Ինչու՞ ազգայնականները այդպես էլ միասնական հանդես չեն գալիս

 – Երկար ժամանակ է, ինչ Հայաստանում չի ձեւավորվում միասնական ազգայնական քաղաքական դաշտ: Կա՞ն լուրջ պատճառներ, թե՞ խնդիրն այլ տեղ է:
- Նախ պետք է ասեմ, որ ազգայնական դաշինքներ վաղուց ստեղծվել ու էլի ստեղծվում են Հայաստանում, նույնիսկ՝ սփյուռքում: 1998թ. ստեղծվեց Հայ ազգայնական դաշինքը (ՀԱԴ)՝ 4-5 կազմակերպություններից կազմված, եւ նմանօրինակ դերակատարմամբ Աբովյանում կազմավորեցինք քաղաքի Ազգային ուժերի միացյալ դաշինք (ԱՈւՄԴ)՝ շուրջ 20 կազմակերպություններից (կամ հայաստանյան մայր-կառույցների մասնաճյուղերից): Այս կառույցները դավանում էին նժդեհյան ցեղակրոն ուսմունքը եւ գործում էին հայ դասական ազգայնականության շահերի տեսանկյունից: Բայց քանի որ մենք հայարիականության հետեւորդներ ենք նաեւ, 1999-2000թթ. Հայ Արիական միաբանության (ՀԱՄ) եւ Հայոց ազգային բանակի (ՀԱԲ, նախկին ռազմական կամավորական կառույցի գլխ. հրամանատար Ռազմիկ Վասիլյանի հրամանով) նախաձեռնությամբ ստեղծվեց Հայ Արիական բռունցքը (ՀԱԲ), որը հենց հայկական արիական գաղափարաբանության ու խնդիրների շուրջ ձեւավորվեց: 2003թ. մեր նախաձեռնությամբ ստեղծվեցին Հայ ազգայնական ճակատը (ՀԱՃ՝ 7-8 կազմակերպություններ) եւ Ազգային համաձայնության խորհրդարանը (ԱՀԽ՝ շուրջ 25 կազմակերպություններ), զուգահեռ գործում էր նաեւ Գիտակից ազգային համաձայնությունը (ԳԱՀ), որն առավելապես գիտա-մշակութային եւ հոգեւոր-գաղափարաբանական կառույց էր:

 

2003թ. հայ ազգայնականներն առաջին անգամ իրենց պատմության մեջ հնարավորինս համախմբված (5-6 կազմակերպություն եւ բազմաթիվ անհատներ) մասնակցեցին ՀՀ ԱԺ ընտրություններին՝ Հայ Արիական Բռունցքի (արդեն կուսակցության վերածված) շուրջ համախմբված: Իսկ 2005թ. ստեղծվել է Ազգային արժեքների պաշտպանության հանձնախումբը (ԱԱՊՀ՝ կազմակերպությունների ղեկավարներից եւ անհատ մտավորականներից կազմված): 2008թ. ստեղծվել եւ ցայսօր գործում է Հայ ազգայնականների համախմբումը (ՀԱՀ), որին անդամագրվել են ինչպես ազգայնական կառույցներ, այնպես էլ անհատներ: Հատկապես ՀԱԲ-ի, ԱԱՊՀ-ի եւ ՀԱՀ-ի պարագայում կառույցների ձեւավորմանը մասնակցել են ինչպես Հայաստանի, այնպես էլ սփյուռքի (նաեւ՝ Արցախի ու Ջավախքի) ազգայնականներ: Ի միջի այլոց, պետք է նշեմ, որ ՀԱՄ-ն ինքը ազգայնական կազմավորում է՝ իր արիադավան-ցեղապաշտ ընտանիքների դաշինքի, քաղաքական, հասարակական, լրատվական, մարմնակրթական, երիտասարդական-ուսանողական, պատանեական, պատերազմի մասնակիցների խորհրդի, հոգեւոր (քրմական) դասի, տնտեսվարող եւ այլ կառույցներով:
- Իսկ ինչու՞ նախկինում ստեղծված ազգայնական դաշինքները չմնացին համախմբված, եւ անընդհատ նորերն են ստեղծվում:
- Ձեր առաջին հարցում մի միտք արծարծեցիք՝ Հայաստանում չի ձեւավորվում միասնական ազգայնական քաղաքական դաշտ: Եվ ահա, մեր ավելի քան 15 տարիների փորձը հավաստիացրել է մեզ, որ նման կառույց՝ միասնական ձեւակերպումով, չի կարող ստեղծվել ո՛չ ժողովրդավարական, ո՛չ ազատական, ո՛չ համայնավարական, ո՛չ ազգայնական եւ ո՛չ էլ քաղաքական այլ բեւեռներում:
- Այդ ինչպե՞ս: Չէ որ ազգայնականները ամենաշատը խոսում են ազգային միասնությունից:
- Խոսելն այլ բան է, ներկա իրավիճակը՝ բոլորովին այլ: Երբ խոսում են ազգային միասնությունից, որին հասնելը, ի միջի այլոց, նպատակ է նաեւ մեզ համար, մենք առավելապես պատկերացնում ենք համահայկական միասնությունը: Իսկ ի՞նչ վիճակում ենք այսօր մենք՝ հայերս: ՀՀ-ում մեկ այլ համահայկական քաղաքականության մասին են խոսում (իշխանավորներն ու ընդդիմադիրները նույնիսկ միմյանց հակասող տեսություններով), սփյուռքի եվրոպական հատվածում՝ մեկ այլ, ամերիկյան ու ռուսաստանյան հատվածները բոլորովին տարբեր պատկերացումներ ունեն այդ քաղաքականության մասին, իսկ մերձավորարեւելյան-ասիական հայերը ուրիշ կերպ են դա հասկանում: Էլ չասենք Արցախի ու Ջավախքի հայերի մասին: Նույնիսկ Հայաստանում այսպիսի բազմամտածողության շիլաշփոթը բացահայտ առկա է, էլ ուր մնաց՝ սփյուռքում: Բազմամտածողությունը լավ է, առողջ լինելու նշան է, սակայն երբ դա գործում է նաեւ ազգային (իմա՝ համահայկական) գերնպատակների ճանաչման եւ դրանց հասնելու-իրականացնելու առումներով, մեր գործը բարդանում է: Հիմա նույնիսկ հայկականությունը, հայադավանությունը խորթ է հայության մի հատվածին՝ թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, նույնիսկ մերժելի է ոմանց համար, քանզի խառնուրդը ծպտյալ օտարի հետ ակներեւ ներկա է մեր գենի մեջ… Իսկ Արեւմուտքի կամ Ռուսաստանի կամ մեկ այլ օտար ուղղության ազդեցությունն էլ իր հերթին աններելիորեն տարանջատում է հայության գերնպատակները: Իսկ ազգային միասնության հիմնականում հասնում են հենց այդ գերնպատակների շուրջ (ասենք՝ հայրենիքի վերատիրումը եւ հայության համախմբումը միասնական Հայաստանում, հայկական ինքնության կամ առաքելության առումով համախմբումը եւ այլն)՝ մի կողմ թողնելով կուսակցականությունը, դավանանքը եւ այլ պատկերացումները: Իսկ նման խնդիր՝ միասնական ծրագրով, ոչ մի հայկական հատված չի առաջադրել հրապարակավ ու չի քննարկել բոլոր կողմերի հետ:
Երեւանը դեռ վաղուց պետք է նախաձեռներ համահայկական ծրագրերի ընդունումը` դրանք համաձայնեցնելով հայաստանյան եւ սփյուռքյան բոլոր հատվածների եւ ուժերի հետ: Ավելին՝ պետք է արդեն ունենայինք Համահայկական Սահմանադրություն, որն էլ աշխարհի բոլոր անկյուններում գտնվող հայերի համար կդառնար միասնաբար ապրելու, գործելու եւ պայքարելու ծրագիր:
- Ուրեմն նույնիսկ ազգայնականները չեն կարողանում միասնականորեն հանդես գալ:
- Իսկ ի՞նչ տարբերություն: Ազգայնականները ներկայիս հայության մի հատվածը չե՞ն: Այսօր ազգայնականների վիճակն ավելի ծանր է, քան՝ այլ քաղաքական ուղղությունների: Եթե իշխանություններն ու միջազգային ուժերին հարիր ընդդիմությունները տիրապետում են որոշակի դրամա-տնտեսական ու այլ միջոցների, աջակցություն են ստանում «միջազգային հանրություն» կոչվածից, ապա հայ ազգայնականները հիմնականում զուրկ են այդպիսի միջոցներից ու աջակցություններից եւ շատ դժվար է գործելը, ավելին` պարբերաբար հալածվում են, նույնիսկ գոյատեւելն է դժվար իրականանալի: Իսկ այս պայմաններում միասնական ճակատով հանդես գալը գրեթե անհնարին է:
- Ըըը…
- … Գիտեմ, հիմա կասեք, թե առանձին-առանձին ավելի դժվար է եւ միասնաբար առավել հեշտ կլինի: Բայց վերոնշյալ մեր փորձը արդեն ապացուցել է, որ ինչպես հայությունը պետք է միասնանա Հայոց Գերխնդիրների շուրջ, այդպես էլ՝ ազգայնականները: Եվ մենք արդեն համոզվել ենք, որ վերոթվարկյալ եւ ուրիշ այլ ազգայնական դաշինքները ցրվել են հենց գերնպատակների (գիտակցման) տարաձայնությունների պատճառով: Իսկ իշխանական տենչով գործող ցեղակրոն-ՀՀԿ-ն կամ հայդատական ՀՅԴ-ն որքան ազգայնական են, այնքան էլ ժողովրդավարական են: ՀՀԿ-ն 1-2 անգամ նույնիսկ հրաժարվել է ցեղակրոն գաղափարախոսությունից՝ միջազգային առումով առավել «բարի» երեւալու համար, հիմա էլ առավելապես որպես եվրապահպանողականներ են հանդես գալիս: Իսկ ՀՅԴ-ն միջազգայնորեն պաշտպանելով հայկական հարցը, այնուամենայնիվ, առավելապես ժողովրդավարական արժեհամակարգով է գործում թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում: Ինչեւէ, նժդեհականը, ազգայնականը երբեք չի կարող թալանչի կամ ավազակ լինել, օտարների շահերը սպասարկել Հայաստանում, հաստատել օտարների օրենքներն ու բարքերը:
- Միասնական լինելու համար գուցե ճիշտ հայտարա՞րը չի գտնվում:
- Ի՞նչ պետք է անենք մենք՝ հայ արիականներս, տարբեր կիսատ-պռատ հայաշունչ գաղափարներով գործող կամ միջազգային շահերին հետամուտ՝ ազգայնական հռչակված ուժերի հետ, որոնք կամ ցեղակրոն (առավելապես հեթանոս գաղափարաբանությամբ)-պահպանողական (առավելապես քրիստոնեական գաղափարաբանությամբ) են, կամ հենց հավատով քրիստոնյա-հեթանոսներ են (լինում է նաեւ հակառակը), կամ ազգայնական (ազգային)-ժողովրդավարներ ու սոցիալիստ-ազատականներ են, կամ այլ «կիսատ-պռատի ամբողջություններ»: Էլ չեմ ասում, որ քաղաքական դաշտի բոլոր ուղղություններն էլ լցոնվել են արհեստական շինծու ուժերով՝ ծախու լամուկների ու տարաբնույթ գործակալների մի լպրծուն զանգվածով, որն էլ իմաստազրկում է «միասնական» բառի առաքելությունը, քանզի նմանների հետ համագործակցելը հավասարազոր է ինքնակործանման կամ նվազագույնը՝ գործի տապալման: Ավելին՝ համագործակցելով նմանների հետ, հաճախ ջուր ես լցնում նրանց տերերի՝ այլազգի կամ ապազգային ուժերի ջրաղացներին:
Հայ ազգայնականը հայահավատ է, հայակերտ, հայաշունչ ու հայակենտրոն եւ հայ ազգայնականները միասնական կլինեն, երբ շարժվեն այս ուղղվածությամբ, ապրեն հայկական կացութաձեւով: Օրինակ՝ ՀԱԴ-ը քանդվեց գաղափարախոսական ու կենսակերպային պատկերացումների տարաձայնություններից, ՀԱՃ-ը եւ ԱՀԽ-ն՝ քրիստոնյա եւ հեթանոսական դավանանքների տարաձայնություններից, ինչ-որ տեղ նաեւ ազատական եւ սոցիալիստա-համայնավարական մոտեցումներից, ՀԱԲ-ը եւ ԳԱՀ-ը՝ ներքաղաքական կողմնորոշումներից… Իսկ, օրինակ, ՀԱՄ-ը շարունակում է գործել եւ ԱԱՊՀ-ի հետ մասնակցել է ՀԱՀ-ի ձեւավորմանը: ՀԱՄ-ը գրեթե 17 տարեկան է եւ առ այսօր գործում է 3 հիմնարար սկզբունքներից կառչած՝ 1. քաղաքական ոլորտում հայ ազգայնական կառույց է իր գոյության բոլոր տարիներին (որոշների նման չի անցել համայնավար-ժողովրդավար-ազգային-միջազգային- … ձեւափոխումները), 2. հավատքային ոլորտում արիադավան-հեթանոս է իր դավանաբանությամբ (որոշների նման չի անցել անհավատ-քրիստոնյա- … մի քիչ էլ հեթանոս կամ այլ ձեւափոխումները), 3. գաղափարախոսական ոլորտում ցեղակրոն-հայարիական է իր տեսությամբ (որոշների նման չի անցել կոմունիստ-ազգային-ժողովրդավար-… աշխարհաքաղաքացի ձեւափոխումները): Եվ ահա, Հայ ազգայնականների համախմբումն էլ (ՀԱՀ) հենվելով այս սկզբունքների վրա, կարծում եմ, կգործի դեռ երկար տարիներ: Քրիստոնյա ազգայնականներն էլ թող համախմբվեն իրար հետ, չգիտեմ ինչ քաղաքական կամ կրոնական ուղղություններ դավանողներն էլ՝ իրար հետ, եւ ըստ այդմ, մենք կտեսնենք թե ինչ համագործակցության եզրեր կան մյուսների հետ: Թե չէ մեր գաղափարներն ու հավատը չկիսող ուժերի հետ մեկտեղ համախմբումը հանգեցնելու է նոր փլուզումների, որից արդեն հոգնել ենք եւ ավելին` դա անիմաստ ու աննպատակ ենք համարում: Այսօր մեզ որոշ «շահագրգիռ» անձինք մեղադրում են, թե իբր չենք համաձայնվում ազգայնական բեւեռի համախմբմանը, սակայն ես հստակ բացատրեցի դրդապատճառները:
Մենք չենք պատրաստվում իրենց արդեն վատ ու կասկածելի (եւ այլեւայլ) ձեւերով դրսեւորած կառույցների կամ ամեն մի նորելուկ եւ ինքնահավան ուժի հետ հին փորձի անհեռանկար կրկնությունն իրականացնել: Եվ զարմանում եմ, է՜, ուզում եք համախմբվել՝ համախմբվե՛ք, ինչու՞ եք ՀԱՄ-ի կամ ՀԱՀ-ի վրա դնում այդ «պարտականությունը», ո՞վ է ձեզ խանգարում միասին հանդես գալ ու մեզանից էլ լավ աշխատել, ինքնադրսեւորվել: Մեկ-մեկ հավաքվում, հետո աննպատակ ցրվում են իրենց տները ու բողոքում, թե ազգայնական ոլորտը չի միավորվում, որովհետեւ մենք խանգարում ենք: Ծիծաղելի է: Եթե նույնիսկ խանգարում ենք, որն իհարկե սուտ է, ուրեմն ավելի ուժգին աշխատեք, գոնե մի՜ քիչ անանձնական ապրեք: Այդ ինչպես է, որ պարբերաբար փորձում են մեզ խանգարել, ձերբակալել ու հալածել, անբան կանանց պես մեզանից բամբասել… բայց մենք կանք ու գործում ենք եւ դեռ հակահարվածում ենք: Շատերն իրենց անգործությունը, ուրիշի հաշվին գործելու տխմար ցանկությունը (ոմանք մեզ այս առումով լա՜վ ծանոթ են) փորձում են կոծկել սին մեղադրանքներով ու պատի տակի ճղճիմ խոսակցություններով: Սրանք անցողիկ են, ուստի չի կարելի այսօրինակ ուժերի վրա նույնիսկ ժամանակ վատնել:
- Ստացվում է, որ այլեւս ոչ մի այլ ազգայնական ուժի հետ չե՞ք համագործակցելու:
- Մենք պատրաստ ենք համագործակցության բոլոր այն ուժերի հետ, անկախ նրանից՝ ազգայնական են, ժողովրդավար, համայնավար, թե ազատական, որոնք իրենց գործունեությունը բխեցնում են համահայկական, մեր ազգային շահերից: Թե չէ ի՞նչ համագործակցություն կարող է լինել ծախու թափթփուկ կամ գործակալ «ազգայնականի» հետ՝ միայն այն բանի համար, որ նա (կամ շինծու կառույցը) ինքնահռչակվել է «ազգայնական»: ՀԱՄ-ը եւ ՀԱՀ-ը ունեն կառույցներ ՀՀ մարզերում, Ջավախքում, Արցախում եւ սփյուռքի տարբեր հատվածներում (ԱՄՆ, ՌԴ, Իրան, Վրաստան եւ այլն) եւ մինչեւ ազգայնական բեւեռի իսպառ հստակեցումը կգործեն զգույշ, բայց՝ վճռական: Հիշեմ մի դրվագ 1990թ.-ից, երբ Վայքի շրջանի Խնձորուտ սահմանամերձ գյուղի դիրքերը հսկում էին ՀԱԲ-ի կամավորականները, Բարձրունի գյուղի դիրքերը՝ ԱԻՄ-ի ջոկատները, իսկ մեջտեղում՝ ՀՀՇ-ի կամավորականներն էին: Միասնաբար եւ փոխհամագործակցությամբ հսկում էինք մեր հայրենի Նախիջեւանի հետ այդ սահմանահատվածը: Երբ հարձակում եղավ Բարձրունիի դիրքերի վրա, եւ՛ ՀԱԲ-ականները, եւ՛ ՀՀՇ-ականները շտապեցին ԱԻՄ-ի տղաներին օգնության: Այսպես ամենուր էր, բայց հենց հերթափոխ էր գալիս, վերադառնում էինք քաղաքացիական կյանքի, վերստին գաղափարական ու քաղաքական հակառակորդներն էինք ՀՀՇ-ական իշխանությունների եւ ներքաղաքական պայքարի մեջ էինք մտնում: Սահմաններում կրկին միասնական էինք թշնամու դեմ: Այնպես որ, այսպես գոնե կարելի է հարաբերվել տարակարծիք ուժերի հետ, հատկապես՝ ազգային ներքին, արտաքին հիմնահարցերում:
Ազգայնականները բոլոր ազգերի մեջ թվաքանակով քիչ են լինում, դա կարծես օրինաչափություն է: Եթե ժողովուրդը ազգայնանա՝ ազգ դառնա (իհարկե, խոսքը բնական տեսակների մասին է), միեւնույնն է, ազգայնականները մեծ թվաքանակ չեն ունենալու, գոնե ներկայիս աշխարհակարգում: Մեկ այլ աշխարհակարգում, երբ չար ու մութ ուժերին՝ չարիներին կփոխարինեն բարի եւ լուսավոր ուժերը՝ արիները, գուցեեւ ազգայնականները գերիշխեն նաեւ թվաքանակով:
Ի վերջո այդպես էլ լինելու է:

Զրուցեց Արմենուհի Մելքոնյանը

«Լուսանցք» թիվ 8 (139), 2010թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։