Հակահայկականության ռուսական ճահիճը.- Մարդկայինի՝ տարբեր ազգային ընկալումներ կան նաեւ – Հայ մարդուն ստորացնում են ռուսական բանտում… Իսկ իրական մարդասպանն ազատ է եւ… հերոս Ադրբեջանում…

Հակահայկականության ռուսական ճահիճը.- Մարդկայինի՝ տարբեր ազգային ընկալումներ կան նաեւ

Հայ-ռուսական հարաբերությունների ցուցիչ է դարձել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սարսափազդու սպանությունը ռուս զինվորական Վալերի Պերմյակովի կողմից եւ դեռ ընթացող դատավարությունն այդ դեպքով պայմանավորված: Այս սպանությունն ի սկզբանե համահայկական պաշտպանությամբ ընթացավ եւ դեռ շարունակում է մնալ հայության ուշադրության կենտրոնում ամբողջ աշխարհում:

Մինչ հերթական դատավարական նիստի ընթացքի ներկայացմանն ու պարզաբանումներին անցնելը՝ հիշեցնենք, որ մի դատական գործ էլ կա հայ-ռուսական հարաբերություններում, որ պարզապես դրդում է հայ մարդկանց՝ երբեն նաեւ ատելությամբ լցվել ռուսական ամեն բանի նկատմամբ…

Մեր ընթերցողները, ինչպեսեւ՝ մենք, չեն մոռացել նաեւ նախկին ազատամարտիկ Հրաչյա Հարությունյանի բանտարկության մասին, ով անտանելի պայմաններում է:

Հիշեցնենք, որ դատարանը մեղավոր է ճանաչել Հրաչյա Հարությունյանին՝ Պոդոլսկում տեղի ունեցած վթարի մեջ՝ դատապարտելով 6 տարի եւ 9 ամսվա բանտարկության: Մեղադրող կողմին հաջողվել է ապացուցել, որ հայ վարորդը խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները: Նրա վարած ԿամԱԶ-ի մակնիշի բեռնատարը Պոդոլսկի շրջանում 2013թ. հուլիսի 13-ին բախվել էր մարդատար ավտոբուսին եւ վթարի հետեւանքով 18 մարդ էր զոհվել, 60-ից ավելին՝ վիրավորվել: Փորձաքննությունը պարզել էր, որ բեռնատարը երկար ժամանակ տեխզննում չէր անցել եւ բացի այդ, Հրաչյա Հարությունյանը խախտել էր երթեւեկության կանոնները:  Հայ վարորդը չէր էլ պնդել, որ իրեն մեղավոր չճանաչեն, նա ինքն անչափ ծանր էր տանում վթարի հետեւանքով զոհվածների ու վիրավորների փաստը: Բայց ռուսական կողմը հենց սկզբից է տարել ստորացման քաղաքականություն… Հիշեցնենք նաեւ, թե ինչ վիճակով էր հայ վարորդը ոստիկանությունում «հարգվել», նրան կնոջ խալաթ էին հագցրել ու այդպես էլ նկարելու հնարավորություն ընձեռել լրագրողներին: Հրաչյա Հարությունյանի նկատմամբ անհարգալից են եղել նաեւ ռուսական լրատվամիջոցները, որոնց մեկնաբանությունները ազգային արժանապատվությունը վիրավորող խտրական մոտեցում էին պարզապես: Հայ վարորդը դատարանի դահլիճ էլ էր բերվել այդ խալաթով, իսկ ռուսական պետական հեռուստատեսությունը հաղորդել էր, թե «Հայաստանի քաղաքացին բառաչում է» (մինչդեռ ՀՀ քաղաքացին իսկապես ողբում էր այդքան զոհերի մահը, որի պատճառը, կամա թե ակամա, ինքն էր)…

Այս գործողությունները բողոքի մեծ ալիք բարձրացրեցին Հայաստանում: Քանզի այն, ինչ արվում էր, ոչ միայն ստորացուցիչ քայլեր էին, այլեւ թշնամական: Եվ այս պահվածքը չէր կարող Հայաստանում հակառուսական տրամադրություններ չառաջացնել, ինչն էլ եղավ:

Ամենաանպատվաբեր բառերով էին արտահայտվում ցույցի դուրս եկած հայերը, ովքեր Երեւանում Ռուսաստանի դեսպանատան դեմ իրենց բողոքն էին հայտնում: Ցույցի մասնակիցներից մեկը բարձրաձայնեց, թե իզուր չէ, որ ռուսներին սպիտակ թուրքեր են ասել ժամանակին… Եվ միայն այս «բարեկամական» վերաբերմունքից հետո Ռուսաստանում փոխեցին իրենց «բարեկամական» վերաբերմունքը հայ վարորդի նկատմամբ:

Անգամ խոսք կար, որ Հրաչյա Հարությունյանին կարտահանձնեն Հայաստանին: Իբր այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել ռուսական կողմի հետ: Այդ ժամանակ նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի միջեւ Երեւանում պայմանավորվածություն էր ձեռք բերել, որ նաեւ Գյումրիում դաժան սպանության մեջ մեղադրվող ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի գործի վարույթը կհանձնվի ՀՀ քննչական կոմիտեին: Իսկ մինչ այդ, ՀՀ գլխավոր դատախազը, ինչպես նաեւ ռուսական կողմը պնդում էին, որ ռուս մարդասպան զինվորականի հանձնումը հայկական կողմին հնարավոր չէ՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությունը:

Բայց եթե Գյումրիի դեպքի առումով արտահանձնումը եղավ, Հրաչյա Հարությունյանի մասով գործը առաջ չգնաց: Հասկանալի է, Գյումրիի ահասարսուռ դեպքը այլ քաղաքական հարթություն էր մտել, ինչը արագացրեց ռուսական կողմի քայլերը, բայց պետք է մինչեւ վերջ գնալ նաեւ հայ վարորդի դեպքում, ով նաեւ նախկին ազատամարտիկ է եղել եւ իսկապես ընդունել է իր մեղքը:

Սա հատկապես կարեւոր է, քանի որ Հրաչյա Հարությունյանի հեռախոսազանգից հետո պարզ է դարձել, որ իրեն ստորացնում են եւ վերաբերվում ինչպես անասունի: Նրա հարազատները դիմել են ՀՀ Արդարադատության նախարարություն, այնտեղից էլ գրություն է ուղարկվել Մոսկվայի դեսպանատուն՝ պարզաբանում տալու համար, թե ինչու են ճնշումներ գործադրվում Հրաչյա Հարությունյանի նկատմամբ: Վերջին անգամ հայ բանտարկյալը զանգել է այն ժամանակ, երբ հայտնել է, որ իրեն ճնշում են, ստորացնում: «Հիմա անհամբեր սպասում ենք նրա զանգին: Մենք էլ անորոշության մեջ ենք»,- հայտնում էին հարազատները:

Հրաչյա Հարությունյանից նաեւ գումարային պահանջ են ներկայացրել բանտում՝ 1 միլիոն 200 հազար ռուբլի գումարի պահանջ է դրվել:

Հայ բանտարկյալը նաեւ վատառողջ է այսօր, նա ողնաշարի հետ կապված խնդիրներ ուներ, չի կարողանում տեղաշարժվել, զանգել էր, որ այդ մասին փաստաթղթերը հարազատներն ուղարկեն բանտապետին:

Կարեն Բալյան

http://www.hayary.org/wph/?p=5446#more-5446 – Հակահայկականության ռուսական ճահիճը.- Մարդասպան, որին պատսպարում են սատանայով – Վալերի Պերմյակովը չի հրաժարվել, որ խումբը ստեղծել է ինքը եւ պայմանագիրը, որ կնքվել է սատանայի հետ…

http://www.hayary.org/wph/?p=5394Բարեկամ-ը ՌԴ-ի պարագայում բարին կամեցող-ը չէ – Եվ բառի նշանակությունը փոխողն էլ հաստա՛տ հայկական կողմը չէ… Իսկ արդյո՞ք ռուսն արել է քայլեր, որ իր նկատմամբ հայի հավատը վերականգնվի, արժանի պատիժ սահմանվի…

http://www.hayary.org/wph/?p=5403Դատավարություն, որ հակառուսական սրի պես կախված է օդում – Հայ ընտանիքի գազանաբար սպանությունը պիտի արժանի՝ համարժեք պատժի արժանանա…

http://www.hayary.org/wph/?p=5358Պետությունը բոլորիս տունն է – Այն իշխանության կամ ընդդիմության դեմքը չէ, որ ցանկալի կամ անցանկալի լինի… Արդյո՞ք շղթան իրականում երկարում է – Կալանավորված հանցախմբի շղթայի օղակները նաեւ սփյուռքյան են…

http://www.hayary.org/wph/?p=5379Դավաճանության դեմքն ու գինը – Պետության պատասխանատուները անլուրջ են վերաբերում այն փաստին, որ հայաստանցիներն իրենց աշխատանքն ու հանգստավայրերը թշնամու մոտ են որոնում ու… Ամենադաժանն այն է, որ բուն Հայաստանում են լցնում թուրքական ու ադրբեջանական պետբյուջեները…

http://www.hayary.org/wph/?p=5378Ազգադավը հո պոզով-պոչով չի լինում – Օտարների դրամաշնորհներով ներազգային շարժումների հետեւանքը… Մեր պատկան մարմինները ավելի ուշադիր պիտի լինեն՝ դրանց հենց տեղում ձերբակալեն-վնասազերծեն…

http://www.hayary.org/wph/?p=5393Իսկ ի՞նչ է սպասվում դավաճանին, եթե Հայաստան գա – Ուզում ենք, որ հանկարծ եթե նա Հայաստանին հանձնվի, շա՛տ մարդասեր լինելով հարցը ոչ թե զուտ իրավական տիրույթում քննարկենք, այլ՝ ազգային ու բարոյական…

Իսկ իրական մարդասպանն ազատ է եւ… հերոս

Երբ թուրքալեզու ընտանիքի անդամները պաշտպանում են միմյանց առանց այլեւայլության եւ կաշառատվությամբ, մեր բարեկամները, ոչ միայն ռուսները, լռում են: Հունգարիայի ազգայնամոլ վարչապետն ամբողջ աշխարհի աչքի առաջ ծախեց գիշերը քնած ժամանակ Գուրգեն Մարգարյանին դավադրաբար սպանած Ռամիլ Սաֆարովին՝ Ադրբեջանի նախագահի տրված 3 մլն. դոլար կաշառքի դիմաց:

Իսկ Հայաստանի բարեկամ հորջորջվող Ռուսաստանում ստորացնում են մի մարդու, ով բեռնատար մեքենայի անսարքության (ոչ իր սեփական, այլ ռուսական կազմակերպության մեքենայի) պատճառով վթարի է ենթարկել մարդատար ավտոբուսի: Եղել են զոհեր ու վիրավորներ: Հայ վարորդը դատապարտվել է եւ ընդունել է իր մեղքը: Իսկ նրան ստորացնում են ռուսական բանտում: Պարզապես պետք է արտահանձնել Հրաչյա Հարությունյանին, որպեսզի նա իր բանտարկությունը շարունակի Հայաստանի բանտում: Այսքան բան:

Նախկին ազատամարտիկին, ով այսօր դատապարտյալ է, ոչ ոք չի ցանկանում հերոսացնել Հայաստանում, տուն, ավտոմեքենա, փողեր ու հերոսի կոչում նա չի ստանալու, ինչը տեղի ունեցավ հայ սպային միտումնավոր կացնահարածի դեպքում:

Հայ սպա Գուրգեն Մարգարյանը սպանվեց այն ժամանակ, երբ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի ուսումնական հավաքներից մեկն էր ընթանում: Բայց բացի Հայաստանից ոչ մի այլ երկիր, այդ թվում՝ ՆԱՏՕ-ական, չի հետաքրքրվում ադրբեջանցու հերոսացման գործընթացով:

Գործը հասել է ՄԻԵԴ: Գուրգեն Մարգարյանի սպանության գործի քննությանը Հայաստանը պարտավոր է հանդես գալ որպես երրորդ կողմ. համոզված է Հայաստանում Մարդու իրավունքների 1-ին պաշտպան Լարիսա Ալավերդյանը: Ըստ նրա, դրա համար Հայաստանն ունի բոլոր հիմքերը. «Վերջին կես տարում այս ոլորտին առնչվող խնդրիրներին ՄԻԵԴ-ն անդրադարձել է 4-5 անգամ: Ինչպիսին կլինի ՄԻԵԴ-ի որոշումը Գուրգեն Մարգարյանի հարցով, կանխատեսել չի կարելի, բայց դրա վրա մեծ ազդեցություն կունենա Հայաստանի իշխանությունների կատարած աշխատանքը»:

Ըստ իրավապաշտպանի, Ադրբեջանի գործողությունները հիշեցնում են «Իսլամական պետությանը»: Այստեղ նույնպես նա նկատում է բացահայտ արհամարհանք օրենքի նկատմամբ. «Ադրբեջանն իրեն հակադրում է մարդու եւ միջազգային բոլոր իրավունքներին, քաղաքակիրթ հասարակության արժեքներին ու պարզապես ցինիկաբար է ոտնահարում ու ցուցադրում այդ ամենը»:

Այն, որ հայատյացությունը Ադրբեջանի քաղաքականությունն է, ապացուցեց հենց Ռամիլ Սաֆարովը, երբ կացնահարեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին, իսկ հետո նաեւ Ադրբեջանը, երբ հերոսացրեց այդ մարդասպանին: Ըստ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի, «այն ժամանակ Ադրբեջանը որդեգրում էր մի քաղաքականություն, որ պետք է բերեր այսօրվա լարված, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակին: Սաֆարովի արտահանձնումը եւ հերոսացումը իրավիճակ է փոխել, եւ այդ պահը դարձել է շրջադարձային՝ բանակցային գործընթացի կանգ առնելու համար: Հայկական կողմը պետք է նաեւ ուշադրություն դարձնի քարոզչությանը եւ միջազգային հանրությանը ցույց տա, թե ինչ է ուզում անել Ադրբեջանը»:

«Լուսանցք» թիվ 7 (397), 2016թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.