Վարդավառը հեթանոսական տոն է եւ կապ չունի որեւէ պայծառակերպության հետ – Հայ արիները Հայոց Սրբազան Տոմարով հերթական անգամ կնշեն Աստղիկ Աստվածուհու տոնը՝ Վարդավառը…

Վարդավառը հեթանոսական տոն է եւ կապ չունի որեւէ պայծառակերպության հետ

Հայ արիները Հայոց Սրբազան Տոմարով հերթական անգամ կնշեն Աստղիկ Աստվածուհու տոնը՝ Վարդավառը: Այն ամենասիրված տոներից է, եւ արիադավան-հեթանոս հայերը հուլիսի 25-ին՝ Արեգակնային անշարժ օրացույցով Աստղիկ օրը կկազմակերպեն հայ-արիական տոնակատարություն:

Հազարամյակներ շարունակ տոնը նշվում է որպես Հայոց սիրո Աստղիկ Աստվածուհու տոն: Վարդ՝ Վ-Արդ նշանակում է Գերագույն-Վերին Սերումի Խորհուրդ, Գերագույն Սիրո Խորհուրդ: Վարդավառը նախաշնում է Գերագույն Սիրո Խորհրդով վառվել-խանդավառվելը, օծվելը:

Հայոց սիրո Աստվածուհի Աստղիկի տոնի խորհուրդը նախանշում է նաեւ ջրով (իհարկե նաեւ հոգով) մաքրագործում եւ եկեղեցին, թե ուրիշ մեկ կազմակերպություն իրավունք չունի ավանդական ջրոցին քննադատելու եւ վերացնելու կոչեր անելու…

Իհարկե՝ կուզենան սա էլ վերացնել, որ Աստվածուհու հետ կապող ավանդույթն էլ վերանա ու ինչ-որ քրիստոնեական բաներ մոգոնեն, որ դարեր շարունակ չեն կարողանում հային համոզել… Չի ստացվելու, ինչպես Տրնդեզի կրակը եւ կրակի վրայից թռչելը չկարողացան վերացնել դարեր շարունակ, այնպես էլ ջրոցին՝ ջրով մաքրագործվելը չեն կարողանալու:

Հայ արիները տոնական միջոցառմանն ավանդական ջրցանությամբ միմյանց ջրել են հայ արիադավան քրմերի՝ հրով եւ սրով օծված ջրով, եւ մեծ ու մանուկ ջրոցի խաղալով փառաբանել են Աստղիկ Աստվածուհուն եւ Սերը, որը Տիեզերաստեղծ Միջուկ է ի վերուստ:

Ջուրը նախանշում է մաքրություն-մաքրագործություն, ջրվելը՝ մաքրվել, իսկ Սիրո Գերագույն Խորհրդի կրող եւ պահապան Աստղիկ Աստվածուհուն (յուրաքանչյուրը՝ նաեւ իր սիրուն) ընդառաջ գնալու համար կատարվել է ջրով մաքրվելու-օծվելու արարողություն, ինչը արիադավան-հեթանոսական ավանդույթ է, որն ազգը գենետիկ հիշողությամբ պահպանում է:

Եվ հայ արիներն ու հեթանոս ազգայնականները Վարդավառի տոնական արարողությունը այս ամսվա վերջին կկազմակերպեն Էրեբունի պատմական ամրոցի տարածքում:

Ծիսակարգը կկատարեն հայ արի քրմեր Արմոգը, Արամը եւ Արեգը, նաեւ մի քանի քրմի թեկնածուներ: Հայ արիներն ու ազգայնականները կփառաբանեն Աստղիկ Աստվածուհուն՝ հայոց սրտերը սիրավառ պահելու եւ հայի ազգային միասնությունն ու հայրենիքի վերամիավորումը Աստղկական սիրով ու Վահագնա զորությամբ իրականացնելու համար:

Կփառաբանվեն նաեւ Հայ Աստվածներն եւ Տիեզերքի Արարիչը եւ գինեձոներ կհնչեն ուղղված ինչպես անարատ սիրուն եւ Աստղիկ Աստվածուհուն, այնպես էլ առ ազգ եւ հայրենիք, մայր եւ կին:

Հայ արիների կենտրոնական գրասենյակում Վարդավառի տոնի ծիսական արարողություն եւս կկազմակերպվի, որին կմասնակցեն ՀԱՄ մարզային կառույցների, Արցախի եւ Ջավախքի, ինչպես նաեւ Սփյուռքի Հայ Արիական Միաբանության ներկայացուցիչները:

Ծիսակարգը կանցկացնեն քուրմ Մանուկը եւ քրմի թեկնածու Աշոտը:

Աստվածականչ    

Հայոց Սերումի անմահ վկաներ, օ՜ Արարչածին Հայոց Աստվածներ,

Արարչի Զարմը Ձեզնից ենք առել, օ՜ Տիզերքի փառքի Զավակներ,

Յուրաքանչյուր ՀԱՅ հավերժի ծիրում՝ հավիտենական Ձեր Ծինն է կրում…

Աստվածային Մարմնում Ձեր հզոր՝ բարի Հոգի է իշխում անարատ,

Սիրո պես անմե՜ղ, սիրո նման վե՜հ, բայց եւ շա՛տ հզոր ու շա՜տ լուսառատ:

Տիրոջ Եզերքի Դու՜ք պահապաններ, օ՜ Արարչածին Հայոց Աստվածներ,

Վերադարձը Ձեր, որ գալիքն է մեր, Տիեզերագարնան կանչն է ավետել:

Աստվածներ Արի, Դու՜ք հեռացաք առանց պատժելու մարդկանց ուրացող ու դեռ  անարժան,

Ծածու՜կ հեռացաք, լքվա՛ծ ու ջարդվա՛ծ… ու դարե՛ր-դարե՛ր հետեւեցիք մեզ,

Նոր վերադարձի մե՜ծ սպասումով, նոր կանչի ձայնին լու՜ռ ականջալուր…

Եվ ահա, արդեն, Երկինք ու Երկիր, Ձեր խաբված մարդիկ Ձեզ ձա՜յն են տալիս,

Րոպեն դարերի արագությամբ է հասնում դեպի վեր, օ՜ Արարչածին Հայոց Աստվածներ,

Ինքը՝ Արարիչը Ամենայն Ստեղծի, Լույս-Ապավենն է Ձեր վերադարձի…

Նորից հե՜տ եկեք, տուն վերադարձե՜ք, հայոց հոգիներն ու աշխարհները տիեզերածայր՝ իրար կապեցե՜ք:

 (հեղ.՝ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան)

 Վահագն Նանյան

Հ.Գ. – Հին Հայաստանում Վարդավառին նաեւ վարդեր են նվիրել սիրելիներին, երբեմն խնձոր՝ հավանած աղջկան, որը համբույրի ակնարկ է եղել: Զուռնա ու դհոլ, երգ ու պար է հնչել ամբողջ օրը: Ամենուր վարդեր եւ վարդաջուր: Տոնակատարություններ են եղել նաեւ ուխտավայրերում:

Հեթանոսական (ավելին՝ նախահեթանոսական (հայ արիական)) ժամանակներից է գալիս Վարդավառի տոնը: Քրիստոնեության ընդունումից (ճիշտը՝ 301թ. ներխուժումից) հետո այն հարմարացվել է եկեղեցուն, ինչպես բոլոր մյուս ազգային հավատի տոները: Վարդավառը նվիրված է սիրո Աստվածուհի Աստղիկին, բայց հնում կարծում էին, թե կա նաեւ ջրի Աստվածուհի Նար, ում եւս նվիրում էին ձոներ:

Տոնակատարություններն ու ծեսերը արվում էին հիմնականում աղբյուրների մոտ, եւ իրար վրա ջուր ցողելով, միմյանց թրջելով՝ անցնում էին տոնական խաղի: Ջուրը նաեւ առատության խորհրդանիշն էր եւ հողը թրջում էին, որ երաշտ չլիներ:

Աստղիկի օրը հարսնատեսի ու փեսատեսի խորհուրդ էլ է ունեցել, այն եզակի հնարավորություն էր տալիս տղաներին ու աղջիկներին միմյանց հետ շփվել ազատ ու անկաշկանդ, տղաները նաեւ խաղերի միջոցով ցուցադրում էին իրենց հմտությունները: Զույգերը թռցնում էին նաեւ աղավնիներ:

Այսօր հեռացել ենք Վարդավառի բուն իմաստից ու տոնը նշելու ծեսից ու ավանդույթներից: Անցորդներին ջրելը դեռ ինչ-որ սովորույթ պահպանել է, ինչը եկեղեցին է փորձում վերջնականապես վերացնել: Հայ առաքելական եկեղեցու 5 տաղավար տոներից է Վարդավառը, որն ամենեւին էլ բուն Վարդավառը չէ… այլ՝ «Պայծառակերպություն Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի» մի տոն է, որը նշվում է հուլիսի 7-ին: Քրիստոսի Պայծառակերպությունը Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջեւ Հիսուսի այլակերպության հիշատակն է, որն, ըստ հուդա-քրիստոնեական ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:

Այսինքն, ինչպես որեւէ քրիստոնեական տոն, սա էլ կապ չունի հայության, հայկական ավանդույթների ու աշխարհի, առավել եւս՝ Հայ Աստվածների ու սրբազան հոգիների հետ:

Իսկ եկեղեցին անցյալի մասին այսպես է նշում, որ «Վարդավառը հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը»… Այսքանը: Մնացյալը Քրիստոսի ու հրեական առաքյալների խնդի՞րն է…

Բայց հայերը չեն ընդունել եւ չեն էլ ընդունելու սույն բացատրությունները: Այս տարի էլ հանրապետությունով մեկ ջրոցի, խաղեր ու սիրո խոստովանություններ են եղել՝ Աստղիկ Աստվածուհու հովանավորությամբ: Երեւանի Սիրահարների այգում նույնպես տեղի է ունեցել «Վարդավառ-2013» միջոցառում, որի նպատակն էր վերականագնել սիրված տոնն իր ազգային ծեսերով ու ավանդույթներով:

Իհարկե, եկեղեցական ավանդույթով պարուրված, մարդիկ այս ամենը նշում են հուլիսի 7-ին, բայց էությունը բուն հեթանոսական է: Իմիջիայլոց, որոշ հեթանոսներ եւս այդ օրն են նշում Վարդավառը Գառնիում, եւ այն նվիրվում է Աստղիկ Աստվածուհուն:

Հիշեցնենք, որ եկեղեցական շատ տոներ ու ծեսեր կառուցվել են հեթանոսական տոների ու ծեսերի հիմքով (ինչպես եկեղեցիները՝ արիական-հեթանոսական տաճարների հիմքի վրա) եւ հենց ա՛յն օրերին, որ նշել են արիադավան հայերը: Այսօր հաճախ քրիստոնեական փոխակերպումներից զատվելու համար հայ արիները տոներ նշում են այլ, բայց նորից զորավոր օրերի, ինչը հետո անպայման կվերադառնա ի շրջանս յուր…

«Լուսանցք» թիվ 25 (288), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնումեւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։