Սարգսյանը խոսել է նաեւ առաջիկայում մեկնարկող սոցիալական նոր ու բացառիկ ծրագրի մասին, որը ենթադրում է բնակարանների ձեռքբերման հնարավորություն զինծառայողների համար՝ հիպոթեքային վարկավորման աննախադեպ պայմաններով: Ծրագիրը շուտով կներկայացվի կառավարություն: Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ բանակի արդիականացման 7-ամյա ծրագիրն արդեն պատրաստ է եւ ներկայացվել է երկրի ղեկավարին: Ծրագիրը նախատեսում է զինված ուժերը հասցնել նոր ու բացառիկ մակարդակի:

Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մասնաշենքում՝ Երեւանի առաջին քաղաքային հիվանդանոցում, տեղակայված Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որը ստեղծվել է Երեւանի պետական բժշկական համալսարանի եւ պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքում՝ նախագահի աջակցությամբ եւ բազմաթիվ բարերարների ու անհատ քաղաքացիների կողմից տրամադրված միջոցների շնորհիվ: Այսպիսով՝ Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ մեր բանակի հետեւողական բարելավման խնդիրը, որը ընկալելի է դառնում նաեւ արտաքին աշխարհի համար՝ Հայաստանի նոր վարչապետի պարագայում:

Նախագահը Վիգեն Սարգսյանի, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի եւ մի շարք բարերարների ուղեկցությամբ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել իր նախորդ այցից հետո չափազանց կարճ ժամկետում՝ ընդամենը մի քանի ամսում, կատարված մեծ ծավալի աշխատանքներին, հատուկ զինհաշմանդամների համար հիմնված վերականգնողական մասնագիտական կենտրոնի ընթացիկ գործունեությանն ու զարգացման հետագա ծրագրերին: Նախագահը զրուցել է նաեւ կենտրոնում արդեն իսկ իրենց վերականգնողական բուժումը ստացող հայրենիքի պաշտպանների հետ:

Կարելի է նշել նաեւ YES Armenia ծրագրի մասին, որը Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համագործակցության հերթական լավ օրինակն է: «Ոգեւորիչ է, որ այս ծրագրի արդյունքում պետական կառավարման ոլորտ ենք ներգրավում 20 հայ երիտասարդ, տաղանդաշատ մասնագետների՝ Հայաստանից եւ Սփյուռքից»,-  երիտասարդ փորձագետների YES Armenia ծրագրի պաշտոնական բացման արարողությանը նշել է վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նա ասել է. «Դուք անցել եք բարդ ընտրական գործընթացով եւ ընտրվել եք ավելի քան 300 դիմորդների միջից: Ձեզ հաջողություն եմ մաղթում: Լիահույս եմ, որ կարդարացնեք մեր ակնկալիքները, եւ դուք էլ ծրագրից կստանաք ամենը, ինչի համար որոշել եք մասնակցել դրան»։

Փաստորեն հաջորդ վարչապետը YES Armenia նախագիծը կօգտագործի ոչ միայն Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համագործակցության համապատկերում, այեւ Հայրենիք-Սփյուռք համագործակցության հարցերում (դիցուկ՝ YES Armenia ծրագրով 20 հայ երիտասարդներ՝ 12-ը Հայաստանից, 8-ը սփյուռքից՝ ԱՄՆ-ից մինչեւ Չինաստան, առաջիկա մեկ տարում աշխատելու են նախարարություններում եւ այլ պետական գերատեսչություններում, ներգրավված կլինեն տարբեր նախագծերում, այն է՝ միջին մասնագիտական կրթության նոր հայեցակարգի եւ ռազմավարության մշակում, աջակցություն քաղացիական ծառայության բարեփոխմանը, այգեգործության արդիականացում, Հայաստանում պետական եւ մասնավոր հատվածների գործընկերության (ՊՄԳ) համակարգի ստեղծում եւ այլն): Քանզի ծրագիրը ներառում է կարեւոր մի քանի առաջնայնություններ՝ երիտասարդների ընդգրկում հանրային կառավարման բարեփոխումներում, սփյուռքի երիտասարդ, տաղանդաշատ մասնագետների ներգրավում, պետության եւ միջազգային գործընկերոջ համատեղ ջանքերի համադրում՝ փոխադարձ կարեւորություն ներկայացնող ուղղություններով:

Որպես ամփոփում նշենք նաեւ, որ վերջերս Սերժ Սարգսյանն իր մոտ էր հրավիրել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, ով նախագահին ներկայացրեց ոստիկանության նախանշված ծրագրերի իրականացման եւ հետագա բարեփոխումների ու քայլերի մասին: Իհարկե երկրի ներքին կյանքի կայունության ապահովման համար բոլոր ուժային եւ իրավական կառույցներն ունեն համապատասխան պարտականություններ, սակայն ոստիկանության դերն առանձնահատուկ է եւ ունի ավելի լայն գործառույթներ:

Անի Մարության

http://www.hayary.org/wph/?p=6742«Փնտրվում» է հայտնի վարչապետը – Անգամ Մոսկվան հաշտվեց «Կարեն Կարապետյանի վարչապետական կորստի» եւ «կրկին Սերժ Սարգսյանի հետ աշխատելու մտքի հետ»… Չի բացառվում, որ վարչապետի 3-րդ թեկնածուի շուրջ քննարկումներ նույնպես լինեն…

http://www.hayary.org/wph/?p=6741Արդյո՞ք երկրի նախագահը պետք է քաղաքականությամբ զբաղված չլինի – Ապագա նախագահը, Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, պետք է անկողմնակալ մարդ լինի, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել եւ կուսակցության անդամ չի եղել…

http://www.hayary.org/wph/?p=6740ԱԺ նախագահի հետքերով – խորհրդարանական երկրում ավելի ազդեցիկ դիրք ունեցող ԱԺ նախագահի հարցը նույնպես հետաքրքրում է… Կոալիցիայի դռները փակ են միայն պաշտոնների համար եկող ուժերի առջեւ…

http://www.hayary.org/wph/?p=6743Բյուջետային խնդիրները կառավարությունը պետք է լուծի ի՛ր օլիգարխներին հարկելով – Երկրի նախագահը խորհրդակցության ժամանակ հստակ մեսիջ էր ուղարկել պատասխանատուներին՝ պարզելու՝ թանկացումները անհարկի՞ են, թե՞ արդարացված, հարկային փոփոխությունների հետեւա՞նք են արդյոք…

http://www.hayary.org/wph/?p=6739Երեւանը՝ նոր որոշումներով.- Հրավառություն -1 մլն տուգանքից մինչեւ արտոնություններ – Խնդիրն այն չէ, որ հրավառություն չլինի, այլ այն է՝ որ ժամ լինի, կարգ, վայր… Երեւան քաղաքի 2018թ. բյուջե – Ծախսերի 38.3 տոկոսը՝ սոցիալականին…

* * *

Անցում՝ խորհրդարանական կառավարման համակարգի

Խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների տրամաբանական շարունակությունն է: ԵԽԽՎ-ում այս մասին մեկ անգամ եւս նշեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով եվրոպական պատգամավորների հարցերին:

«Մեր համոզմամբ խորհրդարանական կառավարումն ավելի ներառական կառավարում է, ավելի թափանցիկ կառավարում է, եւ ավելի է համապատասխանում ժողովրդավարության զարգացման տեսլականին: Պետք է ասեմ, որ մեր կարծիքով խորհրդարանական կառավարման համակարգը նպաստելու է մեր երկրում ժողովրդավարության զարգացանը, մարդու իրավունքների պաշտպանությանը»,- ասել է Սերժ Սարգսյանը:

2015թ. Հայաստանում անցկացված սահմանադրական բարեփոխումների համաձայն մեր երկիրը կիսանախագահական համակարգից անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի: Նոր Սահմանադրությունն իր բոլոր դրույթներով լիարժեք ուժի մեջ կմտնի այս տարվա ապրիլից:

Հայաստանի խորհրդարանը մեր երկրի նախագահին կընտրի մարտի 2-ին, իսկ վարչապետին՝ ապրիլի 17-ին:

«Լուսանցք» թիվ 4 (482), 2018թ.

«Լուսանցք»ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում  http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ruում  http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnegozarubezhya/#/:

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։