Մե՞ր սահմանն է, թե՞ համատեղ – Սահմանը խախտվել էր Արփաչայի շրջանում…

- Գուցե մի օր էլ փորձեն հայ-ադրբեջանական սահմանախախտումներին հայ-թուրկակա՞նն ավելացնել, որ Հայաստանը հանկարծ Ռուսաստանից չփախչի…

Այն, որ մեր երկրում նաեւ ազատամարտիկներն են բողոքի ցույցեր անում, շատ  վտանգավոր է: Եթե անգամ բողոքի որոշ մասը հիմնավորված չէ, միեւնույնն է՝ պատերազմի բովով անցած տղաների կենսակերպը, գոյատեւելու հնարավորությունը չի տեղավորվում օրենքով հաստատված նվազագույն զամբյուղի մեջ: Սա միայն ՊՆ գործը չէ, կառավարության ու խորհրդարանի լուծելիք հարցն է, որը չպետք է այսքան ձգձգել:

Մինչ նախկին մարտիկները համբերատար պայքարում են, սպասում օրենսդրական փոփոխությունների, ՀՀ սահմանն արդեն խախտում են թուրքական կողմից: Որ հայ-ադրբեջանական սահմանագլխին միշտ են խախտումներ լինում, անգամ զոհեր ու վիրավորներ երկու կողմերից, հազարների հասնող կրակոցներ, արդեն լսում ենք առօրյա խնդիրների նման: Բայց Թուրքիայի կողմից սահմանախախտումները եզակի են: Այս անգամ ոչ միայն արձանագրվեց սահմանի խախտում, այլ սահմանախախտ թուրքը սպանվեց: Թուրքիայի Կարս նահանգի Աքյաքայի շրջանից մեր սահմանը հատել էր Մուսթաֆա Ուլքերը, ում վրա, ըստ թուրքական կողմի նախնական պնդման, կրակել են ռուս սահմանապահները: Նշվել է, որ սահմանն անցած եւ ոչխարների հետեւից գնացած թուրքը 35-ամյա հովիվ է եղել: Նշողներ էլ եղան, թե քուրդ է եղել, հետո էլ թե՝ ադրբեջանցի:

Սահմանը խախտվել էր Արփաչայի շրջանում: Հետագայում թուրքերը պնդեցին, թե հովիվը սպանվել է հայ, ոչ թե ռուս սահմանապահների կրակոցներից, պնդեցին, թե անհամաչափ ուժ է գործադրվել, քանի որ թուրքը անզեն է եղել: Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարությամբ հանդես եկավ, խստագույնս դատապարտեց, որ իրենց «անմեղ քաղաքացուն հասարակ մի սահմանախախտության (այս սահմանին «հասարակ» ու բաց տարածքներ չկան, արգելքը անցնողը չի կարող չհասկանալ դա…-խմբ.) պատճառով կրակում են ու սպանում»: Հենց այդժամ պետք է Հայաստանի ԱԳՆ-ն պատասխաներ 1915-ի անմեղ ու անզեն միլիոնավոր զոհերի փոխարեն, բայց՝ չարեց: Իսկ Անկարան անգամ խոհեմություն հանդես բերելու դասեր տվեց մեզ…

Կարելի էր չկրակել թուրք չոբանի վրա, բայց ռուս սահմանապահները դա արել են: Եվ հետո պաշտոնական Մոսկվան խորապես անհանգստացել է հայ-թուրքական սահմանին հովվի սպանության հնարավոր հետեւանքների համար: Թե ի՞նչ են նկատի ունեցել ռուսները դա ասելով, այդպես էլ չպարզվեց: Գուցե մի օր էլ փորձեն հայ-ադրբեջանական սահմանախախտումներին հայ-թուրկակա՞նն ավելացնել, որ Հայաստանը հանկարծ Ռուսաստանից չփախչի…

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 27 (290), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում